Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ՝ դրանց մշակմանը և իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի սկզբունքները և ՊՄԳ-ներին առնչվող այլ հարցեր:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

 

  • արդյունքի վրա հիմնված վճարումներ՝ հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող վճարումներ, որոնք իրականացվում են մասնավոր գործընկերոջ կողմից մատուցված աշխատանքների, ապրանքների և (կամ) ծառայությունների մեկ միավորի կամ մեկ վերջնական սպառողի հաշվով,
  • զուտ ներկա արժեք (NPV)՝ գնահատվող ծրագրի իրականացման ընթացքում դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ներկա արժեքների տարբերություն, որի հաշվարկման ընթացքում օգտագործվող դիսկոնտավորման տոկոսադրույքը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով,
  • իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարություն, տեղական համայնքներ, ՊՄԳ ծրագրի իրականացման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին կամ այդպիսի այլ պետական մարմին կամ պետական կազմակերպություն,
  • լիազոր մարմին`պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին,
  • լիազոր մարմնի ընթացակարգեր՝ ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր, որոնք սահմանում է լիազոր մարմինը,
  • հայտատու` մրցույթին կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթին մասնակցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կոնսորցիում,
  • հանրային գործընկեր՝ այն պատասխանատու մարմինը, որը ՊՄԳ պայմանագիր է կնքում մրցույթում կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ,
  • հանրային ենթակառուցվածք` հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող նյութական և (կամ) ոչ նյութական ակտիվ, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ) և որի շահագործումը և (կամ) կառուցումը և (կամ) վերակառուցումը և (կամ) տեխնիկական սպասարկումն ապահովվում է մասնավոր գործընկերոջ կողմից՝ ՊՄԳ պայմանագրի համաձայն,
  • հանրային ծառայություն` հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից և (կամ) վերջիններիս անունից և (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն,
  • հասանելիության վճարներ՝ հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող պարբերական վճարումներ, որոնք հիմնված են հանրային ենթակառուցվածքի՝ ՊՄԳ պայմանագրով պահանջվող աշխատանքային մակարդակով հասանելիության վրա,
  • մասնավոր գործընկեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված և գործող մասնավոր մասնակցությամբ իրավաբանական անձ, որի հետ հանրային գործընկերը կնքել է ՊՄԳ պայմանագիր,
  • մասնավոր նախաձեռնող՝ ֆիզիկական կամ մասնավոր իրավաբանական անձ կամ այդպիսի իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կոնսորցիում, որը սեփական նախաձեռնությամբ ներկայացնում է ՊՄԳ ծրագրի իրականացման առաջարկ՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն,
  • սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ՝ պատասխանատու մարմնի կողմից կազմակերպված մրցույթ, որի շրջանակներում պատասխանատու մարմինը հրավիրում է երրորդ անձանց՝ ներկայացնելու սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկով նախատեսված ՊՄԳ ծրագիրն իրականացնելու հայտեր,
  • պատասխանատու մարմին՝ իրավասու մարմին, որը կազմակերպում է մրցույթ կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ՝ այդ մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ ՊՄԳ պայմանագիր կնքելու և հանրային գործընկեր դառնալու նպատակով,
  • պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանում կամ ՊՄԳ ստորաբաժանում՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված՝ ՊՄԳ ոլորտում գործող հատուկ խորհրդատվական մարմին, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված գործառույթները,
  • ՊՄԳ՝ պետություն-մասնավոր գործընկերություն,
  • ՊՄԳ ծրագիր՝ ծրագիր, որը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված չափանիշներին համապատասխանող, ՊՄԳ պայմանագրի վրա հիմնված համագործակցային փոխհարաբերություններ հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև,
  • ՊՄԳ ընթացակարգեր՝ ՊՄԳ ծրագրերի, իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
  • Պմգ ծրագրերի զարգացման ֆոնդ՝ ՊՄԳ ծրագրերի նախապատրաստման և իրականացման, այդ թվում տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների կամ նախնական ուսումնասիրությունների, ՊՄԳ ծրագրի մասնագրերի և մրցութային փաստաթղթերի, ՊՄԳ պայմանագրերի մշակման կամ ՊՄԳ ծրագրի նախապատրաստման և (կամ) իրականացման հետ կապված այլ ծառայությունների մատուցման համար փորձագետների և խորհրդատուների ներգրավման նպատակով իրավասու մարմնին կամ պատասխանատու մարմնին անհրաժեշտ դրամական միջոցներով ապահովելու նպատակով ստեղծվող ֆոնդ,
  • ՊՄԳ պայմանագիր՝ ՊՄԳ ծրագրի իրականացման նպատակով հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև սույն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր, այդ թվում` կոնցեսիոն պայմանագիր: Պետական և (կամ) համայնքային կազմակերպությունները և (կամ) հանրային գործընկերոջ կողմից լիազորված այլ իրավաբանական անձինք կարող են գործել հանրային գործընկերոջ հետ միասին՝ որպես ՊՄԳ պայմանագրի երրորդ կողմեր,
  • ՊՄԳ ընթացիկ պարտավորությունների հաշվարկ՝ լիազոր մարմնի կողմից լիազոր մարմնի ընթացակարգերին համապատասխան իրականացվող՝ ընթացիկ ՊՄԳ պայմանագրերից բխող պարտավորությունների, այդ թվում՝ իրական և պայմանական պարտավորությունների հաշվարկ, որն իրականացվում է որոշելու համար ՊՄԳ ոլորտում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների ընդհանուր չափը,
  • ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ ՊՄԳ ոլորտում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների, այդ թվում՝ իրական և պայմանական պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ընդհանուր առավելագույն սահմանաչափ,
  • սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ՝ ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով մասնավոր նախաձեռնողի կողմից պատասխանատու մարմնին սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված կարգով սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկ,
  • վարկատու՝ ցանկացած ֆինանսական կազմակերպություն, որը ՊՄԳ պայմանագրի առնչությամբ մասնավոր գործընկերոջը տրամադրում է վարկային միջոցների տեսքով ֆինանսավորում,
  • վերջնական սպառողներ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ` օգտագործողներ, գնորդներ, սպառողներ, որոնց մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի պայմանների համաձայն մատուցում է հանրային ծառայություններ կամ մատակարարում հասարակական հետաքրքրություն կամ շահ ներկայացնող ապրանքներ,
  • տնտեսական շահութաբերության ներքին դրույք (EIRR)՝ գնահատվող ծրագրի ներքին շահութաբերության դրույք, որը հաշվի է առնում նաև տնտեսական օգուտները և ծախսերը,
  • ուղիղ պայմանագիր՝ հանրային գործընկերոջ, մասնավոր գործընկերոջ և վարկատու(ներ)ի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են այն պայմանները, որոնց հիման վրա վարկատուները կարող են իրավասու լինել իրականացնելու միջամտության իրավունքները,
  • փողի դիմաց արժեք (value for money) կամ ՓԴԱ (VfM)՝ գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի և համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով իրականացվող լավագույն այլընտրանքային ծրագրի ծախսերի տարբերություն, որի հաշվարկման մեթոդաբանությունը կսահմանվի ՊՄԳ ընթացակարգերով,
  • ֆիսկալ առումով մատչելի (fiscally affordable)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և (կամ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի կատարման ռիսկեր չառաջացնող, ինչը որոշվում է լիազոր մարմնի ընթացակարգերով՝ վերջինիս կողմից մշակված սկզբունքներին համապատասխան:

