Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

«                                                                                                                                                            Հավելված 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

________________ «    »-ի N_____-Ն որոշման

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակն (այսուհետ՝ նաև միասնական էլեկտրոնային հարթակ) ունի «Գլխավոր» էջ, որտեղ մուտք գործելուց հետո էկրանին հայտնվում է հաղորդագրություն. «Հարգելի՛ այցելու, Դուք մուտք եք գործել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ: Հարթակի միջոցով Դուք կարող եք անանուն կամ տվյալների ներկայացման եղանակով ներկայացնել հանցագործության վերաբերյալ հաղորդում: Անանուն եղանակով հաղորդման ներկայացման դեպքում Ձեր անանունությունը երաշխավորվում է Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու նպատակով անհրաժեշտ է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել ՏՈՌ (TOR), Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով:

ՏՈՌ (TOR) ցանցային դիտարկիչի (browser) միջոցով մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է ավտոմատ կերպով՝ ապահովելով Ձեր անանունությունը:

Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչով (browser) մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝

1) մուտք գործել «Ցանկ» (Menu) պատուհան.

2) սեղմել «Կարգավորումներ» (Settings) կոճակը.

3) բացված պատուհանում սեղմել «Գաղտնիություն և անվտանգություն» (Privacy & security) կոճակը.

4) բացված պատուհանում նշել «Միացնել վիրտուալ մասնավոր ցանցը» (Enable VPN) կոճակը:

Նշված գործողությունները կատարելու դեպքում Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է՝ ապահովելով Ձեր անանունությունը:»:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի «Գլխավոր» էջ պատուհանը բաղկացած է հետևյալ պատուհաններից՝

1) «Ազդարարել». այս պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին՝ կատարելով սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված գործողությունները.

2)   «Մուտք գործել անհատական հասցե». այս պատուհանի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակում գրանցված ազդարարը մուտք է գործում իր անհատական հասցե.

3) «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին». այս պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը, ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը և միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության երաշխիքները.

4) «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց». այս պատուհանում քայլ առ քայլ ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը. 

5) «Վիճակագրություն». այս պատուհանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների քանակի, գրանցված ազդարարների ընդհանուր քանակի, ներկայացված հաղորդումների քանակի, հաղորդումների ստուգման արդյունքում հարուցված քրեական գործերի վերաբերյալ.

6) «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ». այս պատուհանը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների միջոցով բացահայտված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն:

3. Ազդարարի կողմից հանցագործության մասին տեղեկությունների հաղորդումն իրականացվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝

1) քայլ 1. մուտք գործել «Ազդարարել» պատուհան.

2) քայլ 2. ընտրել ազդարարման եղանակը՝ «Անանուն եղանակով», «Տվյալների ներկայացման եղանակով»: Այն դեպքում, երբ ընտրվում է «Անանուն եղանակով» կոճակը, համակարգում գրանցվելն իրականացվում է սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով: «Տվյալների ներկայացման եղանակով» կոճակն ընտրելու դեպքում համակարգում գրանցվելն իրականացվում է սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված կարգով.

3) քայլ 3. «Անանուն եղանակով» կոճակն ընտրելու դեպքում, եթե ազդարարը չի ծածկագրել իր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address), ապա էկրանին հայտնվում է հաղորդագրություն. «Հարգելի՛ այցելու, եթե ցանկանում եք անանուն եղանակով շարունակել հաղորդման ներկայացումը, անհրաժեշտ է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել ՏՈՌ (TOR), Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով:

ՏՈՌ (TOR) ցանցային դիտարկիչի (browser) միջոցով մուտք գործելու դեպքում Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է ավտոմատ կերպով՝ ապահովելով Ձեր անանունությունը:

Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչով (browser) մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝

1) մուտք գործել «Ցանկ» (Menu) պատուհան.

2) սեղմել «Կարգավորումներ» (Settings) կոճակը.

3) բացված պատուհանում սեղմել «Գաղտնիություն և անվտանգություն» (Privacy & security) կոճակը.

4) բացված պատուհանում նշել «Միացնել վիրտուալ մասնավոր ցանցը» (Enable VPN) կոճակը:

Նշված գործողությունները կատարելու դեպքում Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է՝ ապահովելով Ձեր անանունությունը:».

4) քայլ 4. նշել այն մարմինը, որտեղ կամ որի աշխատակցի մասնակցությամբ, ըստ ազդարարի, կատարվել է հանցագործություն.

5) քայլ 5. լրացնել հետևյալ հարցերը պարունակող հարցաշարը՝

ա.  հանցագործություն կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).

բ. հանցագործության հետ առնչություն ունեցող այլ անձի անուն, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).

գ. հանցագործության կատարման ամսաթիվը (ոչ պարտադիր).

6) քայլ 6. «Հանցագործության նկարագրություն» բաժնի միջոցով ներկայացնել հանցագործության հետ կապված մանրամասները՝ նշելով երբ և ինչ պայմաններում է կատարվել հանցագործությունը.

7) քայլ 7. «Փաստաթղթերի կամ աուդիո և տեսաձայնագրությունների ներբեռնում» կոճակի միջոցով ներբեռնել հաղորդվող հանցագործությանն առնչվող՝ TXT, DOCX, DOC, PDF, ZIP, RAR, JPG, JPEG, XLSX, XLS ֆորմատներով փաստաթղթեր կամ աուդիո և տեսաձայնագրություններ, եթե այդպիսիք առկա են.

8) քայլ 8. սույն կետի 1-7-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները կատարելուց հետո էկրանին հայտնվում է հաղորդագրություն. «Հարգելի՛ այցելու, «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանցագործության հատկանիշներ պարունակող և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել: Ուստի, խնդրում ենք անհրաժեշտության դեպքում վերանայել ներկայացված հաղորդման բովանդակությունը և խմբագրել այն՝ հնարավորություն տալով ՀՀ գլխավոր դատախազությանը բացահայտել հանցագործությունը:».

9) քայլ 9. սույն կետի 8-րդ ենթակետով նախատեսված հաղորդագրությունից հետո էկրանին հայտնվում է ներկայացված հաղորդման ամբողջ բովանդակությունը, որն ազդարարը կարող է վերանայել «Խմբագրել» կոճակի միջոցով.

10) քայլ 10. «Հաստատել հաղորդումը» կոճակի միջոցով ազդարարը հաստատում է ներկայացված հաղորդումը:

4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո հաղորդումը համարվում է միասնական էլեկտրոնային հարթակում գրանցված:

5. «Անանուն եղանակով» ազդարարումն ընտրելու դեպքում hաղորդումը միասնական էլեկտրոնային հարթակում գրանցելուց հետո ազդարարին «» տրամադրվում է անհատական հասցե և անհատական հասցե մուտք գործելու համար անհրաժեշտ պայմանական անուն և գաղտնաբառ: Պայմանական անվան և գաղտնաբառի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակը նույնականացնում է անձին և ապահովում մուտքն անհատական հասցե:

6. «Տվյալների ներկայացման եղանակով» ազդարարումն ընտրելու դեպքում hաղորդումը միասնական էլեկտրոնային հարթակում գրանցելուց հետո ազդարարը համակարգ մուտք գործելու համար մուտքագրում է իր տվյալները և «» գաղտնաբառը: Մուտքագրված տվյալների միջոցով միասնական էլեկտրոնային հարթակը նույնականացնում է անձին և ապահովում մուտքն անհատական հասցե:

7. Հաղորդումը ներկայացնող ազդարարի անհատական հասցեն բաղկացած է հետևյալ պատուհաններից՝

1) «Գրանցել նոր հաղորդում». այս պատուհանի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակում գրանցված ազդարարը կարող է ներկայացնել հանցագործության մասին նոր հաղորդում.

2) «Ներկայացված հաղորդումներ». այս պատուհանում ընդգրկվում են ազդարարի կողմից ներկայացված հաղորդումները.

3) «Ծանուցումներ». այս պատուհանի միջոցով ազդարարը ծանուցվում է հաղորդման ընթացքի վերաբերյալ.

4) «Հետադարձ կապ». այս պատուհանը միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ունեցող մարմնին հնարավորություն է տալիս կապ հաստատել ազդարարի հետ, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ և փաստեր, որոնք առնչվում են հաղորդմանը:

 

 

 Հավելված 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

________________ «    »-ի N_____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին):

2. Միասնական էլեկտրոնային հարթակի վարման և գործարկման աշխատանքներին մասնակցում են հետևյալ սուբյեկտները՝

1) միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատոր.

2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք:

3. Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է Լիազոր մարմնի կողմից:

4. Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության աշխատանքների համակարգման համար և իրականացնում է`

1) միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիության տրամադրում և զրկում.

2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց միասնական էլեկտրոնային հարթակի շահագործման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

3) միասնական էլեկտրոնային հարթակի աշխատանքի մշտադիտարկում.

4) միասնական էլեկտրոնային հարթակի սերվերի աշխատանքի մշտադիտարկում.

5) միասնական էլեկտրոնային հարթակի անխափան աշխատանքի ապահովման տեխնիկական աշխատանքների իրականացում, այդ թվում` սերվերի ծրագրային և տեխնիկական սպասարկում.

6) միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահուստային պատճենահանում.

7) միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության խափանման ժամանակ (ծրագրի կամ սարքավորման անսարքություն, կապուղիների խափանում, տվյալների շտեմարանների չթույլատրված մուտքի, տվյալների զանգվածների խափանում և այլն) անհապաղ տեղեկացնում է Լիազոր մարմնին: Տեղեկատվական ենթակառուցվածքի գործառնության բնականոն գործունեության վերականգնման համար Լիազոր մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ:

5. Հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք նշանակվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից:

6. Հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք ապահովում են միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:»:

 

 

  • Քննարկվել է

    24.11.2017 - 11.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    ՀՀ արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 551

Տպել

Առաջարկներ`

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Հարթակի «Վիճակագրություն» պատուհանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների քանակի, գրանցված ազդարարների ընդհանուր քանակի, ներկայացված հաղորդումների քանակի, հաղորդումների ստուգման արդյունքում հարուցված քրեական գործերի վերաբերյալ: Արդյոք սա չի հանգեցնի անձանց IP հասցեների բացահայտմանը:

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Հարթակն ունի նաև «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց» պատուհան, որտեղ քայլ առ քայլ ներկայացվելու է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը: Արդյոք սա նշանակում է, որ այս պատուհանում ներկայացվելու է նաև հաղորդման ներկայացման իրավական հետևանքները կամ տվյալների ներկայացման կամ անանուն եղանակով հաղորդման ներկայացման իրավական հետևանքների միջև առկա տարբերությունը կամ ազդարարին պատասխանելու համար սահմանված ժամկետային սահմանափակումների մասին տեղեկատվություն:

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Նախագծի 1-ին հավելվածի համաձայն՝ հարթակն ունի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին» պատուհան: Նշված պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը, ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը և միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության երաշխիքները: Անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք այստեղ առկա է լինելու տեղեկատվություն առ այն, թե ով է հանդիսանալու կայքի ադմինիստրատորը, և ով է ստանալու հաղորդումը:

Տեսնել ավելին