Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

2023 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 34-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

 

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի ««Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին»» N 454-Ն որոշման նախաբանում և հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման նախաբանը «9-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, և 11-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով.

2) Որոշման հավելվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

9․Կազմակերպության գործունեության առարկան է գիտելիքահենք տնտեսության ձևավորմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը և զարգացումը, գիտատեխնիկական ռեսուրսների շահագործումը:

10․ Կազմակերպության գործունեության  հիմնական նպատակներն են`

1) գիտելիքահենք տնտեսությանը միտված նախագծերի ներդրման գործուն մեխանիզմների մշակումը և զարգացումը.

2) պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերման և դրա առևտրային պոտենցիալի գնահատման մեխանիզմների մշակումը և գնահատումը․

3) գիտելիքահենք տնտեսության ներդրմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ hետազոտությունների և մշակումների, միասնական տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը, հրապարակումը.

4) գիտական արդյունքի իրավական պաշտպանության մասին տեղեկատվության և խորհրդատվության ապահովումը․

5) հնարավոր առևտրայնացման ենթակա տեխնոլոգիաների միջազգային և տարածաշրջանային շուկաների ուսումնասիրությունը․

6) hետազոտությունների և մշակումների խթանմանն ուղղված պետական աջակցության տրամադրում, ծրագրերի մասին իրազեկման և խորհրդատվական աշխատանքների ապահովումը․

7) տեխնոլոգիական գործունեության սուբյեկտներին նորարարական նախագծերի իրականացման, նրանց շահերի պաշտպանության և ներկայացման, մտավոր սեփականության պահպանությանն ուղղված ծառայությունների մատուցումը․

8) գյուտերի, նոու-հաուի և գիտատար տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացմանն աջակցությունը և դրանց փոխանցումը գիտատեխնիկական արտադրանքի շուկա․

9) գիտատեխնիկական ռեսուրսների հավաքագրումը, մշակումը, պահպանումը և սպասարկումը․

10) Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա և միջազգային ինովացիոն ենթակառուցվածքների, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների, բուհերի, տնտեսվարող սուբյեկտների և այլ թիրախային կառույցների հետ փոխհամագործակցության ապահովումը։

11․ Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հետազոտական և խորհրդատվական ծառայությունների մատուցումը․

2) hետազոտությունների և մշակումների, ինովացիոն նախագծերի մշակման խորհրդատվությունը, կազմակերպումը և վարումը․

3) պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի առևտրայնացման գործընթացների կազմակերպումը և վարումը․

4) թվային փոխակերպման գործընթացների կազմակերպումը, վարումը, սպասարկումը․

5) գիտատեխնիկական տեղեկատվական ծառայությունների մատուցումը․

6) մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ուսուցման, վերապատրաստման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը․

7) գիտաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների, հանրային այլ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը․

8) դահլիճների, սրահների տարածքների` վարձակալական հիմունքներով տրամադրումը և (կամ) սպասարկումը․

9) հրատարակչական գործ։։

 

3) 17-րդ կետում և գործադիր տնօրենը բառերը փոխարինել , գործադիր տնօրենը և կոլեգիալ կառավարման մարմինը։ բառերով։

4) 24-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

5) 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1- 24․13-րդ կետերով.

«24․1 Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ), որը՝

1) լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ՝ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան․

2) իրականացնում է ընթացիկ վերահսկողություն կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ․

3) հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, առաջարկություն է ներկայացնում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության չափը։

4) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները․

5) հաստատում է իր աշխատակարգը․

6) իր կազմից ընտրում է Խորհրդի քարտուղարին․

7) հաստատում է կազմակերպության գործունեության միջնաժամկետ և երկարաժամկետ (5 տարվա) ռազմավարությունը, տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները․

8) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը․

9) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը․

10) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-30 տոկոս կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու և օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին․

11) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ․

12) եզրակացություն է տալիս գործադիր մարմնի նկատմամբ խրախուսման միջոցներ կիրառելու և կարգապահական տույժեր նշանակելու վերաբերյալ․

13) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

24․2 Խորհուրդը կազմված է 7 անդամից։ Խորհրդի կազմում ընդգրկվում են՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (2), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները՝ համապատասխան նախարարությունների ներկայացմամբ, ինչպես նաև Ինժեներական ասոցիացիայի, «Գիտուժ» նախաձեռնության և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ներկայացմամբ մեկական ներկայացուցիչ։

24․3 Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է։

24․4 Խորհրդի արձանագրությունները և որոշումները ստորագրում են Խորհրդի նախագահը և քարտուղարը։

24․5 Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի կամ իր անդամների հարցման միջոցով։

24․6 Նիստերը գումարվում են յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

24․7 Խորհրդի նախագահը՝

1) նախագահում է Խորհրդի նիստերը, իսկ նրա բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ՝ Խորհրդի անդամներից մեկը․

2)իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է Խորհրդի նիստերի օրակարգերը, կազմակերպում Խորհրդի գործունեությունը։

24․8 Խորհրդի քարտուղարն արձանագրում է Խորհրդի նիստերը, կազմակերպում Խորհրդի գործավարությունը։

24․9 Խորհուրդն իր արտահերթ նիստերի օրակարգի և ժամկետի մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնում է իր անդամներին։

24․10 Խորհրդի նիստերի քվորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նրա անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցությունը։ Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև էլեկտրոնային հարցումների միջոցով։

24․11 Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել էլեկտրոնային հարցումների միջոցով։ Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց կողմ է քվեարկել նիստի օրակարգի մասին էլեկտրոնային հարցումների միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների պարզ մեծամասնությունը։

24․12 Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է։

24․13 Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ֆիզիկական անձինք՝ խորհրդի որոշմամբ ըստ անհրաժեշտության։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                      ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    19.09.2023 - 10.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1500

Տպել