Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Հավելված 1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը (այսուհետ՝ հավելված 1): Հավելված 1-ի 1-ին կետի ներքո ներկայացված են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ) «Գլխավոր» էջում տեղ գտած եզրույթների նկարագիրը: Ըստ այդմ՝ «1) «Ազդարարել». այս պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ կատարելով սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները.»: Առաջարկում ենք սույն կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ««Ազդարարել». այս պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ (այսուհետև՝ տեղեկություն)՝ կատարելով սույն հավելվածի 2 -րդ կետով նախատեսված գործողությունները:»: Առաջարկում ենք, համապատասխանաբար փոփոխություն և լրացում կատարել նաև «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում, և հնարավորություն ընձեռել ազդարարին էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարել ոչ միայն հանցագործության մասին, այլև՝ այլ իրավախախտումների մասին: Ընդունվել է ի գիտություն: «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին: Այսինքն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով կարող են ներկայացվել բացառապես հանցագործության մասին հաղորդումներ: Նշված օրենքին համահունչ՝ Նախագծում ամրագրվել է, որ «Ազդարարել» պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Ավելացնել նոր՝ 2-րդ ենթակետ հետևյալ խմբագրությամբ. ««Ոչ իրավաչափ գործողություն». պարունակում է սույն կարգի Հավելված 1-ով նախատեսված «Ազդարարել» եզրույթի ներքո սահմանված խախտումները և իրավախախտումները, պատճառված վնասները և այլ գործողությունները»: Ընդունվել է ի գիտություն: Տե՛ս նախորդ կետը:
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Հալվելված 1-ի 1-ի կետի 3-րդ ենթակետով ներկայացված է՝ «3) «Միասնական էլեկտրոնային հարթակի մասին». այս պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը.»: Առաջարկում ենք «Տեղեկատվություն» եզրույթը փոխարինել «Նկարագիր» եզրույթի հետ, որպեսզի այն շփոթություն չառաջացնի «Ազդարարել» եզրույթի ներքո արտացոլված «Տեղեկություն» եզրույթի հետ: Ընդունվել է ի գիտություն: Տե՛ս նախորդ կետը:
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Հալվելված 1-ի 1-ի կետի 4-րդ ենթակետով ներկայացված է՝ «4) «Միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց». այս պատուհանում քայլ առ քայլ ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը:»: Առաջարկում ենք սույն ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) «Միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց». այս պատուհանում քայլ առ քայլ ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները, ազդարարման և դրա ընթացքը ապահովելու կարգը և պայմանները.»: Ընդունվել է ի գիտություն: Հավելված 1-ի 1-ին կետի (վերահամարակալվել է որպես 2-րդ կետ) 4-րդ ենթակետով նախատեսված «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց» պատուհանի միջոցով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի այցելուին քայլ առ քայլ ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պատուհանը վերաբերում է հարթակի օգտագործման ուղեցույցին՝ գտնում ենք, որ դրանում ազդարարման ընթացքն ապահովելու կարգի նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ հարկ է նշել, որ վերջինս կզետեղվի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին» պատուհանում, ինչպես նաև հարթակով ներկայացվող հաղորդագրություններում:
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Առաջարկում ենք Հավելված 1-ի 2-րդ կետի ներքո տեղ գտած «հանցագործություն» եզրույթները փոխարինել՝ «ոչ իրավաչափ գործողություն» եզրույթներով՝ վերը նշված հիմնավորումներից ելնելով: Ընդունվել է ի գիտություն: «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին: Այսինքն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով կարող են ներկայացվել բացառապես հանցագործության մասին հաղորդումներ: Նշված օրենքին համահունչ՝ Նախագծում ամրագրվել է, որ «Ազդարարել» պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:
6 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Հավելված 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա կետի համաձայն՝ ազդարարման դեպքում պատադիր է լրացրել նաև հանցագործությունը կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը: Այստեղ, իրավացիորեն հարց է առաջանում, ի՞նչ անել այն դեպքում, երբ ազդարարը տիրապետում է հանցագործություն կատարելու մասին տեղեկությանը և ցանկություն ունի այն տրամադրել իրավապահ մարմիններին՝ էլեկտրոնային հարթակի միջոցով: Ներկայացնենք մեկ այլ իրավիճակ, ազդարարը տիրապետում է հանցագործության կատարման տեղեկություններին, սակայն չգիտի, թե ովքե՞ր են կատարել հանցագործությունը: Փաստացի ստացվում է, որ անձը ունենալով հանցագործության կատարման մասին տեղեկություններ, չի կարող այն ներկայացնել իրավապահ մարմիններին, այն պարզ պատճառով, որ չգիտի թե ովքե՞ր են կատարել հանցագործությունը: Դիտարկենք մեկ այլ օրինակ նույնպես. Պաշտոնատար անձը