Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

  Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ կետով նախատեսված ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի (այսուհետ՝ Գնահատման նոր համակարգ) ներդրմամբ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական, արդյունավետ և կնպաստեն շահառուների սոցիալ-տնտեսական ակտիվացմանը: Առաջարկվող փոփոխությունը կարևոր է Գնահատման նոր համակարգի միջոցով տրամադրվող նպաստների  հասցեականությունը բարձրացնելու, տեղեկատվական հոսքերի փոխանակումը պատշաճ իրականացնելու և համակարգը թվայնացնելու ոլորտում իրականացվող աշխատանքների համատեքստում, քանի որ ներկայումս արդիական տեղեկատվական համակարգի բացակայությունը և սոցիալական պաշտանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ինքնաշխատ կերպով փոխգործելիության թույլ մակարդակը բացասաբար են անդրադառնում համակարգի կենսագործունեության և հասցեականության վրա:

Գնահատման նոր համակարգը (որի հիմքում դրված է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը) արժանացել է նաև ՀՀ վարչապետի 2021 թ. սեպտեմբերի 29-ի N 1082-Ա որոշմամբ ստեղծված՝ անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով ստեղծված հանձնաժողովի հավանությանը:

2023 թ. մայիսի 19-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգը և ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգից բխող՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցվող (առկայության դեպքում՝ փոխգործելիության հարթակի միջոցով) թվային տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

28.06.2023թ. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացած՝ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2023-2026 թվականների ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ առաջարկվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հայեցակարգը չներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը, այլ դիտարկել այն նախարարի կողմից հաստատելու հնարավորությունը, որով նախատեսվում է իրականացնել գնահատման նոր համակարգի փորձնական ծրագիր:

 Հայեցակարգի, մասնավորապես Գնահատման նոր համակարգի հիմքում դրվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև տեղեկատվական հոսքերի փոխանակումն առավել արդյունավետ  իրականացնելու նպատակը:

Նախագծի ընդունմամբ կիրականացվի անհրաժեշտ տեղեկատվական հոսքերի փոխանակում՝ փորձնական ծրագիր իրականացնելու համար, որը հիմք կհանդիսանա Գնահատման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը մշակելու համար: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անապահովության գնահատման «Նպաստ» տեղեկատվական համակարգը ստեղծվել է 1995 թվականին, ներկայումս բաղկացած է ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) 49 տարածքային կենտրոններում լրացվող  առանձնացված տեղեկատվական բազաներից, ունի ժամանակավրեպ ճարտարապետություն, ֆունկցիոնալության զարգացման խիստ սահմանափակ հնարավորություններ։ Առանձնացված տեղեկատվական բազաներով հավաքագրվող տվյալները միավորվում և մշակվում են կենտրոնացված կերպով։ Միաժամանակ, ընտանիքի սոցիալական գնահատման ժամանակ կիրառվում և համադրվում են այնպիսի տվյալներ, որոնք ձևավորվում են երկրում գործող տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև կազմակերպությունների տեղեկատվական շտեմարաններում։ «Նպաստ» տեղեկատվական համակարգը  կապված է և համադրվում է 10-ից ավելի շտեմարանների տվյալների հետ։ Տվյալները, սակայն միշտ չէ, որ ստացվում են առցանց ու ինքնաշխատ և անհրաժեշտ պարբերականությամբ, (տեղեկատվության փոխանակման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային կամ մագնիսական կրիչով փոխանցման եղանակով), որի արդյունքում համադրման գործընթացը գրեթե ձեռագործ բնույթ ունի։ Վերջին հանգամանքով պայմանավորված է ևս մեկ խնդրահարույց հետևանք՝ նպաստի նշանակումը նախորդում է տվյալների համադրումների իրականացման միջոցով թարմ վարչական տվյալների ամփոփմանը, որի հետևանքով նշանակված նպաստի հետգանձման կարիք է առաջանում (ըստ 2021 թվականի 7 ամիսների հաշվարկի, հետգանձման ենթակա է եղել շուրջ 193 մլն դրամ վճարված նպաստ կամ փաստացի վճարված գումարի շուրջ 1.1 տոկոսը)։ Վարչական տվյալների թվայնացված և արագ ստացման եղանակով համակարգի դեպքում հնարավոր կլինի կրճատել ժամանակավրեպ որոշումները և դրանց հետևանքով կրած ֆինանսական կորուստները։

Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիր շարունակում է մնալ արդիական տեղեկատվական համակարգի բացակայությունը և սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ինքնաշխատ կերպով փոխգործելիության թույլ մակարդակը: 

        1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով նախատեսվում է տվյալների ստացման թվայնացման գորընթացում ավելացնել նաև տվյալների շտեմարանների նոր ցանկ՝ ՀՀ նախարարությունների և այլ պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխանակվող տեղեկատվական հոսքերի փոխանակումն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Ինչպես նաև իրականացնել փորձնական ծրագիր՝ Գնահատման նոր համակարգի ներդրումն ավելի սահուն իրականացնելու համար։

2. Կարգավորման առարկան

Առաջարկվող նախագծով կարգավորվում են Գնահատման նոր համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում` տվյալների փոխգործելիության  հարթակի գործարկվածության փաստը հնարավորություն կստեղծի  ապահովելու՝

  1. Վարչական տվյալների և շտեմարանների բարելավում և փոխգործելիության ապահովումը,
  2. Սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի առավելագույն ինքնաշխատ կերպով իրականացումը,
  3. Գնահատման նոր համակարգի հասցեականության ու արդյունավետության բարձրացումը՝ կրճատելով ժամանակավրեպ որոշումները և դրանց հետևանքով կրած ֆինանսական կորուստները,
  4. Փորձնական ծրագրի իրականացում, որի արդյունքներով կամբողջականացվեն Գնահատման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերը։
  5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։ 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության Ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6-րդ ենթակետի երկրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական:

 

  • Քննարկվել է

    20.07.2023 - 07.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1674

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

21.07.2023

- Որոշման նախագծի 7-րդ հավելվածում 3) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերաբերող մասում առևտրային կազմակերպությունների կազմակերպական իրավական տեսակների ցանկը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի (2-րդ և 3-րդ մասեր), 72-րդ հոդվածի (2-5-րդ մասեր), 105-րդ և 117-րդ հոդվածների սահմանումներին և վերաշարադրել՝ հաշվի առնելով ստորև բերված հիմնավորումները: - Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում»: - Բաց և փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկությունները պետք է փորձել ստանալ ՀՀ կենտրոնական բանկի և/կամ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջոցով, քանի որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը վարում է այն մասնագիտացված կազմակերպությունը (Դեպոզիտար հաշվի օպերատոր), որն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: - Նշված ցանկում ավելացնել «անհատ ձեռնարկատեր» բառերը: - 3-րդ սյունակից հանել «աշխատողների քանակը» բառերը, քանի որ աշխատողների թվաքանակի վերաբերյալ պետական ռեգիստրի գործակալությունը հաշվառում չի վարում, այդ տեղեկությունները կարող է տրամադրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Կարեն Աբրահամյան

20.07.2023

Ենթադրենք անձը կամ անձինք, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում ու նպաստ են ստանում,1992 թվականին սեփականաշնորհման ակտով գյուղատնտեսական հողի սեփականատեր կամ համասեփականատեր են հանդիսանում,այդ հողերը մաս մաս են ու չեն գերազանցում 1.5 հեկտարը,այդ անձանց նպաստի իրավունքի վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ այդ հանգամանքը։

Տեսնել ավելին