Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆՆԵՐ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասի» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների և առկա իրավական անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, անհրժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթները տարածել նաև փամփուշտների շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին վերաբերող դրույթներ առկա չեն, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում։ Բացի այդ, առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ, մինչդեռ դեռևս նման կազմակերպություններ չկան։ Ոստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ արգելվում է 7.5 ջոուլ փողային էներգիայից ավել էներգիայով և 4.5 մմ տրամաչափը գերազանցող օդաճնշիչ զենք, սառը և նետողական զենք oգտագործելն սպորտային oբյեկտներից և հրաձգարաններից դուրս, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կարող են օգտագործվել նաև գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով կենդանիներին ներարկելու։  Սակայն, օդաճնշիչը ինչպես քաղաքացիական մյուս զենքերը նախատեսված են քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար, այսինքն՝ օդաճնշիչ զենքը ոչ սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործելու սահմանափակում առկա չէ, հետևաբար՝  նշված դրույթն անհրաժեշտ է առաջացել հանելու։ Ինչ վերաբերվում  սառը զենքին, ապա  նույն հոդվածի 2-րդ մասի 10-րդ ենթակետով նախատեսված կարգավորման համաձայն՝  ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելն արդեն իսկ արգելված  է և թույլատրվում է միայն սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում։

«Պետական տուրքի մասի» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով անհրաժեշտություն է առաջացել սահմանել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափեր, որոնք դուրս են մնացել օրենքից և որը բխելու է անմիջականորեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում առաջարկվում է՝

1) 1-ին հոդվածում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ Օրենքի դրույթները կտարածվեն նաև փամփուշտների վրա․

2) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «7.5 ջոուլ փողային էներգիայից ավել էներգիայով և 4.5 մմ տրամաչափը գերազանցող օդաճնշիչ զենք, սառը» բառերը, քանի որ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օդաճնշիչ զենքը հանդիսանում է որպես քաղաքացիական զենքի տարատեսակ, իսկ 1-ին մասի համաձայն՝ ինչպես բոլոր քաղաքացիական զենքերն, այնպես էլ օդաճնշիչը, նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար։ Այսինքն՝ օդաճնշիչ զենքը ոչ սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործելու սահմանափակում առկա չէ, ինչպես նաև չկա անհրաժեշտություն որևէ սահմանափակում նախատեսելու համար։ Ինչ վերաբերվում  սառը զենքին, ապա  հարկ է նշել, որ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված կարգավորման համաձայն՝ ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելն արգելվում է, սակայն թույլատրվում է հոդվածով նախատեսված այլ դեպքերում՝ սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում․

3) խմբագրել 11-րդ հոդվածի 4-րդ մասը՝ առկա անհամապատասխանությունը վերացնելու համար։ Մասնավորապես, նշված հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որպես օտարերկրյա քաղաքացիներին տրվող թույլտվությունների տեսակ նախատեսված է աղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն, մինչդեռ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համար արտահանման թույլտվություն։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն․

4) 11-րդ հոդվածի 13-րդ մասում լրացվում է նոր դրույթ, որով հնարավորություն է ընձռվում արդեն իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացին ՀՀ ոստիկանություն չներկայանցի զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, ինչպես նաև զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ․

5) 16-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են երեք տարին մեկ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ:» նախադասությունը։ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին տրվող զենք կրելու թույլտվության ժամկետը սահմանված է 5 տարի, հետևաբար 16-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ երեք տարին մեկ զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ անցնելու անհրաժեշտությունը բացակայում է, բացի այդ, զենքը նշված անձանց տրվում է հատուկ պատրաստության ստուգարք անցնելուց հետո․

6) 17-րդ հոդվածի 6-րդ մասում «մեկում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում» բառերը՝ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացումը Ներքքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում կազմակերպելու համար՝ մինչև ռազմամարզական հասարակական կազմակերպությունների գործարկումը․

7) 26-րդ հոդվածի 1-ին մասի «թույլտվության հիման վրա» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քանակությամբ զենք ձեռքբերելուց հետո» բառերը, քանի որ Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է քաղաքացու կողմից ձեռքբերվող քաղաքացիական զենքի առավելագույն քանակը, սակայն հստակեցված չէ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար զենքերի նվազագույն շեմը․

8) 27-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «և զենքի անվանացանկը» բառերը, քանի որ յուրաքանչյուր զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու համար անվանացանկերը կարող են լինել տարբեր, և նման դրույթի նախատեսումը Օրենքով նպատակահարմար չէ․

9) 29-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը հանել, քանի որ առկա կարգավորման պարագայում չի կարող ապպահովվել Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթի կատարումը․ այն է՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվեն դրա պահպանությունը, անվտանգությունը, և բացառվի կողմնակի անձանց համար զենքի հասանելիությունը։

Միաժամանակ, «Պետական տուրքի մասի» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է դրույքաչափ զենքի փամփուշտների, հրազենի հիմնական մասեր ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի հնգապատիկի չափով, քանի որ գործող օրենքով պետական տուրք է եղել սահմանված միայն հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց տրվող թույլտվություններից է` քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվությունը` վեց ամիս գործողության ժամկետով։

«Պետական տուրքի մասի» օրենքի 19․1-րդ հոդվածի 12-րդ մասում ՀՀ քաղաքացիներին տրվող  քաղաքացիական զենք ձեռք բերելու համար նախատեսված տուրքից բացի նախատեսվել է լրացնել նաև ծառայողական զենք ձեռք բերելու համար տուրք, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավել տարի զինվորական ծառայության ստաժ և առնվազն «գնդապետ» զինվորական կոչումով գործող և պահեստազորի սպաներն իրավունք ունեն զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, որն օգտագործելու իրավունք ունեն միայն լիցենզավորված հրաձգարանների տարածքում։

Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիներին` ՀՀ-ում քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու և արտահանելու համար (5 oր գործողության ժամկետով)` «Պետական տուրքի մասին» օրենքի 19․1-րդ հոդվածի 22-րդ մասում նախատեսված  դրույթները խմբագրվել և համապատասխանեցվել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ և 18-րդ հոդվածների պահանջներին։

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր.

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Օրենքի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն Օրենքում առկա իրավական անհամապատասխանությունները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    06.06.2023 - 21.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2668

Տպել

Առաջարկներ`

Արմեն Բարսեղյան

07.06.2023

Թույլատրել ակոսափող զենքերի ռելոադինգը

Վարդան Պետրոսյան

07.06.2023

Առաջարկում եմ ակոսափող զենք ունեցողներին տրվի իրավունք փամփուշտները վերալիցքավորելու, ինչպես արվում է հարփաթողի դեպքում: Հաշվի առնելով որ 308,338 տրամաչափի փամփուշտների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ՌԴ կառավարության վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները ովքեր ունեն ակոսափող զինատեսակներ, տրամադրել սեփական օգտագործման համար փամփուշտներ պատրաստելու իրավունք

Arman Mkrtchyan

07.06.2023

փամփուշտները շատ թանկ են և նաև լինում է չի էլ ճարվում, մեզ անհրաժեշտ է լիցքավորումը թույլատրելի լինի քաղաքացիների համար

Տեսնել ավելին