Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հինման ծրագիրը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ

                                                        Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հիմնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում 2-ական տավարաբուծական և ոչխարաբուծական տոհմաբուծարանների հիմնման միջոցով տավարի նախիրներում և ոչխարի հոտերում տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման անհրաժետությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կաճեցվեն տավարի հոլշտին ու շվից ցեղերի և ոչխարի կորիդել ու սուֆֆոլկ ցեղերի մաքրացեղ կենդանիներ, որոնք կունենան հավաստի նախնիներ և աչքի կընկնեն ցեղին բնորոշ տոհմային և մթերատու հատկանիշներով: Կստեղծվեն մասնագիտացված տոհմաբուծարաններ, որոնք կկարողանան բարձրարժեք տոհմային կենդանիներ վաճառել տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող այլ տնտեսություններին, ինչի շնորհիվ նախիրներում և հոտերում կբարձրանա ստացվող սերնդի կաթնային և մսային մթերատվության մակարդակը, հանրապետությունում կավելանան տավարի և ոչխարի մսի արտադրության ծավալները:  

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2017 թվականին տավարի գլխաքանակը կազմել է 655,8 հազար գլուխ, որից կովերինը՝ 296,0 հազար գլուխ: Զգալիորեն ավելացել են տավարի մսի և կաթի արտադրության ծավալները: Հաշվի առնելով վերջին տարիներին գյուղատնտեսական կենդանիների միջին մթերատվության դինամիկ աճը, տավարաբուծության ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես բազմաթիվ են նեղ ազգակցական բուծման և տարբեր ցեղերի հախուռն տրամախաչման դեպքերը, որոնց արդյունքում ստացվել են տարբեր արյունայնությամբ, ցածր մթարատվությամբ և նվազ կենսունակ խառնացեղ կենդանիներ: Ոչխարների գլխաքանակը 2017 թվականին կազմել է 699,6 հազար գլուխ, որից մաքիներինը` 477,8 հազար գլուխ, ավելացել են մանր եղջերավոր կենդանիներից ստացվող մսի ծավալները: Հանրապետությունում բուծվում են բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան և հայկական կիսակոպտաբուրդ ցեղերի ոչխարներ, նաև` կիսանրբագեղմ մսաբրդատու կորիդելի տիպի մսաբրդակաթնատու ոչխարներ, որոնց պտղատվությունը 100 մաքիի հաշվով հասնում է 110 %-ի: Ծրագրի խնդիրներից են կորիդել տիպի և սուֆֆոլկ ցեղի ոչխարների գենետիկական հզոր ներուժի օգտագործման միջոցով հանրապետությունում մսի, կաթի, բրդի արտադրության ծավալների ավելացումը, որը հնարավոր է իրականացնել հանրապետության լեռնային արոտների և կերհանդակների օգտագործմամբ, ինչը կնպաստի կենդանիների լիարժեք կերակրմանը և ցածր ինքնարժեքով ոչխարաբուծական արտադրանքի ստացմանը, ոչխարների մթերատվության բարձրացմանը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հանրապետությունում տավարաբուծության ոլորտում քաղաքականությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի արդյունքների, ներկայումս շրջանառվող «Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի, իսկ ոչխարաբուծության ոլորտում՝ ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 33 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման» հայեցակարգի դրույթներին համապատասխան, որոնք նպատակաուղղված են հանրապետությունում տոհմային անասնաբուծության զարգացմանը, տեղական ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու բուծվող ցեղերի կատարելագործմանը, կաթի և մսի արտադրության ծավալների ավելացմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հանրապետությունում 1991 թվականին մեկնարկած ագրարային բարեփոխումների արդյունքում մասնավորեցվեցին բոլոր տոհմաբուծարանները և տոհմային տնտեսությունները, որոնք հետագայում կորցրեցին իրենց կարգավիճակը, իսկ մի մասն էլ դադարեց գործելուց: Ներկայումս հանրապետությունում չի գործում ոչ մի տոհմաբուծարան, ինչը լուրջ խոչնդոտներ է ստեղծում տավարաբուծության և ոչխարաբուծության ոլորտներում տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման համար:

Կարգավորման նպատակն է հանրապետությունում հիմնել 2-ական տոհմաբուծարան՝ տավարաբուծության և ոչխարաբուծության ոլորտում տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման նպատակով համապատասխան նախադրյալներ ստեղծելու համար:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում հոլշտին ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի 580 գլուխ հոլշտին ցեղի տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի 5050 տոնա կաթ և շուրջ 100 տոննա սպանդային քաշով միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 230 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, տարեկան կարտադրի 1020-1050 տոննա կաթ, ինչպես նաև 40-50 տոննա միս:

Շվից ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը (այն տավարի տեղական կովկասյան գորշ ցեղի կաթնային և մսային հատկանիշների կատարելագործման գործընթացում մեծ դեր խաղացած հիմնական ցեղն է)  ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի շուրջ 150 գլուխ շվից ցեղի տոհմային կենդանիներ, այդ թվում` 100 գլուխ կովեր, երինջներ, էգ հորթեր և 50 գլուխ ցուլեր, արու հորթեր: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի նաև 1200 տոնա կաթ և շուրջ 5 տոննա միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 60 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, իսկ տարեկան կարտադրի 400-420 տոննա կաթ, ինչպես նաև 2-3 տոննա միս:

Կորիդելի տիպի համար նախատեսված տոհմաբուծարանը գործունեության արդյունքում մինչև 2025 թվականը հանրապետությունում կիրականացնի շուրջ 1260 գլուխ կիսանրբագեղմ կորիդելի տիպի տոհմային ոչխարների վաճառք (տարեկան շուրջ 180 գլուխ), ինչպես նաև տարեկան լրացուցիչ կարտադրի ավելի քան 14 ցենտներ ոչխարամիս (3.5 մլն ՀՀ դրամ) և շուրջ 17.9 տոննա ոչխարի կաթ (3.6 մլն ՀՀ դրամ), մինչդեռ սկսած 2016 թվականից այն համապատասխանաբար կկազմի՝ 2.4 ցենտներ ոչխարամիս, 26.6 տոննա ոչխարի կաթ և տարեկան 380 գլուխ տոհմային կենդանի:

Սուֆֆոլկ ցեղի տոհմաբուծարանի գործունեության 3-րդ տարվանից սկսած կպլանավորվի տարեկան շուրջ 280 գլուխ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիների տոհմային վաճառք, այդ թիվը արդեն 7-րդ տարում հասցնելով 1050 գլխի: Ընդհանուր առմամբ 2018-2025 թվականներին ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հանրապետությունում որպես տոհմային կենդանի իրացնել ավելի քան 107 մլն ՀՀ դրամ արժողությամբ շուրջ 5300 գլուխ կիսանրբագեղմ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիներ: Ծրագրի իրականացման նույն ժամանակահատվածում հանրապետությունում տարեկան կարտադրվի հավելյալ 18 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ շուրջ 856.4 ցենտներ բարձրորակ ոչխարամիս, ինչպես նաև 8.5 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 8.5 ցենտներ կիսանուրբ բուրդ:

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

9.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները

 

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:

                                                        Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «Հայաստանի Հանրապետությունում  տոհմաբուծարանների հիմնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին

  «Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հիմնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

                                                           Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հիմնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

 «Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հիմնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում, քանի որ տոհմաբուծարանների հիմնումը  նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների հաշվին:

  • Քննարկվել է

    15.11.2017 - 30.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Գյուղատնտեսության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 590

Տպել