Հոդված 3. ՊՄԳ-ի նպատակները

ՊՄԳ-ի` որպես հանրային ենթակառուցվածքի և հանրային ծառայության ապահովման և կառավարման եղանակի նպատակները ներառում են.

  • հանրային ենթակառուցվածքների կենսապարբերաշրջանի ընթացքում անհրաժեշտ ծախսերի կրճատում և դրանց շինարարության, շահագործման և պահպանման որակի բարելավում,
  • ակտիվի շահագործման ժամկետի ընթացքում դրա պատշաճ և ժամանակին պահպանման ապահովում,
  • հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիության բարձրացում,
  • մասնավոր հատվածի փորձից, ռեսուրսներից, տեխնոլոգիաներից, արդյունավետությունից և նորարարության հետ կապված կարողություններից բխող օգուտների ստացում,
  • հանրային ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների ոլորտում հանրության նկատմամբ հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում,
  • Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ ծրագրերի շրջանակներում ներգրավված հանրային ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավում,
  • անհրաժեշտության դեպքում նոր հանրային ենթակառուցվածքների համար ներդրումների ներգրավումը:

 

Հոդված 4. ՊՄԳ ծրագրի չափանիշները

  1. ՊՄԳ ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ բոլոր չափանիշներին.
  • ՊՄԳ պայմանագրի համաձայն ունենա առնվազն հինգ տարվա տևողություն, որը սկսվում է հաշվարկվել ՊՄԳ պայմանագրի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից սկսած,
  • միտված լինի հանրային ենթակառուցվածքի կառուցմանը և (կամ) վերակառուցմանը և (կամ) զարգացմանը և (կամ) շահագործմանը և (կամ) տեխնիկական սպասարկմանը կամ հանրային ծառայության մատուցմանը,
  • ապահովի հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև ռիսկերի բաշխում՝ համաձայն ՊՄԳ ընթացակարգերի,
  • ապահովի Հայաստանի Հանրապետության համար տնտեսական շահութաբերություն, այսինքն՝ ունենա տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որը կգերազանցի պետական պարտքի միջին կշռված տոկոսադրույքը, կամ դրական զուտ ներկա արժեք,
  • համապատասխանի ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին,
  • լինի ֆիսկալ առումով մատչելի,
  • ունենա դրական ՓԴԱ:
  1. Սույն օրենքով սահմանված կարգով ՊՄԳ ընթացիկ պարտավորությունների հաշվարկից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ֆիսկալ ռիսկերի զսպման և ֆինանսական կայունության ապահովման նպատակով սահմանել ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ: Այդ դեպքում ՊՄԳ ծրագիրը չի կարող իրականացվել, եթե պատասխանատու մարմնի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գնահատման կամ լիազոր մարմնի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերանայման արդյունքում պարզվում է, որ ՊՄԳ ծրագրի իրականացման, այդ թվում՝ ՊՄԳ պայմանագրի կնքման արդյունքում, կխախտվի ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափը:

 

 

Հոդված 5. ՊՄԳ ծրագրերի ոլորտները

  1. ՊՄԳ ծրագիր կարող է իրականացվել հետևյալ ոլորտներում.
  • էներգետիկայի բնագավառ (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր),
  • ջրային ոլորտ (ջրի մատակարարման, մաքրման, բաշխման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման համակարգեր),
  • ավտոմոբիլային ճանապարհներ և ավտոմոբիլային ճանապարհների արհեստական կառույցներ, երկաթուղիներ, մետրոյի համա­կար­գեր, ավտոկայաններ և ավտոբուսային տրանսպորտի հետ կապված այլ ենթակառուցվածքներ և ծառայություններ, այլ հանրային տրանս­պոր­տի ծառայություններ, օդանավակայաններ, հսկիչ կշռման համակարգեր և այլ տրանսպորտային ենթա­կա­ռուցվածքներ,
  • կոշտ թափոնների հավաքում, վերամշակում և հեռացում,
  • համայնքային կայանատեղիներ և այլ համայնքային ծառայություններ,
  • փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ,
  • առողջապահություն,
  • կրթություն,
  • զբոսաշրջություն, մշակույթ և սպորտ,
  • ապրանքապարենային բանկ,
  • տարեցների, երեխաների և ընտանիքների համար այլընտրանքային նորարարական ծառայություններ,
  • հաշմանդամների ներառական ծրագրեր:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերի իրականացման այլ ոլորտներ, որոնք ցանկացած պարագայում պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին:

 

ԳԼՈՒԽ II. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ոլորտի մարմինները

 

Հոդված 6. Քաղաքականություն մշակող մարմինը      

  1. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինն իրականացնում է`
  • ՊՄԳ քաղաքականության ու օրենսդրության մշակման աշխատանքներ,
  • ՊՄԳ ծրագրերի խթանման, տարածման և մասնավոր գործընկերոջ ներգրավման գործառույթներ,
  • ՊՄԳ ընթացակարգերի հետ կապված նորմատիվ ակտերի մշակման ապահովում,
  • ՊՄԳ ծրագրերի տվյալների բազայի ստեղծում և կառավարում:

Սույն օրենքով և ՊՄԳ ընթացակարգերով սահմանված այլ գործառույթներ: 

Հոդված 7. Լիազոր մարմինը

1.     ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝

  • իրականացնում է ՊՄԳ ծրագրերի նկատմամբ ֆիսկալ վերահսկողություն,
  • ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ ֆիսկալ մշտադիտարկման,
  • իրականացնում է ՊՄԳ ընթացիկ պարտավորությունների հաշվարկ,
  • կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերանայում,
  • տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը,
  • սահմանում է լիազոր մարմնի ընթացակարգերը,
  • իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 8. ՊՄԳ ստորաբաժանումը

1.     ՊՄԳ ստորաբաժանումը՝

  • ՊՄԳ ծրագրերի նախապատրաստման և իրականացման ոլորտում հանրային գործընկերներին, իրավասու մարմիններին և պատասխանատու մարմիններին ցուցաբերում է վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ տեսակի աջակցություն,
  • հանրային գործընկերների, իրավասու մարմինների և պատասխանատու մարմինների համար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և վերջիններիս կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ,
  • կառավարում է ՊՄԳ ծրագրերի զարգացման ֆոնդը, այդ թվում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է մրցույթներ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների (նախնական ուսումնասիրությունների), ՊՄԳ ծրագրի մասնագրերի և մրցութային փաստաթղթերի, ՊՄԳ պայմանագրերի մշակման կամ ՊՄԳ ծրագրի նախապատրաստման և (կամ) իրականացման հետ կապված այլ ծառայությունների մատուցման համար փորձագետների և խորհրդատուների ներգրավման նպատակով,
  • ստեղծում և կառավարում է ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազա,
  • իրականացնում է սույն օրենքով և ՊՄԳ ընթացակարգերով սահմանված այլ գործառույթներ:

Հոդված 9. Պատասխանատու մարմինը

1.     Պատասխանատու մարմինը՝

  • հայտնաբերում և նախապատրաստում է ՊՄԳ ծրագրերը,
  • իրականացնում է ՊՄԳ ծրագրերի՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատումը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ՊՄԳ ծրագրի իրականացման, իրականացվող ՊՄԳ ծրագրի փոփոխության, ՊՄԳ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ որոշման նախագիծը,
  • կազմակերպում է մրցույթ կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ,
  • իրականացնում է ՊՄԳ ծրագրի մշտադիտարկումը և վերահսկողությունը:

Հոդված 10. ՊՄԳ ծրագրերի նախապատրաստումը

  1. ՊՄԳ ծրագիր կարող են նախապատրաստել պատասխանատու մարմինը կամ մասնավոր նախաձեռնողը:
  2. Իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրերը հայտնաբերում և նախապատրաստում է ՊՄԳ ընթացակարգերի համաձայն:
  3. Սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի դեպքում մասնավոր նախաձեռնողը նախապատրաստում և ներկայացնում է ՊՄԳ ծրագրի հետ կապված առաջարկ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 11. ՊՄԳ ծրագրերի գնահատումը

  1. Նախքան ՊՄԳ ծրագրի իրականացման մասին որոշում կայացնելը ՊՄԳ ծրագիրը պետք է պատասխանատու մարմնի կողմից ՊՄԳ ընթացակարգերով սահմանված կարգին, սկզբունքներին և չափանիշներին համապատասխան ենթարկվի գնահատման ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված չափանիշներին համապատասխանությունը որոշելու նպատակով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատումը վերանայվում է լիազոր մարմնի կողմից, որի արդյունքում լիազոր մարմինը եզրակացություն է տալիս ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:

Հոդված 12. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը

  1. ՊՄԳ ծրագրի նախապատրաստման և գնահատման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում:
  2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում չի կարող ընդունվել լիազոր մարմնի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության բացասական լինելու դեպքում:
  3. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման մեջ նկարագրվում են ՊՄԳ ծրագրի ֆինանսական և (կամ) տնտեսական հիմնական բնութագրերը, որոնք, ի թիվս այլոց, ներառում են.
  • ՊՄԳ պայմանագրով նախատեսված նախագծման, կառուցման և (կամ) վերակառուցման և (կամ) շահագործման և (կամ) տեխնիկական սպասարկման ենթակա ենթակառուցվածքի կազմը և ընդհանուր տեխնիկական բնութագիրը, ինչպես նաև մատուցվելիք հանրային ծառայությունների բովանդակությունը և ծառայությունների մատուցման պայմանները,
  • մասնավոր ֆինանսավորման և բյուջետային ֆինանսավորման ակնկալվող չափերը,
  • մասնավոր գործընկերոջը պետական կամ համայնքային երաշխիքների տրամադրման կարգը, չափը և (կամ) առավելագույն շեմը և պայմանները, ինչպես նաև հանրային գործընկերոջ ցանկացած այլ ֆինանսական պարտավորությունները,
  • պայմանները, որոնք ապահովում են հասարակության հասանելիությունը հանրային ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող այն հանրային ծառայություններին, որոնց առնչությամբ իրականացվելու է ՊՄԳ ծրագիրը:

 

