Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ՆՄՈՒՇՆԵՐԸ), ՈՐՈՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ     

 

                       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի N ...-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ՆՄՈՒՇՆԵՐԸ), ՈՐՈՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 15-րդ հոդվածի 1-ին, 32-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝ պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և ծառայողական զենքի շրջանառության կարգը՝ համաձայն հավելված 1-ի։

2․ Սահմանել՝ մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների կողմից սպառազինման ընդունելու կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3.Սահմանել՝ պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության կարգը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը հաստատելու մասին» N 722-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

Հավելված N 1 
 ՀՀ կառավարության 2023 թվականի

__________ -ի N  -Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից մարտական և ծառայողական զենքի (այսուհետ՝ զենք) վաճառքի, փոխանցման, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու և դրանց ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, տեղափոխելու (փոխադրելու), օգտագործելու, ոչնչացնելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելու և Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում և արտահանում) հետ կապված հարաբերությունները:

 

2 ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

2. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն`

1) զենքը վաճառելու կամ փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, ինչպես նաև այն իրավաբանական անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով,

2) առանց լիցենզիայի ձեռք բերելու մարտական և զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրում գրանցված ցանկացած զենք` այն իրավաբանական անձանցից, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող զենք:

3. Զենքի փոխանցումը, վաճառքը և ձեռքբերումը պետք է ձևակերպվեն սահմանված ձևի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը սահմանվում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով։

4. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավել տարի զինվորական ծառայության ստաժ և առնվազն «գնդապետ» զինվորական կոչումով գործող և պահեստազորի սպաներն իրավունք ունեն զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, որն օգտագործելու իրավունք ունեն միայն լիցենզավորված հրաձգարանների տարածքում։ Փոխանցված զենքը և ռազմամթերքը ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում (այսուհետ՝ Ոստիկանություն):

5. Ոստիկանությունն իրավունք ունի հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ժամանակավորապես մարտական զենք փոխանցելու` կանոնադրական խնդիրները լուծելու համար:

6. Զենքը համապատասխան իրավաբանական անձանց տրամադրվում է նրանց ղեկավարի (ղեկավար մարմնի) կողմից դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացվելուց հետո, որոնց ցանկը սահմանում է Ոստիկանությունը:

7. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունում գտնվող ակոսափող հրազենից իրականացվում է նախնական ստուգողական կրակոց` արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնելու նպատակով:

8. Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախնական ստուգողական կրակոց իրականացնելուց հետո: Առանց նախնական ստուգողական կրակոց իրականացնելու թույլատրվում է զենք ձեռք բերել միայն այլ պետական ռազմականացված կազմակերպություններից:

9. Զենքից նախնական ստուգողական կրակոցներն իրականացվում են նաև մասնագիտացված ձեռնարկություններում կապիտալ վերանորոգումից հետո:

10. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ ստուգողական կրակոցները կարող են իրականացվել զենքի շրջանառության այլ փուլերի ընթացքում:

11. Զենքից նախնական ստուգողական կրակոցներ իրականացնելու տեխնիկական պահանջները, դրանց փաստաթղթավորումը, հաշվառելու, պահելու և գնդակների ու պարկուճների հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան փոխանցելու կանոնները, ինչպես նաև օգտագործված գնդակների և պարկուճների դուրսգրման ու ոչնչացման կարգը սահմանում է Ոստիկանությունը` համաձայնեցնելով մյուս պետական ռազմականացված կազմակերպությունների հետ:

 

3 ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ

12. Պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարանները, փորձագիտական և հատուկ այդ նպատակներով ստեղծված հիմնարկներն իրավունք ունեն կազմելու և ցուցադրելու զենքի հավաքածուներ:

13. Պետական ռազմականացված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն հավաքածուներ կազմելու և ցուցադրելու համար փոխանցելու (վաճառելու) այն զենքը, որի մասին տեղեկությունները չեն կազմում պետական գաղտնիք:

