Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է սնանկության ոլորտում մի շարք տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրների առկայությամբ և ուղղված է կենսունակ պարտապաններին հնարավորինս կարճ ժամկետում ակտիվ տնտեսական շրջանառություն վերադարձնելուն, ոչ կենսունակներին՝ տնտեսական դաշտից հեռացնելուն, ինչպես նաև «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև Օրենք) կարգավորումների հստակեցմանը, մասնավորապես տնտեսավարողների համար պարզ և կանխատեսելի իրավակարգավորումների սահմանմանը, ինչը կնպաստի սնանկության ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև այդ ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխմանը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         

  1. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է չհիմնավորված կարճ ժամկետային սահմանափակում դիմողի կողմից դիմումը հետ վերցնելու համար, օրինակ, մինչև դատական նիստը սկսվելը, այն դեպքում երբ օրինակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հայցվորը հայցից կարող է հրաժարվել մինչև դատաքննության ավարտը /ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդված 1-ին մաս/։

Ընդ որում հարկ է նկատել, որ դիմումից հրաժարվելը տնօրինչականության դատավարական սկզբունքի բաղադրատարն է, որը կիրառման համար անհրաժեշտ է ապահովել նպաստավոր պայմաններ՝ հաշվի առնելով որ այն կողմերի միջև առկա վեճը լուծելու ամենակարճ տարբերակն է և թեթևացնում է դատարանի աշխատանքը, ով գործի վարույթը կարճում է՝ առանց գործի ըստ էության քննություն կատարելու։

          Հետևաբար դիմումից հրաժարվելու ավելի երկար ժամկետի սահմանումը բխում է ինչպես դիմումատուի և պարտապանի շահերից, այնպես էլ դրական ազդեցություն է ունենում դատարանի ծանրաբեռնվածության նվազման համար։

          2  Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Սակայն ցանկը սպառիչ չէ, իսկ դատարանները տարբերակված պահանջներ են առաջադրում դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի համար։ Արդյունքում մեկ սնանկության դիմումը կարող է վերադարձվել տարբեր դատավորների կողմից դիմումին կից տարբեր փաստաթղթեր ներկայացնելու պահանջով մի քանի անգամ։ Նման մոտեցումը ծախսատար և ժամանակատար է ինչպես սեփական սնանկության դիմում ներկայացնելու ցանկություն ունեցող անձանց, այնպես էլ պետության համար։

          Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված դատարանների 2022թ․ գործունեության վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ 2022թ․ ներկայացվել է սնանկության ընդհանուր 4058 սնանկության դիմում, որից 2845-ը կամավոր սնանկության դիմում։ 4058 սնանկության դիմումից 1869-ը, այսինքն 46 տոկոսը վերադարձվել է[1]։

          Ընդ որում թեպետ վերադարձված կամավոր սնանկության դիմումների վերաբերյալ հաշվետվությունում տվյալներ առկա չեն, այնուամենայնիվ www.datalex.am կայքի ուսումնասիրությունը և անձանց բողոքները ցույց են տալիս, որ կամավոր սնանկության վերադարձված դիմումները գերակշիռ մասն են կազմում։

Դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Սնանկության դատարանի կողմից հիմնականում պարտապաններից պահանջվում է ներկայացնել վերջիններիս գույքի և գույքային իրավունքների վերաբերյալ տարբեր պետական մարմիններից և ՀՀ առևտրային բանկերից ստացված տեղեկություններ՝ անկախ նրանից պարտապանները գույք ունեն թե ոչ։ Ընդ որում նման պահանջի հիմնավորումը հանգում է նրան, որ դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ պարտապանին սնանկ ճանաչելու փուլում անհրաժեշտ է լինելու պարզել պարտապանի հաշվեկշռային անվճարունակության հարցը՝ (կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը) որը չի կարող իրականացվել առանց պարտապանի գույքի կազմի վերաբերյալ ապացույցների[2]։

Այս առումով առկա չէ միասնական դատական պրակտիկա։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մի շարք գործերով հայտնել է դիրքորոշում այն մասին, որ պարտապանի գույքի բացակայության մասին հայտարարությունը բավարար է և անհրաժեշտություն չկա պարտապանին պարտավորեցնել ներկայացնել իր գույքի կամ գույքային իրավունքների բացակայության մասին ապացույցներ, քանի որ քաղաքացիական շրջանառությունում գոյություն ունեն գույքի և գույքային իրավունքների բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրի բացակայությունը հիմնավորելը ապացուցման անհամաչափ մեծ բեռ է դիմողի համար[3]։

Վերոգրյալի հաշվառմամբ կարևոր է, որ նախևառաջ Օրենքը ձևակերպվի բավարար հստակությամբ, լինի կանխատեսելի որպիսի քաղաքացիական շրջանառության մասնակիցները հնարավորություն ունենան դրսևորել համապատասխան վարքագիծ։ Բացի այդ անհրաժեշտ է նաև ձեռնպահ մնալ պարտապաններին առանց անհրաժեշտության փաստաթղթեր ներկայացնելու պարտականությամբ ծանրաբեռնելով։

Նշվածի համատեքստում առաջարկվում է գույքի կամ գույքային իրավունքների նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջ սահմանել միայն պարտապանի մոտ գույքի կամ գույքային իրավունքների առկայության դեպքում։ Ընդ որում այդ դեպքում պարտապանը պարտավորություն կունենա նաև ներկայացնել գույքի արժեքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն, ինչով կլուծվի նաև հետագայում՝ սնանկ ճանաչելու փուլում պարտապանի հաշվեկշռային անվճարունակությունը գնահատելու խնդիրը։

Գույքի կազմն ամբողջությամբ պարզելու նպատակով առաջարկվում է ֆիզիկական անձ պարտապանների համար սահմանել ամուսնության կամ դրա բացակայության վերաբերյալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ստացված տեղեկություններ (ապացույցներ) ներկայացնելու պահանջ։

Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ա ենթակետը սահմանում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկի ներկայացման պահանջ։ Հարկ է նկատել, որ Օրենքի 54․1 հոդվածի 3-րդ մասի հիմքով Արդարադատության նախարարի հրամանով հաստատվել է պարտապանի կողմից սնանկության գործով կառավարչին ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը։ Կարծում ենք, որ նույնանման կամ անգամ նույն ձևով հայտարարագրի ներկայացման պահանջը որոշակի և կանխատեսելի կդարձնի գույքի ցանկի ներկայացման մասով օրենսդրական պահանջը։

Բացի այդ պետք է նկատել, որ հայտարարագրում կեղծ տեղեկատվության ներառումը քրեական օրենսգրքով պատժելի է, հետևաբար հայտարարագրի ներկայացման պահանջը կստիպի պարտապաններին առավել պատասխանատու և հետևողական լինել իրենց գույքի և գույքային իրավունքների վերաբերյալ սնանկության դիմումին կից դատարանին ներկայացվող տեղեկատվության հարցում։

 Հետևաբար հայտարարագրի և գույքի կամ գույքային իրավունքների առկայության դեպքում դրանց նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի և գույքի գնահատման փորձագիտական եզրակացության ներկայացման պահանջները կապահովեն պարտապանի հաշվեկշռային անվճարունակության հատկանիշների պարզումը, ինչպես նաև գույքի բացակայության դեպքում դիմումատուները պարտավորություն չեն ունենա դիմել և պետական մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և առևտրային բանկերից ստանալ և դատարանին ներկայացնել գույքի բացակայության վերաբերյալ ապացույցներ։ Սա կխնայի ինչպես դիմումատուների, այնպես էլ վերոնշյալ մարմինների ժամանակը և միջոցները՝ հատկապես հաշվի առնելով, որ նույն մարմինները պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի գույքի և իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը բոլոր դեպքերում ներկայացնում են Սնանկության դատարանին, հետևաբար պարտապանի կողմից հայտարարագրում կեղծ տեղեկությունների ներառումը անխուսափելիորեն բացահայտվելու է սնանկության վարույթի ընթացքում։

3․ Գործող օրենսդրությամբ սահմանված չէ սնանկության վարույթի տևողության առավելագույն ժամկետ։ Սնանկության վարույթները տարբեր պատճառներով կարող են տևել տարիներ։ Արդյունքում հետաձգվում է պարտապանների ակտիվ տնտեսական շրջանառություն վերադարձը և ոչ կենսունակ բիզնեսի շրջանառությունից դուրսբերումը: Այս երևույթներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում տնտեսության վրա։

Ընդ որում եթե որոշ դեպքերում սնանկության վարույթի երկար տևողությունն ունենում է օբյեկտիվ հիմք՝ պայմանավորված վարույթի բարդությամբ, պարտատերերի քանակով, պարտապանի գույքի  մեծ ծավալով և այլն, ապա մի շարք դեպքերում էլ, վարույթի տևողությունը պայմանավորված է լինելում սնանկության գործով կառավարչի կամ դատարանի անգործությամբ։ Խոսքը հատկապես առանց գույքի պարտապանների սնանկության վարույթի մասին է, որոնցով կառավարչի վարձատրությունը կախված չի լինում պարտապանի գույքի վաճառքից։ Հետևաբար մինչև Սնանկության նոր օրենսգրքի ընդունմամբ առավել համակարգային մեխանիզմների ներդրումը՝ առաջարկվում է սահմանել գույք չունեցող պարտապանների սնանկության վարույթի առավելագույն ժամկետ, որպիսի պայմաններում թե կառավարիչը և թե դատարանը սահմանափակված կլինեն օրենքով սահմանված ժամկետով, իսկ վերջիններիս կողմից ժամկետի խախտումը կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման։ 

Նման կարգավորումը կբացառի գույք չունեցող պարտապանների սնանկության վարույթների անհարկի ձգձգումը, արդյունքում տնտեսությունը արագ կմաքրվի ոչ կենսունակ բիզնեսներից, իսկ ֆիզիկական անձինք ավելի արագ կվերադառնան ակտիվ տնտեսական շրջանառություն։

  1. Մեկ այլ խնդիր է պարտատիրոջ կողմից առանձին քաղաքացիական գործի շրջանակներում նախապես վճարված պետական տուրքի հարցը։

          Այսպես, եթե պատասխանողի դեմ հարուցված քաղաքացիական գործը կարճվում է վերջինիս սնանկ ճանաչված լինելու հիմքով, ապա հայցվորի կողմից քաղաքացիական գործի քննության համար նախապես վճարված պետական տուրքի հարցի առնչությամբ պրակտիկայում չկա միատեսակ մոտեցում։

Այսպես, մի շարք գործերով դատարանները հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնը և հայցվորի կողմից պետական տուրքի գումարը նախապես վճարված լինելու պայմաններում  դատական ծախսերի հարցը համարել են լուծված[4]։

Մեկ այլ դեպքում դատարանը կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի գ) կետը և հայցվորի կողմից պետական տուրքի գումարը նախապես վճարված լինելու պայմաններում վերադարձրել է պետական տուրքի գումարը[5]։

          Ստացվում է, որ որոշ հայցվորներ քաղաքացիական գործով կայացված ակտով հետ են ստանում իրենց կողմից վճարված պետական տուրքի գումարը, որոշները՝ ոչ։

          Ընդ որում հարկ է նկատել, որ այն դեպքում, երբ դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը պետական տուրքի հարցը համարի լուծված, ապա այդ դեպքում խնդրահարույց է դառնում պարտապանի սնանկության վարույթով այդ պետական տուրքի մասով պահանջի ներկայացումը, քանի որ առկա է լինում օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական տուրքի հարցն արդեն իսկ լուծված է լինում, որպիսի պայմաններում Սնանկության դատարանը իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան չի կարող անդրադառնալ արդեն իսկ լուծված հարցին։ Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը իմպերատիվ սահմանում է, որ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:

          Այսինքն հայցվորը իր կողմից վճարված գումարը ետ չի ստանում ոչ քաղաքացիական և ոչ էլ սնանկության գործի շրջանակներում։

          Հետևաբար ստացվում է, որ հայցվորը իր իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացիական գործով դիմելով դատարան, ոչ միայն չի ստանում իր խնդիրը լուծող դատական ակտ, այլ նաև չլուծված արդյունքով գործի քննության համար վճարում է պետական տուրքի գումար։

Նշվածի չի բխում պետական տուրքի գանձման նպատակից, դատական ծախսերի բաշխման հիմքում ընկած մեղավոր անձի պատասխանատվության և արդարության սկզբունքներից։

Հետևաբար առաջարակվում է պարատապանի սնանկության հիմքով վերջինիս մասնակցությամբ քաղաքացիական գործի վարույթը կարճելու դեպքում նախապես վճարված պետական տուրքի գումարը վերադարձնել հայցվորին։

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է սույն Նախագիծը, որի ընդունումը կխթանի նախագծով կարգավորվող ոլոտներում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումների հստակեցմանը, մասնավորապես տնտեսավարողների համար պարզ և կանխատեսելի իրավակարգավորումների սահմանմանը, ինչը կնպաստի սնանկության ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը։

 

  • 4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է  

  • Սահմանել սնանկ ճանաչելու դիմումը ետ վերցնելու հնարավորության ավելի երկար ժամկետներ։
  • Սահմանել կամավոր սնանկության դիմումին կից պարտապանների կողմից ներկայացվող փաստաթղթերի հստակ և սպառիչ ցանկ։
  • Սահմանել առանց գույքի սնանկության վարույթների տևողության առավելագույն ժամկետ։
  • Պետական տուրքի գումարը վերադարձնել, եթե քաղաքացիական գործի վարույթը կարճվել է պատասխանողի սնանկ ճանաչված լինելու հիմքով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 - Սույն նախագծերը մշակվել են Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ մասնավոր հատվածի առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել գույք չունեցող սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց ավելի արագ վերադարձը ակտիվ տնտեսական շրջանառություն, և ոչ կենսունակ բիզնեսների արագ դուրսբերումը տնտեսությունից։ Նախագծով կվերացվեն կամավոր սնանկության դիմումների և պետական տուրքի մասով կարգավորումների անհստակությունները, ինչը կնպաստի այդ ոլորտում միատեսակ պրակտիկայի ձևավորմանը, ինչպես նաև սնանկության գործընթացը պարզ և կանխատեսելի կդարձնի տնտեսավարողների համար, ինչը կնպաստի սնանկության ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև այդ ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխմանը։

 

  1. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում։ Պետական բյուջեի եկամուտների նվազեցում կարող է լինել՝ հայցվորներին վերադարձվող պետական գումարի չափով։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցա­ռումների ծրագրից։

 

[1] https://court.am/hy/statistic-inner/222

[2] http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180566168

[3] http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180565462

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180566583 

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180566428

[4] http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204264803

[5] http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204084426

  • Քննարկվել է

    30.05.2023 - 14.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1864

Տպել