Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագրի» այսուհետ՝ Ծրագիր N 1305-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է Ծրագրի իրականացման վերջին տարում վարկերի տոկոսադրույքի ամբողջությամբ սուբսիդավորման միջոցով Ծրագրի գրավչության  բարձրացմամբ, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և ծախսերի փոխհատուցման բաղադրիչներով ձեռքբերված, սակայն անկած և (կամ) սանիտարական սպանդի ենթարկված, կամ օտարված կենդանիների վերաբերյալ շահառուի կողմից նախարարություն տեղեկատվություն ներկայացնելու ժամկետների և փաստաթղթերի նույնականացմամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ծրագրի շրջանակներում  տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով աջակցությունը տրամադրվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և կատարված ծախսի փոխհատուցման: Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման բաղադրիչով վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է  առավելագույնը 12 տոկո­սային կետն այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների (ՀՀ կառավարության 18.12.2014թ. N 1444-Ն որոշում) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսա­դրույքով։

Կատարված ծախսի փոխհատուցման բաղադրիչով կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելա­գույնը 100 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների, այդ թվում՝ 5 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշի (ոչխարի և այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան 45.0 մլն դրամի 23-27 տոկոսը (ՀՀ կառավարության 2014 թվա­կանի դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշմամբ հաս­տատված սահ­մանամերձ բնակավայրեր և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրակա­նացնող կոոպե­րատիվներ):

Ծրագրի շրջանակներում Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից ձեռք է բերվել ու հանրապետություն է ներկրվել ընդհանուր առմամբ 1327 գլուխ դորպեր, ռոմանովյան, օստֆրիսլանդական, բլանշ ցենտրալ մասիվ և հիսարյան ցեղերի տոհմային ոչխարներ, ընդ որում 0 տոկոս տոկոսադրույքով տրամադրվող վարկով ձեռք է բերվել 348 գլուխ (շուրջ 30%) տոհմային կենդանի։ Տրամադրված 359.9 մլն դրամ վարկերի մասով սուբսիդավորման գումարը կազմել է 73.046 մլն դրամ, իսկ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման գումարը՝ 15.94 մլն դրամ։ Շահառուների մոտ մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է ընդհանուր առմամբ 46 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների անկում:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Վարկերը 0 տոկոս  տոկոսադրույքով տրամադրելու դեպքում տնտեսավարողների համար նախադրյալներ կստեղծվեն ավելի շատ տոհմային մանր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու և դրանց բուծելու համար:

Հաշվի առնելով, որ հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների պահվածքը և խնամքն իրականացվում է գրեթե շուրջտարյա հեռագնա լեռնային արոտներում, որտեղ առկա են տեղեկատվության և կապի միջոցների հասանելիության, ինչպես նաև համապատասխան մասնագետների կողմից փաստաթղթերի ժամանակին տրամադրման խնդիրներ, ապա անհրաժեշտություն է առաջացել նույնականացնել Ծրագրի երկու բաղադրիչներով ձեռքբերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների անկման և (կամ) սանիտարական սպանդի, կամ օտարման վերաբերյալ նախարարություն տեղեկատվություն ներկայացնելու ժամկետները և փաստաթղթերը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գրավիչ պայմաններ ստեղծելով՝ ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը և ապահովել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով սահմանված արդյունքային ցուցանիշները։ Բացի այդ, ակնկալվում է Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների անկման և (կամ) սանիտարական սպանդի, կամ օտարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամկետայնության և փաստաթղթերի առումով մատչելիության ապահովում։ Արդյունքում, ձեռք կբերվեն բազմաքանակ մանր եղջերավոր տոհմային կենդանիներ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն շահառուների մոտ առկա պահպանված կենդանիների հետագա մաքրացեղ բուծման, պահվածքի և խնամքի համար, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության ծավալները:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3 «Անասնաբուծության ճյուղի զարգացում» միջոցառման նպատակի՝ տոհմային գործի բարելավման միջոցով տոհմային կենդանիների տեսակարար կշռի տարեկան 10-15%-ով ավելացման և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետով սահմանված «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթության հետ։

 

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    20.03.2023 - 07.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2266

Տպել

Առաջարկներ`

Vahagn Sahakyan

21.03.2023

3 աշխատանքային օրը շատ սուղ ժամկետ է, մանավանդ համաճարակների դեպքում (և ընդհանրապես)։

Տեսնել ավելին