Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  6-Ի N 1098-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

    Անհրաժեշտությունը:

    «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2023  թվականի հուլիսի  6-ի N 1098-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը երկարացնելու, hամայնքի կողմից գնահատողի հետ կնքված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու և ծրագրի որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ։

    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

    Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշմամբ հաստատված Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում կնքվել է 91 պայմանագիր՝ 6,945 հա-ի համար (Բերքաբեր՝ 45 պայմանագիր, 4,504 հա, Խաշթառակ՝ 46 պայմանագիր, 2,441 հա): ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ գնումների ընթացակարգով ընտրվել է փորձնական ծրագրով սահմանված գնահատող կազմակերպություն, որի կողմից իրականացվել է գնահատման և այգեհիմնման նախագծերի կազմման աշխատանքները (յուրաքանչյուր հողակտորի համար առանձին, հաշվի առնելով ռելիեֆային առանձնահատկությունները), որի արդյունքների հիման վրա նախատեսվում է՝ փորձնական ծրագրով սահմանված կարգով ընտրել կապալառու կազմակերպություն և սկսել այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքները։ Որոշակի խնդիրներ են առաջացել գնահատողի ֆինանսավորումն իրականացնելու հարցում, հաշվի առնելով, որ այդ աշխատանքները ծրագրով նախատեսված էր իրականացնել 2023 թվականին։         

     Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։

    Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։

    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:    Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված է նպաստել գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, իսկ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

    Կարգավորման նպատակը և բնույթը:

    Կարգավորման նպատակն է` փորձնական ծրագրի շրջանակում ապահովել պետական աջակցությամբ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումը։

    Նախագծով առաջարկվում է հստակեցնել գնահատողի ֆինանսավորման ժամկետը (2023 թվականի փոխարեն նախատեսելով 2024 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում) և տարընկալումից խուսափելու համար՝ տնամերձ հողամասի չափի վերաբերյալ դրույթները։

    Միաժամանակ նախագծով նախատեսվում է երկարացնել ծրագրի գործողության ժամկետը՝ հաշվի առնելով, որ կապալառուի ընտրության մրցույթի չկայացման պայմաններում ծրագիրը կարող է ավարտվել 2025 թվականին։

    Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ ֆինանսավորումը կիրականացվի 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով։

    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

    Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

    Ակնկալվող արդյունքը:

    Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ծրագրի իրականացման ժամկետները և հողամասի առավելագույն չափի վերաբերյալ դրույթը։

    Այլ տեղեկություններ:

    Այլ տեղեկություններ չկան:

  • Քննարկվել է

    01.04.2024 - 16.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 759

Տպել