Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N454-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման արդյունավետության բարձրացման, նորարարության և գիտատար ձեռնարկատիրության խթանման ու աջակցության նոր մեխանիզմների ներդրման, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման Հավելված N 1-ով նախատեսված՝ ՓՄՁ ծրագրի՝ «4․1 Նորարարական նախաձեռնությունների հայեցակարգի հաստատում, հաստատումից հետո ծրագրերի մշակում և իրագործում» միջոցառման իրականացման անհրաժեշտությամբ: 

 

2 Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Վերջին տարիներին Էկոնոմիկայի նախարարության, գիտական հաստատությունների և շահագրգիռ կողմերի գնահատմամբ Հայաստանում գործող գիտահետազոտական ինտիտուտներում, համալսարաններում ծնվող գյուտերի և տեխնոլոգիաների ճնշող մեծամասնությունն այդպես էլ չեն վերածվում վերջնական ապրանքի, չեն առևտրայնացվում և չեն կիրառվում։ Հիմնական խնդիրը գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմների, անհրաժեշտ ենթակառուցվածքի, գիտություն-տնտեսություն փոխշահավետ և համակարգված կապի բացակայությունն է։

Հայաստանում գիտություն-տնտեսություն քաղաքականության առաջնահերթություններից է, որպեսզի գործող հետազոտողների գյուտերը և տեխնոլոգիաները վերածվեն ապրանքների և ծառայությունների, որոնք կբարելավեն մարդկանց կյանքի որակը, կստեղծվեն բարձր արտադրողականության նոր աշխատատեղեր ու գիտանորարարական կազմակերպություններ՝ Հայաստանը միջազգային շուկայում առավել մրցակցային դարձնելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարությունը՝ հիմք ընդունելով 2022-2023թթ․  Համաշխարհային բանկի փորձագետների կողմից իրականացված հետազոտությունն ու դրա հիման վրա ներկայացված առաջարկն ու երաշխավորությունները, մշակել է  2024-2026թթ. ՄԾԺԺ նոր նախաձեռնությունների շրջանակում առաջարկված «Տեխնոլոգիաների առևտրայնացման ենթակառուցվածքի զարգացում» միջոցառման հայտը։ Այն ներառում է ինչպես միջազգային փորձի ուսումնասիրությունն, այնպես էլ Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ռիսկերը, ֆինանսական գնահատականը և շահութաբերությունը։ Կանխատեսվում է, որ միջոցառումը երկրորդ տարուց կարող է ստեղծել եկամուտներ և յոթ տարվա ընթացքում դառնալ ծախսածածկ։ Նոր նախաձեռնության համար անհրաժեշտ միջոցները կներդրվի Համաշխարհային բանկի օժանդակությամբ։ Միջոցառումն իրականացվելու է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։

Նախարարությունը կարևորելով գիտելիքահենք տնտեսության զարգացումը, ձեռներեցությանն աջակցությունը և տեխնոլոգիաների առևտրայնացումը և առաջմղումը, նպատակ ունի Կառավարության 2009թ․ ապրիլի 23-ի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին N454-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և հավելվածով հաստատված Նորամուծության և ձեռներեցության ազգային պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները։

Հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N02/10.3/37766-2021 հանձնարարականը, ինչի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ապահովել ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումների և դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխությունները՝ Որոշման նախաբանում հղում է կատարվում կանոնադրություն հաստատելու վերաբերյալ լիազորող նորմ հանդիսացող «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին:

Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով փոփոխվում են Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները սահմանող 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը։ Վերոնշյալ կետերում ավելացվել և հստակեցվել են Կազմակերպության գործունեության հիմնական նպատակները, լրացվել են հիմնական խնդիրները, սահմանվել են ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ՝ հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման Հավելված N 1-ով նախատեսված՝ «4․1 Նորարարական նախաձեռնությունների հայեցակարգի հաստատում, հաստատումից հետո ծրագրերի մշակում և իրագործում» միջոցառման պահանջները։

Ղեկավարվելով Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով՝ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվել է ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ՝ ապահովելով պետական կառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հնարավորինս լայն շրջանակի մասնակցություն։ Խորհրդի ձևավորումը բխում է տեխնոլոգիաների առևտրայնացման ոլորտում շահագրգիռ պետական կառավարման և հանրային, գիտության ոլորտի մարմինների ներգրավածության կարևորությունից։

Նախագծով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները բխում են Կառավարության 18․11․2021թ․ N1902-Լ որոշման Հավելված N1-ով հաստատված՝ «4․1 Նորարարական նախաձեռնությունների հայեցակարգի հաստատում, հաստատումից հետո ծրագրերի մշակում և իրագործում» միջոցառման պահանջի և Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» բաժնով սահմանված տեխնոլոգիաների և գյուտերի առևտրայնացման կառույցի ստեղծման նախապայմանի ապահովումից։

Նախագծի մշակման համար հիմք են ընդունվել նաև ներկա իրավիճակի վերլուծությունները, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներն ու միջազգային առաջավոր փորձը, համաձայն որոնց առաջարկվող նպատակն ու խնդիրները համահունչ են Կառավարության որդեգրած գիտելիքահենք տնտեսության սկզբունքներին։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն նախագծի կարգավորման նպատակն է վերանայել Կազմակերպության նպատակն ու գործառույթները՝ նրան վերապահելով տեխնոլոգիաների առևտրայնացման ինստիտուցիոնալ գործընթացների իրականացման, գիտական և գիտատեխնիկական ներուժի գնահատման, առևտրայնացման ենթակա նորարարությունների և դրանց իրացման շուկաների բացահայտման, գիտության և տնտեսության, գիտնականի և տնտեսավարող սուբյեկտի միջև փոխգործակցության ապահովման հնարավորություն, ինչպես նաև սահմանել մասնակցային կառավարման հիմքեր՝ նպաստելով շահագրգիռ կողմերի ներգրավվածությանն ու հաշվետվողականության բարձրացմանը։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ    

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363 որոշման հավելվածի` Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում բաժնում նախատեսված ՓՄՁ զարգացման, տեխնոլոգիաների և գյուտերի առևտրայնացման կառույցի ստեղծման դրույթները, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման Հավելված N1-ով նախատեսված «4.1 Նորարարական նախաձեռնությունների հայեցակարգի հաստատում, հաստատումից հետո ծրագրերի մշակում և իրագործում» միջոցառման խնդիրների լուծմանն ուղղվող քայլերը։

 

 

  • Քննարկվել է

    19.09.2023 - 10.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1494

Տպել