Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի կողմից 23.01.2023թ.-ին ՀՀ ՊԵԿ-ում անցկացված խորհրդակցության N Վ/08-2023 արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) 5-րդ կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով:

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականին ավարտված դատական գործերի ցուցանիշների համաձայն վարչական դատարանների կողմից կայացված որոշումների գերակշռիռ մասը կայացվել է ի օգուտ տնտեսվարողի, և ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված որոշումների և դատարանների կողմից կայացված որոշումների միջև առկա շեղումները կարող են պայմանավորված լինել որոշակի հանգամանքներով, ուստի Արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետով հանձնարարվել է  դատական համակարգի հետ ցուցանիշների միջև առկա շեղումների խնդրի կարգավորման շրջանակներում իրականացնել քննարկումներ և վեր հանել հնարավոր խնդիրները:

ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է ստվերային տնտեսության դեմ պայքարի հետևողական քաղաքականություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հարկային հսկողության արդյունքներով՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքեր հայտնաբերելիս ապացուցողական բեռը շատ բարդ է` անհրաժեշտություն է առաջացել որպես հարկային հսկողության հարակից ընթացակարգի տեսակ սահմանել տեսանկարահանումը հարկային հսկողության ընթացքում՝ հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող  հանգամանքները հիմնավորելու նպատակով։

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման ստուգման արդյունքում կազմված վարչական ակտերի գերակշիռ մասը դատական կարգով վիճարկման արդյունքում ճանաչվում է անվավեր: Որպես կանոն անվավեր ճանաչվելու հիմքում դրվում է այն փաստը, որ չի հիմնավորվում հսկիչ գնում կատարելու փաստը:

Գործող իրավակարգավորումների համաձայն հարկային հսկողության ընթացքում կարող է տեսաձայնագրում կիրառվել բացառապես  հարկային հսկողության համար նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման նպատակով  հարկ վճարողի տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, փաստաթղթերի և առարկաների զննման շրջանակում, այն էլ՝ հարկ վճարողին նախապես գրավոր ծանուցելուց հետո միայն (ՀՕ 354 հդ․)։ Ուստի,  տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքեր կիրառելը ներկա իրավակարգավորումների պարագայում կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 31-րդ հոդվածի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ։

Ներկա վիճակում տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով առաջարկվում են նոր մոտեցումներ։ Անհրաժեշտությունը հիմնավորվում է ինչպես միջազգային փորձով, այնպես էլ առկա իրավակիրառ պրակտիկայում առաջացած  խնդիրները լուծելու նպատակով, մասնավորապես՝ ներկայումս իրավակիրառ պրակտիկայում զգալի թիվ են կազմում ընթացակարգային խախտումների վերաբերյալ հարկատուների բողոքները, ինչպես նաև դեպքերի զգալի մասով անհնարին է լինում ապահովել ապացույցների այնպիսի փաթեթ, որը կբարարարի վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը։

Նշվածի հետ կապված հարկ է նշել հետևյալը.

      ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

      «Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»

  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին  եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։»:

  Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն.

  «Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։»

  Վերոգրյալ նորմ-երաշխիքների վերլուծությունից հետևում է, որ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնխելիությունը կարող է սահմանափակվել, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և ուղղված է երկրի տնտեսական բարեկեցությանը (ի թիվս այլնի):

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն անձնական կյանք հասկացությունը ինքնավար է և ներառում է նաև մասնագիտական կամ առևտրային գործունեությունը[1]: Այդուհանդերձ հարկ է նկատել, որ ՄԻԵԴ-ը իր որոշումներով ամրագրել է այն դիրքորոշումը, որ տեսանկարահանումը կարող է միջամտել անձնական կյանքի անձեռմխելիությանը, երբ այն կրում է սիստեմատիկ, մշտական բնույթ[2]: Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ միջամտությունը (գաղտնի տեսաձայնագրում կիրառելը) կարող է իրավաչափ լինել միայն այն դեպքում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով և օրենքի որակը թույլ է տալիս բացառելու կամայականությունները[3]:

ՄԻԵԴ-ը Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի գործով (գանգատներ թիվ 40660/08 և 60641/08) անդրադարձ է կատարել անձնական կյանքի և իրավունքների պաշտպանությանը միջամտելուն: Այսպես նույն գործով դատարանը հայտնել է, որ անձնական իրավունքների պաշտպանության իրավունքը ավելի ծանրակշիռ է դառնում, եթե լուսանկարը պատկերում է անձի անձնական կյանքի մանրամասներ, որոնք հանրային բնական քննարկման առարկա չեն: Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ շահագրգիռ անձը կարող էր իրավաչափորեն ակնկալել, հաշվի առնելով հանգամանքները, որ ոչ մի լուսանկար չի հրապարակվի, քանի որ նա մասնավոր վայրում էր (räumliche Privatheit), ինչպես օրինակ հատուկ պաշտպանված վայրում: ՄԻԵԴ-ը նշել է, որ անձնական իրավունքների պաշտպանության իրավունքը պետք է գերակայի նաև հրապարակման շահի նկատմամբ տարածական մեկուսացումից բացի նաև այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը լուսանկարվել է հանգիստը վայելելիս կամ մասնագիտական կամ ամենօրյա կյանքի սահմանափակումներից ազատ վիճակում:

Դատարանը փաստել է, որ քննարկվող գործով լուսանկարն արվել է հանրային վայրում, որը ոչ մեկուսացված էր և ոչ էլ հասարակության տեսադաշտից դուրս՝ դա որոշիչ կշիռ է հաղորդում: Դատարանը նշել է նաև, որ անձնական կյանքի հասկացությունը տարածվում է անձի ինքնությանը վերաբերող ասպեկտներին, ինչպիսիք են անձի անունը, լուսանկարը կամ ֆիզիկական և բարոյական ամբողջականությունը:

    Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված երաշխիքը հիմնականում նպատակ ունի ապահովել այլ մարդկանց հետ հարաբերություններում յուրաքանչյուր անձի անհատականության զարգացումը` առանց արտաքին միջամտության:

Լուսանկարների հետ կապված Դատարանը հաստատել է, որ անձի պատկերը հանդիսանում է իր անհատականության գլխավոր հատկանիշներից, քանի որ այն ի ցույց է դնում անձի ուրույն հատկանիշները և տարբերակում է անձին իր նմաններից: Անձի պատկերի պաշտպանությունն այդպիսով անձնական զարգացման էական բաղադրիչներից է: Այն առավելապես ենթադրում է անձի` այդ պատկերի օգտագործումը հսկելու, ներառյալ դրա հրապարակումն արգելելու իրավունքը (տե՛ս վերը նշված Ռեկլոսը և Դավուրլիսն ընդդեմ Հունաստանի` կետ 40): Չնայած 8-րդ հոդվածի հիմնական նպատակը անձին հանրային իշխանությունների կամայական միջամտությունից պաշտպանությունն է, այն պարզապես չի հարկադրում պետությանը ձեռնպահ մնալ այդպիսի միջամտությունից. ի հավելումն պետության բացասական պարտականության կարող են լինել անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ արդյունավետ հարգանքի դրական պարտավորություններ: Այդ պարտավորությունները կարող են ներառել անձնական կյանքի նկատմամբ հարգանք ապահովելու համար նախատեսված միջոցների ընդունումը նույնիսկ անհատների` միմյանց միջև առկա հարաբերությունների կապակցությամբ (տե՛ս Իքսը և Իգրեկն ընդդեմ Նիդեռլանդների, 26 մարտի 1985թ., կետ 23, Սերիա A թիվ 91, և վերը նշված Արմոնասը` կետ 36: Դա վերաբերում է նաև անձի պատկերի` այլ անձանց ոտնձգություններից պաշտպանությանը (տե՛ս վորը նշված Շլյուսել, Ֆոն Հաննովերը` կետ 57; և Ռեկլոսը և Դավոուրլիսը` կետ 35):

Պետության` 8-րդ հոդվածով սահմանված դրական և բացասական պարտավորությունների բաժանարարը ինքնին չի ենթադրում հստակ սահմանում. կիրառելի սկզբունքներն, այնուամենայնիվ, համանման են: Երկու ենթատեքստերում հաշվի պետք է առնվի համապատասխան մրցակցող շահերի միջև հաստատման ենթակա արդարացի հավասարակշռությունը (տե՛ս Ուայթն ընդդեմ Շվեդիայի, թիվ 42435/02, կետ 20, 19 սեպտեմբերի 2006թ., և վեր նշված Գուրգենիձեն` կետ 37):

  Վերոգրյալի իրավանորմերի համատեքստում հարկ է արձանագրել, որ ՀԴՄ կանոնների խախտման վարույթներում տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքեր կիրառելը ՀՀ hարկային օրենսդրությամբ նախատեսելու դեպքում դրա կիրառումը կլինի լիովին իրավաչափ, քանի որ չի կրելու սիստեմատիկ բնույթ, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող (իրազեկվող, հարկային մարմնի պաշտոնական կայքում տեղադրվող)՝ խախտումն ամրագրած տեսանյութի կադրում արձանագրված անձանց պատկերները մթնեցվելու են, կիրառվելու է միայն կոնկրետ հանձնարարագրի շրջանակներում, կոնկրետ գործողություն` հսկիչ գնում իրականացնելիս, իսկ կամայականության դրսևորումը բացառվում է այն հանգամանքով, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի կիրառումը կարող է իրականացվել միայն կոնկրետ հանձնարարգրի շրջանակներում, կոնկրետ տնտեսվարողի մոտ, հանձնարարագրով նշված ժամկետի շրջանակներում, իսկ Հանձնարարագիրը տրվում է ՊԵԿ նախագահի կողմից: Ավելին նշված օրենսդրական հնարավորության նախատեսումը անհրաժեշտ է ժողովրդական հասարակությունում, քանի որ կոչված է ապահովելու երկրի տնտեսական բարեկեցությունը և ապահովելու արդյունավետ հսկողություն հարկ վճարելու սահմանադրական պարտականության իրականացման նկատմամբ:

  Ինչ վերաբերում է տեսանկարահանում կիրառելու դեպքում բնակարանի անձեռմխելիության խախտման հնարավոր դեպքերին, ապա հարկ է նկատել, որ անդրադառնալով բնակարան հասկացության մեկնաբանությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  նշել է, որ. «բնակարան հասկացությունն ինքնավար է և չի սահմնափակվում ազգային օրենսդրումբ նախատեսված սահմանումներով»[4]Ընդ որում գրասենյակակային և բիզնես նշանակության տարածքները ևս կարող են օգտվել բնակարանի անձեռմխելիության երաշխիքից[5]:  Այդուհանդերձ ՄԻԵԴ- արձանագրել է, որ արտադրական տարածքները, որոնք օգտագործվում են բացառապես մասնագիտական նպատակներով, օրինակ` պահեստային տարածքը, հացի փուռը և այլն չեն կարող Կոնվենցիայի իմաստով օգտվել բնակարանի անձեռմխելիությունից[6]:

Հարկ է նկատել նաև, որ բնակարանի անձեռնմխելիության խախտում առկա չի կարող լինել, եթե այն նախատեսված է օրենքով[7], կոչված է ապահովելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներից որևէ մեկի իրականացմանը[8], և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում[9]: Որպես իրավաչափ նպատակ ի թիվս այլնի կարող է լինել հսկողոթյունը` հարկերից խուսափելը բացառելու նպատակով:[10]  Հարկ է նկատել նաև, որ իրավաբանական անձանց(անհատ ձեռնարկատերերին) պատկանող օբյեկտների անձեռնմխելիությունը որոշելիս դատարանի գնահատման շրջանակը ավելի լայն է[11]: Դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի 8-րդ հոդվածին միջամտության համաչափությունը հարկերից խուսափելու դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից:[12]  Կոնվենիցիայի 8-րդ հոդվածի համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ որպես կանոն բնակարանի անձեռմխելիությամբ օժտված են այն տարածքները, որոնք առանց սեփականատիրոջ թույլտվության կամ դատական սանկցիայի հասանելի չեն երրորդ անձանց (այդ թվում` հանրային իշխանության մարմինների) համար: Այնինչ տվյալ դեպքում ՀԴՄ կիրառող առևտրային օբյեկտները բաց են յուրաքանչյուր անձի մուտքի համար, և մուտք գործելու որևէ թույլտվություն չի պահանջում: Ավելին ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 8-րդ հոդվածի իմաստով բնակարանի անձեռմխելիության իրաունքին միջամտությունը ի թիվս այլնի կարող է դրսևորվել հետևյալ ձևերով.

  1. Գույքի բռնագրավումը կամ քանդումը,
  2. Բնակարան վերադառնալուն արգելելը, խոչընդոտելը,
  3. Իրավապահ մարմինների մուտքը բնակարան և փնտրողական գործողությունները,
  4. Արգելադրման և առգրավման աշխատանքները,
  5. Արտաքսումը բնակարանից,
  6. Հարկադիր օտարումը:

Միջազգային փորձի մասով հարկ ենք համարում անդրադառնալ Վրաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին, որի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկային մարմինն իրավունք ունի հարկ վճարողից ապրանքների/ծառայությունների հսկիչ գնում կամ (և) գնում իրականացնելու առաջարկի ընթացքում առանց դատավորի հրամանի կիրառել ընթացակարգի արձանագրման տեխնիկական միջոցներ (17.12.2010 N4114):

Այսինքն Վրաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի տվյալ կարգավորումից բխում է, որ հարկային ուսումնասիրության տեսակ հանդիսացող հսկիչ գնման կամ նման գնման առաջարկի դեպքում հարկային մարմնի աշխատակիցը իրավասու է տեխնիկական միջոցների կիրառմամբ կատարել տվյալ ուսումնասիրության ընթացակարգի արձանագրում։ Սա մի կողմից թույլ է տալիս ապահովել ընթացակարգի ամբողջական արձանագրում, նույնիսկ եթե տվյալ ընթացակարգով եղել են խախտումներ, ապա դրանք կլինեն արձանագրված և կապահովեն քաղաքացիների իրավունքների պահպանությունը, իսկ իրավունքի խախտման դեպքում նաև դրանց վերականգնումը, բացի այդ տվյալ կարգավորումը թույլ է տալիս ապահովել վարույթի լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակոմանիությունը։         

  Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով վերոնշյալ իրավական եզրահանգումները և նորմերը՝      հայտնում ենք, որ Նախագծով նախատեսվող փոփոխության արդյունքում առևտրային օբյեկտներում հարկային հսկողության կոնկրետ միջոցների շրջանակներում իրականացվող տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը չի կարող դիտարկվել որպես բնակարանի /առևտրային օբյեկտի/ անձեռմխելիության և անձի անձնական իրավունքների խախտում, քանի որ՝

  - տեսանկարահանումը կամ լուսանկարահանումն արվելու է հանրային վայրում, այլ ոչ թե՝ անձի անձնական տիրույթում,

  - անձը ողջամտորեն չունի կամ չէր կարող ունենալ իր մասնավոր կյանքի գաղտնիության լեգիտիմ ակնկալիք

  - հետապնդելու է իրավաչափ նպատակ,

  - չի կրելու սիստեմատիկ բնույթ՝ կիրառվելու է միայն կոնկրետ հանձնարարագրի շրջանակներում

  - խախտումն ամրագրած տեսանյութի կադրում արձանագրված ան¬ձանց պատկերները մթնեցվելու են

  - իրականացվելու է երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև իրավախախտման կանխման կամ բացահայտման նպատակով

  - ապահովելու է մրցակցող շահերի /պետության և մասնավոր անձի/ միջև հաստատման ենթակա արդարացի շահերի հավասարակշռությունը

  - անձի անձնական անձեռնմխելիության խախտում չի դիտարկվելու, քանի որ նախատեսվելու է օրենքով, կոչված է ապահովելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներից որևէ մեկի իրականացումը, և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:

Այսպիսով, վերը նշվածի համատեքստում, Նախագծի նպատակն է ապահովել անհրաժեշտ իրավական բազա, որպեսզի հարկային հսկողության ընթացքում խախտումներ բացահայտելու համար կիրառվի տեսանկարահանում կամ լուսանկարահանում, այդպիսի տեխնիկական հնարավորություն ունեցող սարքերի միջոցով, քանի որ ներկա իրավակարգավորումների պարագայում հնարավոր չէ այն իրականացնել գաղտնի եղանակով, իսկ այն հրապարակային իրականացնելը առարկայազուրկ կդարձնի հսկիչ գնումը և չի ծառայի իր նպատակին:

Փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար մղել ստվերային տնտեսության դեմ և բացառել շրջանառությունը թաքցնելու դեպքերը: Իսկ ստուգման ակտի վիճարկման դեպքում հնարավոր կլինի ներկայացնել հիմնավոր ապացույց` իրավախախտման փաստն արձանագրող:

Ելնելով վերոգրյալից` առկա օրենսդրական բացերը վերացնելու նպատակով մշակվել է նախագիծը:

Մասնավորապես, նախագծով նախատեսվել է հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:  

       6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն  ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

[1] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-175121%22]} , պարբերություն 130:

[2]  https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-59665%22]} , պարբերություն 57:

[3] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-59665%22]} , պարբերություն 61:

[4] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-155353%22]} , պարբերություն 206:

[5] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-57887%22]} , պարբերություն 309:

[6] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-83273%22]} :

[7] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-68191%22]} , պարբերություն 29 և 31:

[8] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-80953%22]} , պարբերություն 40:

[9] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-58125%22]} պարբերություն 47:

[10] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-167573%22]} պարբերություն 48:

[11] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-117133%22]}, պարբերություն 159:

[12]https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-117133%22]} , պարբերություն 172-175:

  • Քննարկվել է

    03.05.2023 - 18.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2564

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

18.05.2023

Հարկ ենք համարում նախագծի հեղինակի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ առանց դատարանի թույլտվության, անձի կամքին հակառակ, շինություններ մուտք գործելով առգրավում իրականացնելու արդյունքում ձեռքբերված իրերն ու փաստաթղթերը, ինչպես և վարչական վարույթի այլ նյութեր, հետագայում բացառված չէ, որ կարող են օգտագործվել որպես ապացույցներ քրեական վարույթների շրջանակում, ինչպիսի պարագայում անկասկած առաջանալու են քննարկվող ընթացակարգի արդյունքում առգրավված նյութերը, որպես ապացույց քրեական դատավարության շրջանակում օգտագործելու թույլատրելիության հարցեր։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Նախագծի 5-րդ հոդվածով, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 339.1 հոդվածով և որով սահմանվում է թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը՝ ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի՝ խախտման արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում կատարելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, նշված իրավունքը չի նախատեսվում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար, թեև վերջինիս համար սահմանված է պարտականություն ստորագրել նշված արձանագրությունը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ողջամտորեն ենթադրելի է, որ ստուգման վայրում շատ դեպքերում հնարավոր է ներկա չգտնվի հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել, նման դեպքերում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք․ 1. Վերանայել Նախագծի՝ ստուգումների գաղտնի տեսանկարահանման և շինություններ մուտք գործելով իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն սահմանող դրույթները՝ նշված գործողությունների համար նախատեսելով նախնական դատական թույլտվության ստացման կառուցակարգ․ 2. Քննարկման առարկա դարձնել հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար խախտման արձանագրության մեջ առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը՝ հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարի և նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

