Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

          Հայաuտանի Հանրապետության «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովմամբ։

          Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խահանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, ինչի հետևանքով առաջացնում են կայուն աղտոտվածություն: Պոլիէթիլենային տոպրակների ու  մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի օգտագործման ժամանակահատվածը  շատ կարճ է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ արտադրանքով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,  հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերը: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ողջ ծավալն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին դիօքսին և ֆուրան գազեր:

          Մանրածախ առևտրի կետերում մեկանգամյա օտագործման պլաստիկ կամ փրփրապլաստե տարաները (տուփերը, կոնտեյներները) կամ ափսեները հաճախ օգտագործվում են այնպիսի ապրանքների փաթեթավորման համար, որոնք կամ արդեն իսկ ունեն գործարանային փաթեթավորում, կամ չունեն փաթեթավորման կարիք (որոշ ապրանքներ ունեն բնական պաշտպանիչ թաղանթ)։ Նման դեպքերը կրում են զանգվածային բնույթ և անհարկի ավելացնում են պլաստիկ թափոնների քանակը։

          Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործուղությունների ծրագրի  շրջանակներում մշակվել է «Պոլիմերային միանգամյա օգտագործման ապրանքների առանձին տեսակների ներմուծման և արտադրության փուլային արգելքի ներդրման նպատակահարմարության սոցիալ-տնտեսական վերլուծության նախապատրաստում» զեկույցը, որը ներկայացվել է ԵԱՏՄ անդամ երկրների քննարկմանը 2022 թվականի նոյեմբերին։ Զեկույցում մասնավորապես ներկայացված են որոշակի գնահատականներ՝ ԵԱՏՄ երկրներում  պոլիմերային արտադրանքի և  թափոնների վերաբերյալ։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանում տարեկան առաջանում է 6000 տոննա պլաստիկ թափոն, որից վերամշակվում է միայն 25 տոկոսը: Զեկույցում ներկայացված է նաև 2021 թվականի կտրվածքով մեկանգամյա օգտագործման պոլիմերային փաթեթվածքի և սպասքի տարեկան արտադրության և սպառման մասին տեղեկատվությունը, համաձայն որի՝

 

մեկանգամյա օգտագործման պոլիմերային փաթեթվածք

(մլն հատ)

մեկանգամյա օգտագործման պոլիմերային սպասք

(մլն հատ)

սպառում

8891

37.2

արտադրություն

5101

5.2

այլընտրանքային նյութերից պատրաստված արտադրանք

285

0.8

այլընտրանքային նյութերից պատրաստված արտադրանքով պահանջարկի ծածկման տոկոսը

3.21

2.2

          Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Ազգային ժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Արդյունքում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվում է  առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը։ Սահմանվել է նաև «կշռափաթեթավորում» հասկացությունը, ինչն անհրաժեշտ էր ապրանքատեսակի գնման (վաճառքի), սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով անհրաժեշտ փաթեթավորման մասով բացառություն սահմանելու համար՝ հաշվի առնելով ներկա ժամանակահատվածում այդ նպատակով հասանելի՝ շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ  փաթեթվածքի սահմանափակ հասանելիությունը։

          Նշված կարգավորումն առաջին օրենսդրական քայլն էր մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և սահմանափակման ուղղությամբ։ Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի և մեկանգամյա այլ պլաստիկ արտադրանքի կիրառումը էականորեն կրճատելու, առաջացած բնապահպանական խնդիրներ հնարավորինս մեղմելու գործընթացը շարունակական է։ Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների եկամուտների կտրուկ նվազում թույլ չտալու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և  արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու համար նպատակահարմար համարվեց առաջին քայլով սահմանափակել թաղանթի մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պարկերի ու տոպրակների գործածությունը։ Հատվածային մոտեցմամբ (մինչև 50 միկրոն) օրենսդրական կարգավորումը նպատակ ուներ արտադրողներին հնարավորություն ընձեռել վերապրոֆիլավորվելու և ինտեգրվելու նոր պահանջներին:

          Այդ նպատակով, հաշվի առնելով թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող տոպրակների ու պարկերի՝ բազմակի օգտագործման հնարավորությունը, ժամանակավորապես չսահմանափակել դրանց գործածությունը։ Անհրաժեշտ էր նաև որոշակի ժամանակ՝  երկրում շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ կենսաքայքայվող փաթեթվածքի, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների՝ բավարար քանակությամբ արտադրության կամ ներկրման ծավալների աճի համար։ Նշված մեխանիզմի կիրառումը ուղղված էր նաև հավասարակշռելու բնապահպանական, տնտեսական և սոցիալական  հնարավոր խնդիրները։

          Կարգավորումը, սակայն, բերեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ։ Կան նաև կենսաքայքայվող փաթեթվածքի համար հումքի ու դրանից ստացված պատրաստի արտադրանքի ներկրման, ինչպես նաև ավելի մատչելի կենսաքայքայվող հումքի ստացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների ակտիվացման միտումներ։

          Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի.

