Հիշել նախագիծը

Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1830-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է սահմանել առաջիկա տարիներին հարկային վարչարարության բարեփոխումների, հարկային մարմնի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները, նպատակները, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովվեն նաև ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերով, մասնավորապես, ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված հարկային վարչարարության բարեփոխումների ուղենիշները։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության N 1830-Լ որոշմամբ հաստատվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման ու վարչարարության բարելավման ռազմավարությունը, որով սահմանվել էին հարկային ու մաքսային մարմնի զարգացմանը, կարողությունների կատարելագործմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված ռազմավարական նպատակներ: ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը, որով, ի թիվս այլ ուղենիշների, սահմանվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումների ուղենիշները: Այդ ուղենիշների արդյունավետ իրագործման, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման ռազմավարական փաստաթուղթը ՀՀ կառավարության գործունեության ծրագրին համապատասխանեցնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել հարկային ծառայության մասով առանձին ռազմավարական ծրագիր, որտեղ կարտացոլվեն հարկային մարմնի առջև առկա խնդիրները, միջազգային առաջավոր փորձին համահունչ այդ խնդիրների լուծման մեխանիզմները, առաջիկա տարիներին զարգացման ուղղությունները:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով ներկայացվում են առաջիկա տարիներին հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարական 5 նպատակները, այդ նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումները։ Նշված նպատակներն ուղղված են՝

  • հարկային կարգապահության ամրապնդմանն ուղղված օրենսդրության կատարելագործմանը,
  • հաճախորդակենտրոն ծառայությունների ներդրմանը,
  • հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործմանը, իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացմանը, ժամանակի ու ծախսերի կրճատմանը,
  • հարկային կարգապահության ռիսկերի կառավարման կարողությունների զարգացմամբ՝ հարկային վարչարարական ճեղքի կրճատմանը,
  • մարդկային ռեսուրսների և ներքին կառավարման համակարգի կատարելագործմանը, որակյալ կադրային ներուժով ապահովմանը:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ, ինչպես նաև նախագծով սահմանված ռազմավարական նպատակների իրագործմամբ ակնկալվում է՝

  • հարկ վճարողներին մատուցել կարիքների վրա հիմնված, բարձրորակ ծառայություններ, որի արդյունքում կբարձրանա նաև հարկ վճարողների գոհունակության մակարդակը, հետևաբար՝ նաև կամավոր կարգապահությունը,
  • ռիսկերի վրա հիմնված, թիրախային վարչարարության իրականացմամբ բարձրացնել հարկային կարգապահության մակարդակը,
  • մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավում, արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, ինչը կնպաստի սահմանված նպատակների իրականացմանը:

Ռազմավարությամբ սահմանված բարեփոխումների արդյունավետ իրագործման վերջնական արդյունքը կլինի ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի սպասվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է հետևյալ ռազմավարական փաստաթղթերից.

  • ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի «Հարկաբյուջետային քաղաքականություն» 6.8 բաժին, «Հարկային և մաքսային վարչարարություն» 6.9 բաժին, ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Պետական եկամուտների կոմիտե» բաժին,
  • «Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050» ռազմավարական փաստաթղթի «Գործարարների համար գրավիչ Հայաստան» 14-րդ մեգանպատակ, «Արդյունավետ և հաշվետու կառավարում» 3-րդ մեգանպատակ։
  • Քննարկվել է

    26.02.2024 - 12.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1395

Տպել