Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 05.10.2023 20:51:20 | 20.09.2023թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ արդարադատության նախարարությունը: Սույնով ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը Նախագծում առկա թերությունների կապակցությամբ։ 1. Նախագծի 411-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում անձին օրենքով սահմանված տեղեկությունը ապօրինի չտրամադրելու կամ ոչ լրիվ կամ աղավաղված տրամադրելու, իսկ 3-րդ մասը՝ օրենքով սահմանված տեղեկությունը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների կամ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից չհրապարակելու համար։ Միևնույն ժամանակ, Նախագծով չի սահմանվում պատասխանատվություն տեղեկատվություն տնօրինողների կողմից տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու (սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրելու) համար։ Առաջարկություն․ Առաջարկում ենք Նախագծի 411-րդ հոդվածով նախատեսել պատասխանատվություն նաև տեղեկատվություն տնօրինողների կողմից տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու համար։ 2. Նախագծի 368-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում 1/ ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում միջուկային կամ ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները չտրամադրելու կամ ոչ պատշաճ տրամադրելու, 2/ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վթարի, միջադեպի կամ պատահարի փաստը թաքցնելու, կամ վթարի, միջադեպի կամ պատահարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելու, 3/ նախագծվող, կառուցվող, շահագործվող կամ շահագործումից հանվող ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների անվտանգության կամ Հայաuտանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու կամ ոչ ամբողջական տրամադրելու համար։ Ինչպես բխում է նշված հոդվածի մասերի դիսպոզիցիաներից, դրանք կարգավորում են միջուկային և ճառագայթային անվտանգությանն առնչվող տվյալների տրամադրման և հրապարակման հետ կապված իրավահարաբերությունները, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման, այդ ոլորտում անվտանգային ռիսկերը կանխարգելելու համար: Թեև Նախագծով քննարկվող արարքների համար սահմանված պատասխանատվությունը որոշակիորեն խստացվել է համեմատ գործող օրենսգրքի, այնուամենայնիվ, կարծում ենք, այն մնում է խիստ անհամաչափ արարքների վտանգավորությանը։ Հատկապես հատկանշական է, որ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող տուգանքի չափը (30000 - 50000 դրամ) նույնիսկ ավելի փոքր է, քան նախագծի 411-րդ հոդվածով այլ տեսակի տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը խախտելու համար սահմանվածը (30000-70000 դրամ)։ Առաջարկություն․ Առաջարկում ենք համաչափորեն խստացնել նշված իրավախախտումների համար պատասխանատվությունն ու մեծացնել սահմանված պատժաչափերը: 3. Նախագծի 53-րդ հոդվածը սահմանում է վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։ Ի տարբերություն արտադատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերի, որտեղ նշված հոդվածը սահմանում է վարչական պատասխանատվության ենթարկելու առավելագույն հստակ ժամկետներ, դատական կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերի մասով նախատեսվում է հայցադիմումը դատարան ներկայացնելու պահից՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետը, այլ կերպ ասած՝ դատարանում գործի քննության ողջամիտ ժամկետը։ Միևնույն ժամանակ 53-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ անձը չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել, եթե վարչական իրավախախտումը կատարելու կամ ավարտված համարելու օրվանից անցել է մեկ տարի, բացառությամբ նշված հոդվածով սահմանված դեպքերի: Որպես այդպիսի բացառություններ կարելի է հասկանալ Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերը, սակայն մեկ այլ մեկնաբանության դեպքում հնարավոր է նաև որպես այդպիսի բացառություն համարել նաև հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատական կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերը։ Առաջարկություն․ Նկատի ունենալով այն, որ վերջին մեկնաբանությունը կարող է հանգեցնել իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի խաթարման, ինչպես նաև մի իրավիճակի, երբ առավել վտանգավոր՝ քրեորեն պատժելի իրավախախտումների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները գործնականում կարող են լինել ավելի կարճ, քան զանցաքների համար նախատեսվածները, անհրաժեշտ է հստակորեն սահմանել, որ Նախագծի 53-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթը վերաբերում է նաև դատական կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերին։ 4. Նախագծի 433-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը օրենքով սահմանված կարգով չլրացնելու համար։ Հոդվածը, ինչպես և ներկայիս ՎԻՎ օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումը չի հստակեցնում նշված զանցակազմի սուբյեկտին։ Գործնականում նշված անհստակությունը արդեն իսկ հանգեցնում է դատարանների կողմից նշված դրույթի տարբերակված մեկնաբանությանը և կիրառությանը։ Մասնավորապես որոշ դեպքերում հանձնաժողովի քարտուղարը պատասխանատվության չի ենթրակվում այն պատճառաբանությամբ, որ գրանցամատյանը լրացնելը, քարտուղարն իրավասու է կատարելու հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, որպիսի պայմաններում հանձնաժողովի քարտուղարն չունի որևէ իրավական հնարավորություն՝ ինքնակամ լրացնելու գրանցամատյանը։ Կարծում ենք, ՎԻՎ օրենսգրքով որպես քննարկվող զանցակազմի սուբյեկտ պետք է հստակ սահմանվեն և հանձնաժողովի նախագահը՝ որպես Ընտրական օրենսգրքի համաձայն հանձնաժողովի աշխատանքի համար պատասխանատու, ինչպես նաև հատկապես քարտուղարին հանձարարություններ տվող անձ, և հանձնաժողովի քարտուղարը, ով բնավ չի ենթադրվում, որ բոլոր իր գործառույթները պետք է իրականացնի բացառապես նախագահի հանձնարարությամբ, ինչը հնարավոր է բխեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ կարգավորումներից (օրինակ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասեր, 34-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասեր, 46-րդ հոդվածի 7-րդ մաս /10/, 64-րդ հոդվածի 2-րդ մաս, 67-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 67-րդհոդվածի 14-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ մասեր, 71-րդ հոդվածի 7-րդ մաս): Նշված նորմերն, ընդհանուր առմամբ, բովանդակում են գրանցամատյանում կոնկրետ տեղեկություններ գրանցելու մասին պահանջներ։ Ընդ որում, դրանցում չկա որևէ նշում առ այն, որ յուրաքանչյուր դեպքում հանձնաժողովի քարտուղարը համապատասխան գրառումը կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ: Առաջարկություն․ Առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 433-րդ հոդվածը՝ դրանում սահմանելով զանցանքի սուբյեկտներին՝ ընտրական հանձնաժողովի նախագահին և քարտուղարին։ 5. Նախագծի շատ հոդվածներով չի սահմանվում նախատեսվող պատասխանատվության միջոցների (վարչական տույժերի) նվազագույն և առավելագույն շեմեր՝ փոխարենը սահմանելով մեկ պատասխանատվության միջոց, մյուս դեպքերում՝ շատ զանցանքների համար նվազագույն շեմը բավականին բարձր է (այդ թվում և համաչափորեն)։ Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, Նախագծով չի սահմանվում նվազագույնից ավելի մեղմ պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորություն, որը դատարաններին հնարավորություն կտար բացառիկ հանգամանքներում, հաշվի առնելով անձանց գույքային դրությունն ու այլ սուբյեկտիվ հանգամանքներ, կիրառել անձանց ուղղման համար բավարար ավելի մեղմ պատասխանատվության միջոցներ։ Հատկանշական է, որ նման ինստիտուտ նախատեսված է նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքով։ Առաջարկություն․ Առաջարկում ենք Նախագծով սահմանել նվազագույնից ավելի մեղմ վարչական տույժ կիրառելու հնարավորություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի անալոգիայով։ | 1.Չի ընդունվել 2.Ընդունվել է 3.Չի ընդունվել 4.Չի ընդունվել 5.Չի ընդունվել | 1. Նախագծի 411-րդ հոդվածի 1-ին մասում պատասխանատվություն է նախատեսվում անձին օրենքով սահմանված տեղեկությունը ապօրինի չտրամադրելու համար, որը ներառում է նաև ժամկետի խախտումը։ 2.Նախագծի 368-րդ հոդվածի վարչական տույժերի սահմանաչափերը վերանայվել են։ 3.Ներկայացված առաջարկը չի ընդունվել, քանի որ նորմը չունի հստակեցման կարիք և իրավական նորմի մեկնաբանության կանոնների կիրառման պարագայում չենք կարող հանգել երկրորդ մեկնաբանությանը: Մասնավորապես՝ քննարկվող հոդվածի 7-րդ մասում բացառությունների վերաբերյալ նշումը կարող է վերաբերելի լինել միայն այն դրույթներին, որոնք նույնական իրավահարաբերության համար նախատեսում են այլ կարգավորում, որպիսին բացակայում է 53-րդ հոդվածի 1-ին մասում: 4.Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքում ցանկացած իրավիճակի դեպքում պարտականության համար պատասխանատու սուբյեկտի վերաբերյալ նշում կատարելը չի բխում օրենսգրքի տրամաբանությունից: Հարկ է նկատել, որ զանցակազմում նկարագրվում է օրենքով նախատեսված պարտականության չկատարման համար նախատեսվող պատասխանատվությունը, իսկ պարտականության կատարման համար պատասխանատու սուբյեկտը և դրա կատարման կարգը սահմանվում են համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ոլորտային օրենքով։ 5.Ներկայացված առաջարկը չի ընդունվել, քանի որ նվազագույնից ավելի մեղմ պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորությունը սահմանված է նախագծի 50-րդ հոդվածի 12-րդ մասում, իսկ այն հոդվածներում, որոնցում սահմանված չէ սանկցիաների բացարձակ չափ, պայմանավորված է սույն նախագծի կարգավորման հիմնական սկզբունքներից, այն է՝ այն իրավախախտումների դեպքում, որոնց պարագայում վարչական մարմինը պետք է գնահատի նաև մեղմացնող և ծանրացնող հանգամանքները և այլ հատկանիշներ, տվյալ դեպքում սահմանվում են հարաբերական սանկցիաներ` ապահովելով վարչարարության համաչափության սկզբունքը։ |