Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման 11.3-րդ ենթակետով նախատեսված «Ազգային գեոպորտալի տեխնիկական առաջադրանքի կազմում, ծրագրի ձեռքբերում և գործարկում», ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության» N 1886-Լ որոշման Հավելված N 3-ի «1.6 Խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծում, գործարկում, ազգային գեոպորտալում արտացոլելու նպատակով թեմատիկ շերտերի ստանդարտացման ուղեցույցի մշակում, ինտեգրում Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալին» միջոցառումների, ինչպես նաև խաղողի տնկարկների տեղեկատվությունն ազգային գեոպորտալի հետ ինտեգրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարմամբ։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության» N 1886-Լ որոշման Հավելված N 3-ի 1.6 կետի կատարումն ապահովելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Digital Technologies in support of Agriculture Value Chains and Rural Development» ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել «Խաղողի տնկարկների ռեեստր» միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներին: Ներկայումս վերջանականացվել և ամբողջականացվել են համակարգի ստեղծման համապարփակ տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին GIZ PSD TVET ծրագրի աջակցությամբ միջազգային փորձագետի կողմից մշակվել է «Խաղողի տնկարկների ռեեստր» միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի գործարկման ճանապարհային քարտեզը։ Վերջինս ներառում է համակարգի աշխատանքային հոսքերի, կանոնների և ընթացակարգերի սահմանումները՝ համակարգում ճշգրիտ և արդիական տեղեկատվություն պահպանելու, խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների հետագծելիությունն ապահովելու համար:

Ինչպես նաև GIZ PSD TVET ծրագրի աջակցությամբ՝ միջազգային փորձագետի այցի շրջանակներում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչների կողմից հանդիպումներ են կազմակերպվել Արարատի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և խաղողագործների հետ։ Հանդիպումների նպատակն էր՝ շահագրգիռ կողմերին ներկայացնել «Խաղողի տնկարկների ռեեստր» միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման գործընթացը, համակարգի հիմնական նպատակները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և խաղողագործների հիմնական դերը վերը նշված համակարգի ստեղծման գործընթացում։ 

Որպես հանրապետությունում խաղողագործության և գինեգործության զարգացման ռազմավարական լուծում դիտարկվում է խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը և գործարկումը։ Այդ նպատակով խաղողի տնկարկների վերաբերյալ  տեղեկատվությունը Ազգային գեոպորտալի հետ ինտեգրելու համար մշակվել է «Խաղողի տնկարկ» թեմատիկ շերտի ստանդարտը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությանում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման դրույթներին։

Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատել Խաղողի տնկարկ թեմատիկ շերտի ստանդարտը և հատկանիշները։

Որոշման մեջ կատարվող լրացումը հնարավորություն կտա ստանալ տեղեկատվություն խաղողի այգիների ճշգրիտ տեղադրության վայրի, յուրաքանչյուր խաղողի տնկարկի ագրոնոմիական բնութագրի (տնկման տարեթիվ, սորտ, մակերես) և բերքի կանխատեսվող քանակի մասին, բարելավել խաղողի մթերման գործընթացը, ստանալ խաղողի արտադրության ճշգրիտ ծավալների մասին տեղեկատվություն և իրականացնել վերահսկում, խաղող վերամշակող ընկերությունները կունենան վիճակագրական տվյալներ, բոլոր շահագրգիռ կողմերի համար կապահովվի երկրատեղեկատվական տվյալների հասանելիություն։

Ակտի նորմատիվ բնույթը պայմանավորված է փոփոխվող ակտի՝ նորմատիվ իրավական ակտ լինելու հանգամանքով։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից։

Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման միջոցառումների պահանջներից:

  • Քննարկվել է

    04.01.2024 - 19.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1638

Տպել