ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                          

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն և հետազոտություն ապահովելու նպատակով։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ձեռք բերվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։    

«Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի          N 585-Ա որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը (այսուհետ՝ «Հիմնադրամ»)։ Հիմնադրամի կողմից «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու, ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքների հստակեցման ու կանոնակարգման  նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու և հաստատելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), այն կրթական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, որոնք միավորվելու են տարբեր կլաստերներում, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։

Այսպիսով, նախագծի ընդունմամբ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, և հստակ կսահմանվեն Հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին՝ ելնելով նախագծով սահմանված գործողությունների ծրագրից։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքի առավել թափանցիկությանը, կապահովի Հիմնադրամի առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը և կխթանի «Ակադեմիական քաղաք» ծրագրի բնույթի մասին հանրության համակարգված իրազեկմանը։

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`

-  Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությամբ նախատեսված 1. «կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» և 15. «գիտելիքահենք Հայաստան» նպատակներից,

- «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունից,

- ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 351-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի` Նպատակ 2 «Բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացում» 2.2 «Ցանցային կրթական համակարգերի ներդրում և ենթակառուցվածքների բարելավում» մասի 2.2.2  «Ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ» կետից,

- ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ` «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.3 «Կրթություն» մասով սահմանված` բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու համար ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նպատակից,

- ՀՀ կառավարության  2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Կրթություն» բաժնի 20-րդ` «Ակադեմիական քաղաքի հիմնադրման հայեցակարգի մշակում» կետի և նույն հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1.7 «Խոշոր ներդրումային ծրագրերի հայեցակարգի հաստատում վարչապետի աշխատակազմ, հաստատման  դեպքում ճանապարհային քարտեզի մշակում և իրագործում»  ենթակետի 1-ին մասով` «Ակադեմիական քաղաք - Նպատակ է հետապնդում կառուցել համալսարանական քաղաք-համայնք (Երևանից դուրս)` համալրված համալսարանական բնակչությամբ, որտեղ տեղափոխվելու են հիմնական քոլեջները և համալսարանները։ Այն դառնալու է կրթական հաբ, որն իր մեջ ներառելու է տարբեր ակադեմիական ոլորտներ և ծրագրեր» ակնկալվող արդյունքի կատարման տրամաբանությունից:

 

  • Քննարկվել է

    21.07.2023 - 07.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

03.08.2023 15:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9719

Տպել

Առաջարկներ`

Serj Rostomyan

07.08.2023

Շոկի մեջ եմ: Ես դեմ եմ այս նախագծին, հատկապես Հայֆիլմի վերաբերյալ վերջին նորություններից: Այդ կազմակերպությունը մի զոհաբերեք մի անհասկանալի գաղափարի համար, որը չի նպաստի Հայֆիլմի զարգացմանը: Համամիտեմ եմ մեկնաբանությունների հետ և խնդրում եմ դուրս հանել կինոստուդիան այս նախագծից:

Միլենա Բաղդասարյան

07.08.2023

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը կարդալիս անմիջապես հիշեցի Ջեյմս Սքոթի կողմից նկարագրված 20-րդ դարի «բարձր մոդեռնիստական» նախագծերը, որոնք տխրահռչակ, եթե ոչ ողբերգական, արդյունք ունեցան (James C. Scott 1998, Seeing like a state): Նախագիծը պաթոսով է գրված և բարձր նպատակներ է իր առջև դնում, սակայն այդ նպատակներին հասնելու ուղիներն իրականում կապ չունեն այդ նպատակների հետ: Հստակ է, որ նախագիծը գրվել է ոչ մասնագետների կողմից՝ հաշվի չառնելով գիտական համայնքի ներկայացուցիչների մոտեցումները: Նախագիծը չափազանց լայնածավալ և արմատական է, միաժամանակ շատ թույլ, գործին չնպաստող լուծումների վրա հենված և այդ առումով պոտենցիալ ունի խարխլելու Հայաստանում արդեն գոյություն ունեցող բարձրագույն կրթության և գիտահետազոտական կազմակերպությունները, գիտությունն առհասարակ: Նախագիծը նաև անիրատեսական է իր այդչափ լայնածավալ լինելու պատճառով և բազում գիտությունների ուղղություններ անխուսափելիորեն լուրջ կորուստներ են կրելու, եթե փորձ արվի այս նախագիծը կյանքի կոչել: «Սոցիալական ճարտարագիտության» նման նախագծերի դեմ բազում մտավորականներ են զգուշացրել, բացի Ջեյմս Սքոթից, օրինակ Կարլ Փոփերը, ով «Բաց հասարակություն» իր գրքում զգուշացնում է կտրուկ ինստիտուցիոնալ փոփոխություն ենթադրող պետական նախագծերի դեմ և խորհուրդ է տալիս փոփոխությունները, իրականացնել փոքր, իրատեսական, հանրության հետ համաձայնեցված քայլերով՝ ինստիտուտներին լուրջ վնաս չհասցնելու նպատակով: Գիտական և կրթական համակարգը, որը կառուցվել է տասնամյակներով անհնար է հաջողությամն մի քանի տարվա ընթացքում ոչ միայն լրիվ վերակազմավորել, այլև ավելի բարձր մակարդակի հասցնել, իսկ լուրջ վնասներ հասցնելը միանգամայն հնարավոր է: Գիտական հաստատությունները և ԲՈՒՀ-երը զարգացնելու համար ամենևին անհրաժեշտ չէ դրանք կազմալուծել և մեկ այլ վայրում այլ կերպ փորձել վերամիավորել: Ակադեմիական քաղաքի կառուցումը ինքնին չի կարող բարձրացնել նշված հաստատությունների պոտենցիալը: Իրականում գիտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի զարգացումը բովանդակային է խնդիր է, կապված է գիտական կադրերին զարգացման հնարավորություններ տալու, երկրում պահելու, նրանց արդեն իսկ նվիրական աշխատանքը սատարելու հետ: Այդ առումով, սխալ է փորձել նրանց աշխատանքը պետական պաշտոնյաների ուտոպիստական նախագծերին ենթարկելը: Գերմանիայում, որ ես պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը (PhD), մարդիկ հպարտանում են իրենց քաղաքների համալսարանների երկար պատմությամբ, իսկ համալսարանների համբավը բարձրանում է այդ հաստատություններում աշխատող գիտնականների շնորհիվ: Այդ առումով, համալսարանները տեղափոխելու փոխարեն գումարն անհրաժեշտ է այլ ուղղություններով ծախսել: Անհրաժեշտ են արտասահմանյան լուրջ համալսարանների հետ համատեղ իրականացվող ծրագրեր, մասնագետների փոխանակում, դասավանդող կադրերի զարգացում: Գիտնականը սովորաբար կայանում է երկար տարիների ընթացքում և հենց գիտնականն է հետազոտությունների և ԲՈՒՀ-երի հենքը: ԲՈՒՀ-երի և գիտության զարգացման համար կարևոր է կադրերի ուսումը, նրանց կողմից փորձի ձեռքբերումը արտասահմանյան լուրջ բուհերում և առաջատար գիտական հաստատություններում և այդ փորձի կիրառումը Հայաստանում: Բացի այդ, ցանկալի է Հայաստան հրավիրել անվանի գիտնականների, ովքեր կդասավանդեն այստեղ թեկուզ 1 կիսամյակ: Ուսանողները նույնպես համալսարան պետք է մտնեն օտար լեզուների շատ լավ իմացությամբ, որպեսզի կարողանան առնվազն անգլալեզու գիտական գրականություն կարդալ (քանի որ ժամանակակաից հետազոտությունների մեծ մասն անգլերեն է լույս տեսնում), սա արդեն դպրոցների խնդիրն է: ԵՊՀ-ի նման ԲՈՒՀ չի կարելի կազմալուծել և տեղավորել ինչ-որ «կլաստերի» շրջանակներում, Հայաստանի համար դա կլինի ողբերգություն: ԵՊՀ-ն և այլ կարևոր ԲՈՒՀ-երը պետք է զարգացնել և կադրերի ֆինանսավորումն է այս դեպքում կարևորագույն խնդիր: ԵՊՀ-ի դասախոսները շատ ավելի ծանրաբեռնված են դասավանդման առումով, քան ցանկացած արևմտյան ԲՈՒՀ-ի պրոֆեսոր, իսկ նրանց աշխատավարձը չափազանց ցածր է: Անշուշտ, բարձրագույն կրթությունը և հետազոտությունները պետք է փոխկապակցված լինեն և ուսանողները արդեն իսկ ներգրավվում են հետազոտական աշխատանքներին իրենց ավարտական կամ կուրսային աշխատանքների, պրակտիկաների, գիտաժողովներին մասնակցելու շնորհիվ: Այնուամենայնիվ, գերազանց հետազոտող նախապատրաստելու համար շատ կարևոր է հենց հիմնարար տեսական գիտելիքի ձեռքբերումը, ինչը շատ ավելի լայն դաշտ է, քան հետազոտական գործընթացը (որը շատ ավելի նեղ և խորացված գործունեություն է): Փայլյուն նեղ մասնագետ դառնալու համար նախ անհրաժեշտ է տիրապետել գիտության ավելի լայն տեսական հարստույթանը, որը հենց համալսարաններն են տրամադրում: Նախագծում, օրինակ, նշվում է. «Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը»: Իրականում, Երևան քաղաքում արդեն կայացած են մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման կառույցները և ակադեմիական քաղաքը երբեք չի կարողանա փոխարինել վերջիններին: Ցանկացած ծրագիր նախագծելիս պետք է հաշվի առնել, թե արդյոք մասնագետները կհամագործակցեն: Հայաստանում մենք ունենք գերազանց գիտական կադրերի պակաս: Նման նախագծի պարագայում շատ քիչ մասնագետներ, ովքեր արդեն հաստատված են իրենց բնակարաններում, ում երեխաները հաճախում են կոնկրետ դպրոցներ և այլն, կհամաձայնվեն աշխատանքի մեկնել Երևանի 17-րդ թաղամաս կամ ընտանիքներով տեղափոխվել հանրակացարաններ: Գերազանց կադրերից շատերը հնարավոր է նախընտրեն արտագաղթել կամ աշխատանքի անցնել մասնավոր սեկտորում, քանի որ նրանց համար Հայաստանում կստեղծվեն հավելյան դժվարություններ: Սա կհանգեցնի առանց այդ էլ սակավ կադրերի կորստին: Ինչ վերաբերում է բնակարանների ձեռքբերմանը, ապա որոշ ծրագրերի արդյունքում բազում գիտնականներ արդեն իրենց խնայողությունները ներդրել են և ներդնում են բնակարաններ գնելու համար, և ակադեմիական քաղաքում բնակարան գնելու համար ֆինանսական միջոցներ չեն ունենա: Ինչ վերաբերում է գիտական հաստատություններին, ապա փորձ է արվում հետազոտական ինստիտուտները կցել կրթական հաստատություններին: Գիտահետազոտական հաստատությունները կազմալուծելը, այլ հաստատություններին կցելը, ստորադասելը վտանգերով լի է: Հայաստանում ունենք բազում արդյունավետ հետազոտական հաստատություններ, որոնց անհրաժեշտ է սատարել՝ բռնի կազմալուծելու և ֆիզիկապես տեղափոխելու փոխարեն: Ուսումնական կլաստերին նրանց ներգրավելը անպատասխանատու է. գիտական դիսկուրսրը զարգանում է կրթությունից լրիվ անկախ, գիտական դիսկուրսն է, որ պետք է առաջնորդի կրթությունը, այլ ոչ թե ծառայի վերջինիս: Համալսարաններ, զանազան կենտրոններ, գիտահետազոտական ինստիտուտներ ունենալը տվյալ ծրագրի հայեցակարգում դիտարկվում է որպես «ավանդական» մոտեցում, որից պետք է վեր բարձրանալ, սակայն առաջարկվող լուծումը հիմնված չէ հաջողված փորձի վրա, ավելի շատ ուտոպիա է, պետական պաշտոնյաների մտահղացում: Քննադատվող «ավանդական» մոտեցումը գերազանց է գործում, օրինակ Գերմանիայում, որը հիմա Եվրոպայում գիտության զարգացման առումով առաջատար երկրներից է: Իմ կարծիքով, որը կիսում են բազում այլ գիտնականներ, ակադեմիական քաղաքի ծրագիրը գրվել է Երևանի կենտրոնում անշարժ գույք ազատելու նպատակով. Սա փորձ է հատուկ այս կազմակերպությունների համար կառուցված շենքերը խլել գիտության և կրթության ոլորտից և հավանաբար ծառայեցնել բիզնեսի նպատակներին: Ակադեմիական քաղաքի այս նախագիծը Հայաստանում կնշանակի գիտության և արվեստի գավառականացում: Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչ դեր են վերապահում գիտությանը ներկա իշխանությունները՝ դուրս մղելով վերջիններիս մայրաքաղաքի կենտրոնից: Մյուս կողմից, ակադեմիական քաղաքի կառուցմանը հնարավոր է ներգրավվեն պետական պաշտոնյաների հարազտների կազմակերպությունները, ինչը հնարավոր է նույնպես մոտիվացիայի աղբյուր է որոշ պաշտոնյաների համար: Հայաստանի համար հիմա շատ կարևոր է տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերական կոմպլեքսի զարգացումը, ընդլայնումը: Ակադեմիական քաղաքի համար նախատեսված միջոցները պետք է ուղղել այդ ուղղություններով նոր կրթական, հետազոտական, արդյունաբերական կազմակերպություններ ստեղծելուն և զարգացնելուն, որպեսզի այս բարդ պայմաններում Հայաստանը կարողանա իրականացնել իր ինքնապաշտպանությունը բարձր տեխնոլոգիաներ պահանջող պատերազմների կոտեքստում: Մյուս կողմից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումը պետք է հասանելի և անվճար դարձնել բոլոր ցանկացող ուսանողների համար, այս ոլորտը հատկապես պետք է ֆինանսավորվի պետության կողմից: Արդյունքում տարիներ անց Հայաստանը կշահի նման մասնագետնրի առկայությունից:

мигран Галстян

06.08.2023

Ես դեմ եմ քվեարկել, քանի որ Ակադեմիական քաղաքի ճանապարհային քարտեզը հստակ չէ, բովանդակային առումով հումանիտար և հասարակական գիտությունների հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կառավարության կողմից դեռ հստակ ձևակերպված չէ: Այս նախագծով ակադեմիական գիտությունը դարցել է գիտության կցորդ և պասիվ սպասարկող: Օրինակ, անհասկանալի է թե հնագիտական, ազգագրական, բանահյուսական գիտությունները որտեղ են հայտնվելու: Համալսարանո՞ւմ:Համալսարանը <դանայան տակառ> չէ, որ բոլոր հայագիտական և հումանիտար գիտություններին ընդունի: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխաները, իհարկե հնարավոր չէ նախագծում ներառել, բայց մենք իրավունք ունեն չէ՞ նախօրոք իմանալու:

Տեսնել ավելին