Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն, ինքնուրույն և անկախ գործունեությունն ապահովելու, ինչպես նաև իրավաչափ և միասնական պրակտիկա ապահովելու հրամայականով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
  2. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պաշտոնից ազատվում է նույն Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում: Նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ի հայտ է եկել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը:

Հարկ է նշել, որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելն ավելորդ է, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումներն արդեն իսկ նախատեսված են որպես Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատման կամ լիազորույթունների վաղաժամկետ դադարեցման առանձին հիմքեր: Այսպես՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված վերաբերելի սահմանափակումներից՝

ա. 1-ին կետում նշված սահմանափակումն, այն է՝ դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, արտացոլվել է Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում և 3-րդ մասի 3-րդ կետում.

բ. 2-րդ կետում նշված սահմանափակումը, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ըստ էության, պատժի տեսակ է, որը կարող է նշանակվել միայն մեղադրական դատավճռով և այն արտացոլվել է Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում և 3-րդ մասի 5-րդ կետում.

գ. 3-րդ կետում նշված սահմանափակումը, այն է՝ դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, այն ևս արտացոլվել է Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում և 3-րդ մասի 5-րդ կետում.

դ. 4-րդ կետում նշված սահմանափակումը, այն է՝ անձի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում, հարկ է նշել, որ վերաբերելի չէ և նույնիսկ հակասում է ինչպես օրենսդրի կամքին, այնպես էլ Օրենքի մի շարք այլ դրույթներին, որի մասին առավել մանրամասն կներկայացնենք ստորև.

ե. 5-րդ կետում նշված սահմանափակումը, այն է՝ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով, այն իր իր տեղն է գտել Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում և 3-րդ մասի 6-րդ կետում.

զ. 6-րդ կետում նշվածը՝ ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ, նախատեսվել է Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում և 4-րդ մասի 1-ին կետում.

է. Իսկ 7-ից 10-րդ կետերում նշված սահմանափակումները վերաբերում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվելու համար դիմած  թեկնածուի նախկինում որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր պաշտոնավարման ընթացքում ստացած տույժերին և ընդհանրապես վերաբերելի չեն:

Ինչ վերաբերում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակմանը, ապա այդ մասով հարկ է նշել, որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված է, որ  Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պաշտոնից ազատվում է նույն Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, այսինքն, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

Սակայն, Օրենքի մեկ այլ հոդվածով նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով (34-րդ հոդվածի 7-րդ մաս): Իսկ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Ընդ որում հարկ է նկատել, որ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը թվարկում է այն դեպքերը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում:

Օրենքի դրույթների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդիրը հստակորեն կարգավորել և սահմանազատել է հետևյալ իրավիճակները.

ա) հանգամանքներ, որոնց առկայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ անձի համար Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվելու համար,

բ) հանգամանքներ, որոնք օբյեկտիվորեն կարող են հանգեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատման կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման,

գ) հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման համար:

Վերոգրյալի համատեքստում հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ բոլորովին տարբեր են այն իրավիճակները, երբ օրինակ այս կամ այն անձի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում և դա համարվում է որպես խոչընդոտ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվելու համար: Նման սահմանափակումը բխում է գործող կարգավորումների տրամաբանությունից և իրավաչափ է: Մինչդեռ, բոլորովին այլ իրավիճակ է առաջանում այն դեպքերում, երբ այս կամ այն անձն արդեն իսկ նշանակված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում, և նման պայմաններում, գործող կարգավորումների համատեքստում, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը ուղղակիորեն և անմիջականորեն հանգեցնում է կամ պաշտոնից ազատման կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման: Նշված կարգավորումը առաջացնում է անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակում, ինչպես նաև հանգեցնում է միևնույն հարցի վերաբերյալ տարբերվող իրավակիրառ պրակտիկայի ձևավորման և կիրառման:

Մասնավորապես, նման կարգավորման պայմաններում ստացվում է, որ այն պահից սկսած, երբ անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում կամ վերջինիս առաջադրվում է մեղադրանք, ապա դա դառնում է բավարար հիմք վերջինիս պաշտոնից ազատման կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար: Մինչդեռ հարկ է նկատել, որ, անձին զուտ մեղադրանք առաջադրելու հանգամանքը չի կարող դառնալ վերջինիս իրավունքների այսչափ սահմանափակման հիմք: Վերոնշված դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ օրենսդրի կամքն այն է, որ բոլոր այն դեպքերում, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական հետապնդում է հարուցվում, ապա վերջինիս լիազորությունները կասեցվում են (տես Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը): Նման պայմաններում ստացվում է, որ առկա է հակասություն վերը նկարագրված իրավիճակների միջև, քանի որ Օրենքով նախատեսված կարգավորումները միևնույն դեպքի համար սահմանում են երկու բոլորովին տարբեր հետևանքների միաժամանակյա առաջացում՝ պաշտոնից ազատում և լիազորությունների կասեցում:

