02.05.2024
1. 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 3-րդ հոդվածի «31)» կետի լրացումների վերաբերյալ․ հատուկ ուշադրություն է պետք տրամադրել այն բանին, որ «տեխնածին հան¬քա-վայր» հասկացությունը սահմանված է եղել նախկինում՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում և 14-րդ հոդվածով տրված էին դրա հետ կապված կարգավորումները, որոնք ուժը կորցրել են 18.10.2016թ. ՀՕ-161-Ն օրենքով: Այդ օրենքի ընդունումը հիմնավորվել է հենց նրանով, որ արտադրական լցակույտերը, որպես «ընդերքօգտագործման թափոն» որակելու պարագայում հնարավորություն է ընձեռվում թափոնների հետագա վերամշակում, ինչպես արդյունահանման գործընթացին զուգընթաց, այնպես էլ առանձին: Իսկ նախագծով առաջարկվող Օրենքի մշակման անհրաժեշտությունը բխել է նաև «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի չորրորդ փուլի գործողությունների ժամանակացույցի 4-րդ կետի պահանջից (Կառավարությունը կանոնակարգում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման հետ կապված օրենսդրական կարգավորման խնդիրները)՝ համաձայն Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի 2006թ. մարտի 15-ի N2006/21/ԵՀ (Արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման մասին) և 2008թ. նոյեմբերի 19-ի N2008/98/ԵՀ (Թափոնների մասին) հրահանգների: Բացի վերոնշայից, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում սխալ է «վերամշակումից հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկրի մակերևույթին կամ լեռնային փորվածքներում տեղադրված ընդերքօգտագործման թափոնները, որոնք երկրաբանատնտեսագիտական գնահատման արդյունքում ստացել են արդյունաբերական (տնտեսական) նշանակություն» բառերը, քանի որ եթե թափոնները անցնում են երկրաբանատնտեսագիտական գնահատում, որպեսզի անվանվեն օգտակար հանածո, ապա նույն տրամաբանությամբ պինդ, հեղուկ, գազանման և մյուս գոյացումները ընդերքում նույնպես պետք է անցնեն երկրաբանատնտեսագիտական գնահատական որպեսզի համարվեն օգտակար հանածոներ։ Ըստ Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի N2006/21/ԵՀ հրահանգի 4-րդ կետի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ Համայնքի քաղաքականության նպատակներին համապատասխան՝ անհրաժեշտ է սահմանել նվազագույն պահանջներ՝ կանխելու կամ հնարավորինս նվազեցնելու համար շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման արդյունքում, ինչպես օրինակ՝ պոչանքներ (այսինքն՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք գոյանում են մի շարք մեթոդներով հանքանյութերի մշակման հետևանքով) և ոչ պիտանի ու մակաբացման ապարներ (այսինքն՝ նյութեր, որոնք արդյունահանման աշխատանքներում շարժվում են հանքաքար կամ հանքային մարմիններ ստանալու, այդ թվում՝ նախաարդյունաբերական մշակման փուլի ընթացքում) և հողաբուսական շերտ (այսինքն՝ հողի վերին շերտը)՝ պայմանով, որ դրանք համարվում են թափոններ»։ Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման խնդիրների օրենսդրական կարգավորման ենթակա մի շարք հարցեր, մասնավորապես, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործածության, վերամշակման և պահպանության անվտանգության սկզբունքները, նշված ոլորտներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների և ռիսկերի գնահատումը, համապատասխան օբյեկտների փակումը և ռեկուլտիվացիան, թափոնների օբյեկտների և վերամշակման կառավարման պլանների առկայության պահանջը: Օրենքների ընդունման նպատակն էր հստակեցնել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները՝ կանխելու կամ հնարավորինս նվազեցնելու համար շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման արդյունքում (18.10.2016թ. ՀՕ-161-Ն օրենքի հիմնավորում ) : Հարկ է նշել, որ «տեխնածին հանքավայր» հասկացությունը կիրառվում էր Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ, սակայն 2022թ․ հուլիսի 14-ի Ռուսաստանի Դաշնության N 343-ФЗ օրենքով «Ընդերքի մասին» օրենքում և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն օրենսգրքի կարգավորման առարկա է դարձել ընդերքօգտագործման թափոնների (մակաբացման և ներփակման ապարներ, շլամ, օգտակար հանածոների հարստացման գործընթացից առաջացած պոչանքներ և երկրաբանական ուսումնասիրության այլ թափոններ) և ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի և օգտակար բաղադրիչների կորզման ոլորտները, ինչը համապատասխանում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջազգային փորձին։ Արտոնություններ են սահմանվել նաև ընդերքօգտագործման թափոնների օգտագորման համար։ ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 2.» բաժնի 3-րդ կետով սահմանված է, որ ընդերքօգտագործման թափոնների կառավարման նախագծերի վերանայման և վերահսկման համար հարկավոր է զարգացնել և ուժեղացնել ՀՀ կառավարության կարողությունները, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման համար հիմնավոր և լավ նախագիծ կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել միջազգային լավագույն մատչելի տեխնիկական միջոցները։ Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք ՀՀ որդեգրած քաղաքականությունը «տեխնածին հանքավայր» եզրույթի վերաբերյալ թողնել անփոփոխ և Նախագծից հանել «տեխնածին հանքավայր» բոլոր կարգավորոմները: