Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու բնակելի տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2024 թվականի N ...... Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 18-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի և «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել՝

1) պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) բնակելի տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

  1. Սահմանել, որ պետական գույքի նվիրատվության, բնակելի տարածքների սեփականաշնորհման և նվիրաբերության նպատակն է՝

1) խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության,   մշակույթի, սպորտի, պաշտպանության, անվտանգության ապահովման և երկրի կառավարման ոլորտում հայ ժողովրդի մշակույթի հանրահռչակման ասպարեզում ավանդ ուեցող անհատներին.

2) նպաստել երկրի հանրային կյանքի առաջնահերթ զարգացման կարիք ունեցող ոլորտների կայուն առաջընթացին,

3) բարելավել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի) կենսապայմանները ․

4) բարձրացնել պետական գույքի հանրային օգտագործման արդյունավետության մակարդակը.

5) որոշակի պայման(ներ)ի սահմանումով նպաստել հասարակական կյանքի առանձին ոլորտների՝ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սոցիալական այլ ոլորտների և բարեգործության, ինչպես  նաև համայնքային զարգացմանը.

6) հավանության արժանացած գործարար ծրագրի հիման վրա նվիրաբերության կատարման միջոցով ապահովել տնտեսության առանձին ոլորտների զարգացումը.

7) հասարակական կյանքի զարգացման գործընթացին մասնակից դարձնել քաղաքացիների խմբերին և առանձին քաղաքացիններին։

  1. Պետական գույքի նվիրատվությունը կամ նվիրաբերությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ և լուծի որոշակի տնտեսական կամ սոցիալական խնդիրներ։
  2. Պետական գույքի նվիրատվության, նվիրաբերության կամ բնակելի տարածքների սեփականաշնորհման սուբյեկտներ կարող են հանդիսանալ քաղաքացինները, իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկրյա պետությունները, քաղաքացիները և օտարերկրյա անձինք.
  3. Պետական գույքի նվիրատվությունը, նվիրաբերությունը և սեփականաշնորհումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով։
  4. Սահմանել, որ՝

 1) պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության, նվիրաբերության, ինչպես նաև բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացն իրականացնում է և Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման։ Նվիրատվության պայմանագրերը կնքվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման համաձայն։ Գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառուների կողմից․

2) պարտավորություններով ծանրաբեռնված գործարքների հսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշմամբ հաստատված դրույթների:

  1. 7. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի

«Պետական մարմիններին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին»» N 1067-Ն որոշումը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

—————  «      »  —— - Ն   որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ կամ շարժական գույքը (այսուհետ՝ պետական գույք) (բացառությամբ՝ դրամական միջոցների, բնակելի նշանակության շենքերի, շինությունների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված գույքի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրենց ենթակայությամբ գործող կազմակերպությունների վերազինման նպատակով սարքավարումների, կենցաղային տեխնիկայի և կահույքի նվիրատվության դեպքերի) իրավաբանական անձանց, քաղաքացիներին, համայնքների, օտարերկրյա պետությունների, քաղաքացիների և օտարերկրյա անձանց (այսուհետ՝ նվիրատվության սուբյեկտներ) նվիրատվության գործընթացը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգին համապատասխան պետական գույքի նվիրատվության համար առաջարկություններ և դիմումներ կարող են ներկայացնել նվիրատվության սուբյեկտները։
  3. Պետական գույքը նվիրատվության սուբյեկտներին նվիրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
  4. Պետական գույքը նվիրատվությամբ տրվում է նվիրատվության սուբյեկտներին՝

1) հանրօգուտ ծրագրեր իրականացնելու նպատակաով, որոնք հավանության են արժանացել համապատասխան ոլորտային մարմինների կողմից․

2) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման կամ կարևոր ռազմավարական խնդիրների լուծման նպատակով Կառավարության ոլորտային մարմինների առաջարկության հիման վրա

5․ Նվիրատվությամբ պետական գույք ստանալու համար նվիրատվության սուբյեկտը, իսկ սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում համապատասխան պետական մարմինը դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` Կոմիտե)՝ կից ներկայացնելով՝ նվիրավություն ստանալու համար նախատեսված պետական գույքի մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, տնօրինող պետական մարմինը, իսկ շարժական գույքի դեպքում՝ տվյալ գույքի բնութագրի մասին տվյալները՝ թողարկման և շահագործման տարին, մակնիշը, հզորությունը, ֆիզիկական չափերը, մաշվածության աստիճանը), ինչպես նաև հավանության արժանացած սույն կարգի 4-րդ կետով նշված ծրագիրը կամ համապատասխան հիմնավորումները.

