Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԱԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի, «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի, «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի, ինչպես նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի փոփոխությունների և լրացումների փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի հունվարի 1-ից ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը, որի կազմում գործում է նաև ոստիկանությունը: Հաշվի առնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման, մասնավորապես՝ ոստիկանությունում իրականացված և իրականացվող կառուցվածքային և գործառութային փոփոխությունները և համայնքային ոստիկանության կողմից համայնքներում ծառայությունների մատուցման նոր տրամաբանությունը՝ վերը նշված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը պետք է իրականացվի միասնական և զուգահեռաբար՝ օրենսդրական ներդաշնակությունն ու կատարվելիք փոփոխությունների տրամաբանությունը պահպանելու համար:

Համայնքային ոստիկանությունը, որպես Ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանն ուղղված ինստիտուտ, Հայաստանում ամբողջական ներդրվել է 2014 թվականին, որի նպատակն էր համայնքներում ավելի սերտ կապ ապահովել բնակչության և ոստիկանության միջև, այդ թվում՝ համայնքային խորհուրդների ստեղծման միջոցով՝ նպաստելով քաղաքացի-ոստիկան վստահելի փոխհարաբերությունների հաստատմանը։ Նույն թվականին Կառավարության որոշմամբ հաստատվեց Համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը, որով սահմանվեցին ծառայության հետևյալ հիմնական գործառույթները.

1․ հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգությունից անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների կանխման և նախականխման, նրանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար միջոցառումների ձեռնարկումը,

2․ սպասարկվող տեղամասում հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման ու հայտնաբերման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,

3․ հետաքննության, նախաքննության և դատական մարմիններին աջակցությունը հանցագործությունների բացահայտման, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալման, նրանց գտնվելու հնարավոր վայրերի ստուգման, քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց հայտնաբերման աշխատանքներում,

4․ ռիսկային համարվող որոշակի կոնտինգենտի հաշվառումը և անհատական պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացումը,

5․ իրավախախտումներ ծնող պայմանների և պատճառների ուսումնասիրումն ու վերլուծումը և այլն:

Չնայած նպատակադրումների իրականացման ուղղությամբ արձանագրված որոշակի հաջողություններին, այնուամենայնիվ ծառայության զարգացման հստակ հայեցակարգի և գործողություների ծրագրի, նաև հետևողականության բացակայության հետևանքով համայնքի և քաղաքացիների հետ սերտ գործընկերության ձևավորումը մեծ հաշվով չհաջողվեց, և հանրության կողմից համայնքային ոստիկանությունը շարունակեց ընկալվել որպես վարչաիրավական հարկադրանք կիրառող, համայնքում սեփական խնդիրներ լուծող ևս մեկ պետական օղակ: Այս համատեքստում հարկ է նշել, որ համայնքային ոստիկանությունը հընթացս ծանրաբեռնվեց նաև այնպիսի գործառույթներով, որոնք կա՛մ կրկնում են պրոբացիայի պետական ծառայության (պրոֆիալկտիկ աշխատանքներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվածների հետ), կա՛մ՝ սոցիալական ծառայությունների (պրոֆիալկտիկ աշխատանքներ թմրամոլությամբ կամ հոգեկան խնդիրներ ունեցող, թափառաշրջիկությամբ և մուրացկանությամբ զբաղվող անձանց հետ) գործառույթները, կա՛մ առհասարակ բնորոշ չեն ոստիկանությանը (դատական ծանուցագրերի հանձնում)։ Նշված հանգամանքն էական բացասական ազդեցություն ունեցավ ծառայության գործունեության արդյունավետության վրա՝ հատզհետե ավելացվող ծավալների և ծառայության բնույթի բարդացմանը զուգահեռ:

Հատկանշական է նաև, որ համայնքային ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի իր գործառույթների իրականացման շրջանակներում ներկայումս օժտված չէ օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված ողջ գործիքակազմով, մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման լիազորությամբ: Նշվածով պայմանավորված՝ այս ուղղությամբ համայնքային ոստիկանության աշխատանքները կրում են հատվածական, արդյունքի առումով՝ չգոհացնող բնույթ:

