Հիշել նախագիծը

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-L որոշման հավելված N 1-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության  2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի 15-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է Քրեակատարողական ծառայողների համար բարելավվել են աշխատանքային պայմաններն ու բարձրացվել ծառայության արդյունավետությունը միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը: Բացի այդ, բխում է Արդարադատության նախարարի 2023 թվականի թիվ 627-Լ հրամանով հաստատված  Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունների «քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրում» 6-րդ նպատակից:

Նշված հրամայականով պայմանավորված՝ նախագծով նախատեսվող կարգավորումներն ուղղված են քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը:

Այս առումով, ռազմավարական միջոցառումների ցանկով նպատակներին հասնելու առաջնային քայլերից մեկը հանդիսանում է քրեակատարողական ծառայության վերափոխումը, որը հնարավորության կտա ոչ միայն կառուցվածքային, այլև գործառույթային առումով ունենալու այնպիսի ստորաբաժանումներ, որոնք առավել արդյունավետ կլուծեն ծառայության առջև դրված խնդիրները և ըստ էության գործառնական առումով կլրացնեն միմյանց։ Ներկայումu ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանություն և ներսում՝ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվում են երկու տարբեր ստորաբաժանումների՝ պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ծառայողների կողմից։ Նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու ստորաբաժանումների գործունեությունը հանգեցնում է դրանց միջև փոխգործակցության և արդյունավետ կառավարման խնդիրների ծագմանը, ինչպես նաև ուժերը միևնույն արդյունքն ակնկալող խնդիրների լուծմանն ուղղելու հնարավորության բացակայությանը։ Մինչդեռ, նշված ուղղություններում արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի քրեակատարողական հիմնարկների կենսագործունեության համար՝ արտաքին պահպանության, ներքին անվտանգության ապահովման, քրեակատարողական հիմնարկներում նոր հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման համար։

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել քրեակատարողական հիմնարկներում ստեղծել նոր՝ անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կընձեռի նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե արտաքին պահպանության և թե΄ քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։ Նոր ստեղծվող ստորաբաժանումը չի հանդիսանալու վերը նշված երկու ստորաբաժանումների մեխանիկական միավորում, այլ հանգեցնելու է էական բովանդակային փոփոխությունների քրեակատարողական ծառայողների թե՛ գործառույթների, թե՛ հմտությունների առնչությամբ:

Հարկ է նկատել նաև, որ կադրային քաղաքականության վերափոխման ռազմավարական նպատակի տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ոչ միայն կառուցվածքային ստորաբաժանումների նախատեսումը, այլև քրեակատարողական ծառայողի մասնագիտացված, պատասխանատու, բարեվարք, ազնիվ և վստահելի կադրերի ներգրավուն, որն, անշուշտ, հնարավոր է իրագործել նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանման ներդրումից հետո քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ստորաբաժանումները լուծարելուց և նոր կադրեր ներգրավելու և վերջիններիս կողմից համապատասխան ուսուցման գործընթացն անցնելու արդյունքում:

 Ընդ որում՝ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ, հաշվի առնելով գործընթացի աննախադեպ և բովանդակային առումով խրթին լինելու հանգամանքը, նախատեսվում է՝ ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում անվտանգային կառավարման ստորաբաժանումը ներդնել Սևան քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում նշված ստորաբաժանումների ներդրման շարունական բարեփոխումները:

Վերոգրյալից զատ, քրեակատարողական ծառայության՝ որպես հանրային ծառայության տեսակի պատշաճ կազմակերպման և ծառայության գրավչության բարձրացման գործում անկյունաքարային նշանակություն ունի  քրեակատարողական ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ և լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսումը: Միաժամանակ, հաշվի առնելով քրեակատարողական ծառայողների՝ իրենց գործառույթներով (որոնց թվում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարումը, անձնանց կալանքի տակ պահելը, քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը, քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականության և անվտանգության ապահովումը) պայմանավորված կատարվող աշխատանքի բնույթը և դժվարությունը, դրա սոցիալական կարևորությունը՝ առավել ցայտուն կերպով է ընդգծվում ծառայողների համար արժանի վարձատրության և սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը: Ընդ որում կարևորվում է ծառայողներին՝ իրենց ունեցած մասնագիտական գիտելիքների և կարողությունների բավարար մակարդակի առկայության դեպքում միայն վարձատրության լրացուցիչ մեխանիզմներից օգտվելու հնարավորության ընձեռումը: Տվյալ դեպքում նախատեսվում է, որ անվտանգային կառավարման ստորաբաժանում առաջին անգամն ընդունվող անձինք, ովքեր ուսումնական դասընթացներց հետո  կստանան դրական գնահատական կհամարվեն ատեստավորված և նրանց համար կհաշվարկվի հավելավճար։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 11-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում (նախնական ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում) համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու, որից հետո գործող անվտանգության ապահովման և պահպանության ապահովման ստորաբաժանումները կլուծարվեն։

 

3.Ակնկալվող արդյունքը.

Նոր ստեղծվող հաստիքները հնարավորություն կտան քրեակատարողական հիմնարկներում երկու տարբեր՝ արտաքին պահպանություն և ներքին անվտանգություն իրականացնող  ստորաբաժանումները միավորելու, հիշյալ ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող բանիմաց ծառայողներին, ինչպես նաև ծառայությունում պաշտոն չզբաղեցնող այլ անձանց վերապատրաստելու և նոր ստեղծվող ստորաբաժանումում մրցութային կարգով նշանակելու, նրանց նոր հատուկ հանդերձանքով և տեխնիկական միջոցներով հագեցնելու արդյունքում հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայանալ նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական ծառայողներով։

Նախագծի ընդունումը կնպաստի նաև քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը:

 

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունների, սակայն հաշվի առնելով, որ հնարավոր չէ կանխորոշել քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոն զբաղեցնելու համար դիմորդների հստակ թիվը, ուստի՝ այս պահին հստակ հաշվարկ-հիմնավորում ներկայացնել հնարավոր չէ:

 

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

 

Նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջանալու ընդունել «Քրեակատարողական հիմնարկի անվտանգային ստորաբաժանում ընդունվելու նպատակով դիմած քրեկատարողական ծառայողների և քաղաքացիների ուսումնական դասընթացի ընթացքում մասնակիցների վարձատրության պայմանները և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում, ինչպես նաև՝ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի  «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն, ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանելու մասին» N 462-Ն որոշումներում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամաններում։

 

 

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

 

Նախագծի ընդունումը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն կառուցվածքային փոփոխությունների մասով բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-L որոշման հավելված N 1-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության  2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի 15-րդ կետի պահանջներից, ինչպես նաև  Արդարադատության նախարարի 2023 թվականի թիվ 627-Լ հրամանով հաստատված  Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունների «քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրում» 6-րդ նպատակից:

  • Քննարկվել է

    16.01.2024 - 31.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 951

Տպել