Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածով սահմանված է, որ պետության և համայնքների սեփականության հողամասերն օտարվում են օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու համար: Օտարման ենթակա հողամասերը որոշվում են հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի հիման վրա: Պետության և համայնքների սեփականության հողամասերն օտարվում են`

1) սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.

2) ուղղակի վաճառելու միջոցով.

3) աճուրդով.

4) փոխանակությամբ:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսվում է, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ նույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով: Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով: Հրապարակային սակարկությունների միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (դրանց առանձին հատվածների) աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության դրույթները:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանվում է, որ աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է (...): Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության այլ միջոցներով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, չափերը, ծածկագիրը, մեկնարկային գինը, նախավճարը, քայլի չափը, օգտագործման նպատակը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը:

Վերոգրյալ կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված են պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման եղանակները, որոնց թվում է նաև աճուրդը:

Օրենսգրքում ամրագրված կարգավորումներից պարզ է դառնում, որ աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով:

Անդրադառնալով «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին, հարկ է նկատել, որ դրանով կարգավորվում են նաև էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների հետ կապված հարաբերությունները: Այս առումով հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս արդի տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս օրենքի կիրարկումն առավել արդյունավետ և դյուրին դարձնել՝ Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է էլեկտրոնային աճուրդով: Էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է լինել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը կամ դրա առանձին հատվածը: Նախագծով նախատեսվում է սահմանել նաև, որ Էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է ՀՀ հողային օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդներին վերաբերվող կարգավորումներով:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով Օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներում սահմանված կարգավորումները՝ Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի մեկնարկային գինը հաշվարկվում է Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով, իսկ նախավճարի չափը և աճուրդի դրված հողամասի քայլի չափը՝ նույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

Հիմք ընդունելով Օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումները և նկատի ունենալով Նախագծով Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքն էլեկտրոնային համակարգերի միջոցով իրականացնելու վերաբերյալ կարգավորումները՝ աճուրդի իրականացման կարգի միատեսակությունն ապահովելու նպատակով Նախագծով նախատեսվում է սահմանել նաև, որ Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:

           Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

           Նախագծի ընդունման նպատակն է Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպասի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.    

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

           Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունել Նախագծից բխող իրավական ակտեր: Մասնավորապես, օրինակ՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված են մի շարք դրույթներ, որոնց համաձայն՝ էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվելու են աճուրդի կանոնակարգով:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

  • Քննարկվել է

    30.01.2023 - 14.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2171

Տպել