Հիշել նախագիծը

«ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ի N 1192-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_________2023 թվականի N _______Ն

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ի N 1192-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1192-Ն որոշումը:
  2. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                  

           Հայաստանի Հանրապետության
                              վարչապետ                                                Ն.Փաշինյան

                   

                        2023թ. «___»

                          Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
«____ » -ի N -----Ն որոշման

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

  1. Սույն կարգով սահմանվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմնի) համաձայնություն տալու գործընթացը:
  2. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) և սույն որոշմամբ սահմանված կարգով:
  3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է Օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնության հայցման համար անձը (այսուհետ` դիմումատու) Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան դիմում է ներկայացնում լիազոր մարմին:
  5. Դիմումի մուտքագրման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) և այն կառավարության սահմանած դեպքերում՝ Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրը ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում ծրագրի վերաբերյալ տրամադրում է փորձաքննական եզրակացություն: Այն դեպքերում, երբ նախատեսվող գործունեությունը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման և փորձաքննության, ապա  շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ժամկետում այդ մասին տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին:
  6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացությունը սահմանված ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական:
  7. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված: Այն դեպքերում, երբ ներկայացված ծրագիրը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, ապա լիազոր մարմինը ներկայացված դիմումի վերաբերյալ որոշում է կայացնում սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում:
  8. Եթե սույն կարգի 4-րդ կետով նշված դիմումը ներկայացված է թերություններով և չի համապատասխանում Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում ներկայացված պահանջներին, ապա Լիազոր մարմինը դիմումի ստացման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում վերադարձնում է ներկայացված դիմումը՝ նշելով վերադարձնելու բոլոր հիմքերը: Դիմումի թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է 10-օրյա ժամկետ` սկսած դիմումը վերադարձնելու մասին ծանուցումը ստանալու պահից: Շտկված դիմումը ներկայացնելու դեպքում՝ դիմումը ներկայացված է համարվում սկզբնական ներկայացման օրը, իսկ դիմումի քննության ժամկետը հաշվարկվում է այն կրկին անգամ ներկայացնելու օրվանից: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա դիմումը համարվում է չներկայացված, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումատուն հիմնավորում է սահմանված ժամկետում թերությունները վերացված դիմումը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
  9. Լիազոր մարմինը մերժում է ներկայացված դիմումը Օրենսգրքի 33.1-րդ հոդվածով սահմանված հիմքերով:
  10. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունը տրվում է, եթե ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրում ներառված աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները համապատասխանում են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված աշխատանքների բնույթին:
  11. Դիմումի մերժման դեպքում լիազոր մարմնի կողմից նշվում են դիմումի մերժման բոլոր հիմքերը: Դիմումատուն կարող է դիմումի մերժման հիմքերը վերացնելուց հետո նոր դիմում ներկայացնել լիազոր մարմին, որից հետո դիմումի քննությունը սկսվում է սկզբից:
  12. Լիազոր մարմնի կողմից երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո դիմումատուն 5-օրյա ժամկետում հրավիրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրն իր կողմից վավերացնելու համար:
  13. Միներալոգիական, հնէաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծման նպատակով կատարվող երկրաբանական ուսումնասիրությունների դեպքում՝ դիմումում պետք է նշվի հավաքածուի ստեղծման համար նախատեսվող նյութի (ապարի, միներալի, բրածոյի, նմուշի, օգտակար հանածոյի կամ այլ) կամ հավաքման ենթակա գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի քանակը:
  14. Ելնելով հավաքածուների ստեղծման աշխատանքների ձևից և նպատակներից` լիազոր մարմինը կարող է սահմանել հավաքվող նյութի թույլատրելի չափաքանակը:

 

             Հայաստանի Հանրապետության

            կառավարության աշխատակազմի

                            ղեկավար                                                    Ա.Հարությունյան

  • Քննարկվել է

    16.08.2023 - 31.08.2023

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1472

Տպել