Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀՀ Կառավարության <<ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> արձանագրային որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման անհրաժեշտության մասին

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:

Ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ (ռեկուլտիվացիոն ֆոնդ), որի օգտագործման հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն որոշմամբ:

2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՕ-161-Ն օրենքը, որով սահմանվել են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման հետ կապված նոր ընթացակարգեր: Օրենքով սահմանվում է, որ ընդերքօգտագործողներն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում կարող են իրականացնել նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակում: Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում հնարավոր են արտադրական լցակույտերով զբաղեցրած տարածքների մակերեսների և, հետևաբար, ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների փոփոխություններ: Դա իր հերթին կհանգեցնի ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն որոշման դրույթներին համապատասխան կատարվող հատկացումների փոփոխությանը: Մինչև 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՕ-161-Ն օրենքի ուժի մեջ մտնելը օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար թափոնների վերամշակման, թափոններով զբաղեցրած տարածքների փոփոխության դեպքում կառաջանան կարգավորում պահանջող իրավահարաբերություններ: Հետևաբար,  անհրաժեշտ է կարգավորել վերոնշյալ իրավահարաբերությունները՝ նախատեսելով ընդերքօգ­տագոր­­ծողների կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների իրագործման ավարտին շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների վերահաշվարկման մեխանիզմ:

Վերջին տարիներին ռեկուլտիվացիոն ֆոնդի գումարների համալրման դրական փոփոխություններ են արձանագրվել, սակայն անհրաժեշտություն է առաջացել այն կառավարել արդյունավետ՝ սկսած նախագծման փուլից մինչև հանքի փակման և ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ավարտը:

Ռեկուլտիվացիոն աշխատանքների հետ կապված հիմնական իրավական ակտերն ամբողջությամբ չեն ապահովում այն ֆինանսական և արդյունավետ կառավարման միջոցները, որոնք կերաշխավորեն այդ աշխատանքների ամբողջական իրականացումը:

Ըստ համաշխարհային բանկի փորձագետների կարծիքի՝ Հայաստանում հանքերի փակման և ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգման աշխատանքների կարգավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Սակայն այդ աշխատանքների իրականացման ժամանակ այնուամենայնիվ առաջանում են մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների և ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման հետ:

<<Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի նիստի <> N 46 արձանագրային որոշման 2-րդ կետով սահմանված միջոցառման կատարման ապահովմամբ:

Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգով առաջադրված գաղափարների կիրառման միջոցով հնարավոր կլինի լուծել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգման աշխատանքների ֆինանսավորման և իրագործման խնդիրները:

ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N 646-Ա որոշման 4.4 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի 6-րդ կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերով նախատեսվում է ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների հասցեական օգտագործման և խախտված հողերի վերականգնման նպատակով՝ մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման հայեցակարգը (ընդունվել է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի նիստի <> N 46 արձանագրային որոշմամբ) և 2018-2020 թվականների ընթացքում ներդնել հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող մեխանիզմներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման նպատակն է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման միջոցով լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքագրված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը:

Առաջարկվում է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների հավաքագրումը և վճարված գումարները բավարար լինեն իրականացնելու ընդերքօգտագործման արդյունքում ռեկուլտիվացիայի ենթակա խախտված հողատարածքների վերականգման աշխատանքների իրականացման համար:

        Անհրաժեշտ է ՝

     - հստակեցնել շրջակա միջավայրի պահպանության դրամագխին կատարվող դրամական հատկացումների մեխանիզմը՝ մտցնելով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վերջնական հատկացման գաղափարը,

      - պարզեցնել ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը,

      - կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և հրաժարման հավաստագրերի տրամադրման գործընթացների իրավահարաբերությունները, արգելելով վերը նշված գործընթացների իրականացումն առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության,

      - նախատեսել մեխանիզմ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների մի մասն օգտագործելու ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար,

       - սահմանել և ներդնել ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմներ՝ խթանելու ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը հիմք կհանդիսանա ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգման աշխատանքների ֆինանսավորման և իրագործման խնդիրների լուծմանն ուղղված իրավահարաբերությունների՝ օրենսդրորեն կարգավորմանը, կնպաստի բնագավառում առկա, ինչես նաև Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգում ներառված խնդիրների կանոնակարգմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին,

այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

      «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է մշակել

- «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,

- Ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույց:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը հասանելի է www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

  • Քննարկվել է

    20.11.2017 - 05.12.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1012

Տպել