  1. Կոմիտեն սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում սույն կարգի 5-րդ կետում ներկայացված առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին և նվիրատվության սուբյեկտին:
  2. Պետական գույքը նվիրատվության չի տրամադրվում, եթե`

1) տվյալ պետական գույքն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի մարմնի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար.

2) տվյալ պետական գույքի օգտագործմամբ կամ ներդրմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած որևէ այլ ծրագիր.

3) տվյալ պետական գույքը տրամադրված է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով՝ բացառությամբ կազմակերպության կարիքների համար ամրացված սարքավորումների և տեխնիկայի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հայտ ներկայացրած նվիրատվության սուբյեկտը տվյալ պետական գույքի վարձակալն է կամ օգտագործողը, կամ առկա է մշտադիտարկման արդյունքում կազմված համապատասխան արձանագրություն․

4) տվյալ պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման և օտարման ծրագրերի ցանկերում.

5) չի ապահովվել սույն կարգի 4-րդ կետի պահանջը․

6) եթե յուրաքանչյուր դեպքում նվիրատվության ենթակա գույքի օգտագործումը նախատեսված չէ պետական կարիքների առաջնահերթ բավարարման համար:

  1. Նվիրատվության սուբյեկտի կողմից սույն կարգի կարգի 4-րդ կետի պահանջը ապահովելու նպատակով ներկայացված փաստաթղթերի թերությունների դեպքում կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է նվիրատվության սուբյեկտին կամ համապատասխան պետական մարմնին, որը գրությունը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
  2. Նախատեսված դիմումը կոմիտեի կողմից մերժվում է, եթե՝

1)  չեն ապահովվել սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներից որևէ մեկը.

2) սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները.

3) առկա է սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկը.

4) տվյալ պետական գույքն առանձնացվել է Հայաստանի Հանրապետության օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից։

10․ Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվող հանրօգուտ ծրագրեր վերաբերյալ կարծիքները ըստ ոլորտների, այդ թվում նաև համայնքային զարգացման տրամադրում են՝

1) գիտության, կրթության, սպորտի, մշակույթի ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համապատասխան շահագրգիռ իրավասու մարմինների, կազմակերպությունների կամ հիմնադրամների համաձայնությամբ.

2) իրավունքների պաշտպանության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.

3) շրջակա միջավայրի ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը.

4) սոցիալական ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

5) առողջապահության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

6) արդյունաբերության և տնտեսության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

7) բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը.

8) այլ ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` համապատասխան շահագրգիռ մարմինների համաձայնությամբ.

9) համայնքային զարգացման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարզպետների աշխատակազմերի հետ համատեղ, իսկ Երևանի քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։

  1. Նվիրատվությամբ պետական գույք ստանալու համար նշված հայտի վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո Կոմիտեն եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։ Նվիրվող գույքը պետական կառավարման համակարգի մարմնին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված լինելու դեպքում Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համապատասխան նախագիծ՝ տվյալ գույը համապատասխան մարմնի հաշվեկշռից նվիրելու վերաբերյալ՝ առանց Կոմիտեի հաշվեկշիռ բերելու։
  2. Պետական գույքի նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) նվիրվող պետական գույքի նկարագիրը (անվանումը, գտնվելու վայրը, անշարժ գույքի դեպքում՝ մակերեսը (քառակուսի մետրով արտահայտված), շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը).

2) տեղեկություններ նվիրատվության սուբյեկտի (սուբյեկտների) մասին (անվանումը, գտնվելու վայրը), քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի տվյալները կամ անձնագրի տվյալները.

3) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:

 

 

ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար                              Ա. Հարությունյան

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

—————  «      »  —— - Ն   որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ կամ շարժական գույքը (այսուհետ՝ պետական գույք) (բացառությամբ՝ դրամական միջոցների, բնակելի նշանակության շենքերի, շինությունների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված գույքի ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրենց ենթակայությամբ գործող կազմակերպությունների վերազինման նպատակով սարքավարումների, կենցաղային տեխնիկայի և կահույքի նվիրաբերության դեպքերի) իրավաբանական անձանց, (այդ թվում՝ բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին), քաղաքացիներին, համայնքների, օտարերկրյա պետությունների, քաղաքացիների և օտարերկրյա անձանց (այսուհետ՝ նվիրաբերության սուբյեկտներ) նվիրաբերության գործընթացը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգին համապատասխան պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է նվիրաբերության սուբյեկտներին՝ որոշակի պարտավորությունների կատարման պայմանով։
  3. Նվիրաբերության սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չհամարվող այն քաղաքացիները, որոնք պետական լիազոր մարմնի հետ կնքված հուշագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են բարեգործական կամ սոցիալական միջոցառումներ և առաջարկություն են ներկայացրել այդ բնագավառում ծրագրերը շարունակելու վերաբերյալ, կամ

