Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

          Անհրաժեշտությունը:

          «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրին մասնակցելու համար Էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ներկայացված բավականաչափ դիմումների առկայությամբ, Կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշի կատարման, պետական բյուջեի ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման և դրանց նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացման, ինչպես նաև վերահսկողական գործառույթ ունեցող կառույցների կողմից բացահայտած խնդիրները վերացնելու և նորերը կանխելու անհրաժեշտությամբ։

          Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

          Պետական աջակցությամբ հանրապետությունում 2018 թվականին ներկայացվել է  20 հա ինտենսիվ այգի, 2019 թվականին՝ 53,2 հա, 2020 թվականին՝ 518,6 հա,  2021 թվականին՝ 1669,22 հա, 2022 թվականին՝ 2449,9 հա ինտենսիվ այգի հիմնելու պայմանագիր։ Բացի այդ, նախարարությունում առկա է նաև ծրագրին մասնակցելու շուրջ 425 դիմում, որոնց հետ դեռևս պայմանագիր չի կնքվել։ Այսինքն, արդեն իսկ գերազանցվել է Կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշը՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով։

          Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի  N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման բաղադրիչով մեկնարկից մինչև 2023 թվականի մարտի 23-ը ծրագրում որպես շահառու է հաշվառվել 427 քաղաքացի, որոնցից 199-ի հետ կնքվել է պետական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր, 13 շահառուի տրվել է փոխհատուցում, իսկ 50 շահառու ավարտել է այգեհիմնման աշխատանքները և դիմել է փոխհատուցում ստանալու համար։ Ծրագրով նպատակ էր դրվել սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտային շահառուներին հիմնելու օրինակելի ինտենսիվ այգիներ։ Սակայն, որոշ ոչ բարեխիղճ շահառուների կողմից հիմնվում էին ցածրորակ այգիներ և ներկայացվում ոչ իրատեսական ծախսեր։

      Վերոնշյալ դեպքերով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքում, արձանագրվել են որոշակի անհամապատասխանություններ և խախտումներ։ Ծրագրի շրջանակում  աշխատանքների իրականացման համար պայմանագրերը կնքվում են հիմնականում ֆիզիկական անձանց միջև, և տվյալ դեպքերում պայմանագրերի արժանահավատությունը լինում է խնդրահարույց, իսկ դիմումների շատ լինելը խնդիր է առաջացրել Էկոնոմիկայի նախարարության համար՝ համապատասխան ստորաբաժանումը դժվարանում է մանրակրկիտ ուսումնասիրել փաստաթղթերի արժանահավատությունը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել ծրագրում պարտադիր պահանջ սահմանել՝ աշխատանքները բացառապես կապալառու կազմակերպությունների միջոցով իրականացնելու համար, ինչպես նաև փաստաթղթերի ստուգման հարցը դնել մոնիթորինգ իրականացնողների վրա, քանի որ մոնիթորինգի ժամանակ հնարավոր է առավել արդյունավետ գնահատել ծախսերի արժանահավատությունը։

          Քանի որ ինտենսիվ այգիների հիմնման գծով Կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշն արդեն ապահովվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ծրագրի ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը և այսուհետ կիրառել միայն սուբսիդավորվող վարկերի բաղադրիչը։

          Սակավաջրությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել խթանելու նաև ոռոգման առաջադիմական, այդ թվում շարժական տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև ծրագրում ներառելու առանց այգեհիմնման ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը։

Հաշվի առնելով, որ պետական աջակցության ծրագրերի շրջանակում մոնիթորինգի իրականացումը վերապահվել է Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ անհրաժեշտություն է առաջացել ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ։

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Բուսաբուծության ճյուղում իրականացվող քաղաքակա­նու­թյունը նպատա­կաուղղված է ներդրումների ներգրավմանը, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը, ժամանակակից, բարձր բերքատու այգի­նե­րի հիմնմանը, մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների մակարդակի բարձրացմանը:     

         Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հա-ով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը։

          Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է` բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը, և հստակեցնել վարկի ու փոխհատուցման տրամադրման մեխանիզմները։