18.05.2023

Կարևորելով պետության հարկային վարչարարություն արդյունավետ իրականացման ապահովման հարցում հարկային մարմնի՝ բավարար գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը, ներքոստորագրյալ կազմակերպություններով հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ լայնացնելով նշված գործիքակազմը, Նախագիծը միևնույն ժամանակ պետք է նախատեսի նաև օրենքի գործողության ոլորտում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ միջամտության օրինականության ապահովման համար բավարար երաշխիքներ, որոնց սահմանումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ վճիռներով արտահայտած դիրքորոշումներից։ Այսպես․ 1. Նախագծով հարկային մարմնի ներկայացուցիչներին թեմատիկ ստուգումներ իրականացնելիս տրվում է շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործվելու իրավասություն, ընդ որում ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի եղանակով՝ երկու դեպքում էլ առանց դատարանի թույլտվության (նախագծի հոդված 11, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 352.1 հոդվածով)։ 2. Նմանապես, նախագծի կարգավորումներով սահմանվում է հնարավորություն հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, առանց դատարանի թույլտվության, իրականացնելու հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում։ Ընդ որում՝ առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ տարածքները, շինություններն, պահեստարանները ու այլ վայրերը, եթե հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը կամ այն անձը, ում մոտ իրականացվում է առգրավումը, հրաժարվում է կամովին բացել դրանք (Նախագծի հոդված, որով փոփոխվում է Հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածը)։ Նշված կարգավորումները հարկային մարմնին տալիս են խիստ հայեցողական լիազորություն տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին այնպիսի խիստ միջամտող գործողություններ, ինչպիսիք են գաղտնի տեսանկարահանումն ու հարկադրաբար շինություններ մուտք գործելով իրերի առգրավումը՝ միևնույն ժամանակ չնախատեսելով նշված միջամտության օրինականության ապահովման և չարաշահումներից խուսափելու համար անհրաժեշտ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսին է անկախ, հատկապես դատական մարմնի կողմից նախնական վերահսկողությունն է։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ հարկային ստուգման շրջանակում գաղտնի տեսանկարահանման իրականացումը բովանդակային առումով և միջամտության աստիճանով նույնական է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական (գաղտնի քննչական) գործողության հետ, որն իրականացվում է դատարանի նախնական թույլտվությամբ (նույնիսկ, եթե համարենք, որ առաջին դեպքում գաղտնի տեսանկարահանման նպատակը միայն ապացույցի ամրագրումն է, իսկ երկրորդ դեպքում նաև իրավախախտման բացահայտումը)։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտի կամքին հակառակ շինություններ մուտք գործելուն ու իրերի առգրավմանը՝ այն բովանդակային առումով նույնական է քրեական դատավարության շրջանակում իրականացվող «առգրավում» քննչական գործողությանը, որը թեև իրականացվում է ոչ գաղտնի, այնուամենայնիվ անձնական կյանքի իրավունքին միջամտության բարձր աստիճանի հաշվառմամբ նույնպես իրականացվում է բացառապես դատարանի թույլտվությամբ։ Նշվածի հաշվառմամբ, գտնում ենք, որ պետությունը չի կարող մարդու անձնական կյանքի նկատմամբ բովանդակային առումով համանման միջամտությունները տարբեր տեսակի վարույթների շրջանակում նախատեսելիս, դրանց մասով սահմանել չարաշահումների դեմ տարբեր դատավարական երաշխիքներ, իսկ ավելի ստույգ՝ մի դեպքում նախատեսել դրանք, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներով անդրադառնալով գաղտնի միջամտության միջոցների կիրառման համաչափությանն ու օրինականության նախապայմաններին՝ առանցքային նշանակություն է տվել բավարար դատավարական երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությանը՝ ընդգծելով հատկապես դատարանի կողմից վերահսկողության կառուցակարգի կիրառման անհրաժեշտությունը (Տես Klass and others v. Germany, no. 5029/71, §§ 55-56; Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 233 և այլ)-նշված և այլ վճիռների վերաբերյալ մանրամասն հետազոտությունը տես՝ https://ldpf.am/uploads/files/d70768ed98487c0018d16b3639493d04.pdf։

Վահե Ասատրյան

17.05.2023

Նախագծում 4րդ հոդվածով առաջարկվում է ստուգման հանձնարարագիրը ծանոթացման ներկայացման օրը հսկողություն իրականացնող անձին լիազորել նույն օրը իրեր և փաստաթղթեր առգրավելու իրավունքով։ Այս դեպքում հասկանալի չէ հանձնարարագիրը ստուգումից երեք օր առաջ ներկայացնելու տրամաբանությունը։ Չէ որ այդ երեք օրը նախատեսված է ստուգմանը պատրաստվելու, փաստաթղթերը կարգավորելու և համալրելու համար, այս դեպքում էլ անտրամաբանական է առգրավումը։

Տեսնել ավելին