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սոցիալական աջակցության բնագավառում պետական լիազոր մարմնի հետ համագործակցության շրջանակում աջակցություն են ցուցաբերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքներին, այլ սոցիալական խմբերին):

  1. Պետական գույքը նվիրաբերությամբ տրվում է նվիրաբերության սուբյեկտներին (բացառությամբ համայնքների), եթե՝

1) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող ծրագրերը վերաբերում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուն, դաստիարակչական հիմնարկների, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատությունների, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատությունների գործունեությանը, և

2) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող հանրօգուտ ծրագրերի իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով:

  1. Հանրօգուտ ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնք իրականացվում են կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական և բարեգործության ոլորտներում:
  2. Հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշներն են՝

1) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող՝ բարեգործությունից օգտվող անձանց թիվը, այդ թվում՝ ծրագրի առանձին տարիների կտրվածքով.

2) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող բարեգործության ընդհանուր ծավալը՝ արժեքային արտահայտությամբ, այդ թվում՝ ըստ տարիների.

3) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը.

4) հանրօգուտ ծրագրի ժամկետը.

5) հանրօգուտ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվող արդյունքները:

  1. Հանրօգուտ ծրագրերն իրատեսական լինելու մասին, սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցուցանիշներին համապատասխան, եզրակացություններ են տրամադրում տվյալ ոլորտը կարգավորող լիազորված պետական մարմինները՝ հայտերը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում:
  2. Պետական գույքն առանց հանրօգուտ ծրագրի և գնահատման տրվում է նվիրաբերությամբ` նվիրաբերության սուբյեկտ համարվող համայնքներին, եթե այն՝

1) օգտագործվելու է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը համապատասխանող ծրագրի իրականացման համար.

2) ապահովելու է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացումը։

  1. Պետական գույքը նվիրաբերության սուբյեկտներին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
  2. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար նվիրաբերության սուբյեկտը հայտով դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` Կոմիտե)՝ հայտին կից ներկայացնելով՝

1) նվիրաբերություն ստանալու համար նախատեսված պետական գույքի մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, տնօրինող պետական մարմինը, իսկ շարժական գույքի դեպքում՝ տվյալ գույքի բնութագրի մասին տվյալները՝ թողարկման և շահագործման տարին, մակնիշը, հզորությունը, ֆիզիկական չափերը, մաշվածության աստիճանը).

2) լիցենզավորվող գործունեության դեպքում՝ գործող լիցենզիայի պատճենը, ծանուցման ենթակա գործունեության իրականացման դեպքում՝ լիազորված մարմնի կողմից տրված ծանուցման պատճենը, կատարված պայմանագրերի պատճենները, հաշվետվություն կատարված ներդրումների վերաբերյալ, նշված ոլորտներում գործունեության փորձ ունենալու մասին փաստաթղթերը.

3) տեղեկություններ իրականացված ծրագրերի և այդ բնագավառում ձեռք բերված արդյունքների մասին.

4) տեղեկություններ նախկինում իրականացված հանրօգուտ ծրագրերի վերաբերյալ.

5) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ոլորտներում իրականացվող հանրօգուտ ծրագիրը:

  1. Կոմիտեն սույն կարգի 10-րդ կետում նշված հայտը և եզրակացությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում սույն կարգի 10-րդ կետում ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին և նվիրաբերության սուբյեկտին:
  2. Պետական գույքը նվիրաբերության չի տրամադրվում, եթե`

1) տվյալ պետական գույքն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի մարմնի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար.

2) տվյալ պետական գույքի օգտագործմամբ կամ ներդրմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած որևէ այլ ծրագիր.

3) տվյալ պետական գույքը տրամադրված է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով՝ բացառությամբ կազմակերպության կարիքների համար ամրացված սարքավորումների և տեխնիկայի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հայտ ներկայացրած նվիրաբերության սուբյեկտը տվյալ պետական գույքի վարձակալն է կամ օգտագործողը, կամ առկա է մշտադիտարկման արդյունքում կազմված համապատասխան արձանագրություն.

4) տվյալ պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման և օտարման ծրագրերի ցանկերում.