Բացի այդ, համայնքային ոստիկանության գործառույթները շատ հաճախ անխուսափելիորեն հատվում են նույն, համայնքային մակարդակում գործող անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման ծառայության գործառույթների հետ, և առաջանում է գործառույթների որոշակի կրկնություն, վերածածկ ու փոխգործակցության ապահովման խնդիր՝ անհարկի թղթակցություն և այլ վարչարարական պրոցեսներ, ինչն էականորեն ազդում է աշխատանքների օպերատիվության ու արդյունավետության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման վրա:

Աշխատանքների արդյունավետությանը չի նպաստում նաև տեղամասերի սպասարկումը «1 տեղամաս - 1 ծառայող» սկզբունքով կազմակերպելը, քանի որ հաստիքի թափուր լինելու կամ ծառայողի այլ պատճառով բացակայության պարագայում տեղամասը ժամանակավոր կցվում է այլ ծառայողի, որը շատ դեպքերում օբյեկտիվորեն չի տիրապետում դրա առանձնահատկություններին:

Ի դեպ խնդրահարույց է նաև համայնքային ոստիկանության կազմակերպական ձևն ու ենթակայությունը: Համայնքային ոստիկանությունը գործում է ոստիկանության տարածքային բաժնի պետի անմիջական, տվյալ մարզային վարչության պետի ուղղակի ենթակայության ներքո, միաժամանակ ծառայության գործունեության մեթոդական ղեկավարումն իրականացվում է Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կողմից: Ենթակայական հարաբերությունների նման բազմաշերտությունը ևս չի նպաստում ծառայության արդյունավետ կառավարմանը:

Թեև համայնքային ոստիկանության ծառայողները պետք է զբաղվեն ընտանիքում բռնության դեպքերի բացահայտմամբ և հատուկ ուսուցում են անցնում դա անելու համար, այս դեպքերով հիմնականում զբաղվում են Արագ արձագանքման թիմերը, առաջին հերթին՝ համայնքային և ընտանիքում բռնության և անչափահասների հարցերով ստորաբաժանման ծառայողները համատեղ: Այս ոստիկանները հատուկ վերապատրաստում են անցնում` մասնակցելով խորքային, մեկ շաբաթ տևողությամբ դասընթացի, որը կենտրոնանում է ընտանիքում բռնության և նման խնդիրների դեպքերին արձագանքելու, հետաքննության և այլ թեմաների, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ցուցաբերվող օգնության վրա:

Վերը նշված հիմնախնդիրների առկայությունն արդյունավետորնե լուծելու համար սահմանվել են օրենսդրական ամրագրում պահանջող որոշ նորմեր, որոնք հետագայում հանգեցնելու են ենթաօրենսդրական ակտերի լրամշակման:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ձևավորված Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ձևավորվում են նոր ստորաբաժանումներ և վերաձևավորվում են առկա ստորաբաժանումները, ինչը հանգեցնում է նաև որոշակի օրենսդրական և գործառութային փոփոխությունների։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ վերանայվելու է համայնքային ոստիկանության ծառայողների լիազորությունների շրջանակը, փոփոխվելու է հասարակությանը մատուցվող ծառայությունների տրամաբանությունն ու բարեփոխվելու են գործառույթները՝ ներկայացված նախագծերում ամրագրվել է, որ համայնքային ոստիկանության փոխկապակցվածությունն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում գործառույթների իրականացման հետ:

Ներկայացված նախագծերով հատուկ շեշտադրվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց հետ կապված համագործակցության որոշ հարցեր:

Ոստիկանությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանումներից բացի, նաև համայնքային ոստիկանության ծառայողներին էլ կվերապահվեն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորությունը՝ իրենց վերապահված լիազորությունների իրականացման և օրենքով նրանց առջև դրված խնդիրների լուծման համար: Այլ ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կկարողանան իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման և օրենքով նրանց առջև դրված խնդիրների լուծման համար՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների ղեկավարների կողմից հաստատված դեպքերում:

