Հիշել նախագիծը

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեն մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։

Պետական կառավարման մարմինների տեխնիկական հագեցվածության մակարդակները էականորեն տարբերվում են, ինչը խոչընդոտում է ընդհանուր կառավարման համակարգի հավասարաչափ և արդյունավետ զարգացմանը։ Սա իր հերթին թույլ չի տալիս երկրի մակարդակով լուծել թվայնացման հետ կապված խնդիրները։

Պետական կառավարման մարմիններում լրջագույն խնդիր է տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներում որակյալ կադրերի ներգրավման գրեթե անհնարինությունը և առկա կադրերի արտահոսքը, ինչը նախևառաջ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնավոր հատվածի աշխատաշուկայի համեմատությամբ վարձատրության անհամեմատ ցածր մակարդակի հետևանքն է։ Ինստիտուցիոնալ կարողությունների ներկայիս վիճակը խոչընդոտ է վերը շարադրված մարտահրավերները հաջողությամբ լուծելու հարցում, որպես խնդրի լավագույն լուծում առաջարկվում է ստեղծել, հավաքագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ թիմ, որն ունակ կլինի իրականացնելու այդ առաքելությունը:

Որոշ դեպքերում պետական կառարավարման կողմից իրականացվող գործառույթները զուգակցվում են՝ հավաքագրվում և մշակվում են նույն տեղեկությունները, կատարվում են նույն տեսակի վերլուծություններ, կազմվում են նույնատիպ հաշվետվություններ։ Սրա հետևանքով վատնվում են ինչպես մարդկային և ժամանակային, այնպես էլ ֆինանսային ռեսուրսներ։

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է հիմնադրման միջոցով ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն): Սա հնարավորություն կընձեռի մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու, կրկնություններից խուսափելու, առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար։

Կազմակերպության գործունեության նպատակն է լինելու պետական կառավարման համակարգի մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների հասանելիության ընդլայնումը և դյուրացումը:

Կազմակերպության ստեղծման առաջին քայլ կարող է լինել պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության շրջանակներում նախատեսվող Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդնում (ԿՖԿՏՀ/GFMIS): Միասնական տվյալների բազայի հիման վրա կառուցված ԿՖԿՏՀ կոչված է ապահովելու պետական ֆինանսական կառավարման համակարգի միասնականությունը և ամբողջականությունը:

Հավելենք, որ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության որոշակի գործառույթների համընկնումը և կրկնությունը՝ Կազմակերպության ստեղծումը հնարավորություն կընձեռի կրճատել մարդկային ռեսուրսի գործադրումը, ինչպես նաև սարքավորումների քանակը։

Այդ նպատակով հնարավոր տարբերակ է դիտարկվում դադարեցնելու Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունները և վերջիններիս հենքի վրա ստեղծել վերը նշված Կազմակերպությունը:

Նախատեսվում է Կազմակերպությանը հնարավորություն է տալ իրականացնել իր կանոնադրությամբ սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման՝ մշակման, ներդրման և սպասարկման հետ կապված աշխատանքների և ծառայությունների վճարովի իրացում (մատուցում):

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը հնարավորություն կընձեռի մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու, կրկնություններից խուսափելու, առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և  ՀՀ պետական եկամուտների կող­մից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ներգրավել ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված նեղ մասնագիտացում պահանջող պրոֆեսիոնալների, ինչը հնարավորություն կտա ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պետական եկամուտներին հաղթահարելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրենց առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների, ինչպես նաև այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

««Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

  1. Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի որոշում «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման 5.5-րդ կետով, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների արդյունավետ ծախսման հետ։ Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կշարունակի կարևորել հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և  արդյունավետ օգտագործումը:

 

 

  • Քննարկվել է

    26.12.2023 - 10.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1191

Տպել

Առաջարկներ`

Քրիստինե Ղազարյան

04.01.2024

Հարգելի՛ գործընկեր,տեսանելի է, որ արվում է ամեն բան` երկրի, պետության զարգացման համար։Դուք կամենում եք ստեղծել կառավարող մի մարմին, որը կհսկի, կևետևի յուրաքանչյուրի աշխատանքին և նաև կաջակցի, որպեսզի մեր պետությունը կարողանա կանգնել տեխնոլոգիապես զարգացած երկրների կողքին, բերի մեր երկիր նորարարություններ և աշխարհին տա նաև իր սեփականը։Այս ամենը ողջունելի է։Հարգելի՛ գործընկեր, ես ուսուցիչ եմ, ես փորձում եմ նոր չափորոշիչների համաձայն դասեր կազմակերպել յուրաքանչյուր պահին։Սակայն հատկանշական է, որ դպրոցները լիարժեք հագեցած չեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, ինչն էլ թույլ չի տալիս ուսուցչին իրագործել այն, ինչ ինքը ծրագրում է։Այսօր աշակերտը հոգնում է սոսկ գրել _կարդալուց, մեր ժամանակներում երեխային գրավում է տեխնիկան, որն ունենալու դեպքում նպատակին ծառայեցնելիս կունենանք հաջողված դասեր, որոնց արդյունքում կունենանք զարգացած քաղաքացիներ։Կարելի է սկսել դպրոցից,տարիներ հետո,կարծում եմ, այդ ամբողջ ծանրությունը մեկ կամ մի քանի մարմնի վրա չի ընկնելու։Շնորհակալ եմ։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.12.2023

Մովսես արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հիմնականում համակարծիք լինելով օրինագծի հիմնավորումների հետ և ըստ այդմ նոր ՊՈԱԿ ստեղծելու նախաձեռնության հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ. 1. հիմնավորման մեջ համոզիչ չէ պետական կառավարման մարմիններում ՏՏ ոլորտի աշխատողներիաշխատանքի վարձատրության մակարդկի ցածր լինելու հանգամանքի նշումը, 2. օրինագծի և դրա հիմնավորման մեջ սխալ կերպով է նշվում ՊՈԱԿ-ի անվանումը՝ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ»: Հավանամար պետք է լինի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՊՈԱԿ, 3. ՊՈԱԿ-ի ստեղծմամբ չի նխատաեսվում արդյոք ՀՀ ՖՆ և ՀՀ ՊԵԿ աշխատակազմերից նշված կառույցների վերացմանը համահունչ վերացնել նաև պետական կառավարման այլ մարմինների աշխատակազմերում համանման ստորաբաժանումները, 4. և վերջապես ինչու է ՊՈԱԿ-ը ստեղծվում ՀՀ ՊԵԿ համակարգում և ոչ թե ավելի մասնագիտացված կառույցի համակարգում, ինչպիսին է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, որի կանոնադրական նպատակներից է ՏՏ ոլորտի զարգացումը: Հետևապես առաջարկում ենք. 1. խմբագրել և սրբագրել օրինագիծը և հիմնավորւոմը, 2. ՊՈԱԿ-ը ստեղծել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության համակրգում. 3. ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների համակարգերից վերացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունները և/կամ համանման ստորաբաժանումները և ողջ մարդկային ու ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնել նորաստեղծ ՊՈԱԿ-ում:

Տեսնել ավելին