Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եվ «Աղբահանության եվ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի՝ (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի ՝

  1. 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«կոշտ կենցաղային թափոններ՝ սպառման թափոնների տեսակներ, որոնք առաջանում են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում, ինչպես նաև ապրանքներ, որոնք անձնական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից օգտագործման ընթացքում կորցրել են իրենց սպառողական հատկությունները: Կոշտ կենցաղային թափոններին են պատկանում նաև այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում և կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին»:

  1. 4-րդ պարբերության «փոխադրմանը» բառից հետո լրացնել «տեղադրմանը» բառը.
  2. 15-րդ պարբերությունում «տեղաբաշխման» բառերից հետո լրացնել «, փոխաբեռնման կայաններ» բառերը:

 

         Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «ե) վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորումը և լիցենզավորման կարգի սահմանումը»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածով սահմանված իրավասությունների համակարգումը և դրանց իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տարածքային կառավարման և զարգացման ոլորտի լիազորված պետական մարմինը:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» կետով.

«ե) աջակցում է համայնքում սպառման թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրմանը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի՝ (այսուհետ` Օրենք)              2-րդ հոդվածում «Սահմանադրությամբ» բառից հետո ավելացնել «Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, միջազգային պայմանագրերով,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1 և 4.2 հոդվածներով.

 

«Հոդված  4.1  ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման համակարգումը.

2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման մեխանիզմների ներդրումը.

4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված  4.2  ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

1) մասնակցությունը աղբահանության և սանիտարական մաքրման  ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.

2) աղբահանության և սանիտարական մաքրման  ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմումը.

3)  աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և համակարգումը.

4) աղբավայրերի կառուցման, շահագործման և չհսկվող ու չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման), ինչպես նաև թափոնների փոխաբեռնման  կայանների կառուցման ու շահագործման նկատմամբ պահանջների մշակումը.

5) աղբահանության և սանիտարական մաքրման  ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը.

6) չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման  (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը.

7) կոշտ կենցաղային թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը.

8) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը

  1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.

1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 50-ից 400 դրամ, կամ

2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5-ից 25 դրամ:

  1. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50-ից 100 դրամ,

2) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ  գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20-ից 50 դրամ,

     3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5-ից 15 դրամ.

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 3-ից 15 դրամ:

5) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված  տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով:

 

  1. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝  3000 դրամ, կամ

2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 դրամ.

  1. 4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
  2. 5. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված դրույքաչափեր՝ հաշվի առնելով աղբի գոյացման վայրի (անշարժ գույքի) նպատակային կամ գործառնական նշանակությունը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.12.2017 - 16.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9850

Տպել