14. Զենք կարող է պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարաններ, փորձագիտական և հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնարկներ փոխանցվել` առանց մալելու կամ ուսումնական վիճակի բերվելու, իսկ հավաքածուներ կազմելու և ցուցադրելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և քաղաքացիներին, որպես կանոն, մալած կամ ուսումնական վիճակի բերված:

 

4 ԶԵՆՔ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ՊԱՀԵԼԸ ԵՎ ԿՐԵԼԸ

15. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են իրականացնել զենքի հաշվառում` համապատասխան պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարի սահմանած կարգով:

16. Պետական ռազմականացված կազմակերպություններում զենք պահելն իրականացվում է միայն այդ նպատակի համար հատուկ նախատեսված տարածքներում, որոնք ապահովում են զենքի պահպանության անվտանգությունը և բացառում կողմնակի անձանց չարտոնված մուտքը: Զենքը պահելու համար տարածքները սարքավորվում են պահպանության և հրշեջ անվտանգության տեխնիկական միջոցներով: Ըստ զենքի նշանակության՝ դրանք պահելու պահանջները որոշվում են պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով։

17. Որպես պարգև տրված կամ փոխանցված զենքի հափշտակման կամ կորստի դեպքում պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողները պարտավոր են դրա մասին անմիջապես հայտնել Ոստիկանություն:

18. Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և աշխատողները պարտավոր են զենքի հափշտակման, կորստի, փչանալու կամ շարքից դուրս գալու բոլոր դեպքերի մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարներին, որոնք իրենց հերթին զենքի հափշտակման և կորստի, ինչպես նաև զենքը Ոստիկանությունից ստանալու դեպքում դրա փչանալու կամ շարքից դուրս գալու բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկացնում են Ոստիկանությանը, իսկ անհրաժեշտության դեպքում` դատախազություն զենքի հափշտակման կամ կորստի հանգամանքների մասին` նշելով յուրաքանչյուր միավոր զենքի մոդելը, տրամաչափը, սերիան, համարը, արտադրության տարեթիվը, կազմակերպում են հետաքննություն և միջոցներ են ձեռնարկում հափշտակված կամ կորած զենքը հայտնաբերելու համար:

19. Հափշտակված կամ կորած զենքը պետական ռազմականացված կազմակերպություններում հաշվառումից դուրս է գրվում պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով` Ոստիկանությունից հափշտակված կամ կորած զենքը հաշվառման վերցնելու մասին տեղեկանքն ստանալուց հետո:

20. Հափշտակված կամ կորած զենքի զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություն վերադարձման դեպքում դրա ղեկավարները պարտավոր են 3 օրվա ընթացքում դրա մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարին և հայտնել այն պետական մարմիններին, որոնք իրազեկվել էին զենքի հափշտակման կամ կորստի մասին: Հափշտակված կամ կորած զենքը զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություններ վերադարձնելու դեպքում այն վերագրանցվում է պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

21. Որպես պարգև տրված զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում Ոստիկանությունը վերցնում է նշված զենքը՝ մինչև ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը:

 

5 ԶԵՆՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼԸ

22. Զենքի տեղափոխումը և փոխադրումն օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և տրանսպորտային այլ միջոցներով իրականացվում են զինված պահպանության ներքո` պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

23. Տեղափոխելու և փոխադրելու ժամանակ զենքը պետք է գտնվի պարպված վիճակում, ռազմամթերքից առանձնացված: Զենքն ու ռազմամթերքը պետք է փաթեթավորվեն հատուկ տարայի մեջ, որը պետք է կնքվի կամ կապարակնքվի:

24. Զենք տեղափոխող տրանսպորտային միջոցի բացված լինելու նշանների հայտնաբերման, տարայի վնասման, կնիքի կամ կապարակնիքի դրոշմվածքի խախտման դեպքում զինված պահպանության ղեկավարը պարտավոր է դրա մասին անմիջապես հայտնել երկաթուղային հատվածի կամ կայարանի ռազմական պարետին, կայարանի պետին, Ոստիկանության համապատասխան մարմիններին, կազմել ակտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կատարվածի պատճառները բացահայտելու համար և ապահովել դեպքի վայրի պահպանությունը:

 

6 ԶԵՆՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ

25. Պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներից զենքը կարող են վերցնել զենքի շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան պետական ռազմականացված կազմակերպությունների իրավասու ներկայացուցիչները` պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

26. Սպառազինությունից հանված, ինչպես նաև անպիտանիության բերված զենքը ենթակա է դուրսգրման` համապատասխան ակտի կազմմամբ: Զենքի դուրսգրման մասին ակտը կազմվում է հանձնաժողովի կողմից, որի կազմը որոշվում է պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով:

27. Դուրս գրված զենքը ենթակա է օգտահանման և ոչնչացման` պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

 

7 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ

28. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ներկրվում և արտահանվում է՝

1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպության հրավերի կամ օտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:

29. Պայմանագրերով, հրավերով կամ հայտով օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրվելու դեպքում՝ հրավերը ձևակերպած, պայմանագիրն ստորագրած, հայտն ստացած պետական ռազմականացված կազմակերպությունը զենք ներկրելու թույլտվություն ստանալու համար առնվազն մեկ ամիս առաջ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ նշելով զենքի ներկրման նպատակը, ժամկետները, ներկրվող զենքի և փամփուշտների տեսակն ու քանակը, զենքի պահման վայրը, ինչպես նաև զենքի ներկրման, տեղափոխման, փոխադրման ու պահպանման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներն իրավասու պետական կառավարման լիազորված մարմիններին:

30. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա ներկայացուցիչների կողմից ներկրվող զենքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետում սահմանային մաքսային մարմնի և Հայաստանի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության ներկայացուցչի կողմից ենթարկվում է մաքսային զննության, որի մասին կազմվում է արձանագրություն և համարային հաշվառման ցուցակ՝ 5 օրինակից: Մեկը մնում է մաքսային մարմնում, մեկական օրինակ տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և զենքը ներկրող օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչին, որը հետագայում զենքն արտահանելիս այն ներկայացնում է մաքսային սահմանի անցումային կետ: Եթե արտահանման ընթացքում արտահանվող զենքը չի համապատասխանում համարային հաշվառման ցուցակին, ապա զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև արտահանող կողմի՝ սպառիչ բացատրություններ և փաստաթղթեր ներկայացնելը:

31. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա առանձին անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում զենք պահելը, կրելը կամ օգտագործելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության թույլտվությամբ և հսկողությամբ: Ներկրված զենքը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավասու պետական ռազմականացված կազմակերպությունում:

32. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից միջազգային պայմանագրով, հրավերով կամ հայտով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված պատասխանատու կազմակերպությունը դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:

33. Պայմանագրով, հրավերով կամ հայտով Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողների կամ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զենքը արտահանվում և ներկրվում է գործուղման վկայականի հիման վրա, որում նշվում են զենքի մոդելը, համարը և փամփուշտների թիվը։ Գործուղման վկայականը և դրա պատճենը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին, որտեղ պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ համարային կնիքը դրոշմելու միջոցով, և կցվում է համապատասխան մաքսային հայտարարագրին։

34. Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից ժամանակավորապես զենքի ներկրումը, արտահանումը, կրումը և տեղափոխումն (փոխադրումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

35. Զենք և փամփուշտներ ներկրելու թույլտվություն տալու կամ մերժելու վերաբերյալ ընդունված որոշման մասին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հայտնում է Ոստիկանությանը:

 

 

Հավելված N 2 
 ՀՀ կառավարության 2023 թվականի

__________ -ի N  -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ՆՄՈՒՇՆԵՐԸ), ՈՐՈՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են մարտական զենքի և դրա փամփուշտների (այսուհետ՝ զենք) նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների կողմից սպառազինման ընդունելու և սպառազինությունից հանելու հետ կապված հարաբերությունները։

2․ Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ զենքն ընդգրկվում և սպառազինությունից հանվում է պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ: Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի նվազագույնը 5 անդամից:

