Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման, վերականգնված գումարների տնօրինման և հաշվառման, համապատասխան տվյալների հրապարակման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ՀՀ վարչապետի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 40-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և հաստատվել դրա անհատական կազմը, աշխատանքային խմբի աշխատակարգը: Աշխատանքային խումբը ղեկավարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, խմբի անդամներ են հանդիսացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պետի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության պետը, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետը:

Աշխատանքային խմբի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգման գործընթացում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում վերականգնված գումարները տնօրինելիս և հաշվառելիս։

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ իրավասու մարմիններում քննվող/քննված քրեական գործերով/վարույթներով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին։ Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը (օր.՝ տարբեր ՊՈԱԿ-ներ՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ և այլն), իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին։

Պարզվել է նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործերով պատճառված վնասների գումարները մուտքագրվում են տարբեր հաշվեհամարներին, որոշ դեպքերում՝ հանձնվում կանխիկ եղանակով, քանի որ նշված նախաքննական մարմինը չունի դեպոզիտային հաշվեհամար։

Քիչ չեն նաև դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին, որոնց տնօրինումը և հաշվառումը գործնականում ևս բարդություն են առաջացնում։

Բացի այդ, տարբեր հաշվեհամարներին նման բնույթի կատարվող վճարումները դժվարացնում են նաև Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս, ըստ էության, հնարավորություն չունի դիտարկելու այդ գումարների գոյացման աղբյուրը։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կոմիտեի դեպոզիտ հաշիվը սկսվել է վարվել 2014թ.-ի հոկտեմբեր ամսից, իսկ վճարումները կատարված են 2015թ.-ից սկսած: Դեպոզիտում առկա գումարը կուտակվել է քրեական վարույթներով պարզված վնասների, կիրառված խափանման միջոցներ՝ երաշխավորության և գրավի, գույքի արգելադրման, ինչպես նաև վարութային ծախսերի (հիմնականում փորձաքննությունների արժեքների) արդյունքում կատարված վճարումներից:

Կոմիտեի գործունեության ընթացքում դեպոզիտ հաշվին վճարված ընդհանուր գումարը կազմել է 7.165.690.757 դրամ գումար, որից ելքագրվել է 3.043.769.692 դրամ գումար, իսկ 2022թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ մնացորդը կազմում է 4.121.921.058 ՀՀ դրամ գումար:

          2015թ.-ից սկսած առկա են վճարումներ, որոնք կատարվել են 2022թ. դեկտեմբերի 16-ը ներառյալ:

          Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին առկա 4.121.921.058 ՀՀ դրամ գումարի գերակշռող մասը պետությանը, համայնքին և ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերաբերյալ է, որոնց մի մասի վճարման անդորրագրերում հստակ նշված չէ, թե վնասը կոնկրետ ում է պատճառվել և դրանց տարբերակումը գտնվում է ուսումնասիրությունների փուլում: Դեպոզիտ հաշվի գումարից շուրջ 3.800.000.000 ՀՀ դրամ գումարը գոյացել է պետությանը, համայնքին և ֆիզիկական անձանց պատճառված վնասի հատուցման արդյունքում:

Դեպոզիտ հաշվի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա են մի շարք գումարներ, որոնց վճարման անդորրագրերի նպատակ դաշտում որևէ գրառում կատարված չէ, քրեական վարույթի համարը նույնպես նշված չէ, ինչի արդյունքում վճարման նպատակը հնարավոր չի եղել պարզել, այն հետագայում հնարավոր կլինի իդենտիֆիկացնել միայն վճարած անձի տվյալների և ամսաթվի համադրությունների արդյունքում: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա է շուրջ 166.569.519 ՀՀ դրամ գումար, որոնց վճարման անդորրագրի նպատակ դաշտում որևէ գրառում կատարված չէ, սակայն հնարավոր նույնականացման նպատակով ուսումնասիրությունները շարունակվում են:

          Դեպոզիտ հաշվի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա են գրավ և անձնական երաշխավորություն խափանման միջոցների արդյունքում կատարված վճարումներ, որոնց ընդհանուր չափը կազմել է շուրջ 116.730.220 ՀՀ դրամ գումար:

          Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ դատական ծախսերի ապահովման նպատակով քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին ևս կատարվել են վճարումներ, որոնց ընդհանուր չափը կազմվել է շուրջ 9.007.667 ՀՀ դրամ գումար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝

  • ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվին այս պահին առկա 5 մլրդ դրամ մնացորդ,
  • ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվում առկա 1.5 մլրդ դրամ մնացորդից 462 մլն դրամի վերաբերյալ պարզվել են այն քրեական գործերը, որոնցով վճարվել են այդ գումարները, պարզվել է նաև այդ գործերի ընթացքը։ Այդ քրեական գործերի վերջնական ճակատագրի պարզաբանումները շարունակվում են։
  • Շուրջ 25 մլն դրամի վճարողների և քրեական գործերի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել,
  • Մնացած 585 մլն դրամի վճարողների և դրանց քրեական գործերի պարզելու աշխատանքները շարունակվում են:

Ճշտվել է, որ 2022 թվականի ընթացում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից որպես վնասի վերականգնում ՀՀ գանձապետական 900005028155 հաշվեհամարին փոխանցվել է 307 մլն դրամ: Ճշտվել են այն քրեական գործերը, որոնցով վճարվել են այդ գումարները։

Ճշտվել է, որ համապատասխան ակտերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից որպես վնասի վերականգնում գանձապետական 900005028155 հաշվեհամարին փոխանցվել է 188 մլն դրամ:

Տվյալներ են ստացվել նաև ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտից:

ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խմբի պարբերաբար կայացած հանդիպումների արդյունքում որոշվել է պետությանը և համայքներին պատճառված վնասի վերականգնման միասնական մոտեցումներ սահմանելու նպատակով հիմք ընդունել հետևյալ հայեցակարգային մոտեցումները.

