«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
8 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:
Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ հաստատվել է «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ), որտեղ ընդգծվել է այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կապված է քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ:
Ընդ որում, քրեակատարողական առողջապահության ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման անհրաժեշտության պահանջը ամրագրված է ինչպես Հայեցակարգում, այնպես էլ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման հավելված 2-ում, որի 176-րդ կետի 3-րդ ենթակետով որպես գերակա խնդիր առանձնացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացումը (շարունակական)՝ նախատեսելով նաև քրեակատարողական ծառայությունում բժշկական ծառայողների անկախության երաշխիքների ստեղծման վերաբերյալ ինստիտուցիոնալ մոդելի ներկայացման պահանջ:
Հարկ է նշել, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք են՝
1) Մասնագիտական անկախության բացակայություն - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումները գտնվում են քրեակատարողական վարչության պետի անմիջական ենթակայության տակ, իսկ քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումները՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Սրանով պայմանավորված՝ բժշկական անձնակազմի կողմից բացառապես բժշկական հարցերի շուրջ կատարած մասնագիտական եզրակացությունները կարող են ենթարկվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ոչ մասնագիտական վերանայման, իսկ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կարող է բժիշկներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, գործնականում հավանություն չտալ բժշկական եզրակացություններին:
2) Բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահություն - մասնագիտական անկախության բացակայությունը իր հերթին հանգեցնում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահությունը:
3) Քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություն - քրեակատարողական ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներկայումս առկա են քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություններ, թափուր աշխատատեղեր և արդյունքում աշխատող անձնակազմի աշխատանքային գերծանրաբեռնվածություն, ինչն անուղղակիորեն զրկում է ազատությունից զրկված անձանց ժամանակին և որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
4) Բժշկական անձնակազմի որակավորման խնդիր - ազատազրկման վայրերում առողջապահական որակյալ անձնակազմի համալրումը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով այն, որ քրեակատարողական բուժօգնությունը լիովին առանձնացված է հանրային առողջապահությունից, ինչը բացասաբար է անդրադառնում բժշկական անձնակազմի որակի և որպես արդյունք նաև վերջիններիս կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի վրա, քանի որ հանրային առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերում վերջիններս չեն ընդգրկվում, չեն օգտվում քրեակատարողական համակարգից դուրս մասնագիտական և շարունակական բժշկական կրթությունից: Ուստի, անհրաժեշտ է առաջադրել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ քրեակատարողական համակարգի ներսում գործող բուժծառայությունները բժիշկ մասնագետների համար կլինեն առավել գրավիչ:
Ելնելով վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ անհրաժեշտ է բարեփոխել քրեակատարողական առողջապահական համակարգը, նախ և առաջ նախատեսելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որոնք կապահովվեն քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախությունը: Ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումները պետք է ներառեն նաև համապատասխան միջոցառումներ ուղղված քրեակատարողական առողջապահական համակարգի և հանրային առողջապահական համակարգի շարունակական համագործակցության ապահովմանը:
Հարկ է նշել, որ քրեակատարողական առողջապահության ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման և վերը նշված խնդիրների լուծման նպատակով Հայեցակարգով որպես քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման հնարավոր տարբերակ դիտարկվել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակումը` քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից հանելու և ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնելու վերաբերյալ: Այսպիսի բարեփոխման նախատեսումը հնարավորություն կընձեռի ապահովվել բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը, որն էլ իր հերթին կնպաստի պատշաճ որակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որն կապահովի կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացված նախագծով առաջարկվում է հետևյալ առանցքային լուծումները.
- հիմնադրման միջոցով ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
- սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվողկալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը.
- թույլատրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել Նախագծով սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
- Իրականացնել միջոցառումներ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի համալրման, ինչպես նաև վերջինիս գործունեության համար անհրաժեշտ տարածքների հատկացման համար:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, ստեղծել նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար:
-
Քննարկվել է
05.12.2017 - 20.12.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 10171
Տպել