Այստեղ հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ գործող օրենսդրական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ որևէ այլ պաշտոնատար անձի համար վերը քննարկված հիմքով պաշտոնից ազատման ինստիտուտ և կառուցակարգեր նախատեսված չեն, այլ սահմանված է միայն նշված հիմքի ի հայտ գալու դեպքում այս կամ այն պաշտոնատար անձի լիազորությունների կասեցում: Մասնավորապես, «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված է, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական հետապնդում հարուցելիս վերջինիս լիազորությունները կասեցվում են: Իսկ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելը նախատեսող հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քրեական հետապնդում հարուցելը որևէ պարագայում չի դիտվում որպես վերջինիս պաշտոնից ազատելու հիմք: Հարկ է նշել նաև, որ նույնանման կարգավորում է նախատեսված «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածում, որը սահմանում է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական վարույթի ավարտը: Այսինքն՝ վերը նշված կարգավորումների տրամաբանությունն այն է, որ որևէ դեպքում չի կարող միայն քրեական հետապնդման հարուցումը բավարար և իրավաչափ համարվել անձի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնից ազատման համար: Բացի այդ, նշված կարգավորումը էապես վտանգում է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթն իրականացնող քննչական մարմնի ինքնուրույնությունն ու անկախությունը: Մասնավորապես, նման կարգավորման գոյության պայմաններում, հնարավոր է առաջանան այնպիսի իրավիճակներ, երբ այս կամ այն քննիչը կամ դատախազը լարված հարաբերություններ ունենալու կամ որևէ այլ ոչ իրավաչափ պատճառաբանությամբ պարզապես կայացնեն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, դրանով իսկ հանգեցնելով անձի պաշտոնից ազատման կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման: Նման պայմաններում նույնիսկ եթե անձի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվի արդարացնող հիմքով, միևնույնն է անձն արդեն կրած կլինի հնարավոր բացասական հետևանքները, քանի որ իր լիազորությունները ոչ թե կկասեցվեին այլ պարզապես քրեական հետապնդում հարուցելու հիմքով պաշտոնից կազատեին: Բացի այդ, հարկ է նկատել նաև, որ նման կարգավորման գոյությունը կարող է դիտվել որպես քննչական մարմնին կառավարելի դարձնելու մեխանիզմ՝ ամբողջությամբ խարխլելով քննչական մարմնի անկախության և ինքնավարություն, որևէ բանով կաշկանդված չլինելու պահանջի էությունը:

Բացի այդ, հարկ է նշել նաև, որ խնդրո առարկա դրույթի վերաբերյալ իր բացասական կարծիքն է հայտնել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (այսուհետ՝ ՏՀԶԿ), հատկապես նշելով, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անկախություան վրա:

Ամփոփելով՝ հարկ է նկատել, որ միևնույն խնդրի վերաբերյալ կարգավորումներ նախատեսող այլ իրավական ակտերի տրամաբանությունից հետևում է, որ այս կամ այն պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման առկայությունը կարող է հանգեցնել միայն վերջինիս լիազորությունների ժամանակավոր կասեցման և ոչ ավելին: Նախատեսված կարգավորումներում հստակ է մի բան, որ մինչև անձի նշանակումը վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման հարուցված լինելը կարող է հիմք հանդիսանալ այս կամ այն անձին չնշանակելու համար, մինչդեռ այս իրավիճակը ժամանակային առումով էական առանձնահատկություն ունի այն իրավիճակի համեմատությամբ, երբ անձն արդեն իսկ նշանակված է այս կամ այն պաշտոնին և միայն այդ ընթացքում է վերջինիս նկատմամբ հարուցվում քրեական հետապնդում:

  1. Հարկ է նշել, որ Օրենքի 15-18-րդ հոդվածներում գործածվում է «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները, որոնք հաճախ առաջացնում են շփոթմունք: Վերոհիշյալ հոդվածերը և հատկապես Նախագծում թվարկված մասերը վերաբերում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջներին, սահմանափակումներին, պաշտոնի նշանակելու պայմաններին և այլն: Այսինքն՝ դրանք այն հոդվածներն են, որոնց դեպքում գործածվող բոլոր հասկացություններն պետք է ավելի քան հասկանալի լինեն և չառաջացնեն շփոթմունք: Բանն այն է, որ քննիչ-ը և «օպերլիազոր»-ը դրանք պաշտոններ են, սակայն մենք տվյալ հոդվածներում չենք կարող դրանք ընկալել միայն որպես պաշտոններ, քանի որ Օրենքի տրամաբանությունից և ընդհանրապես Օրենքի ամբողջական վերլուծությունից կարելի է հասկանալ, որ այս դեպքում օրենսդրի կամքն այն է, որ այդ հասկացությունների ներքո ընկալվեն ոչ թե կոնկրետ պաշտոնները, այլ տվյալ բնագավառի գործունեությունը: Մասնավորապես՝ քննիչ ասելով պետք է հասկանալ ոչ թե կոնրետ քննիչ-ի պաշտոնը, այլ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, իսկ «օպերլիազոր» ասելով՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոն զբաղեցնող անձ: Այլ կերպ՝ անձը չզբաղեցնելով «օպերլիազոր»-ի պաշտոնը կարող է իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, այսպես, օրինակ՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող վարչության պետը կամ տեղակալը չեն համարվում «օպերլիազոր», սակայն կատարում են այդ գործունեություն: Նույնը նաև քննիչ հասկացության դեպքում է, իհարկե վարչության պետը, տեղակալը և այլն ևս քրեական դատավարության իմաստով կարող են համարվել քննիչ, սակայն առավել ճիշտ է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ հասկացության գործածումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընթանում է հաստիքների համալրման գործընթաց և մրցույթային հանձնաժողովը հաճախ նմանատիպ խնդիրների է բախվում, երբ անձը չզբաղեցնելով «օպերլիազոր»-ի պաշտոն, սակայն ունենալով օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժ և ունեալով վերջին երեք տարվա մեջ ստացված կարգապահական տույժ նշում է, որ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված սահմանափակումը իրեն վերաբերելի չէ և նա պարտավոր չէ նման տեղեկանք ներկայացնել, քանի որ ինքը «օպերլիազոր»-ի պաշտոն չի զբաղեցնում, ուստի, կարծում ենք, նմանատիպ շփոթմունքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է Նախագծով ներկայացված ձևակերպումները խմբագրել և բացառել նման դեպքերի կրկնությունը:

Այս փոփոխությունը բխում է նաև օրենսդրի տրամաբանությունից, քանի որ հնարավոր չէ նախատեսել սահմանափակում և այն կրող սուբյեկտների սահմանփակ շրջանակ՝ կախված նրանց զբաղեցրած պաշտոնից: Այսինքն՝ օրենսդիրը չէր կարող «օպերլիազոր»-ի համար սահմանել նման սահմանափակում, իսկ նրա վերադասի համար՝ ոչ:

Հարկ է նշել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նոր ստեղծված քննչական մարմին ունի բավականի բարձր նշաձող կադեր ընտրելու հարցում, դա նաև երևում է այն հանգամանքից, որ այն համարվում է առաջամարտիկ կառույցներից, որի կադրերի նշանակումը կատարվում է նաև նրանց բարեվարքությունը ստուգելու միջոցով, ուստի Օրենքի 15-րդ հոդվածում նշված սահամանփակումները չեն կարող  չտարածվել որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ: Այդ սահմանափակումների իմաստն այն է, որ անձը կարողանա դառնալ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտի ծառայող միայն այն ժամանակ, երբ չունի նշված սահմանափակումներից:

  1. Ինչ վերաբերում է Օրենքի այն դրույթներին, որոնք կապված են այս կամ այն սուբյեկտի կողմից վերջին երեք տարվա ընթացքում ստացած խիստ նկատողությանը կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ ստացած լինելուն, ապա հարկ է ընդգծել, որ այս առումով օրենսդրի կամքը վերաբերում է պաշտոնավարման վերջին երեք տարիներին, հակառակ պարագայում, եթե անձը կարգապահական տույժը ստանալուց հետո չի աշխատել, վերջինս օբյեկտիվորեն այլևս ուղղվելու, դրական վարքագիծ դրսևորելու հնարավորություն չի ունեցել, իսկ ընդունող հանձնաժողովն էլ դրանում չի կարող համոզվել: Հարկ է նշել, որ գործող կարգավորումները տարընթերցումների տեղիք են տալիս, մասնավորապես՝ վերջին երեք տարվա ընթացքում ձևակերպումը շփոթմունք է առաջացնում այն հարցում, թե դա վերաբերում է պաշտոնավարման վերջին երեք տարիներին, թե ուղղակի դիմելու օրվա դրությամբ վերջին երեք տարվան:

Գործող կարգավորումները կարող են մեկնաբանվել այնպես, որ 3 տարի առաջ այլ քննչական մարմնից կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կառույցից որպես տույժ հեռացված, պաշտոնից ազատված թեկնածուները հավակնեն Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակվելուն զուտ այն հիմնավորմամբ թե արդեն լրացել է տույժից հետո 3 տարին։ Սա ակնհայտորեն չի բխում օրենսդրի կամքից։

Օրենսդրի կամքն, ըստ էության կայանում է նրանում, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվեն միայն բարեվարք ծառայողներ, դրա մասին է վկայում Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի մի շարք հոդվածներ, որոնք ցույց են տալիս, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող պահանջները բավականին խիստ են: Հետևաբար, օրենսդրի կամքից է բխում, որ ոչ բարեվարք կադրերը չկարողանան դառնալ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող: Ուստի, Օրենքում եղած ձևակերպումներն առավել հստակեցնելու համար Նախագծով առաջարկվել է ավելացնել պաշտոնավարման ընթացքում ձևակերպում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոնից ազատման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից հանել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում արդեն իսկ նախատեսված են Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումները:

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել Օրենքի 15-18-րդ հոդվածներում օգտագործվող «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-10-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն, ինքնուրույն և անկախ գործունեությունը, ինչպես նաև իրավաչափ և միասնական պրակտիկայի ձևավորումը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

  • Քննարկվել է

    11.09.2023 - 26.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1264

Տպել