Հոդված 13. Սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկները

  1. Մասնավոր նախաձեռնողը կարող է մշակել և իրավասու մարմնին ներկայացնել ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկ:
  2. Նախքան սեփական նախաձեռնությամբ առաջարկ ներկայացնելը մասնավոր նախաձեռնողը կարող է իրավասու մարմնի և ՊՄԳ ստորաբաժանման հետ հնարավոր ՊՄԳ ծրագրի վերաբերյալ քննարկումներ վարել և տեղեկատվություն փոխանակել:
  3. Սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկը պետք է ներառի.
  • ՊՄԳ ծրագրի մանրամասն նկարագրությունը,
  • ՊՄԳ ընթացակարգերին համապատասխան պատրաստված տեխնիկատնտեսական ուսումնասիրություն,
  • ՊՄԳ պայմանագրի նախագիծ կամ ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմաններ,
  • մասնավոր նախաձեռնողի և ենթադրվող հանրային գործընկերոջ միջև ռիսկերի առաջարկվող բաշխումը նկարագրող փաստաթուղթ:
  1. Որպես ՊՄԳ ընթացակարգերի մաս, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկների նկատմամբ կիրառելի պայմաններ, մանրամասն ընթացակարգեր (այդ թվում՝ օրինակելի ձևեր) և այլ մանրամասն պահանջներ:
  2. Իրավասու մարմինն իրավունք ունի առանց հիմնավորման մերժել սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկը
  3. Այն դեպքում, երբ իրավասու մարմինն ընդունում է սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկը դիտարկելու մասին որոշում, վերջինս երեսուն (30) օրվա ընթացքում իրականացնում է ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված գնահատում:
  4. Այն դեպքում, երբ գնահատման հիման վրա սույն օրենքով նախատեսված կարգով կայացվում է սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկն իրականացնելու մասին որոշում, ապա պատասխանատու մարմինը կազմակերպում է սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ:
  5. Արգելվում է առանց սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթի կազմակերպման մասնավոր նախաձեռնողի հետ ՊՄԳ պայմանագիր կնքելը:
  6. Մինչ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթի մեկնարկը ՊՄԳ ընթացակարգերով սահմանված դեպքերում պատասխանատու մարմինը մասնավոր նախաձեռնողի հետ կարող է կնքել պայմանագիր սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթում այլ մասնակցի հաղթող ճանաչվելու դեպքում վերջինիս՝ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի պատրաստման հետ կապված կրած ծախսերը փոխհատուցելու մասին: Այդ պայմանագրում պետք է նշվի փոխհատուցման ենթակա գումարի չափը, որը սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթում այլ մասնակցի հաղթող ճանաչվելու դեպքում պետք է վճարվի այդ մասնակցի կողմից: Փոխհատուցման չափը չպետք է գերազանցի ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ ՊՄԳ ծրագրի ընդհանուր արժեքի որոշակի տոկոսը:
  7. Սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ կազմակերպելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո պատասխանատու մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է մասնավոր նախաձեռնողի՝ առաջարկի ամփոփագիրը՝ ՊՄԳ պայմանագրի նախագծի հետ միասին և երրորդ կողմերին ուղղված ծրագրի վերաբերյալ հետաքրքրվածության ցուցաբերման հրավերը: Եթե մրցութային փաստաթղթերով նախատեսված ժամկետներում ​​որևէ երրորդ կողմ հետաքրքրվածության ցուցաբերման նամակ չի ներկայացնում, պատասխանատու մարմինը ՊՄԳ պայմանագիր է կնքում մասնավոր նախաձեռնողի հետ՝ նախապես վերջնական բանակցելով ՊՄԳ պայմանագրի՝ ՊՄԳ ընթացակարգերով թույլատրվող պայմանների շուրջ: Եթե ​վերը նշված ժամկետում որևէ երրորդ կողմ ներկայացնում է հետաքրքրվածության ցուցաբերման նամակ, պատասխանատու մարմինը կազմակերպում է սույն օրենքի 3-րդ գլխում սահմանված ընթացակարգերը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ՊՄԳ ընթացակարգերի մաս, սահմանում և հրապարակում է հետաքրքրվածության ցուցաբերման նամակ ներկայացնող երրորդ կողմերի նկատմամբ բոլոր պահանջները:
  8. Եթե որևէ երրորդ կողմ հետաքրքրվածության ցուցաբերման նամակ է ներկայացնում սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետում, և պատասխանատու մարմինը կազմակերպում է սույն օրենքի 3-րդ գլխով սահմանված ընթացակարգերը, ապա.
  • մրցութային փաստաթղթերով նախատեսված լինելու դեպքում մասնավոր նախաձեռնողին կարող է թույլատրվել սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթում հաղթող մասնակցին որոշելուց հետո առաջարկել վերջինիս կողմից առաջարկված նույն պայմանները և ՊՄԳ պայմանագիր կնքել վերջինիս փոխարեն, 
  • մրցութային փաստաթղթերով նախատեսված լինելու դեպքում մրցութային առաջարկների գնահատման ընթացքում մասնավոր նախաձեռնողի գնահատականին կարող է ավելացվել լրացուցիչ տոկոս և (կամ) լրացուցիչ միավորներ:
  1. Սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի հիման վրա իրականացվող ՊՄԳ ծրագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջը չեն կարող տրամադրվել սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ֆինանսական աջակցության տեսակները, բացառությամբ 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված աջակցության:

 

Հոդված 14. ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը

  1. ՊՄԳ ծրագրերի, վերջիններիս նախապատրաստման և իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը մասնավոր գործընկերների ընտրության վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև ՊՄԳ ստորաբաժանման պաշտոնական ինտերնետային կայքում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նման հրապարակման հետ կապված պահանջներ և (կամ) հրապարակման պարտավորությունից ազատելու դեպքեր:
  2. Նախաորակավորման կամ մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը և նախաորակավորված, նախընտրելի կամ հաղթող հայտատուի ընտրության և այլ մրցութային առաջարկների մերժման համապատասխան հիմքերը հրապարակվում են պատասխանատու մարմնի և ՊՄԳ ստորաբաժանման պաշտոնական ինտերնետային կայքում՝ նախաորակավորված, նախընտրելի կամ հաղթող հայտատուի ընտրությունից անմիջապես հետո, իսկ տասը (10) օրվա ընթացքում՝ նաև սույն հոդվածի 1-ին մասում սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ III. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Մասնավոր գործընկերոջ ընտրության կարգը

  1. Պատասխանատու մարմինը մասնավոր գործընկերոջ ընտրությունը կատարում է մրցույթի կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթի հիման վրա՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  2. Մասնավոր գործընկերոջ ընտրության կարգը հիմնված է հետևյալ հիմնական սկզբունքների՝ թափանցիկության, հավասար վերաբերմունքի, խտրական մոտեցման բացառման, համաչափության և ծախսային արդյունավետության վրա:

Հոդված 16. ՊՄԳ պայմանագրի կնքումը

  1. Պատասխանատու մարմինը մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի (կամ վերջինիս կողմից հիմնադրված իրավաբանական անձի) հետ կնքում է ՊՄԳ պայմանագիր՝ մրցութային փաստաթղթերով սահմանված պայմանների և ընթացակարգերի համաձայն մասնավոր գործընկեր դառնալու նպատակով: Եթե ՊՄԳ պայմանագիրը կնքվում է մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի կողմից հիմնադրված իրավաբանական անձի հետ, ապա այդպիսի իրավաբանական անձը պետք է բավարարի հաղթող հայտատուի նկատմամբ ՊՄԳ ընթացակարգերում սահմանված նույն պահանջներին:

 

ԳԼՈՒԽ IV. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Հոդված 17. ՊՄԳ պայմանագրերի հիմնական պայմանները

  1. ՊՄԳ պայմանագիրը կարող է ներառել հետևյալ պայմանները.
  • ՊՄԳ պայմանագրի կողմերը,
  • կողմերի պարտավորությունները,
  • ՊՄԳ ծրագրի ռիսկերը և այդ ռիսկերի բաշխումը հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև,
  • ՊՄԳ պայմանագրի առարկան, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը, ՊՄԳ ծրագրի բաղադրիչները և բովանդակությունը և հանրային ենթակառուցվածքին ու հանրային ծառայություններին ներկայացվող այլ պահանջները,
  • ՊՄԳ պայմանագրի համաձայն փոխանցվող կամ կառուցվող և (կամ) վերակառուցվող և (կամ) զարգացվող և (կամ) շահագործվող և (կամ) սպասարկվող հանրային ենթակառուցվածքի և այլ գույքի նկարագրությունը, ներառյալ՝ տեխնիկական և տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը և օգտագործման ժամկետ(ներ)ը (առկայության դեպքում),
  • համապատասխան ենթակառուցվածքի նկատմամբ կողմերի սեփականության իրավունքների (առկայության դեպքում) և ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդգրկված այլ սեփականության իրավունքների բաշխումն, ինչպես նաև դրանց փոխանցման կարգը,
  • ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողատարածքների (անհրաժեշտության դեպքում) տրամադրման կարգը և պայմանները, ինչպես նաև դրանց վիճակի նկարագրությունը,
  • մասնավոր գործընկերոջ կողմից մատակարարվող ապրանքների, կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գների/սակագների սահմանման և փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները,
  • ՊՄԳ պայմանագրի գործողության ժամկետը և (կամ) դրա որոշման կարգը,
  • մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը տրամադրվող ապահովվածության տեսակները և հիմնական պայմանները,
  • հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող՝ արդյունքի վրա հիմնված վճարումների, հասանելիության վճարների և (կամ) այլ վճարների (առկայության դեպքում) բնույթը,
  • ՊՄԳ պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը,
  • մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող բոլոր վճարումների (առկայության դեպքում) բնույթը,
  • ՊՄԳ պայմանագրի դադարեցման (կամ դադարեցման վտանգի) հիմքերը, ընթացակարգերը և հանգամանքները, ներառյալ՝ վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց վճարները,
  • մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող ներդրումների (առկայության դեպքում) նվազագույն ծավալը:

 

Հոդված 18. ՊՄԳ պայմանագրերի պայմանների փոփոխությունը

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ ՊՄԳ պայմանագրի պայմանները, այդ թվում՝ ՊՄԳ պայմանագրի ժամկետը, կարող են փոփոխվել ՊՄԳ պայմանագրով այդպիսի հնարավորություն նախատեսված լինելու դեպքում՝ հաշվի առնելով ՊՄԳ պայմանագրով նախատեսված սահմանափակումները, եթե.

1) նման փոփոխություն կատարելու հնարավորություն նախատեսված է ՊՄԳ պայմանագրով, և

2) նման փոփոխություն կատարելու դեպքում ՊՄԳ ծրագիրը կշարունակի համապատասխանել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին, բացառությամբ ՊՄԳ պայմանագրի երկարաձգման դեպքում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված չափանիշի:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ լիազոր մարմնի կողմից այդ փոփոխության վերաբերյալ տրված՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրական է:

Հոդված 19. ՊՄԳ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավված գույքը

  1. ՊՄԳ պայմանագրի՝ գույքային իրավունքներ ունեցող կողմերն անհրաժեշտության դեպքում իրավասու են մյուս կողմին փոխանցել այդ իրավունքները, ներառյալ` հողատարածքների և այլ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության և (կամ) օգտագործման իրավունքները, ինչպես նաև այլ գույքային իրավունքներ՝ ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան ՊՄԳ ծրագիրն իրականացնելու համար:
  2. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ իրավունքը երրորդ կողմերին փոխանցել հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասն այնպիսի ժամկետով, որը չի գերազանցում ՊՄԳ պայմանագրով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ համապատասխան իրավունքի ժամկետը:

Հոդված 20. Հողատարածքների տրամադրումը

  1. Հանրային գործընկերը պետք է ապահովի ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողատարածքների տրամադրումը մասնավոր գործընկերոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հողատարածքները գտնվում են մասնավոր գործընկերոջ սեփականության կամ տիրապետման ներքո:
  2. Հողատարածքները կարող են տրամադրվել առանց այդ նպատակով լրացուցիչ մրցույթի անցկացման` առուվաճառքի, վարձակալության պայմանագրի, սերվիտուտի կամ ցանկացած այլ գործարքի հիման վրա, որը թույլ կտա մասնավոր գործընկերոջը կատարել ՊՄԳ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:
  3. ՊՄԳ պայմանագիրը պետք է նախատեսի հանրային գործընկերոջ կողմից հողատարածքները կամ վերջիններիս նկատմամբ անհրաժեշտ իրավունքները մասնավոր գործընկերոջը ՊՄԳ պայմանագրով սահմանված ժամկետում չտրամադրելու հետևանքները:

Հոդված 21. ՊՄԳ պայմանագրի կողմերի պատասխանատվությունը

  1. Կողմերից որևէ մեկի կողմից պարտականությունների (ներառյալ՝ կատարողականի պահանջների, երաշխիքների և այլ պարտավորությունների) խախտումը կարող է հանգեցնել օրենքով կամ ՊՄԳ պայմանագրով սահմանված պատասխանատվության: ՊՄԳ պայմանագրում կարող են ներառվել պատասխանատվության՝ օրենքով չարգելված ցանկացած միջոցներ:

Հոդված 22. Միջամտության իրավունքները: ՊՄԳ պայմանագրի կողմերի փոխարինումը

  1. ՊՄԳ պայմանագրով կարող է սահմանվել, որ որոշակի հատուկ հանգամանքներում և ուղիղ պայմանագրի և (կամ) դրան առնչվող պայմանագրերի պայմանների համաձայն, հանրային գործընկերը կամ վարկատուները կարող են իրականացնել իրենց միջամտության իրավունքը: Այդ դեպքում հանրային գործընկերը կամ վարկատուները կարող են ժամանակավորապես ստանձնել համապատասխան հանրային ենթակառուցվածքի շահագործումը և (կամ) հանրային ծառայությունների մատուցումը՝ ենթակառուցվածքի արդյունավետ աշխատանքը և (կամ) ծառայությունների արդյունավետ մատուցումը և տվյալ ծրագրի շարունակական գործողությունն ապահովելու համար: Նման միջամտության ծախսերը կրում է ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով սահմանված կողմը:
  2. Այդ դեպքում մասնավոր գործընկերոջը կարող է ժամանակավորապես (ամբողջությամբ կամ մասամբ) փոխարինել հանրային գործընկերը կամ վարկատուների անունից հանդես եկող մեկ այլ մասնավոր գործընկեր` յուրաքանչյուր դեպքում առաջնորդվելով ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով ավելի հստակ սահմանված կարգով և դրանց համապատասխան պայմանների համաձայն:
  3. Ցանկացած փոխարինող մասնավոր գործընկեր պետք է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով համապատասխանի իր կողմից իրականացվելիք աշխատանքների և (կամ) մատուցվելիք ծառայությունների հետ կապված որակավորման և այլ էական բոլոր պահանջներին, որոնց հիման վրա ՊՄԳ պայմանագիր էր կնքվել սկզբնական մասնավոր գործընկերոջ հետ:
  4. Մասնավոր գործընկերոջ փոխարինման կարգը և դրա նկատմամբ կիրառելի պայմանները սահմանվում են համապատասխան ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով: Մասնավոր գործընկերոջ մշտական փոխարինման դեպքում հանրային գործընկերը կազմակերպում է նոր մասնավոր գործընկերոջ ընտրության համար լրացուցիչ մրցույթ, եթե ուղիղ պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե ուղիղ պայմանագրով սահմանված է, որ մշտական փոխարինումը կատարվում է առանց լրացուցիչ մրցույթի անցկացման, ապա նոր մասնավոր գործընկերը պետք է համապատասխանի նույն պահանջներին (տեխնիկական կամ այլ), ինչ սկզբնական մասնավոր գործընկերը, եթե նման պահանջները վերաբերելի են նոր մասնավոր գործընկերոջ կողմից իրականացվելիք աշխատանքներին և (կամ) մատուցվելիք ծառայություններին: Մասնավոր գործընկերոջ ժամանակավոր փոխարինման դեպքում լրացուցիչ մրցույթի անհրաժեշտություն չկա:

 

ԳԼՈՒԽ V. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ գործընկերների ՀԱՄԱՐ

Հոդված 23. Մասնավոր գործընկերոջ իրավունքների երաշխիքները

  1. Հանրային գործընկերը և մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի հավասար կողմեր են:
  2. Եթե մասնավոր գործընկերը վաճառում է ապրանքներ, իրականացնում է աշխատանքներ կամ մատուցում է ծառայություններ կարգավորվող գներով (սակագներով), և այդ գները (սակագները) կարգավորող մարմինները մասնավոր գործընկերոջ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար սահմանում են այնպիսի գներ (սակագներ), որոնք չեն ապահովում ՊՄԳ պայմանագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից կատարված ներդրումների հատուցումը, ապա հանրային գործընկերը կարող է մասնավոր գործընկերոջը փոխհատուցել հատուցման համար չբավարարող գումարը ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան:
  3. Հանրային ​​գործընկերը կարող է մասնավոր գործընկերոջը շնորհել ՊՄԳ պայմանագրով սահմանված գործունեությունն իրականացնելու բացառիկ իրավունքներ՝ ՊՄԳ ծրագրի տեխնիկական և տնտեսական կենսունակությունն ապահովելու նպատակով:
  4. Հանրային ​​գործընկերը մասնավոր գործընկերոջը տրամադրում է ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող բոլոր անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների ձեռքբերման հետ կապված ողջ համապատասխան աջակցությունը` ՀՀ օրենսդրությամբ թույլատրված սահմաններում:
  5. Հանրային ​​գործընկերը կարող է մասնավոր գործընկերոջը տրամադրել սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պետական ​​ֆինանսական աջակցության ձևերը, բացառությամբ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթի արդյունքում ընտրված մասնավոր գործընկերոջ:

Հոդված 24. Երաշխիքներ վարկատուների համար

  1. Ուղիղ պայմանագրով վարկատուների համար կարող են նախատեսվել այնպիսի իրավունքներ և երաշխիքներ, որոնք պայմանագրի կողմերը նպատակահարմար կգտնեն:
  2. Ուղիղ պայմանագրով կարող են մանրամասն սահմանվել սույն օրենքի 22-րդ հոդվածում նախատեսված՝ մասնավոր գործընկերոջ փոխարինման՝ վարկատուների իրավունքները, մասնավորապես այն, որ վարկատուները պետք է հաստատեն հանրային գործընկերոջ կողմից առաջարկվող մասնավոր գործընկերոջ փոխարինումը, կամ հանրային գործընկերը պետք է հաստատի վարկատուների կողմից առաջարկվող այդպիսի փոխարինումը:
  3. Ուղիղ պայմանագիրը կարող է նախատեսել վարկատուների միջամտության իրավունքները, ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ վերջիններիս տեղեկատվության տրամադրման հետ կապված պայմանագրի կողմերի պարտավորությունները, ՊՄԳ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում վարկատուների փոխհատուցման վերաբերյալ դրույթները և կողմերի միջև համաձայնեցված այլ դրույթներ:
  4. Ուղիղ պայմանագրով կարող է սահմանվել դրանով նախատեսված որոշակի դեպքերում մասնավոր գործընկերոջ փոխարեն ուղղակիորեն վարկատուներին պայմանագրային վճարումներ կատարելու հանրային ​​գործընկերոջ պարտականությունը:
  5. Ուղիղ պայմանագիր կնքելու նպատակով հանրային գործընկերը մրցույթ չի կազմակերպում, եթե այն կնքում է մասնավոր գործընկերոջ և վարկատուի հետ:
  6. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ պարտավորությունը վարկատուներին տրամադրել իր պարտավորությունների ցանկացած տեսակի ապահովում (կապված ՊՄԳ ծրագրում ներգրավված ակտիվների, ՊՄԳ պայմանագրով (և (կամ) դրան առնչվող փաստաթղթերով) նախատեսված իր իրավունքների և ՊՄԳ ծրագրի հետ կապված գործունեության հետ), որը չի արգելվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ VI. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ծրագրերի ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

Հոդված 25. ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան

  1. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը ստեղծում և կառավարում է Հայաստանի Հանրապետության բոլոր ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազա:
  2. Հանրային գործընկերը ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնին ներկայացնում է իր կողմից կնքված յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրի, վերջինիս բոլոր հավելվածների կամ լրացումների պատճենները՝ ՊՄԳ պայմանագիրը կամ վերջինիս համապատասխան լրացումը ստորագրելուց հետո քսան (20) օրվա ընթացքում:
  3. ՊՄԳ ծրագրի տվյալների բազան պետք է հրապարակայնորեն հասանելի լինի, բացառությամբ այն տեղեկատվության, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 26. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը

  1. Յուրաքանչյուր վեց (6) ամիսը մեկ անգամ հանրային գործընկերը պատրաստում և ՊՄԳ ստորաբաժանում է ներկայացնում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն՝ ստորագրված ՊՄԳ պայմանագրի երկու կողմերի կողմից:
  2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. ՊՄԳ ստորաբաժանումը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ և բացատրություններ՝ ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ ցանկացած հաշվետվության մասով:
  4. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվություն պետք է հրապարակայնորեն հասանելի լինի:

 

ԳԼՈՒԽ VII. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Հոդված 27. ՊՄԳ ծրագրերում ֆինանսական աջակցության տեսակները 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական աջակցության բոլոր ձևերը և միջոցները, որոնք կարող են ՊՄԳ ծրագրի շրջանակներում տրամադրվել մասնավոր գործընկերներին և որոնք, ի թիվս այլոց, կարող են ներառել.
  • շինարարության և (կամ) գործառնական դրամաշնորհներ,
  • սուբսիդիաներ,
  • ՊՄԳ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ակտիվների և գույքի հատկացումներ,
  • ՊՄԳ ծրագրի շրջանակներում նվազագույն հասույթի և (կամ) վերջնական սպառողների կամ գնորդների նվազագույն քանակի երաշխիքներ և (կամ) երաշխիքների և խրախուսումների այլ տեսակներ,
  • երաշխիքներ առ այն, որ հանրային գործընկերը սպառելու կամ օգտագործելու է ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում արտադրված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատակարարված ծառայությունների որոշակի ծավալ կամ մասնաբաժին,
  • հանրային կողմի կողմից տրամադրվող վարկեր և ֆինանսավորման կամ ներդրումների այլ ձևեր,
  • ՊՄԳ ծրագրի հետ կապված որոշակի տեսակի ծախսերի և ռիսկերի փոխհատուցում (կամ դրանց համար ուղղակի պատասխանատվություն),
  • պետական կամ համայնքային ֆինանսական երաշխիքներ,
  • հարկային և մաքսային արտոնություններ,
  • այլ երաշխիքներ և (կամ) փոխհատուցումներ և (կամ) խրախուսումներ:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մշակել հրապարակել ՊՄԳ ծրագրերում ֆինանսական աջակցության տարբեր տեսակների վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ և նման աջակցություն տրամադրելու վերաբերյալ ուղեցույցներ, ինչպես նաև որոշում է դրանց նկատմամբ կիրառելի բոլոր չափանիշները, կանոնները կամ սահմանափակումները:

Հոդված 28. ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում կատարվող վճարումների տեսակները

  1. ՊՄԳ պայմանագիրը կարող է ներառել դրույթ, համաձայն որի բացի վերջնական սպառողների կողմից կատարվող վճարումների և (կամ) արդյունքի վրա հիմնված վճարումների կամ դրանց փոխարեն հանրային գործընկերը մասնավոր գործընկերոջը վճարում է հասանելիության վճարներ և (կամ) վճարների այլ տեսակներ՝ պայմանագրով սահմանված պայմաններով:
  2. Մասնավոր գործընկերն իրավունք ունի ՊՄԳ պայմանագրի համաձայն իրեն կատարվող ցանկացած վճարումներից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանալ շահույթ և շարունակել տնօրինել այդ շահույթը:
  3. ՊՄԳ պայմանագրով կարող են նախատեսվել մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող վճարումներ (մասնավոր գործընկերոջ վճարի կամ այլ ձևով), որոնք կարող են լինել պարբերական հիմունքով հաստատագրված գումարի կամ միանվագ գումարի, կամ մասնավոր գործընկերոջ կողմից ՊՄԳ պայմանագրի համաձայն իրականացվող գործունեությունից ստացվելիք ցանկացած հասույթի սահմանված մասնաբաժնի ձևով, կամ մասնավոր գործընկերոջը պատկանող գույքը հանրային գործընկերոջը սեփականության իրավունքով փոխանցելու ձևով, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով: ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել նաև մասնավոր գործընկերոջ վճարի տարբեր ձևերի համադրություն:
  4. ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված վճարումների ձևերից ցանկացածի կամ բոլորի համադրությունը:

 

ԳԼՈՒԽ VIII. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 29. Կիրառելի իրավունքը

  1. Կողմերն ազատ են ընտրելու ՊՄԳ պայմանագրի և ՊՄԳ ծրագրի առնչությամբ կնքված այլ պայմանագրերի (ներառյալ, ի թիվս այլոց, ուղիղ պայմանագրերի) նկատմամբ կիրառելի իրավունքը:

Հոդված 30. Վեճերի լուծումը

  1. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրի հետ կապված ցանկացած այլ պայմանագրից ծագող ցանկացած վեճ լուծվում է համապատասխան պայմանագրում և (կամ) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում կողմերի միջև համաձայնեցված՝ վեճերի լուծման կարգով:
  2. ՊՄԳ պայմանագրի կողմերը կարող են ազատորեն ընտրել վեճերի լուծման մեխանիզմը, ներառյալ՝ հաշտարարությունը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամ չունեցող փորձագիտական գնահատումը կամ եզրակացությունը, ազգային կամ միջազգային առևտրային արբիտրաժը կամ ներդրումային արբիտրաժը, ինչպես նաև նման վեճերի լուծման ընթացակարգային կանոնները:
  3. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրին վերաբերող ցանկացած այլ պայմանագրից ծագող վեճերի մասով հանրային գործընկերը չի կարող ունենալ որևէ պետական կամ սուվերեն անձեռնմխելիություն:

 

ԳԼՈՒԽ IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելու

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում [***] և չի տարածվում մինչ այդ մեկնարկած ՊՄԳ ծրագրերի մրցույթների և կնքված ՊՄԳ պայմանագրերի վրա:

Հոդված 32. Անցումային դրույթներ

  1. Հայաստանի Հանրապետության 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» թիվ ՀՕ-21-Ն օրենքի դրույթները ՊՄԳ ծրագրերի նկատմամբ չեն տարածվում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում լիազոր մարմինն իրականացնում է ՊՄԳ ընթացիկ պարտավորությունների հաշվարկ:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ.-ի սեպտեմբերի 20-ի թիվ 1241-Ն որոշումը:

 

  • Քննարկվել է

    23.02.2018 - 21.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2376

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Վահրամ Ավանեսյան

20.06.2018

Հիմնավորման մեջ նշված է, որ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Իմ կարծիքով առանվազն Գնումների մասին օրենքում պետք է կատարվեն հիմնարար փոփոխությունների հակառակ դեպքում ՊՄԳ գործարքներ ընդհանրապես հնարավորություն չի լինի իրականացնել։ Գնումների մասին օրենքով ըստ սահմանման ՊՄԳ գնում է և այդպիսով ՊՄԳ կարգավորվում է այդ օրենքով, միաժամանկ ՊՄԳ նախագծով մրցույթները պետք իրականացեն Գնումների մասին օրենքով, այն դեպքում երբ Գնումների մասին օրենքով սահմանված սահմանումնները և ընթացակարգերը հիմնականում կիրառելի չեն ՊՄԳ գործարքների առումով, մասնավորապես ՊՄԳ սահմանված է որպես մասնավոր գործընկերոջը իրավունքի շնորհում, գնման գինը սահմանված է որպես նախահաշվային գին, հանրությանը մատուցվող ծառայությունների գինը չի կարող լինել մրցույթի առարկա / ամենատարածված ՊՄԳ գործարքներն են/, մասնակիցների վրա դրվող սահմանափակումները բացառում են / project financing/ եղանակաը, կնքված պայմանգրի վերաբերյալ հայտարարությանը ներկայացվող պահանջները չեն կարող կատարվել ՊՄԳ շատ դեպքերում, նախորակորման փուլում բանակցությունների պահանջը անտեղի է ՊՄԳ շատ դեպքերում, և այլն։ Առաջարկություն։ Հակասությունները այնքան շատ են, որ թերևս ավելի արդյունավետ կլինի կամ ընհանրապես ՊՄԳ-ի վրա չտարածել Գնումների մասին օրենքը, այս դեպքում ՊՄԳ գնման բոլոր ընթացակարգերը պետք է սահմանվեն ՊՄԳ օրենքով կամ ՊՄԳ օրենքը ներառել Գնումների մասին օրենքում որպես առանձին բաժին, այս դեպքում Գնումների մասին օրենքում պետք նաև կատարվեն այլ փոփոխություններ, առավել կարևոր է ՊՄԳ առանձնահատկությունները հաշվի առնող գնումների ընթացակարգի սահմանումը։

Նարինե Բեգլարյան

07.03.2018

Գտնում եմ, որ 1. ՊՄԳ իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան կառավարության որոշումներով նախատեսել արտոնությունների ցուցակ և/կամ կատարել այլ աննշան փոփոխություններ գործող օրենքներում (օրինակ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում) և ենթաօրենսդրական ակտերում, բացառելով ծավալուն և համակարգային օրենսդրական փոփոխություններ, 2.ՊՄԳ իրականացման համար անհրաժեշտ է նախատեսել ընթացակարգ, որը կկարգավորի մասնավոր գործընկերոջ կողմից ՊՄԳ իրականացման ու դրա պայմանների մասին դիմումի ներկայացումը ՀՀ Կառավարությանը կամ իրավասու մարմնին, կողմերի առաջարկի շուրջ բանակցությունների վարումը, հավանության տալը ու ժամկետները, ինչպես նաև հետագա ընթացակարգերը: Մասնավորապես, կարող է նախատեսվել, որ մասնավոր գործընկերը ՊՄԳ իրականացման նախաձեռնության առաջին փուլում պետք է հանդես գա ընդհանուր դիմումով և նախագծի իրականացման ընդհանուր մոտեցումներով, ինչպես նաև ներկայացնի, թե ինչ երաշխքիներ պետք է տրամադրվեն նախաձեռնող մասնավոր գործընկերոջը (ինչ ծախսեր պետք է փոխհատուցվեն, ինչ խրախուսումներ ընտրության փուլում պետք է տրամադրվեն և այլ), որպեսզի վերջինս պատրաստի ամբողջական ծրագիրը ու ներկայացնի այն մասնավոր գործընկերոջ ծրագրի հավանության և ընտրության փուլերի համար․ որից հետո կանցկացվի մրցույթը՝ համաձայնեցված չափանիշներով: 3.ՊՄԳ իրականացման համար պետք է նախատեսվի ցանկացած ոլորտում դրա հնարավորություն՝ բացառելով ՊՄԳ իրականացումն ըստ ոլորտների սահմանափակումը

Նարինե Բեգլարյան

07.03.2018

Օրենքի նախագիծը չի կարգավորում, թե ՊՄԳ իրավահարաբերությունը քաղաքացիաիրավական է թե վարչական (կամ առնվազն դրա որ մասն է վարչական, եթե այդպիսին կան), ինչի արդյունքում խնդրահարույց է լինելու գործնականում որոշելու, թե որ դատարանի իրավասություն է պատկանելու վեճերի քննության հարցը: Չի նախատեսված վեճերի այլընտրանքային լուծման որևը հնարավորություն (օրինակ արբիտրաժ) նույնպես:

Տեսնել ավելին