          Նախագծով առաջարկվում է ինտենսիվ այգեհիմնման դեպքում պետական աջակցություն ցուցաբերել միայն վարկային բաղադրիչի շրջանակում՝ ոչ ավել քան ծրագրով գնահատված առանձին տողերի ծախսերը՝ տարբերակելով նաև տեղական արտադրության տնկանյութով այգեհիմնման ծախսերը։ Ընդ որում, ծրագրի աղյուսակների առանձին տողերում ներառված աշխատանքների չիրականացման պայմաններում համապատասխան ծախսերը հանվում են ընդամենը ծախսերից։ Հանվել են նաև  չնախատեսված ծախսերը։ Սույն փոփոխությունները վերաբերում են նաև ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակությանը։

          Հիմնվող այգիների որակը բարձրացնելու և վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով՝ նախագիծը լրացվել է ինտենսիվ այգիների հիմնմանը ներկայացվող նոր պահանջներով, ինչպես նաև այգին չօտարելու և  ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում ապահովելու դրույթներով։

          Վերահսկողությունը բարձրացնելու նպատակով նախագծում կատարվել է փոփոխություն՝ համաձայն որի ծրագիրը պետք է իրականացվի բացառապես կապալառու կազմակերպությունների միջոցով, հստակեցվել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի շրջանակը։

          Նախագծով բարձրացվում է վարկային բաղադրիչով այգեհիմնման վերին շեմը՝ 200 հա-ի փոխարեն սահմանելով 500 հա, իսկ առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման համար տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքերում չի սահմանափակվում, իսկ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար պետական աջակցությունը կտրամադրվի մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների համար։ Միաժամանակ նախագծով բացառվում է  միևնույն այգու հիմնման համար առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար ծրագրով նախատեսված աջակցությունից օգտվելու հնարավորությունը։

          Նախագծով թույլատրվում է նաև արտարժույթով վարկերի տրամադրումը՝ հաշվի առնելով ֆինանսական կառույցների դրամական միջոցների հանարավոր սղությունը։

Սակավաջրությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու  դրույթ, որով թույլատրվում է առանց այգեհիմնման ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար ծախսերի մասնակի փոխհատուցում, ընդ որում՝  գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդիական համակարգերի (բացառությամբ շարժական համակարգերի) ձեռքբերման և ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի՝ 60%–ը։

          Նախագծով մոնիթորինգը  կիրականացնի Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Մոնիթորինգի կարգը կսահմանվի նախարարության կողմից։

Հաշվի առնելով նախարարության ռեսուրսների սակավությունը՝ շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ստուգումը վերապահվում է մոնիթորինգին, ինչպես նաև երկարացվում է շահառուների հետ պայմանագրերի կնքման ժամկետները՝ 5 աշխատանքային օրվա փոխարեն սահմանելով 10 աշխատանքային օր։ Ընդ որում վերոնշյալ կարգավորումը տարածվում է ծրագրին դիմած և դեռևս փոխհատուցում չստացած շահառուների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ և 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ որոշումների շրջանակում առկա հարաբերությունների վրա։

          Տարընկալումից խուսափելու, գործընթացը հստակեցնելու նպատակով սահմանվել է դրույթ, համաձայն որի ծրագրի շրջանակում այգեհիմնման համար տրամադրվող ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչի դադարեցումը չի տարածվում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը նախարարությանը դիմած շահառուների վրա:

          Չնայած այն հանգամանքին, որ պետական աջակցության տրամադրման շրջանակում ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը դադարեցվում է, այնուամենայնիվ դեռևս սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներում եկամուտների և ծախսերի փոփոխություններ և լրացուցիչ ծախսեր 2023 թվականին չեն նախատեսվում՝ հաշվի առնելով 2022 թվականին գրանցված փաստացի արդյունքները։

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը:

         Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ծրագրի իրականացման մեխանիզմները, աջակցության ենթակա ծախսերի շրջանակը, կբարձրանա ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը և կհիմնվեն առավել բարձրորակ այգիներ։

         Այլ տեղեկություններ:

          Այլ տեղեկություններ չկան:

  • Քննարկվել է

    03.05.2023 - 18.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2148

Տպել