          - 158-րդ հոդվածի 1-րդ մասի՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Գործող դրույթով չեն կարգավորվում նաև նշված ապրանքների անհատույց տրամադրման դեպքերը, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է «իրացում» հասկացությունը, որը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի)։ Օրենսդրական համապատասխանության ապահովման, համապատասխան մարմինների կողմից վերահսկողության իրականացման ընթացքում հնարավոր անորոշությունների և դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերի կանխման նպատակով անհրաժեշտ է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածներում «իրացում» հասկացության փոխարեն ամրագրել «օտարում» հասկացությունը, այն է՝ աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց։

          2191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 23-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ և 35-րդ մասերի) հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմին են հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմինները։ Սակայն 2022 թվականի ընթացքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների տրամադրման պահանջի՝  վերահսկողության իրականացման գործընթացում առաջացան որոշ խնդիրներ՝ պայմանավորված մարդկային և տեխնիկական ռեսուրսների կամ դրանց որակավորման բավարար մակարդակի բացակայությամբ։ Մեկանգամյա պլաստիկի գործածության, դրա հետևանքով առաջացող աղտոտվածության էական կրճատման նպատակով իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է վերոնշյալ կարգավորման մասով վերահսկողությունը վերապահել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.

          - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփերի, կոնտեյներների (կափարիչով կամ առանց կափարիչի), ափսեների) օտարման վրա,

          - վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն թիրախային մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին,

          - պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի արգելքի ուժի մեջ մտնելն իրականացնել փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների եկամուտների կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և  արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։ Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների)՝ անկախ թաղանթի հաստությունից, օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թվականի հունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ) օտարումը՝ 2025 թվականի կունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) օտարումը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Արգելքի փուլային տարբերակի նպատակահարմարությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակ, վերոնշյալ ապրանքատեսակների մասով, երկրում շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ կենսաքայքայվող ինչպես նաև բազմակի օգտագործման տարբերակների, բավարար քանակությամբ արտադրության կամ ներկրման ծավալների ապահովման համար։ Նշված մեխանիզմի կիրառումը ուղղված է հավասարակշռելու բնապահպանական, տնտեսական և սոցիալական  հնարավոր խնդիրները։ Փուլային տարբերակի մշակվել է տնտեսվարողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում,

          - կարգավորմամբ ամրագրված արգելքի հսկողության իրավասության մասով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել բացառություն՝ հաշվի առնելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները։

           «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.

          - օրենսգրքի 158-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվությունը տարածել նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա,

          - օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, բաժակներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփերի, կոնտեյներների (կափարիչով կամ առանց կափարիչի), ափսեների) օտարման արգելքի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակման արդյունքում.

          - նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի լայն թիրախային խմբի գործածության աստիճանական նվազեցման, ու դրա հետևանքով պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կբերի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը,

          - հասկացությունների համապատասխանեցման արդյունքում կմեծանա վերահսկողության գործընթացի արդյունավետությունը, նվազագույնի կհասցվեն դրա ընթացքում հնարավոր անորոշություններն ու թյուրըմբռնումներ և դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերը,

          - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների՝ անկախ հաստությունից, տրամադրման արգելքի սահմանման արդյունքում կվերանա վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից համապատասխան չափիչ սարքերի (միկրոմետրների) ձեռքբերման, դրանց հետագա շահագործման կամ սպասարկման, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերի կատարման անհրաժեշտությունը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

          «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն սպասվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

          «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումն ամրագրված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 12-րդ կետով։

  • Քննարկվել է

    03.03.2023 - 26.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4434

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Վարդանյան

07.03.2023

Ինչ խոսք, բնության պահպանությունն առաջնահերթ խնդիր է, այն էլ Հայաստանի պես աղտոտված երկրի համար, սակայն օրենսդիրը փորձում է ուղղակի արտադրման արգելքի միջոցով փորձել խնդիրը, որով հերթական անգամ միմիայն արտադրողներն են վնաս կրելու, իսկ թափոններն ու աղբը շարունակվելու են ոչ պակաս չափերով կուտակվել։ Վառ օրինակը պլաստիկե տոպրակներն են, որոնց արգելքը բերեց միմիայն խանութների և այլ տնտեսվարողների կողմից հավելյալ եկամտի աղբյուրի այդ տոպրակներն առանձին վաճառելու միջոցով, սակայն աղբը դրանից բնավ չպակասեց, ինչպես հենց իրենք՝ նախագծի հեղինակներն են փաստել եզրակացության մեջ (արգելքը չունեցավ ցանկալի արդյունք և այլն)։ Նշված խնդիրներից ազատվելու առաջնահերթ տարբերակը ոչ թե արտադրող-հարկատուին արտադրել արգելելն է, այլ խիստ տուգանքների սահմանումը և հետևողականությունը աղտոտողների նկատմամբ, ինչպես նաև ավելի լայն առումով՝ չաղտոտելու մշակույթ ստեղծելը տարբեր ձևերով՝ քարոզչություն, կրթություն և այլն։ Ինչու չէ, անհրաժեշտ է ներմուծել պլաստիկը հանձնելու մշակույթ, ինչպես տարածված է բազմաթիվ առաջադեմ երկրներում - տեղադրված են հատուկ ավտոմատներ, որոնք կոպեկներով գնում են պլաստիկե շշերը և այլ արտադրանքը։ Շատ արագ կտեսնեք, թե որքան մարդիկ են օգտվում դրանցից և հետևաբար որքան նկատելի պակասում է ուղղակի փողոց նետվող պլաստիկը։ Արտադրության արգելքը չի հանգեցնելու պահանջվող նպատակի կատարմանը, այլ ընդամենն ուղղակիորեն հանգեցնելու է մի շարք տնտեսվարողների ֆինանսական վնասներ կրելուն։

Աշոտ Մկրտչյան

04.03.2023

Առաջարկում եմ աղբ թափողների հանդեպ տուգանքների մեխանիզմը հետևել, որ աշխատի, թե չէ կոլաի շիշնել է պլաստիկ, սիգարետի ցելովաննել է ցելոֆան և աղբ, թե որ քամին կոլաի շիշը չի թրցնում օդով դա աղբ չի։ Ինչ եք անելու հետագայում արգելելու եք coca cola ին պլաստիկե շշերով կոլա արտադրի։ Շրջակա միջավայրը մաքուր պահելու համար հարկավոր է լրջորեն տուգանել բոլորին և տեսախցիկներ տեղադրել ճանապարհներին։

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

04.03.2023

էլի գլոբալիստակն օրակարգ, ես Պահանջում եմ ընդհանրապես ոչ մի գլոբալիստակն օրակարգ առջ չքաշել ու ոչ մի ֆեյք բնապահպանական օրակարգ, ամեն օր քնում զարդնում են մի օրենք ստեղծում որ մտնեն հանրության գրպանի, հանրությունը բոլոր մարդիկ ատում են ձեզ ու ձեր նմաններին քանի որ դուք զբաղվում եք հանրության թալանով, մի օր չեղավ օրենք ընդունվի թոշակառուների թոշակը բարձրացնել մինիմալ աշխատավարձի չափսին 80000 դրամ կամ, գործազուրկներին տրամադրել ֆինանսական աջակցություն անձնական բիզնես սկսելու համար, կամ անվճար պահանջարկային կրթության ուղեկցել որ հետո մարդ գործ գտնի, սրանք քնեն հելնեն նոր օրենք ընդունեն աճպարարությամբ որ նորից հանրությանը մարկնց թալանի ու տուգանքի ենթարկեն, զգուշացեք վաճառված ոչնչություններ, զգուշացեք, հանրությունը ձեզ կխժռի ու ոսկորներն էլ կթքի, մարդիկ ձեզ ընտրել են որ ոչ թե գլոբալիստակն օրենքներ ընդունեք այլ ծառայել դուք չեք իշխանությունը իշխանությունը ես եմ ես կենդանի շնչող գիտակից մարդս կազմված մսից արյունից հոգուց Նման Արարչին, ու ես պահանջում եմ ոչ մի գլոբալիստակն օրենք չընդունել չըքննարկել, չմսխել երկրի ֆինանսական միջոցները պաշտոնյաների անձնական պալատների ու լռփերի համար մեքենաներ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար, այլ այն բաշխել բանակը իկկանից զինելու հարթությունները, բուհերում անվճար տեղեր պահքվելու համար էն մասնագիտություններով որոնք ստրատեգիական ու ռազմական կսրեվորություն գիտական առաջընթաց կապահովեն, բարձրացնել թոշակառուների թոշակը, բացի Երևանից նաև մյուս մարզերի մարզկենտրոնների համար բերել տրանսպորտային միջոցներ բարեկարգել քաղաքները, ու ամեն բակում կառուցել ռմբապաստարաններ, գործազուրկներին գտնել ու տանել անվճար կրթելու, կամ վճարվող վերապատրաստման այսինքն վերապատրաստման ժամանակ աշխատավարձ ստանա կրթվողը, հերիք եղավ թալանեք ու տուգանեք քաղաքացիներին

Տեսնել ավելին