Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրով սահմանված որոշակի դրույթների հստակեցման, ինչպես նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում արտոնյալ պայմաններով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շուրջ 5639․26 հա այգիհիմնման նպատակով հաստատվել և կնքվել է վարկային բաղադրիչով 133 հայտ և ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով 258 պայմանագիր, շուրջ 11․9 հա տարածքում ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման նպատակով՝ 3 հայտ, շուրջ 1635.7 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի ներդրման (ներառյալ ջրավազանի կառուցում) նպատակով վարկային բաղադրիչով՝ 45 հայտ և ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով՝ 174 պայմանագիր, ինչպես նաև շուրջ 76 հա տարածքում կարկտապաշտպան ցանցի ներդրման նպատակով հաստատվել է 6 հայտ։
Ծրագրի իրականացման ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել ծրագրի որոշ դրույթների հստակեցման, գերնորմատիվային պահանջարկ ունեցող հողատարածքներում վարկային բաղադրիչով լրացուցիչ աջակցություն տրամադրման անհրաժեշտության հետ կապված։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Կառավարության 2021-2026թթ. Ծրագրով կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսության ինտենսիվացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակը` ծրագրով սահմանված որոշակի դրույթների հստակեցումն ու ծրագրի շրջանակում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում վարկային բաղադրիչով առավել արտոնյալ պայմաններով պետական աջակցության տրամադրումն է։
Նախագծով առաջարկվում է առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում՝ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում (գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով համայնքների ցանկն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 18-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների համար» ձեռնարկում) ներդրողներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացնել 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով՝ հաշվի առնելով, որ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքների ոռոգման հիմնախնդրի ամենաարդյունավետ լուծումը ջրախնայողական համակարգերի կիրառումն է:
Նախագծով հստակեցվում է, որ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում աջակցություն կտրամադրվի միայն խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում (այն այգիներում, որոնք բավարարում են ինտենսիվ այգու համար ծրագրով սահմանված չափորոշիչներին, մասնավորապես՝ այգին պետք է հիմնված լինի N 1 աղյուսակում նշված 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով, այգում ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չպետք է գերազանցի 4․0 մետրը, այգում պետք է ներդրված լինի ոռոգման արդիական համակարգ) ներդրում կատարող տնտեսվարողներին։ Նախագծով հանվում է ջրավազանների ընդլայնման դեպքում աջակցության տրամադրման վերաբերյալ դրույթը, հստակեցվում են ջրավազանի չափերը, կառուցվող ջրավազանին և ոռոգման կաթիլային համակարգին, կապալառուին ներկայացվող պահանջները։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2025 թվականի և հետագա տարիների համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունումը կնպաստի արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, բնակլիմայական աղետներից հասցված վնասների նվազեցմանը, տնտեսավարողների եկամուտների կայունացմանը։
Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:
-
Քննարկվել է
09.12.2024 - 24.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1662
Տպել