Բացի այդ, ընտանիքում բռնության կանխարգելման կամ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում նոր ձևավորվող ստորաբաժանման ծառայողները, ելնելով օրենքով իրենց առջև դրված խնդիրներից ու իրենց լիազորություններից, պետք է ունենան անհրաժեշտ գործիքակազմ՝ ընտանիքում բռնության կանխարգելման, դեպքերի բացահայտման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամների պաշտպանության համար: Ավելին, հաշվի առնելով, ոլորտային զգայունությունը և այն, որ օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում կարող են ստացվել և փաստացի ստացվում են այդ ընտանիքի կամ նրա առանձին անդամների՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիք հանդիսացող տվյալներ, անհրաժեշտություն է առաջանում այն պահպանել և չհրապարակել, այնպես ինչպես դա նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում և դրա հիման վրա ձևավորված դատական պրակտիկայում, ՀՀ Սահմանադրությամբ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և այլ ակտերով: Միակ բացառությունը կարող է վերաբերել այն դեպքերի, եթե անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիություն չպահպանելը չի հանդիսանում հանցագործությունների խափանման կամ բացահայտման համար անհրաժեշտ միակ միջոցը, այն էլ օրենով սահմանված պահանջների պահպանմամբ:

Համայնքային ոստիկանության՝ որպես մեկ միասնական ու բազմաֆունկցիոնալ կառուցվածքային միավորի գործունեության համար անհրաժեշտ նախադրյալներն օրենքերի նախագծերի փաթեթով ամրագրելը կարևորվում է կառավարման, հրամանների իրականացման, ՀՀ ողջ տարածքում միասնական պրակտիկա ձևավորելու, կատարված գործողությունները վերահսկելու համատեքստում:

Հաշվի առնելով, երեխաների նկատմամբ բռնությունների թվի աճը, դրանց դրսևորման առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց համար վտանգավոր առարկաների շրջանառության աճը, նախագծերով սահմավել է երկու լիազորող նորմ, որոնց համաձայն ՀՀ կառավրությունը սահմանելու է՝

1) բռնության ենթարկված երեխաների ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը,

2) այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների և իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ և այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը:

Այստեղ հատկանշական է, որ լիազորող նորմենրի առկայությունը կստեղծի իրավական հիմք համապատասխան որոշումների ընդունման և ներկայացված ուղղություններով ոստիկանության գործառույթների իրականացումը բարելավելու համար:

Լիազորող նորմերի և հետևաբար համապատասխան որոշումների բացակայությունը հանգեցնում է ոչ միայն բարդություններ ոստիկանության ծառայողների կողմից գործառույթների իրականացման համար, այլ հանգեցնում է նաև ծանր հետևանքների: Նման դեպքերը բազմաթիվ են, որպես օրինակ կարելի է նշել վերջերս տեղի ունեցած և հանրային մեծ հնչեղություն ստացած դեպքերից մեկը. 2023թ.-ի հունվարի 27-ին ժ.11.05-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Հրազդան» Բ/Կ-ից Մկրտչյանը հայտնել է, որ Հրազդան քաղաքի թիվ 11-րդ դպրոցի դասարաններից մեկում երեխաներից մեկն ինչ-որ նյութ է գցել, որի հետևանքով երեխաները ուշագնաց են լինում, հնարավոր է ալերգիա է: Երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց: Օպերատիվորեն պարզվել է, որ նույն օրը ժ.10.00-ի սահմաններում Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի աշակերտներից մեկն իր մոտ գտնվող «Ռոսիա Էքսկլյուզիվ» գրառմամբ գազային տարայից փչել է իրենց դասասենյակում, ինչի տարածման հետևանքով 37 աշակերտներ և նույն դպրոցի ուսուցչուհիներից մեկը տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ, որտեղ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում արցունքաբեր գազից»: Այս և համանման բազմաթիվ այլ դեպքերը կանխարգելելու համար լիազորող նորմերի առկայությունը խիստ պարտադիր է:

Ոչ բավարար է նաև ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երեխաների ներգրավվածությունը նվազեցնելու գործիքակազմը, ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը: Այսպես 2020թ.-ին գրանցվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելուն, պահելուն կամ կրելուն անչափահասների մասնակցության 11 դեպք, 2021թ.-ին՝ 19, իսկ 2022թ.-ին՝ 14: Ընդհանուր աճի միտումը մի փոքր նվազել է 2022թ.-ին 2021թ.-ի համեմատ պայմանավորված զենքի ապօրինի շրջանառության համատեքստում ոստիկանության իրականացված լայնածավալ աշխատանքի արդյունքում, որի շրջանակներում անչափահասների կողմից զենքի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են, սակայն դեռ անելիքներ կան:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության անչափահասների մասնակցության և ներգրավման առնչությամբ պաշտոնական վիճակագրությունը նույնպես ունի աճի միտում և եթե 2020թ.-ին գրանցվել է այդպիսիք 3 դեպք, ապա 2021թ.-ին՝ 7, իսկ 2022թ.-ին՝ 6 դեպք:

Հաշվի առնելով քննարկվող երևույթների լատենտայնությունը և ոստիկանության ծառայողների գործիքակազմի անբավարար լինելը, վերը նշված լիազորող նորմերի ամրագրմամբ համայնքային ոստիկանությունը կօժտվի թե՛ երեխաների բռնության դեմ, թե՛ արգելված առարկաների շրջանառության դեմ պայքարի առավել ամբողջական և արդյունավետ մեխանիզմներով:

Ներկայացված նախագծերով հատուկ շեշտադրվել է, որ քննարկվող բնագավառում ոստիկանությունն իրականացնելու է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված և ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների առնչությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ապահովումը, ինչպես նաև սահմանվում է լիազորող նորմ՝ համաձայն որի վտանգի գնահատման չափորոշիչները սահմանելու է ներքին գործերի նախարարը: Ընդ որում, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների առնչությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ապահովումը լինելու է ոչ միայն ընտանիքում բռնության դեպքերի առնչության համատեքստում, այլ նաև ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից հաստատված այլ դեպքերում:

Ոստիկանությանը լիազորություն է վերապահվել նաև անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում կայացնել ոչ միայն այդ անձի կյանքին և առողջությանը, այլ նաև նրա հիմնարար իրավունքներին կամ ազատություններին սպառնացող վտանգի դեպքում:

2023թ.- մարտին ԵԱՀԿ-ի կողմից իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացման վերաբերյալ՝ ներկայացնելով մարտահրավերները և զարգացման ուղիները: Ներկայացված առաջարկությունները հանգեցնում են համապատասխան ռազմավարության ստեղծման անհրաժեշտությանը, որտեղ կլինեն համապատասխան չափորոշիչներ, որոնք կուրվագծեն այն ուղղությունը, որով շարժվելու է ՀՀ-ը՝ համայնքային ոստիկանությունը զարգացնելու համար: Այդ գործընթացը ներառում է նաև օրենսդրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ նախապայման են թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային լավարկումներ իրականացնելու համար: Ուսումնասիրվել են Գերմանիայի, Ուկրայինայի և այլկ երկների օրինակները, որոնք հանդիսացել են ելակետային համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար, որոնք կարևոր քայլ են այն միջոցառումների համար, որոնք գիտելիքների, ընկալումների, ճանաչման ու այլ գործառույթների տեսանկյունից կարևորեն ոստիկանսության բարեփոխումների աշխատանքնաները տրամանաբանական ավարտին հասցնելու համար: Հատուկ շեշտադրվել է ոստիկանության ծառայողների ունիվերսալությունը և համայնքահենությունը: Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Կանադայի ոստիկանության համակարգերի ուսումնասիրությունը հանգեցրեց համապատասխան առաջարկությունների ամբողջկան ներկայացման համար, որոնց մի մասն արտացոլվել է նաև սույն նախագծերում՝ ձևավորելով այն իրավական հենքը, որի հիման վրա կձևավորվի ենթաօրենսդրական օրենսդրությունը:

Կանխարգելիչ գործողությունների թիրախային և անհրաժեշտ մարդ-ռեսուրսներով իրականացումը, գործառույթների բեռնաթափումը, համապատասխան տեղեկացվածությունը տարբեր ստորաբաժանումների ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ կհանգեցնեն դեպքերին՝ ամբողջական ու օպերատիվ արձագանքմանը՝ անհրաժեշտ գործիքակազմ տրամադրելով համայնքային ոստիկանության ծառայողներին: Համապատասխան պաշտոնների անձնագրերի մշակումը, որոնք կատարողականի գնահատման միջոցով կօգնեն պարզեն, թե որքանով են իրականացվում ոստիկանության ծառայողների կողմից իրանց լիազորությունները, կդարձնեն աշխատելաոճը որոշակի, կանխատեսելի և առավել հստակ:

ՀՀ-ում բազմագործառութային համայնքային ոստիկանի ձևավորումը միջազգայնորեն ընդունված մոդել է, որը կարող է նպաստել Հայաստանում բարեփոխումների հետագա ընթացքին, սակայն պետք է հիմնված լինի հստակ հայեցակարգի, օրենսդրական փոփոխությունների և էական գործառնական բարեփոխումների համալիր գործողությունների, ինչպես նաև մշակույթի աստիճանական փոփոխության վրա: Այս գաղափարի համատեքստում պետք է մշակվի կարողությունների ու գործառույթների (կոմպետենցիաների) նոր շրջանակ և դա ամրագրվի համայնքային ոստիկանության ծառայողի պաշտոնի անձնագրերում՝ հստակ սահմանելով հիմնական հաշվետվողականության մեխանիզմն ու այն վարքագիծը, որոնք կապված են կատարողականի գնահատման համակարգի հետ: Սա կաջակցի հավաքագրման, անձնակազմի զարգացման, առաջխաղացման և գնահատման հետ կապված հստակ և թափանցիկ գործընթացների իրականացմանը: Այս գործընթացներն իրականացվելու են Նախագծերը տնդունվելուց հետո:

 

3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

6 Ակնկալվող արդյունքը

Համայնքային ոստիկանության վերաիմաստավորման տեսլականի շրջանակներում նախևառաջ նախատեսվում է օպտիմալացնել ծառայության գործառույթները՝ բացառելով պետական այլ մարմիններին բնորոշ, ինչպես նաև ոչ ոստիկանական գործառույթների իրականացումը՝ ծառայությանը հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ համայնքի համար զգայուն և կարևոր հարցերի վրա: Բացի այդ, ներկայիս համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման ծառայության գործառույթները նախատեսվում է մեկտեղել միևնույն ծառայողի գործառութային պարտականությունների մեջ՝ վերջինիս օժտելով նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնելու լիազորությամբ, ինչը մի կողմից հնարավորություն կընձեռի թիրախային արձագանքել համայնքի բնակչության կարիքներին, մյուս կողմից համայնքից զտել քրեական միջավայրը՝ վերջնարդյունքում արդարացնելով ոստիկանությունից համայնքի բնակչության ակնկալիքները: Ի դեպ, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների տեսակարար կշիռը համայնքներում կատարվող ընդհանուր հանցագործությունների թվում ավանդաբար կազմում է շուրջ 80%:

Ինչ վերաբերում է համայնքային տեղամասերի սպասարկման կազմակերպմանը, ապա նախատեսվում է այն իրականացնել գործընկերային ձևաչափով՝ 2 համայնքային ոստիկանի կողմից՝ ապահովելու համար փոխլրացման սկզբունքը և տեղամասի սպասարկման աշխատանքների անընդհատությունը, որի կարգավորումները կամրագրվեն ենթաօրենսդրական ակտերով:

Նախատեսվող փոփոխությունների վերջնարդյունքում ոստիկանության ներկայիս տարածքային բաժինները կվերակազմակերպվեն համայնքային ոստիկանության բաժինների և կգործեն Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անմիջական ենթակայության ներքո՝ որպես դրա տարածքային ստորաբաժանումներ:

Այսպիսով, ոստիկանության կազմակերպաիրավական ձևի կատարելագործմանը միտված բարեփոխումների իրագործումից հետո մարզային մակարդակում ներկայացված կլինեն Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի տարածքային ստորաբաժանումները, որոնք ուղղահայաց ենթարկվելու են իրենց գլխադասային ստորաբաժանումներին, իսկ համայնքային մակարդակում՝ համայնքային ոստիկանությունը, որը նույնպես ուղղահայաց կենթարկվի գլխադասային ծառայություն հանդիսացող Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը:

Սույն նախագծերի ընդունման արդյունքում առավել ամբողջական կիրականացվեն համայնքային ոստիկանության գործառույթները և կստեղծվի իրավական հիմքը հետագա բարեփոխումների համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել համայնքային ոստիկանությանն առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանների մեջ։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    30.03.2023 - 15.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3478

Տպել

Առաջարկներ`

Shushanik Sahakyan

03.04.2023

Հարգելինե՛րս, բարեփոխումները դրական կլինեն, եթե ոստիկանության համակարգում աշխատանքներին լինեն ընդգրկված հոգեբաններ(տարիքային առանձնահատկությունը հաշվի առնելով) և սացիալական աշխատող,( չօգտվելով համայնքային, կամ ՄՍԾ ծառայության աշխատակիցների ծառայությունից, լավագույնս համագործակցելով։

Տեսնել ավելին