ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացումը, Ծառայության լիազորությունները, Ծառայության կառուցվածքը, ծառայողների վարքագծի հատուկ կանոնները և Ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

      1)Պետական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված սույն օրենքով սահմանված գործունեություն.

      2) Արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական և ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.

      3)Օրինականություն` վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև կնքված գործարքներով սահմանված պահանջներին.

      4) Պետական միջոցներ` վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը և ելքերը ու նյութական ու ոչ նյութական ակտիվները.

      5) Պետական միջոցների կառավարում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.

      6) Պետական միջոցների ձևավորում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքագրում, հասցեագրում.

      7) Վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ և անձինք, որոնց առնչությամբ Ծառայության կողմից սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան իրականացվում է պետական վերահսկողություն.

      8) Տեսչական մարմին՝        «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին:

 

Հոդված 3. Պետական վերահսկողական ծառայությունը

  1. Ծառայութունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 2

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4. Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը

  1. Ծառայության գործունեության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ նաև՝ Վարչապետ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 5. Պետական վերահսկողական ծառայության լիազորություները

  1. Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները.

1) պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ վերահսկողության,

բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության,

գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակներով,

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ  պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով,

3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,

4) պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով,

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, լիազորություններից բխող  վերահսկողության իրականացման նպատակով,

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով,

7) պետությունից, համայնքից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,

8) Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,

9) պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկել կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները,

10) Վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ,

11) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը,

12) իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

13) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն,

14) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ,

15) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ:

 

Հոդված 6. Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը

  1. Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով Վարչապետի հետ: Հանձնարարագրերում սահմանվում են ուսումնասիրություն իրականացնող մարմնի անվանումը, վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը, ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը, ուսումնասիրություն կատարելու ժամկետը և վայրը, ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը):

         Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում ուսումնասիրություններ կամ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունը Վարչապետի կողմից սահմանված կարգով կարող է միջնորդություն ներկայացնել իրավասու մարմնին իրականցնելու տվյալ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ, արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը։

         Ուսումնասիրությունը կարող է կատարվել ինչպես արտագնա, այնպես էլ Ծառայությունում՝ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Ուսումնասիրությունը կատարվում է նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելու և ուսումնասիրելու միջոցով:

         Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի պահանջելու գրավոր պարզաբանումներ, որոնք ենթակա են տրամադրման ներկայացված պահանջով սահմանված ժամկետում:

         Ուսումնասիրության արդյունքները ամփոփվում են համապատասխան տեղեկանքով (այսուհետ՝ Տեղեկանք): Տեղեկանքը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքները ընդգրկում են Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռքբերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

         Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են Վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ Վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման մասին հանձնարարականներ տալու համար:

  1. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները գործարքի մյուս կողմի մոտ իրականացվում են Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ համաձայնեցնելով Վարչապետի հետ:

         Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են բացառապես Վարչապետի հանձնարարականի հիման վրա:

         Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

         Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող պետական կառավարման համակարգի մարմնի գործունեության օրինականությունը և արդյունավետությունը:

         Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ, և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով՝ առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու։

  1. Ծառայության կողմից մշտադիտարկումն իրականացվում է ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման, ՀՀ Վարչապետին առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ կառավարության գործունեության ու տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի համադրման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված և տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծության միջոցով: Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունը ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ապահովվում է Վարչապետի կողմից սահմանված կարգով:
  2. Իրականացված վերահսկողության արդյունքներով Ծառայությունը վերլուծում է արձանագրված խախտումները, խնդիրները, դրանց պատճառները, հանգամանքները ու հետևանքները` դրանց վերաբերյալ Վարչապետին ներկայացնելով տեղեկանքներ և զեկույցներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դրա վերաբերյալ հանձնարարական տալու առաջարկություններ:
  3. Վերահսկողության արդյունքերի ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների ու թերությունների վերացման վերաբերյալ Վարչապետին ու վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ:
  4. Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս իրեն սույն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում․

      1) Վարչապետի կողմից սահմանված կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին,