5) չեն ներկայացվել սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը․

6) եթե յուրաքանչյուր դեպքում նվիրատվության ենթակա գույքի օգտագործումը նախատեսված չէ պետական կարիքների առաջնահերթ բավարարման համար:

  1. Նվիրաբերության սուբյեկտի կողմից սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացնելու դեպքում Կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ այդ մասին տեղեկացնում է նվիրաբերության սուբյեկտին, ով գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
  2. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հայտը Կոմիտեի կողմից մերժվում է, եթե՝

1)  չեն ապահովվել սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջները.

2) սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները.

3) առկա է սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկը.

4) տվյալ պետական գույքն առանձնացվել է Հայաստանի Հանրապետության օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից․

5) սույն կարգի 7-րդ կետով նախատեսված մարմինների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված՝ հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշների մասին տրամադրվել է բացասական եզրակացություն։

  1. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար ներկայացված հայտի վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո Կոմիտեն եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի նվիրաբերության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ նախատեսելով, որ նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագիրը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը: Նվիրաբերվող գույքը պետական կառավարման համակարգի մարմնին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված լինելու դեպքում Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համապատասխան նախագիծ՝ տվյալ գույքը համապատասխան մարմնի հաշվեկշռից նվիրաբերելու վերաբերյալ՝ առանց Կոմիտեի հաշվեկշիռ բերելու
  2. Պետական գույքը նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) նվիրաբերվող պետական գույքի նկարագիրը (անվանումը, գտնվելու վայրը, անշարժ գույքի դեպքում՝ մակերեսը (քառակուսի մետրով արտահայտված), շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը).

2) տեղեկություններ նվիրաբերության սուբյեկտի (սուբյեկտների) մասին (անվանումը, գտնվելու վայրը), քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի տվյալները կամ անձնագրի տվյալները.

3) նվիրաբերվող պետական գույքի օգտագործման նպատակը և նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագրի հիմնական պայմանները.

4) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել պետական գույքի նվիրաբերությունը նվիրաբերության սուբյեկտներին՝ հաշվի առնելով օրենքով սահմանված կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, բարեգործական ոլորտներում իրականացվող քաղաքականության ուղղությունները և առաջնահերթությունները։

 

ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար                              Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

—————  «      »  —— - Ն   որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմիններին ամրացված` բնակելի տարածքների (այսուհետ` բնակելի տարածքներ) նվիրատվության և սեփականաշնորհման հետ կապված հարաբերությունները:
  2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել կամ սեփականաշնորհվել՝

1) համապատասխան տարածքում հաշվառված և վերջին երեք տարին փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների)․

2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք, եթե վերջին երեք տարիների ընթացքում հաշվառված և փաստացի բնակվել են համապատասխան տարածքում ․

3) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց։

2․ Մեկ անձի կողմից երկու և ավելի բնակելի տարածքներ զբաղեցնելու դեպքում՝ սույն որոշմամբ նվիրատվությամբ տրամադրվում է միայն մեկ բնակելի տարածք, որի համար հիմք է ընդունվում զբաղեցրած բնակելի տարածքներից՝ քաղաքացու հայեցողությամբ ընտրված բնակելի տարածքը։

  1. Բնակելի տարածքում բնակվող և 1-ին, 2-րդ կետերի պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարածքի նվիրատվության համար դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը.

3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով կամ նույնականացման քարտերի պատճենները.

4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.

5) տեղեկանք բնակության վայրից` տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյալ.

7) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում հաշվառված լինելու վերաբերյալ.

8) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին․

9) անհրաժեշտության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված` անձի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը հաստատող տեղեկանք։

  1. Կոմիտեն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին։ Բնակելի տարածքները այլ պետական մարմնին ամրացված լինելու դեպքում պահանջում է բնակիչների ամբողջական ցանկի, նրանց կողմից զբաղեցված սենյակների մակերեսների և հաշվեկշռային արժեքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների պատճենները:
  2. Կոմիտեն սույն կարգի 3-րդ, 4-րդ կետերում նշված փաստաթղթերն ստանալուց հետո դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան տարածքները բնակիչներին նվիրելու կամ սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
  3. Նվիրառու հանդիսացող բնակիչները նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը` կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են Կոմիտե: Կոմիտեն հատակագծի (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը մինչև 3% թույլատրելի շեղումով) և կարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետում կնքում է նվիրատվության պայմանագիր։
  4. Կարգի համաձայն նվիրատվության ենթակա բնակելի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է բնակելի շենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար                              Ա. Հարությունյան

 

  • Քննարկվել է

    19.04.2024 - 10.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Պետական գույքի կառավարում, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 568

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