Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի

  N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Օտարերկրյա պետությունների (բացառությամբ ՌԴ) ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանված ամսական դրամական ապահովության չափերը բավականին ցածր են՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ապագա սպաների մասին, որոնց ուսումնառության պատշաճ կազմակերպման, արժանապատիվ կեցության ապահովման հանգամանքը էական նշանակություն ունի սպայի կերպարի ձևավորման, զինվորական ծառայության ընտրության նկատմամբ վստահության և գրավչության գործընթացի համար: Ներկայումս օտարերկրյա պետությունների կուրսանտների համար գործող դրամական ապահովության ցածր չափերն իրենց ազդեցությունն են թողնում նաև 17-18 տարեկան պատանիների կողմից կադրային զինվորական ծառայության ընտրության որոշման վրա: Բացի այդ, Կառավարության ծրագրային քաղաքականությունն ուղղված է ռազմական կրթության որակի, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը, զինծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների ծավալների ավելացմանը, որի դրսևորումներից էր նաև ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպաների համար 2022 թվականին օրենքով սահմանված բնակարանային ապահովության նոր իրավունքը: 2023թ. հուլիս ամսին իրականացված ուսումնասիրության արդյունքներով` Հունաստանի ք. Սալոնիկում ուսումնառող մեկ կուրսանտի մեկ ամսվա միջինացված ծախսերը միջին հաշվով կազմել է 500 եվրո, որից` 180 եվրո կոմունալ ծախսեր, 250 եվրո սնունդ, 70 եվրո գրենական պիտույքներ: ՈՒսումնառող մեկ կուրսանտի մեկ ամսվա եկամուտների հանրագումարը ներկայումս կազմում է մոտ 390 եվրո, ընդ որում` ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման համաձայն օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափը սահմանված է 100.00 հազ. դրամ (մոտ 233 եվրո), իսկ 157 եվրոն ուսումնառող կուրսանտներին տրամադրում է հունական կողմը: Առաջարկվող լրացմամբ արտասահմանյան ՌՈՒՀ-երում (բացառությամբ ՌԴ) ուսումնառություն անցնող մեկ կուրսանտի դրամական ապահովությունը նախատեսվում է ավելացնել 50.00 հազ. դրամով (մոտ 115 եվրո), որի արդյունքում կուրսանտների ամսական եկամուտը կկազմի մոտ 505 եվրո (ներառյալ հունական կողմից տրամադրվող 157 եվրոն) և բավարար կլինի համապատասխան ծախսերը հոգալու համար:   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օտարերկրյա պետությունների (բացառությամբ ՌԴ) ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափը սահմանել 150 հազար դրամ:  

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունման դեպքում փաստացի ուսումնառություն անցնող և տարվա ընթացքում նախատեսված նոր կուրսանտների ուսումնառության համար անհրաժեշտ դրամական լրացուցիչ միջոցների չափը 2024թ. համար կկազմի շուրջ 14.900,00  հազ. դրամ, իսկ մեկ կուրսանտի մասով տարեկան ավելացող չափը կկազմի 600,00 հազ. դրամ, որի ֆինանսական գնահատականը տրված է կից տեղեկանքում: Լրացուցիչ ծախսերը կիրականացվեն Պաշտպանության նախարարությանը պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին, 6-րդ ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, ռազմական կրթության և գիտության զարգացման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

  • Քննարկվել է

    26.03.2024 - 11.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 581

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

26.03.2024

Առաջարկում եմ ՊՆ-ում զինվորական կրտսեր պաշտոններ ունեցող ծառայողների աշխատավարձը լինի կրկնակի բարձր պարեկների աշխատավարձից, զինվորի կատարած գործն անգնահատելի է` առնվազն պաշտպանում է արտաքին թշնամուց վտանգելով իր կյանքը։

Տեսնել ավելին