      2) ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ այդ թվում հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ,

      3) իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ,

      4) իրավասու է անհրաժեշտության դեպքում վերահսկողությանը մասնակից դարձնել վերահսկվող օբյեկտի ներքին աուդիտորների (տվյալ կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, կազմավորել ժամանակավոր աշխատանքային խմբեր,

      5) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքագրում է տեղեկատվություն, էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով, ստանում և դասակարգում է հավաքագրված տեղեկությունները,

      6) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքագրվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում և համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով,

      7) կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների, վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով,

      8) կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում,

      9) կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված՝ նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների ՀՀ օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերում,

      10) հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրականացում՝ անհրաժեշտության դեպքում առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով,

      11) կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ։

  1. Վարչապետի կողմից սահմանված կարգով հավաքագրում, ամփոփում և Վարչապետին է ներկայացնում պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվությունը։

 

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

          Հոդված 7. Ծառայության կառուցվածքը

  1. Ծառայությունն ունի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Ծառայության կառուցվածքին վերաբերվող հարցերը կարգավորվում են օրենքով և Ծառայության կանոնադրությամբ, որը հաստատվում է Վարչապետի կողմից:

 

Հոդված 8.  Ծառայության ղեկավարը

  1. Ծառայությունը ղեկավարում է Ծառայության ղեկավարը (այսուհետ նաև՝ Ղեկավար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը: Ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին: Ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը` Ղեկավարի առաջարկությամբ:
  2. Ղեկավարը`

      1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.

      2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Վարչապետին.

      3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.

      4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության Ղեկավարին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը.

      5) Վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

      6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

      7) Վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, կառուցվածքը, ինչպես նաև դրա կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպման վերաբերյալ հարցերը.

      8) ձևավորում է աշխատանքային խմբեր.

      9) Ծառայությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, հանձնարարագրեր, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, լսում է Ծառայության աշխատակիցների գործողությունների դեմ բերված բողոքները.

      10) պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով՝ Վարչապետի համաձայնությամբ ներկայացնում է գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ.

      11) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

      12) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

      13) այլ մարմիններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ.

      14) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.

      15) կատարում է Վարչապետի առանձին հանձնարարականներ.

      16) իրականացնում է Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ.

      17) սահմանում է Ծառայության գլխավոր ֆինանսիստի պարտականություններն իրականացնող անձին:

  1. Ղեկավարի բացակայության դեպքում Վարչապետի համաձայնությամբ Ղեկավարի պարտականությունները կատարում է Ղեկավարի տեղակալներից մեկը:

 

Հոդված 9. Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները

  1. Ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքագրելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում Ծառայության աշխատակիցները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում, և, դատողություններ կատարելիս, չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը:
  2. Ծառայության աշխատակիցները չպետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են ազդել իրենց անաչառության վրա կամ դիտարկվել որպես այդպիսին: Դա վերաբերում է նաև այնպիսի հարաբերություններին կամ գործունեությանը, որոնք կարող են հակասել վերահսկվող օբյեկտի շահերին:
  3. Ծառայության աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:
  4. Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ այլ ցանկացած եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտոնատար անձի` գործունեության նպատակների իրականացման վրա:
  5. Ծառայության աշխատակիցներն աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու, պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել Ծառայությունը, պետք է հարգեն վերահսկվող օբյեկտի և դրա պաշտոնատար անձի` գործունեության իրականացման նպատակները:

 

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

          Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

      2. Պետական վերահսկողական ծառայության պաշտոնները, մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը զբաղեցվում են ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ այլ անձանց կողմից:

  • Քննարկվել է

    29.01.2018 - 15.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8669

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

01.02.2018

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆօրենքի նախագծի Հոդված 5-ի 1-ին մասի 2-րդ ենթակետը հստակեցման կարիք ունի ՀՀ կենտրոնական բանկի մասով, քանի որ ԿԲ-ն պետական միջոցներից բացի տնօրինում է նաև սեփական միջոցներ, պարտավորություններ և այլ միջոցներ:

Տեսնել ավելին