Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

     Որոշման նախագծի համաձայն վերացվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ում տեղ գտած տեխնիկական բնույթի թերությունները և վրիպակները, հստակեցվում են մի շարք հիվանդությունների և ախտաբանական վիճակների նկարագրական ձևակերպումները:

  • Քննարկվել է

    20.02.2023 - 08.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8215

Տպել

Առաջարկներ`

Սամվել Սահակյան

04.03.2023

Առաջարկում եմ հոդված 30-ի բացատրական մասի վերջում ավելացնել «Արտահայտված հեպատոմեգալիաների, սպլենոմեգալիաների դեպքում լյարդի և փայծաղի չափսերը որոշվում են համակարգչային շերտագրման միջոցով»: Առաջարկում եմ հոդված 36-ի բացատրական մասի 12-րդ պարբերությունից հեռացնել «և երկրորդ աստիճանի կիֆոզի դեպքում, երբ ծռվածության անկյունը 58-60 աստիճան է» բառակապակցությունը, որը հակասում է «գ» կետի պահանջներին։ Առաջարկում եմ հոդված 47-ի բացատրական մասի 3-րդ պարբերության նախավերջին նախադասությունը՝ «3-ից ավել մինչև 1սմ․ պոլիպների առկայության դեպքում տրվում է տարկետում դիտարկման նպատակով, որից հետո անփոփոխ մնալու կամ դրական դինամիկայի դեպքում ճանաչել պիտանի։» հեռացնել։ Վերջին նախադասությանը ավելացնել «ն/ե կոնտրաստավորումով» բառակապակցությունը, որը պոլիպների և խոլեստերոզների տարբերակման էական ախտորոշիչ նշանակություն ունի։ Առաջարկում եմ հոդված 54-ի «բ» կետի բացատրական մասի 1-ին ենթակտում հիդրոնեֆրոզ բառից առաջ ավելացնել «1-ին և 2-րդ աստիճանի» բառերը, 2-րդ ենթակետում «հաստատված պարտադիր ստացիոնարում բուժման էպիկրիզներով» բառակապակցությունից հետո ավելացնել «և փորձաքննության ժամանակ քարի (քարերի) առկայությամբ, երիկամների էքսկրետոր գործառույթից չափավոր խանգարումով,» բառակապակցությունը։ Հոդված 54-ի վերջում ավելացնել․ Երիկամների արտազատիչ գործառույթը որոշելու համար կոնտրաստ համակարգչային շերտագրման արդյունքների չափորոշիչները, որը ներկայացված էր նախագծի առաջին հանրային քննարկման ժամանակ։ Հոդված 55-ի մասին։ Ռազմաբժշկական փորձաքննության հիմնական նպատակն է առողջ անձնակազմով զինված ուժերի համալրումը։ Ախտորոշել «գիշերամիզություն» և հիվանդ մարդուն զորակոչելը հակասում է վերոհիշյալ նպատակին։ 1-ին սյունակով զորակոչվում է, իսկ 2-րդ սյունակի համաձայն զորացրվում։ Համաձայն օրենսդրական և իրավական կարգավորումների «գիշերամիզությամբ» տառապող քաղաքացին ըստ էության կիսատ-պռատ, բայց ծառայության մեջ է գտնվելու մոտավորապես 1,5 տարի (18 տարեկանից մինչև 25,5 տարեկան)։ Պետական մտածողությունը բացակայում է։ Բացակայում է տրամաբանությունը։ Առաջարկում եմ հեռացնել հոդված 56-ի տասներորդ պարբերությունը․ «Վարիկոցելլե, հիդրոցելլե և մակամորձու կիստաներ՝ անկախ չափերից և ֆունկցիայի խանգարման աստիճաններից՝ վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում պիտանի են զինվորական ծառայության համար։ Այսինքն, երբ հնարավոր չէ քայլել, կամ օրգանի գործառույթը զգալի նվազած է, կամ բացակայում է, ու զորակոչիկը չի ցանկանում վիրահատվել․ զորակոչե՞նք։

Սամվել Սահակյան

04.03.2023

Նախագծի ժբ․ և ժգ․ կետերով առաջարկված փոփոխությունները կատարել պետք չէ, և անհրաժեշտ է թողնել նախկին ձևակերպումները անփոփոխ, որովհետև կարող են լինել հիվանդություններ կամ արատներ, որոնք «Ա» կետում հիշատակված չեն, իսկ նրանց առկայության և գործառույթի զգալի խանգարման դեպքում փորձաքննությունը իրականացվելու է այս կետով։ Բոլոր ախտաբանությունները և արատնելը նշել հնարավոր չէ։ Ժե․56-րդ հոդվածի տասներորդ պարբերությունում ոչինչ ավելացնել պետք չէ, այլ անհրաժեշտ է հեռացնել (ամորձու չափերը 3,5սմ-ից փոքր) բառակապակցությունը։ Հիպոտրոֆիայի չափորոշիչ ի սկզբանե ներկայացված չի եղել, քանի որ այդ մասին նշված է 20-րդ հոդվածում (Ներ¬զա¬տիչ հա¬մա¬կար¬գի և նյու¬թա¬փո¬խա¬նա¬կութ¬յան հի¬վան¬դութ¬յուն¬ներ (E00-E90)) և խնդրո առարկան ուռոլոգիական նշանակության չէ, այլ վերաբերում է ներզատիչ համակարգի ախտաբանություններին։ Ատրոֆիկ ամորձու չափսը (երկարությունը փոքր 2,5սմ-ից) համապատասխանում է Տանների սանդղակի չափորոշիչներին և հիմնավորված է։ Տանների սանդղակում հստակ 3,5 սմ չափորոշիչ նշված չէ։ «Ամորձիների հիպոտրոֆիայի (ամորձու չափերը 3,5սմ-ից փոքր)» արտահայտությունում ներկայացված «3,5 սմ չափսի ամորձի» չափորոշիչի հիմնավարվածությունը հասկանալի չէ։ Առաջարկում եմ աղյուսակի շապիկում «ախտաբանական վիճակներ» բառակապակցությունը հեռացնել և թողնել ինչպես նախկինում էր՝ «ֆիզիկական թերությունների» բառակապակցությունը։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 2 կետ 1 ենթակետ 4-ը սահմանում է «հիվանդություն՝ ախտաբանական վիճակ, որը բացասաբար է անդրադառնում որևէ օրգանի կամ ամբողջ օրգանիզմի կառուցվածքի կամ գործունեության վրա և պայմանավորված չէ անմիջական արտաքին վնասվածքով.» Հետևաբար նույն իմաստ ունեցող «հիվանդություն» և «ախտաբանական վիճակ» բառերը կրկնելը անիմաստ է։ Իսկ ի սկզբանէ նշված «ֆիզիկական թերություններ» բառակապակցությունը վկայում էր նրա մասին որ կարելի է զորակոչից տարկետում տալ կամ ազատել բանակից նաև բացարձակ առողջ մարդու․ խոսքը հոդված 17-ի մասին է։Աղյուսակին հաջորդող բացատրական մասի 2-րդ կետի «(ա)» ենթակետի II սյունակի բացատրական մասում շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի՝ շարքային կամ կրտսեր ենթասպայական կոչում ունեցող զինծառայողներ»։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական կազմ սահմանված չէ («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հոդված 5 կետ 4): Հոդված 17 ա․ Առկա է հակասություն առաջին և չորրորդ պարբերությունների միջև։ Եթե ֆիզիկական զարգացման ինդեքսը 15 կգ/մ2-ից ցածր է, 17 հոդվածի «Ա» կետի համաձայն «կարիք ունի բուժման» (առաջին պարբերություն), իսկ 20 հոդվածի «բ» կետի համաձայն ՝ «ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» » (չորրորդ պարբերություն)։ Իսկ ՖԶԻ 15,0 կգ/մ2 -ից մինչև 18,5 կգ/մ2 -ի (նորմայի ստորին սահման) վերաբերյալ ոչինչ նշված չէ։ Առաջարկում եմ հեռացնել հոդված 22-ի բացատրական մասում «Գ» կետի 1) ենթակետը։ Այստեղ առկա է տարկետումների չհիմնավորված ավելացում։ Հոդված 22 «Դ» կետի 2) ենթակետ․ վերջին նախադասության իրագործումը իրատեսական չէ և վտանգավոր է։

Սամվել Սահակյան

04.03.2023

Նախագծի կետ բ․ Առաջարկում եմ II, V և VI սյունակներում նշված E տառեր փոխարինել F տառով։ E տառը նշանակում է «ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»: ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հոդված 23, կետ 1, ենթակետ 2 և կետ 5, ենթակետ 2 հստակ սահմանում է․ «ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» եզրակացությունը նշանակում է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տալ», և սահմանվում է տարկետման ժամկետը՝ 3 տարի։ Նույն օրենքի հոդված 28, կետ 11, ինչպես նաև հոդված 52, կետ 5․ «Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից,» հստակ նշված են ռազմաբժշկական փորձաքննական եզրակացությունները, որոնց շարքում «ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» եզրակացություն չկա։ Նույն օրենքի հոդված 54, կետ 1, ենթակետ 4․ Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է․․․․․ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս։ Նույն օրենքի հոդված 57, կետ 6, ենթակետ 1)գ, 3)բ, 4)ա, 5)ա, «Պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը»․ Երկրորդ կարգում հաշվառվում են` ովքեր «զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով»: Այսինքն՝ համաձայն ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի․ 1. «ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» եզրակացությունը տրվում է զորակոչիկներին և նշանակում է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում», 2. զինծառայողին չի տրվում «ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» ՌԲՓ եզրակացություն, այլ տրվում է «ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» ՌԲՓ եզրակացություն։ 3. պահեստազորում հաշվառվում են նաև՝ նրանք, ովքեր․․․ «զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով» և խոսք անգամ չկա «ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» ՌԲՓ եզրակացության մասին։

Տեսնել ավելին