Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների (այսուհետ՝ կենսաթոշակ) չափերի բարձրացման պատճառով 2022 թվականի նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ժամկետների փոփոխությամբ, որը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունմամբ, որոնցով էլ կձևավորվի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման իրավական հենքը։

 

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 3 Հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերը փոփոխվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազայում՝ դրանց բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Սույն որոշմամբ նշված բնութագրիչները համարվում են ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնող եկամուտ և դրանց փոփոխության դեպքում նվազում է ընտանիքների անապահովության միավորը, ինչն էլ իր հերթին նպաստի իրավունքի դադարեցման հնարավոր պատճառ է դառնում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1340-Ն և սեպտեմբերի 8-ի N 1404-Ն որոշումների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում բարձրացվել են կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ Հիմք ընդունելով որոշման N 6 հավելվածի 35-րդ կետի 4-րդ ենթակետը՝ ավելացված չափերը ամրագրվել են 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում։ Արդյունքում 2022 թվականի նոյեմբերի 1-ից շուրջ 3000 ընտանիքների անապահովության միավորը նվազել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշմամբ 2023 թվականի համար սահմանված ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության միավորի սահմանային մեծությունից` 28.00-ից, ինչի պատճառով սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը դադարեցվել է, որը հանգեցրեց սոցիալապես անապահով ընտանիքների դժգոհության և սոցիալական լարվածության առաջացման։

Հաշվի առնելով վերոգրյալը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ կապված ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անապահովության գնահատման նոր համակարգի ներդնումը և գործարկումն անմիջականորեն բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներից, որոնք գտնվում են լրամշակման փուլում և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկումից հետո կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ, անապահովության գնահատման նոր համակարգը նախատեսվում է ներդնել համապատասխան իրավական ակտերի ընդունումից հետո։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առկա խնդրին լուծում տալու նպատակով ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացված կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերի հնարավոր բարձրացումներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը չհաշվարկել։

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կարգավորվում են ՀՀ կառավարության որոշումներով կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերի բարձրացման պատճառով ընտանիքների սոցիալական և ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի պահպանման հետ կապված հարաբերությունները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշումներով կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերի բարձրացման արդյունքում կպահպանվի անապահով ընտանիքների ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը՝ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա:

  • Քննարկվել է

    19.02.2024 - 05.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 823

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

19.02.2024

Նախագծից կարելի է ենթադրել,որ նշված 3000 ընտանիքները անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման պահից կզրկվե՞ն նպաստից

Կարեն Աբրահամյան

19.02.2024

Անապահով համարվող ընտանիքի մեկ չափահաս անձին հավասարեցված ինչքա՞ն գումարն է համարվելու աղքատության շեմ և նշանակվելու նպաստ

Կարեն Աբրահամյան

19.02.2024

Անապահովության գնահատման նոր համակարգով նպաստի ո՞ր տեսակներն են պահպանվելու (ընտանեկան, սոցիալական, հրատապ օգնություն)

Տեսնել ավելին