Հիշել նախագիծը

«ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ    

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային փորձաքննություններ իրականացնելու նպատակով կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից հավատարմագրման հետ կապված հարաբերությունները։

2. Կոմիտեն մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումն իրականացնում է յուրաքանչյուր տարվա համար։

3. Մաքսային փորձաքննությունների հավատարմագրման նպատակով Կոմիտեում գործում է հայտերի ուսումնասիրության հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմը հաստատվում է Կոմիտեի կողմից։

4. Մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման նպատակով հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը Կոմիտեի կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) տեղադրում է հավատարմագրման նպատակով համապատասխան հայտարարություն։

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարության հետ մեկտեղ հանձնաժողովի կողմից ներկայացվում են նաև հավատարմագրման չափանիշները, կազմակերպությունների կողմից ներկայացման ենթակա փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, ինչպես նաև Կոմիտեի կողմից գնային առաջարկի վերաբերյալ տեղեկությունները։

6. Հավատարմագրման նպատակով կազմակերպությունները Կոմիտե են ներկայացնում համապատասխան հայտ՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարության տեղադրումից հետո մեկամսյա ժամկետում։

7. Հավատարմագրման նպատակով կազմակերպությունների կողմից հայտերը ստանալուց հետո հանձնաժողովն այն ուսումնասիրում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։

8. Մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունները Կոմիտեի կողմից հավատարմագրման նպատակով փորձաքննության համապատասխան տեսակի իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից բացի պետք է բավարարեն նաև հետևյալ չափանիշներին՝

1) փորձաքննության՝ տվյալ տեսակի իրականացման ծառայությունների մատուցման գործունեության իրականացում՝ համապատասխան հայտի ներկայացման օրվան նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում․

2) փորձաքննություն իրականացնող կազմակերպության աշխատակից հանդիսացող և մաքսային մարմինների կողմից սահմանած նպատակներով փորձաքննություն իրականացնող փորձագետները՝ համապատասխան հայտի ներկայացման օրվան նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում չեն ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության փորձաքննության՝ տվյալ տեսակի համար օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման կամ կեղծ փորձագիտական եզրակացությունների տրամադրման համար։

9. Փորձաքննության ծառայություններ իրականացնող և Կոմիտեի կողմից հայտարարված հավատարմագրման գործընթացի մասնակից կազմակերպությունները հայտի հետ մեկտեղ Կոմիտե են ներկայացնում նաև սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես նաև իրենց կողմից մատուցվող փորձագիտական ծառայությունների ցանկն ու սակագները, մաքսային մարմինների սահմանած նպատակներով փորձաքննություններ իրականացնող կազմակերպության փորձագետների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն, անձը հաստատող փաստաթղթի համարը։

10. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշի ստուգման նպատակով հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ սույն կարգի 9-րդ ենթակետով նախատեսված անձանց՝ պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի ստուգման նպատակով։

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հարցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեին է տրամադրում հարցման վերաբերյալ պատասխանը։

12. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 7-րդ կետին համապատասխան իրականացվող ուսումնասիրության արդյունքներով գնահատվում են հայտ ներկայացված կազմակերպությունների համապատասխանությունը սույն կարգով նախատեսված չափանիշներին, և հայտի մերժման համար՝ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում համապատասխան չափանիշներին բավարարող կազմակերպությունների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից կազմվող արձանագրությամբ։

13. Հանձնաժողովը մերժում է կազմակերպությունների կողմից ներկայացված հայտը, եթե՝

1) կազմակերպությունների կողմից չեն ներկայացվել սույն կարգով նախատեսված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները․

2) կազմակերպությունները չեն բավարարում սույն կարգով նախատեսված չափանիշներին։

14. Հանձնաժողովը, սույն կարգի 13-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հայտի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետներում տրամադրում է հայտ ներկայացրած կազմակերպությանը։

15. Հանձնաժողովի կողմից կողմից սույն կարգի 12-րդ կետով նախատեսված արձանագրության կազմումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է կազմակերպությունների հավատարմագրումը Կոմիտեի կողմից՝ Կոմիտեի ղեկավարի հրամանով։

16. Կոմիտեի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքում՝ հավատարմագրումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

17. Սույն կարգին համապատասխան հավատարմագրված՝ մաքսային փորձաքննությունների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների փորձագետների կողմից իրականացված փորձաքննության արդյունքները պետք է արտացոլեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները։

18. Կոմիտեի կողմից հավատարմագրված մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների կողմից սույն կարգի 8-րդ կետով նախատեսված՝ իրավախախտումների, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում կազմակերպության հավատարմագրումը դադարում է՝ հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացության հիման վրա՝ Կոմիտեի ղեկավարի հրամանով։

  • Քննարկվել է

    08.09.2023 - 23.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2389

Տպել