  • Առաջարկվել է պետությանը և համայնքներին պատճառված վնասների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության, նախկին հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվիվներին վճարված գումարները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեհամարում առկա գումարները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ի պահ հանձնված գումարները և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված/քննվող գործերով/վարույթներով վերականգնված և փաստացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում գտնվող գումարները ինչպես նաև այն գումարները, որոնց ծագման աղբյուրը օբյեկտիվորեն հնարավոր չէ պարզել, փոխանցել պետությանը պատճառված վնասի վերականգման մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին:
  • Առաջարկվել է նախաքննական մարմինների դեպոզիտ հաշիվներին առկա՝ գույքի արգելադրման կամ որպես գրավ փոխանցված գումարները փոխանցել դատախազության դեպոզիտ հաշվին:
  • Առաջարկվել է քրեական վարույթի բոլոր փուլերում պետությանը և համայնքներին, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասը վերականգնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարվող մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին:

Բացառություն են կազմելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 285-րդ, 286-րդ, 288-րդ կամ 290-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները, որոնց հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը վերականգնվելու է կամ հարկ վճարողի միասնական հաշվին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարվող մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Նշված բացառությունը պայմանավորված է հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վնասը փաստացի վերականգնելու դեպքում հնարավոր տույժ-տուգանքներից խուսափելու նկատառումներով:

  • Առաջարկվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով գումարները վերականգնել, որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամը մուծել, իսկ որպես գրավ՝ դրամական միջոցները պահատվության հանձնել Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտ հաշվին: Դատական վարույթի փուլում առաջարկվում է որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամը մուծել, իսկ որպես գրավ՝ դրամական միջոցները պահատվության հանձնել այն դատարանի դեպոզիտ, որի վարույթում գտնվում է գործը:
  • Առաջարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը հնարավորություն ընձեռել տնօրինելու մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին առկա գումարները, իսկ դրանք վերականգնած անձի ռեաբիլիտացիայի կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ վերականգնված գումարները վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին:
  • Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանել մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին կամ դատախազության կողմից վարվող դեպոզիտային հաշվին վճարումներ ընդունելու վճարման անդորրագրի օրինակելի ձև և շրջաբերականով ուղարկել բոլոր առևտրային բանկերին: Նշված անդորրագիրը պարտադիր պետք է ներառի նախաքննական մարմնի անվանումը, վարույթի համարը, մեղադրյալի տվյալները (առկայության դեպքում), վճարման նպատակը
  • Առաջարկվել է սահմանել նաև հաշվետվողականության և հրապարակայնության կառուցակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին պետությանը և համայնքներին պատճառված վնասների վերականգնման նպատակով փոխանցված գումարների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտ հաշվին մուծված՝ որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի, ինչպես նաև որպես գրավ՝ պահատվության հանձնված գումարների մասին՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում դատարանների դեպոզիտներ մուծված՝ արգելադրված կամ որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների վերաբերյալ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է առաջին հերթին ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը:

Մնացած փոփոխությունները միտված են օրենսդրական հիմք ապահովելու ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգում վերը նշված հայեցակարգային մոտեցումների իրացումն ապահովելու նպատակով:

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ օրենսդրական հիմք ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտով՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի մշակած հայեցակարգային մոտեցումները կյանքի կոչելու համար:

 

 

 

 

 ՀՀ գլխավոր դատախազություն

 

 

 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման, վերականգնված գումարների տնօրինման և հաշվառման, համապատասխան տվյալների հրապարակման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի ընդունել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր:

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման, վերականգնված գումարների տնօրինման և հաշվառման, համապատասխան տվյալների հրապարակման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    27.03.2023 - 11.04.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1807

Տպել

Առաջարկներ`

Սամվել Հակոբյան

29.03.2023

Նախագծով առաջարկվում է մինչդատական վարույթի փուլում գրավը պահատվության փոխանցել դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտ հաշվին: Երբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը դատարանը բավարարում է մասնակի և որպես խափանման միջոց է ընտրում գրավը, ապա այս դեպքում, որ կառույցի դեպոզիտային հաշվին գրավը պետք է փոխանցվի՝ դատախազության, թե դատարանի: Առաջին հայացքից կարող ենք պնդել, որ գրավը պահատվության պետք է փոխանցվի դատախազության դեպոզիտ, քանի որ նախաձեռնված քրեական վարույթը դեռևս գտնվում է մինչդատական փուլում, սակայն պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ կարևոր հանգամանքի, այն է՝ գրավը որպես խափանման միջոց ընտրել է դատարանը, իր՝ դատական վարույթում քննվող գործով: Ուստի առաջարկում եմ նախագիծը լրացնել այնպիսի կարգավորումներով, համաձայն որոնց՝ մինչդատական վարույթի ընթացքում վարույթի հանրային մասնակցի կողմից որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության հանձնել դատախազության դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթի ընթացքում դատարանի կողմից՝ իր վարույթում գտնվող՝ խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդության քննության կապակցությամբ կայացված որոշման արդյունքում որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության փոխանցել դատարանի դեպոզիտ:

Տեսնել ավելին