Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածից հանել «Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:» նախադասությունը։ 

 

Հոդված 2.  Օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«7.Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի փոխադրամիջոցների վրա, Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգին համապատասխան, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:»:

 

Հոդված 3.  Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

 

  1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
  2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
  3. Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
  4. Դրոշաձողի վրա բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

5․ Հայաստանի Հանրապետությունում փակ տարածքներում դրոշի օգտագործման չափ է մինչև 2,8մ դրոշաձողի վրա  առավելագույնը 1մ։2մ-ը, իսկ բացօթյա տարածքերում մինչև 10մ դրոշակաձողի վրա առավելագույնը 2մ։4մ։ Ավելի մեծ չափի դրոշի տեղադրման դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմումի հիման վրա համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հետ։

Սույն դրույթը կիրառելի է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դրոշների տեղադրման դեպքում։

  1. Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:
  2. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:»:

 

        Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հանրային իշխանության մարմինները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձինք աշխատանքային կարգապահական ներքին կանոններով սահմանում են սույն օրենքով Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը:

 

Հանրապետության նախագահ                                                    Վ. Խաչատուրյան

 

 

  • Քննարկվել է

    25.03.2024 - 09.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3924

Տպել