21.08.2023
07.12.2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ՝ ՄԻՊ) են վերապահվել ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու և ազդարարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ: Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ին տրամադրած ազդարարների պաշտպանությունն ապահովելու գործիքակազմը չի բավարարում միջազգային ստանդարտներին, մասնավորապես՝ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի առնչությամբ սահմանված «Ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմնի» թեստին։ Այսպես․ Համաձայն Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի ազդարարման ոլորտի թիվ 3.1. հենանիշի` «Առկա է ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու գործակալություն, ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ», որը մոնիթորինգային ուղեցույցի համաձայն մեկնաբանվում է որպես «գործակալություն, ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ, որն իրականացնում է բացառապես որոշակի գործառույթ(ներ) և չի կատարում այլ պարտականություններ»։ Մինչդեռ, ՄԻՊ-ն իրականացնում է այլ գործառույթներ և ՄԻՊ-ում առկա չէ ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ։ Բացի այդ, ըստ ՏՀԶԿ վերոնշյալ մոնիթորինգի ազդարարման ոլորտի թիվ 3.2. հենանիշի, ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու գործակալության ստորաբաժանման կամ աշխատակազմի հիմնական լիազորությունները ներառում են «ազդարարների դեմ հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) դեպքերի վերաբերյալ բողոքների ստացում և քննություն», որի առնչությամբ մոնիթորինգային ուղեցույցը սահմանում է «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու պահանջ»։ Մինչդեռ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի` բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում Պաշտպանի իրավասությունները սահմանող 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն, այն է՝ «լիազորված է դիմելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձին կամ կազմակերպություն՝ առաջարկելով ձեռնարկել ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ միջոցառումներ», օգտագործում է ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում վերոնշյալ «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու» թեստին։ 3.2. հենանիշը սահմանում է նաև ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու գործակալության ստորաբաժանման կամ աշխատակազմի հետևյալ հիմնական լիազորությունը՝ «արտաքին և ներքին ազդարարման եղանակներով ներկայացված ազդարարումներին պատշաճ ընթացք չտալու դեպքերի, ինչպես նաև ազդարարների պաշտպանության օրենսդրության այլ պահանջների խախտումների վերաբերյալ բողոքների ստացում և գործողությունների ձեռնարկում»։ Մոնիթորինգային ուղեցույցը «գործողությունների ձեռնարկում» եզրույթը մեկնաբանում է որպես «պատասխանատու մարմնի կողմից առնվազն առաջարկություններ կամ հրամաններ տալը համապատասխան մարմիններին՝ վերջ դնելու ազդարարների պաշտպանության օրենսդրության խախտումներին», որի կապակցությամբ կրկին սահմանվում է «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու» պահանջ։ Մինչդեռ, «ՄԻՊ-ի մասին» օրենքի 30.2.-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում (…) հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Պաշտպանն ազդարարների պաշտպանության իրականացման նպատակով իրավասու է՝ հետևելու պաշտպանական և վերականգնողական միջոցառումների իրականացմանը»։ Ինչպես տեսնում ենք, այս պարագայում ևս օրենքում տեղ են գտել ընդհանրական ձևակերպումներ, որի արդյունքում հասկանալի չէ, արդյոք սա վերահսկիչ լիազորություն է, թե վերջինս վերաբերում է միայն տեղեկատվության հավաքագրմանը և թույլ չի տալիս արձագանքել օրենսդրական պահանջների խախտումների դեպքերին։ Ազդարարների պաշտպանության ուղղված ՀՀ օրենսդրության համապատասխանությունը ՏՀԶԿ մոնիթորինգի վերոնշյալ՝ 3.2. հենանիշին հատկապես կարևորվում է ազդարարման ոլորտի թիվ 3.3. հենանիշի համապատասխանության քննարկման համատեքստում։ Վերջինս սահմանում է, որ ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմնի լիազորությունը՝ «կիրառել պատասխանատվության միջոցներ կամ ազդարարների՝ հաշվեհարդարից (վնասակար գործողություններից) պաշտպանության այլ միջոցներ կամ նախաձեռնել դրանց կիրառումը», որը մոնիթորինգային ուղեցույցի համաձայն մեկնաբանվում է որպես «մարմնի կողմից պատասխանատվության միջոցի կիրառում կամ դատական գործընթացի նախաձեռնում կամ այլ իրավասու մարմնի կողմից պատասխանատվության միջոցի կիրառման պահանջ», որի կապակցությամբ կրկին սահմանվում է «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու» պահանջ։ Մինչդեռ, «ՄԻՊ-ի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 5-րդ մասի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Պաշտպանը բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում ընդունում է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում, և օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները, իսկ պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմել իրավասու վարչական մարմիններին՝ Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում։ Ինչպես տեսնում ենք, իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հարցում ՄԻՊ գործիքակազմը սահմանափակվում է առաջարկի ներկայացմամբ, որը չի համապատասխանում ՏՀԶԿ նվազագույն ստանդարտին, այն է՝ պատասխանատվության ենթարկելու պահանջի ներկայացմանը։ Նմանապես, «ՄԻՊ-ի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված Պաշտպանի՝ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձին կամ կազմակերպությանը դիմելու՝ ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկով դիմելու իրավասությունը ևս չի կարող որակվել որպես «պատասխանատվության միջոցների կամ ազդարարների՝ հաշվեհարդարից (վնասակար գործողություններից) պաշտպանության այլ միջոցների կիրառում կամ նախաձեռնում»։ Միևնույն ժամանակ, Ռազմավարության նախագծում արձանագրվել է, որ չնայած «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխություններին, հստակ չեն իրավասու մարմինները դերերը, դրանց բաշխումը։ Բացի այդ, որպես ազդարարման համակարգի խնդիր է սահմանվել նաև ազդարարման հարցերով պատասխանատուների վերապատրաստման, մասնագիտական աճի հարցերով վերապատրաստում իրականացնող պատասխանատու կառույցների բացակայությունը: Այդ համատեքստում, Նախագծով առաջարկվում է հստակեցնել ազդարարման հարցերով պատասխանատու մարմինների դերերը և ապահովել ազդարարման հարցերով պատասխանատուների մասնագիտական գործունեության համակարգումը և նրանց վերապատրաստման կազմակերպումը՝ ճանաչելով ՀՀ արդարադատության նախարարությանը որպես լիազոր մարմին: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Ռազմավարության նախագիծը պետք է արտացոլի նաև վերոնշյալ խնդիրները և դրանց անդրադառնա նաև գործողությունների ծրագրում` դիտարկելով առանձին գործողության նախատեսումը, այն է՝ ՄԻՊ-ին տրամադրած ազդարարների պաշտպանությունն ապահովելու գործիքակազմը չի բավարարում միջազգային, մասնավորապես՝ ՏՀԶԿ՝ «Ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմնի» ստանդարտներին, մասնավորապես՝ գործող իրավական և կազմակերպական կառուցակարգերի համաձայն՝ • ՄԻՊ գրասենյակում առկա չէ ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ, որն իրականացնում է բացառապես ազդարարների պաշտպանությանն ուղղված գործառույթ(ներ) և չի կատարում այլ պարտականություններ, • օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված չեն վերջինիս կողմից՝ ազդարարների դեմ հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) դեպքերի վերաբերյալ բողոքների ստացման և քննության, ինչպես նաև արտաքին և ներքին ազդարարման եղանակներով ներկայացված ազդարարումներին պատշաճ ընթացք չտալու դեպքերի և ազդարարների պաշտպանության օրենսդրության այլ պահանջների խախտումների նկատմամբ վերջինիս վերահսկիչ գործառույթը, • վերջինս իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ կամ ազդարարների՝ հաշվեհարդարից (վնասակար գործողություններից) պաշտպանության այլ միջոցներ կամ նախաձեռնել դրանց կիրառումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից խախտում հայտնաբերելու դեպքում։ Բացի այդ, ելնելով այն հանգամանքից, որ, մի կողմից, ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմինը, տվյալ դեպքում՝ ՄԻՊ-ը, իրականացնելու է ներքին և արտաքին ազդարարմամբ ստացված ազդարարումներին պատշաճ ընթացք տալու և ազդարարների պաշտպանության օրենսդրության այլ պահանջների նկատմամբ վերահսկողություն, այսինքն՝ այդ թվում նաև ազդարարման հարցերով պատասխանատուների գործունեության նկատմամբ, իսկ, մյուս կողմից, անհրաժեշտ է ապահովել ազդարարման հարցերով պատասխանատուների մասնագիտական գործունեության համակարգումը, որը, Ռազմավարության նախագծով, առաջարկվում է իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հաշվի առնելով սույն գործառույթների փոխկապակցված բնույթը և Ռազմավարության նախագծով սահմանված՝ ազդարարման հարցերով պատասխանատու մարմինների դերերի հստակեցմանն ուղղված ենթագործողությունը, գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկել դրանց՝ տարբեր մարմինների կողմից իրականացման նպատակահարմարության հարցը։ Գտնում ենք, որ այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել հավելյալ վերլուծություններ և միջազգային փորձի ուսումնասիրություն՝ քննարկելով նաև այնպիսի համապարփակ մոդել, երբ ազդարարման համակարգի համար պատասխանատու լիազոր մարմնի գործունեությունը կներառի թե ազդարարման հարցերով պատասխանատուների մասնագիտական գործունեության համակարգման, թե՝ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման գործուն մեխանիզմներ։