ապօրինի հարստացել է: Վերջինիս հարևանը տեղյակ չէ, թե պաշտոնատար անձը որտե՞ղ է աշխատում և ի՞նչ եկամուտներ է ստանում: Մեկ տարվա ընթացքում վերջինս սկսում է մեծ շինության կառուցում, և ազդարարի մոտ առաջանում են ողջամիտ կասկածներ այն մասին, որ կառուցվող շինությունը ապօրինի հարստացման արդյունք է: Այստեղ ևս իրավացիորեն հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է վարվի ազդարարը նշված տեղեկության հետ: Առաջարկում ենք խմբագրել սույն կետը և հնարավորություն ընձեռել ազդարարին նշել կա՛մ պաշտոնատար անձի անուն ազգանունը, կա՛մ մարմինը, որտեղ պաշտոնատար անձը աշխատում է, կա՛մ ելակետային տվյալներ և ապուցույցներ, որոնք կհաստատեն ազդարարի կողմից ներկայացված հաղորդման ճշմարտացիությունը: Ընդունվել է ի գիտություն: Հավելված 1-ի 2-րդ կետի (վերահամարակալվել է որպես 3-րդ կետ) 4-րդ ենթակետի համաձայն՝ հաղորդմամբ պետք է նշվի այն մարմինը, որտեղ կամ որի աշխատակցի մասնակցությամբ, ըստ ազդարարի, կատարվել է հանցագործություն: Նման տեղեկատվության ներկայացումը պարտադիր է, քանի որ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել: Հետևաբար, ազդարարը պետք է նշի կամ այն մարմնին, որտեղ կատարվել է հանցագործություն, կամ այն մարմնի աշխատակցին, որի մասնակցությամբ կատարվել է հանցագործությունը:
7 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Այնուհետև, նախագծից պարզ չէ արդյոք ազդարարումը կարո՞ղ է ներկայացվել նաև մասնավոր ոլորտում կատարված հանցագործությունների և վնասակար գործողությունների մասին հաղորդում: Օրինակ, ազդարարը ունի տեղեկություններ առևտրային կաշառքի մասին, որին մասնակից է դարձել մասնավոր ոլորտի սուբյեկտը: Ընդունվել է ի գիտություն: «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին: Հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել: Ասվածից հետևում է, որ հաղորդման մեջ, ի թիվս այլնի, պետք է հստակ նշվի կոնկրետ մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները, որպեսզի հաղորդումը ենթակա լինի ստուգման:
8 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Նախագծից պարզ չէ նաև թե հաղորդումը ներկայացնելուց հետո ի՞նչ ժամկետներում է իրավասու մարմինը պարտավոր ուսումնասիրել հայտը և հետադարձ կապ պահել ազդարարի հետ: Առաջարկում ենք սույն իրավական ակտի շրջանակներում այս հարցը նույնպես կարգավորել: Ընդունվել է ի գիտություն: «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նշված օրենքով նախատեսված՝ արտաքին ազդարարմանն առնչվող օրենսդրական կարգավորումները տարածվում են անանուն հաղորդումների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են: Ինչ վերաբերում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ունեցող մարմնի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համար հստակ ժամկետներ նախատեսելուն, որի ընթացքում վերջինս պետք է ուսումնասիրի հաղորդումը, ապա հարկ է նշել, որ հաղորդումն օպերատիվ-հետախուզական ճանապարհով ստուգելու դեպքում հստակ ասել հնարավոր չէ, թե երբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կպարզի արարքում հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության հանգամանքը: Ուստի, «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենսդիրը ևս ձեռնպահ է մնացել նման ժամկետ նախատեսելուց:
9 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:35:54 Այնուհետև, ազդարարների պաշտպանության, ազդարարման վերաբերյալ առկա տեղեկությունները պաշտպանելու, դրանք հնարավոր հակերային հարձակումներից ապահովելու նպատակով, առաջարկում ենք սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվեն, և ազդարարների, նրանց ընտանիքի անդամների կյանքը սպառնալիքի տակ չի դրվի: Ընդունվել է: Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների առնչությամբ հաղորդման ստուգման համար պատասխանատու անձանց բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Նախագծի 2-րդ հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով ամրագրվել է առ այն, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը, ի շարս այլ գործողությունների, իրականացնում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահուստային պատճենահանում: Ինչ վերաբերում է տվյալների ոչնչացմանը, ապա հարկ է նշել, որ Նախագծի վերջնական տարբերակում կամրագրի, թե ինչ ժամկետով են պահպանվելու ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով գրանցված անհատական հասցեները:
10 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:36:33 Հավելված 2. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը (այսուհետ՝ հավելված 2): Հավելված 2-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված է. «Միասնական էլեկտրոնային հարթակի վարման և գործարկման աշխատանքներին մասնակցում են հետևյալ սուբյեկտները՝ 2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք:» Առաջարկվում ենք, սույն իրավական ակտի սահմաններում սահմանել նաև պատասխանատու անձանց շրջանակը: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 2-րդ հավելվածի 5-րդ մասն արդեն իսկ ամրագրում է, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք նշանակվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից:
