ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքով սահմանվում են սոցիալական աշխատանքի հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության երաշխիքները, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի (այսուհետ՝ պալատ) գործունեության հիմնական նպատակը և խնդիրները, կարգավորվում են պալատի մարմինների կազմավորման, նրանց լիազորությունների իրականացման և որոշումների ընդունման, սոցիալական աշխատանքի մասնագետների հավաստագրման, վերապատրաստման, պալատի անդամի կարգապահական պատասխանատվության և խրախուսման, անկախ մասնագիտական գործունեության իրականացման, սուպերվիզիայի իրականացման հետ կապված հարաբերությունները: 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) շահառու` անհատ, ընտանիք, սոցիալական այլ խումբ, որին սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ.

2) սոցիալական աշխատանքի մասնագետի մասնագիտական գործունեության հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)՝ սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն.

3) սուպերվիզիա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված գործընթաց.

4) սուպերվիզոր՝ սուպերվիզիա իրականացնող մասնագետ

5) սոցիալական աշխատանքի ստանդարտներ՝ «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մասնագիտական կրթության պետական կրթական, սոցիալական աշխատանքի մասնագետների պրակտիկային, սոցիալական աշխատանքի սուպերվիզիային առաջադրվող չափորոշիչները, դրանց խախտման դեպքում կիրառվող ընթացակարգերը նկարագրող դրույթների ամբողջություն:

2. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ: 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող սոցիալական աշխատանքի մասնագետների վրա: 

    Հոդված 4. Սոցիալական աշխատանքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

  1. Սոցիալական աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով,դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:   

Գ Լ ՈՒ Խ  2

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ,  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 

Հոդված 5. Սոցիալական աշխատանքը, դրա իրականացումը և նպատակները

  1. Սոցիալական աշխատանքը սոցիալական արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա հիմնված մասնագիտական գործունեություն է ուղղված անհատի, ընտանիքի, խմբերի կենսական պահանջմունքների բավարարմանը՝ ուժեղացնելով նրանց գործառնական կարողությունները, ինչպես նաև համայնքների սոցիալական պատասխանատվության մեծացմանը և սոցիալական պլանավորմանը:
  2. Սոցիալական աշխատանքը կարող է իրականացվել՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սոցիալական աշխատանքի մասնագետի՝ որպես աշխատող հանդես գալու դեպքում, այդ թվում՝ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող (որպես գործատուի մոտ վարձու աշխատանքային գործունեություն).

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (բայց ոչ շահառուների) հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա (որպես քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում).

3) որպես անկախ մասնագիտական գործունեություն՝ սույն օրենքով և պալատի կողմից սահմանված կարգով:

  1. Սոցիալական աշխատանքի նպատակն է նպաստել՝

1) շահառուների ինքնօգնության կարողությունների, սոցիալական հմտությունների զարգացմանը, նրանց կենսամակարդակի բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը.

2) շահառուների իրավունքների պաշտպանությանը և իրացմանը.

3) համայնքներում ռիսկային գործոնների՝ սոցիալական խնդիրների առաջացման վտանգի,  բացահայտմանը, դրանց նվազեցմանը, կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը և խթանմանը.

4) բարձրորակ և մատչելի սոցիալական ծառայությունների զարգացմանը.

5) շահառուի սոցիալական մեկուսացման կանխարգելմանը և սոցիալական ներառմանը.

6) հասարակությունում սոցիալական արդարության խթանմանը՝ հիմնվելով մարդասիրության (հումանիզմի) և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած այլ սկզբունքների և նորմերի վրա: 

Հոդված 6. Սոցիալական աշխատանքի սկզբունքները

  1. Սոցիալական աշխատանքն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 20-րդ հոդվածի 1-ին մասերով և սույն մասով սահմանված հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1) առաջնահերթությունը՝ շահառուի իրավունքների առաջնահերթության ճանաչումը բոլոր դեպքերում, բացառությամբ՝ երբ դա հակասում է այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին. 

2) հանդուրժողականությունը՝ շահառուների նկատմամբ համբերատար վերաբերմունքը, նրանց աշխարհայացքի, սովորությունների, կենցաղավարման և վարքագծի նկատմամբ հանդուրժողականության դրսևորումը.

3) սոցիալական ռեսուրսների համախմբումը՝ սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում մարդկային, նյութական, վարչական հասանելի ռեսուրսների որոնումը, դրանց ներգրավումը և արդյունավետ օգտագործումը՝ շահառուի սոցիալական կարիքների բավարարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանման, կանխման ու հակազդման նպատակով.

4) իրավաչափությունը՝ լիազորությունների և գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սոցիալական աշխատանքի մասնագետների վարքագծի կանոնագրքին (այսուհետ՝ կանոնագիրք) համապատասխան. 

5) տնտեսվարությունը՝ գործառույթների և լիազորությունների պատշաճ իրականացումը սոցիալական աշխատանքի մասնագետի տիրապետման ներքո գտնվող միջոցների առավել բարեխիղճ և արդյունավետ օգտագործմամբ. 

6) պատասխանատվությունը՝ իր կողմից իրականացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների և պարտականությունների համար սոցիալական աշխատանքի մասնագետի պատասխանատու լինելը: 

  • Քննարկվել է

    20.02.2018 - 07.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

20.02.2018 12:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1974

Տպել

Առաջարկներ`

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Սոցիալական աշխատանքի օրենքի Գլուխ 5, հոդված 23 կետ 3-ի համար, որն է <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, առաջարկում ենք ավելացնել կամ-ով ենթակետ, որտեղ կնշվի <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի Սոցիալական աշխատանք մասնագիտության բազային կրթություն և սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն վեց տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, քանի որ ներկայիս կետում բազային կրթությունը չի շեշտվում, ստացվում է, որ մարդը, ով 4 կամ 6 տարի սովորել է և ունի 6 տարվա ստաժ, որը էլի կազմում է վերոնշյալ 10-12 տարի, չի կարող աշխատել սուպերվիզորի պաշտոնում։

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Առաջարկում ենք վերանայել եւ վերաձեւակերպել Գլուխ 3-ի Հոդված 8-ի 3-րդ եւ Գլուխ 5-ի Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետերը՝ հաշվի առնելով այն, որ  դրանք իրար, ըստ էության, հակասում են, քանի որ առաջինի պարագայում ենթադրվում է, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողին անհրաժեշտ չէ հավաստագրվել, իսկ երկրորդից հետեւում է, որ հավաստագիր է անհրաժեշտ:  Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետն, ըստ էության, գործում է առաջին անգամ հավաստագրվելու դեպքում, այլապես հավաստագրի ժամկետի ավարտից հետո մեխանիկորեն պետք է հավաստագրի ժամկետը երկարաձգվի, ինչը կարծում ենք, ճիշտ չէ, եւ պետք է վերահավաստագրվելու համար կա´մ անհրաժեշտ կրեդիտային միավորներ ունենալ, կա´մ քննություն հանձնել/ատեստացիա անցնել: Հետեւաբար դա կարգավորող դրույթներ եւս պետք է ավելացնել: Վերոնշյալից ելնելով՝ կարիք կա վերանայլու նաեւ Հոդված 8-ի 4-րդ կետը եւ Հոդված 23-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը, քանի որ առկա են նույն խնդիրները։

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Առաջարկում ենք վերանայել Հոդված 23-ի 1-ին կետի ենթակետերն այն տեսանկյունից, որ դրանք իրավազոր են եւ դրանց բովանդակությունը դիտարկվում է որպես հավաստագիր ստանալու համար առանձին պայման: Այսինքն ստացվում է, որ սոցիալական աշխատողի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ անձը, ով ունի անհրաժեշտ կրեդիտային միավորներ: Իսկ այդ դեպքում դա սկզբունքորեն հակասում է նախորդող ենթակետերին եւ նաեւ հարց է առաջանում, թե ինչ կրեդիտային միավորների մասին է խոսքը: Ուստի կամ պետք է այդ պայմանը միավորել նախորդ ենթակետերի այլ պայմանների հետ, կամ 4-րդ ենթակետի բովանդակությունն ավելի մանրամասնել եւ վերաձեւակերպել: Նույնը վերաբերում է նաեւ Հոդված 23-ի 2-րդ եւ 3-րդ կետերին:

Տեսնել ավելին