3․ Հանձնաժողովը եզրակացություն է տալիս պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:

4․ Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

5․ Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:

6․ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 3/4-ը:

7․ Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:

8․ Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ։

9․ Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

10․ Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:

11․ Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը:

12․ Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

13․ Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

14․ Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ զենքի տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը։

15․ Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:

16․ Եթե պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարին` տվյալ տեսակը պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունից հանելու մասին:

17․ Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ առկա տեսակն սպառազինությունից հանելու համար Հայաստանի համապատասխան պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով առաջարկություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

 

Հավելված 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

__________ -ի N  -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի և ռազմամթերքի (այսուհետ՝ զենք) շրջանառության նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության ստորաբաժանման պետը և հաշվառման մասնագետը պատասխանատվություն են կրում զենքի հաշվառման, շարժի, որակական (տեխնիկական) վիճակի, փաստաթղթերի, հաշվետվությունների որակյալ կազմման և ժամանակին ներկայացման, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերի ձևակերպման և հաշվառման գրքերում (քարտերում) գրառումների ժամանակին կատարման համար:

3. Զենքի հաշվառումն իրականացնում են.

1) պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության ստորաբաժանումում՝ հաստիքային զենքի, առգրավված, վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի հաշվառման գծով մասնագետը,   

2) պետական ռազմականացված կազմակերպությունների ստորաբաժանումներում՝ սպառազինության գծով պատասխանատու անձը, որը պատասխանատու է հաստիքային զենքի, առգրավված, վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի հաշվառման և պահպանման համար,

3) պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության պահեստում՝ սպառազինության պահեստապետը հաստիքային զենքի, առգրավված, վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի համար:

4. Հաշվառումն իրականացնող աշխատակիցները պատասխանատու են.

1) բոլոր հաշվառման փաստաթղթերի օրինականության և ճիշտ ձևակերպման համար,

2) հաշվառման գրքերում (քարտերում) զենքի որակական (տեխնիկական) վիճակի շարժի և փոփոխության հետ կապված գրառումները ժամանակին կատարելու համար,

3) հաստիքային զենքի, առգրավված, վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի հաշվառման վերաբերյալ հաշվետվությւոնների ժամանակին կազմման և ներկայացման համար,

4) արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթեր պատրաստելու համար,

5) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար:

5. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա վերաբերյալ՝ մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը հաշվետվություն է ներկայացնում պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներին։

6. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության պահեստ կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ՝ Ոստիկանություն) հանձնվող զենքը պետք է լինի լրակազմով և փաթեթավորված:

7. Պետական ռազմականացված կազմակերպությունների ստորաբաժանումներում առաջին անգամ պաշտոնի նշանակված աշխատակիցներին զենքը պետք է տրամադրվի ստորաբաժանումներում սպառազինության գծով մասնագետի կողմից զենքի հաշվառման և կցման գրքում ստորագրության դիմաց: Զենքը հետագայում զետեղվում է պետական ռազմականացված կազմակերպության ստորաբաժանման հերթապահ մասի զենքի պահպանման սենյակում: Աշխատակցի ազատման կամ տեղափոխման դեպքում՝ ազատված (տեղափոխված) աշխատակցից զենքի ընդունումը պետք է իրականացվի սպառազինության գծով մասնագետի կողմից և վավերացվի նրա ստորագրությամբ զենքի հաշվառման և կցման գրքում:

8. Պետական ռազմականացված կազմակերպության ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, աշխատակիցներին զենք տալու, աշխատակիցների կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները սահմանվում են պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:

9. Փորձաքննությունների և ուսումնասիրությունների իրականացման համար ստացված և քրեագիտական հավաքածուների մեջ ներառված զենքի հաշվառման, պահպանման, ընդունման, հանձնման կարգը որոշվում է պետական ռազմականացված կազմակերպության փորձագիտաքրեագիտական ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող՝ պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների իրավական ակտերով սահմանված կարգով:

  • Քննարկվել է

    15.05.2023 - 30.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2333

Տպել