11 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:36:33 Հավելված 2-իդ 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության աշխատանքների համակարգման համար և իրականացնում է` 1) միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիության տրամադրում և զրկում»: Տարածական մեկնաբանումից խուսափելու և միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու նպատակով, առաջարկում ենք առավել հստակ սահմանել, որ զրկումը վերաբերում է և իրականացվելու է միայն էլեկտրոնային հարթակի ադմինիստրատիվ սպասարկում իրականացնող՝ լիազոր մարմնի ներկայացուցիչների նկատմամբ: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 2-րդ հավելվածի 4-րդ կետի 1-ին մասով հստակ նախատեսվել է, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության աշխատանքների համակարգման համար և իրականացնում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիության տրամադրում և զրկում: Հետևաբար, հարթակի ադմինիստրատորը հասանելիությունից զրկում է ոչ թե Լիազոր մարմնի ներկայացուցիչներին, այլ հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց:
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 16:23:36 Այնուհետև, ազդարարների պաշտպանության, ազդարարման վերաբերյալ առկա տեղեկությունները պաշտպանելու, դրանք հնարավոր հակերային հարձակումներից ապահովելու նպատակով, առաջարկում ենք սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվեն, և ազդարարների, նրանց ընտանիքի անդամների կյանքը սպառնալիքի տակ չի դրվի: Ընդունվել է: Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների առնչությամբ հաղորդման ստուգման համար պատասխանատու անձանց բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Նախագծի 2-րդ հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով ամրագրվել է առ այն, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը, ի շարս այլ գործողությունների, իրականացնում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահուստային պատճենահանում: Ինչ վերաբերում է տվյալների ոչնչացմանը, ապա հարկ է նշել, որ Նախագծի վերջնական տարբերակում կամրագրի, թե ինչ ժամկետով են պահպանվելու ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով գրանցված անհատական հասցեները:
13 Քարլ Ուլբրիխթ 11.12.2017 14:36:50 Նախագծի 1-ին հավելվածի համաձայն՝ հարթակն ունի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին» պատուհան: Նշված պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը, ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը և միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության երաշխիքները: Անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք այստեղ առկա է լինելու տեղեկատվություն առ այն, թե ով է հանդիսանալու կայքի ադմինիստրատորը, և ով է ստանալու հաղորդումը: Ընդունվել է ի գիտություն: Նշված պատուհանում զետեղվելու է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին համապարփակ տեղեկատվություն: Հետևաբար, նշված պատուհանում անդրադարձ է կատարվելու նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորին և հարթակով ներկայացված հաղորդմանն ընթացք տալու համար պատասխանատու անձանց, ինչպես նաև նրանց գործառույթներին:
14 Քարլ Ուլբրիխթ 11.12.2017 15:15:44 Հարթակն ունի նաև «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց» պատուհան, որտեղ քայլ առ քայլ ներկայացվելու է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը: Արդյոք սա նշանակում է, որ այս պատուհանում ներկայացվելու է նաև հաղորդման ներկայացման իրավական հետևանքները կամ տվյալների ներկայացման կամ անանուն եղանակով հաղորդման ներկայացման իրավական հետևանքների միջև առկա տարբերությունը կամ ազդարարին պատասխանելու համար սահմանված ժամկետային սահմանափակումների մասին տեղեկատվություն: Ընդունվել է ի գիտություն: Խնդրո առարկա պատուհանը միտված է օգնելու անձին ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու և հաղորդում ներկայացնելու հարցում: Ձեր կողմից բարձրացված հարցերը զետեղվելու են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին» պատուհանում: Ինչ վերաբերում է ազդարարին պատասխանելու համար սահմանված ժամկետային սահմանափակումներին, ապա հարկ է նշել, որ, ի տարբերություն ներքին և արտաքին ազդարարման, ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի դեպքում հստակ ժամկետներ սահմանված չեն, քանի որ հաղորդումը վերաբերում է հանցագործությանը, և այն ենթակա է ստուգման օպերատիվ-հետախուզական ճանապարհով:
15 Քարլ Ուլբրիխթ 11.12.2017 15:26:33 Հարթակի «Վիճակագրություն» պատուհանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների քանակի, գրանցված ազդարարների ընդհանուր քանակի, ներկայացված հաղորդումների քանակի, հաղորդումների ստուգման արդյունքում հարուցված քրեական գործերի վերաբերյալ: Արդյոք սա չի հանգեցնի անձանց IP հասցեների բացահայտմանը: Ընդունվել է ի գիտություն: Նշված պատուհանը ներկայացնելու է վիճակագրական տվյալներ, որոնք որևէ կերպ չեն կարող հանգեցնել անձի համացանցային հաղորդակարգի հասցեի (Internet Protocol Address) բացահայտմանը: