Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գևորգ Նազարյան 08.02.2023 10:29:10 Ատեստավորումը գիտելիքների առկայության ստուգման միակ եղանակը չէ։ Անհրաժեշտ է նախատեսել փաստաթղթային ատեստավորում ևս, երբ, օրինակ, անձը ստացել է համապատասխան բարձրագույն կրթություն, ունի համապատասխան բնագավառում աշխատանքի փորձ, անցել է վերապատրաստում այլ երկրներում և այլն։ Կարգը նման մոտեցում չի նախատեսում, ինչը մեծ բացթողում է։ Առաջարկում եմ լրամշակել կարգը այդ առումով։ Չի ընդունվել: Առաջարկը բովանդակային առումով ընկալելի է, սակայն այն կիրառելի կլիներ, եթե նախագծով կոնկրետ մասնագիտության և կոնկրետ աշխատանքային փորձի պահանջ դրված լիներ: Սակայն, հաշվի առնելով որ գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթ իրականացնող անձանց մասով կոնկրետ մասնագիտության և կոնկրետ աշխատանքային փորձի պահանջ սահմանված չէ՝ նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ, որ նախքան թեստավորումը անձը ստանա անհրաժեշտ գիտելիքների համախումբ:
2 Գևորգ Նազարյան 08.02.2023 10:29:10 Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (կառավարիչների) համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը չի բխում Քաղաքաշինության կոմիտեին օրենսդրությամբ վերապահված լիազորություններից։ Անհրաժեշտ է դասընթացների կազմակերպումը վերապահել համայնքներին և/կամ մարզպետարաններին։ Չի ընդունվել: Համայնքներին կամ մարզպետարաններին գործառույթ կարող է վերապահվել միայն օրենքով, հետևաբար հարցը սույն նախագծով չի կարող կարգավորվել: Բացի այդ, Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2025 թվականից: Մինչ այդ, մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են բնագավառում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:
3 Գևորգ Նազարյան 08.02.2023 10:29:10 Նախագծի Հավելված 2-ի կետ 40 հակասում է իրավական բոլոր նորմերին և պահանջներին։ Կառավարությունը չի կարող պարտադրել սեփականատերերին իրենց սեփականության կառավարման վերաբերյալ որևէ որոշման ընդունումը։ Ատեստավորման արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ կառավարչի գործունեությունը դադարեցնելու/կասեցնելու համար։ Անձին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով սահմանված դեպքերում։ Ընդունվել է ի գիտություն: Նախագծի լրամշակման արդյունքում նշված կետը հանվել է, հետևաբար առաջարկի քննարկման անհրաժեշտությունը բացակայում է:
4 Կամո Խաչատրյան 16.02.2023 17:22:21 1.Առաջարկում եմ հանել պարտադիր վերապատրաստման պահանջը, քանի որ ՀՀ որևէ օրենքով շենքի կառավարման համար այդպիսի պահանջ չի դրված: Բացի այդ, անձը իրավունք ունի սեփական ուժերով և միջոցներով ձեռք բերել պահանջվող գիտելիքներ,ուստի առաջարկում եմ հավելված 1-ի 6-րդ կետի առաջին պարբերությունը ձևակերպել հետևյալ կերպ «Կառավարիչների սույն հավելվածի 5-րդ կետով նշված գիտելիքների ստուգման համար հիմք են ընդունվում հետևյալ իրավական ակտերի պահանջները.» 2.Առաջարկում եմ կառավարիչներից պահանջվող գիտելիքների ծավալը պակասեցնել: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերից, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերից, պահանջել միայն կառավարիչի գործարույթներին վերաբերվող հոդվածների իմացություն: Հակառակ դեպքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ թեստավորման արդյունքից ելնելով բազմաբնակարան շենքերի զգալի մասի կառավարումը ստիպված կլինեն իրականացնել համայնքները, որոնց կառավարման արդյունավետությունը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց: 3. Կարծում եմ, վերապատրաստումը դիտարկել միայն «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ի շրջանակներում ճիշտ չէ. քանի որ գիտելիքների փոխանցումը տնտեսական գործունեության ձև է, որի արդյունավետությունը մեծապես կախված է պետության կողմից տնտեսական մրցակցության երաշխավորմամբ: Առաջարկում եմ բացառել պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարիչների վերապատրաստումը և կառավարության քննարկմանը ներկայացնել վերապատրաստող կազմակերպության ընտրության չափանիշները:Ելնելով այդ չափանիշներից իրականացնել մրցույթ: 4.Առաջարկում եմ հանել հավելված 2-ի 3-րդ կետի պահանջները, դրանք դիտարկել գիտելիքների ստուգման և թեստավորման գործառույթում: 5. Նախագծի Հավելված 2-ի 40-րդ կետի պահանջները ՀՀ վարչական իրավախախտումների մասին պետական իշխանության թելադրանքի է նման և հակասում է ՀՀ օրենսդրությանը: 6. Առաջարկում եմ նաև որոշման նախագիծը հիմնավորելիս, ներկայացնել ավելի մանրամասը վերլուծություն և տվյալներ, մասնավորապես՝ տարեկան պետական բյուջեից պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, ՀՀ-ում գործող կառավարման մարմինների քանակը ըստ կառավարման ձևի: Համայնքների և կառավարման մարմինների կողմից կառավարվող շենքերի կառավարման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների համեմատականը:Հիմնավորել միայն մեկ վերապատրաստող կազմակերպության ընտրելու անհրաժեշտությունը և այլն: 7. Առաջարկում եմ որոշման նախագիծը խմբագրել ամբողջովին: Չի ընդունվել: 1. Առաջարկը բովանդակային առումով ընկալելի է, սակայն այն կիրառելի կլիներ, եթե նախագծով կոնկրետ մասնագիտության և կոնկրետ աշխատանքային փորձի պահանջ դրված լիներ: Սակայն, հաշվի առնելով որ գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթ իրականացնող անձանց մասով որևէ պահանջ սահմանված չէ՝ նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ, որ նախքան թեստավորումը անձը ստանա անհրաժեշտ գիտելիքների համախումբ: 2. Դասընթացների մշակման, վերապատրաստման և թեստավորման համար հիմք են ընդունվում նախագծով թվարկված իրավական ակտերի վերաբերելի դրույթները: 3. Առաջարկը բովանդակային առումով ընկալելի է, սակայն դրա քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ վերապատրաստման համակարգի ձևավորվելուց և ներդնելուց հետո: 4. Ներկայացված պահանջները գիտելիքների մասով չեն: 5. Նախագծի լրամշակման արդյունքում նշված կետը հանվել է, հետևաբար առաջարկի քննարկման անհրաժեշտությունը բացակայում է: 6.Ֆինանսական միջոցների վերաբերյալ գնահատականներ հնարավոր կլինի ներկայացնել սահմանված պահանջների վերապատրաստման դասընթացի մշակումից հետո: Հիմնավորման մեջ նշված է, թե բազմաբնակարան շենքերի որ մասն է կառավարվում կառավարման մարմինների կողմից: ՀՀ բազմաբնակարան շենքերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ ըստ կառավարման մարմինների, հասանելի է Վիճակագրական կոմիտեի կայքում և դրանք նախագծերի հիմնավորումներում պատճենելը նպատակահարմար չէ: Համայնքների և կառավարման մարմինների կողմից կառավարվող շենքերի կառավարման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների համեմատականը նախագծի կարգավորումների հետ առնչություն չունի, քանի որ նախագիծը ոչ թե կառավարման ձևերի փոփոխության մասին է, այլ կոնկրետ անձանց գիտելիքների մասով պահանջների սահմանման: 7. Նախագիծը լրամշակվել է շահագրգիռ մարմիններից ստացած առաջարկների հիման վրա: