Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________ 2023 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝  ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ԱՏԳԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել)։
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ԱՏԳԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները հիմնական մոդելի համաձայն դրոշմավորմանը զուգահեռ շարունակվում են դրոշմավորվել ակցիզային դրոշմանիշերով մինչև ակցիզային դրոշմանիշերի վերջնական սպառումը և շրջանառությունից հանվելը։
  3. Սահմանել, որ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափի, կազմի և կառուցվածքի, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետների նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։
  4. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կարգը՝ համաձայն հավելվածի։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

____________ ____-ի N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների (այսուհետ՝ ծխախոտային արտադրանք)՝ Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։

2․ Ծխախոտային արտադրանքի նույնականացման միջոցը կիրառվում է ծխախոտային արտադրանքի անհատական և խմբային փաթեթավորման կամ պիտակի վրա՝ երկչափ շտրիխ ծածկագրի տեսքով:

3․ Ծխախոտային արտադրանքի անհատական և խմբային փաթեթավորման կամ պիտակի վրա նույնականացման միջոցների դրոշմավորման որակի պահանջն է տպագրությունը ECC-200 սխալների ուղղման մեթոդով` ISO/IEC 16022:2006 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան (ISO/IEC 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիա՝ ավտոմատացված նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնիկաներ՝ Data Matrix ձևաչափով շտրիխ ծածկագրի սիմվոլիական տեխնիկական հատկորոշիչ»):

3․ Ծխախոտային արտադրանքի անհատական փաթեթավորման նույնականացման միջոցը ներառում է  դրոշմավորման ծածկագիրը՝ երկչափ շտրիխ ծածկագիր DataMatrix ձևաչափով՝ հարմար մեքենայական ընթերցման համար, որը ներառում է տվյալների 3 (երեք) պարտադիր խումբ, որոնցից առաջին 2 (երկու)  խումբը անհատական փաթեթավորման նույնականացման ծածկագիրն է, ընդ որում՝

  • պարտադիր տվյալների առաջին խումբը ներառում է անհատական փաթեթավորման (GTIN) ապրանքի ծածկագիրը՝ բաղկացած 14 (տասնչորս) նիշից,
  • պարտադիր տվյալների երկրորդ խումբը ներառում է անհատական փաթեթավորման անհատական սերիական համար` բաղկացած 7 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)),
  • պարտադիր տվյալների երրորդ խումբը ներառում է ստուգման ծածկագիր՝ բաղկացած 8 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)), որը տրամադրում է օպերատորը:

4․ Ծխախոտային արտադրանքի խմբային փաթեթավորման դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց, որը ներառում է  դրոշմավորման ծածկագիր՝ երկչափ շտրիխ ծածկագիր DataMatrix ձևաչափով՝ հարմար մեքենայական ընթերցման համար, որը ներառում է տվյալների 3 (երեք) պարտադիր խումբ, որոնցից առաջին 2-ը (երկուսը)  ձևավորում են խմբային փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, ընդ որում՝

  • պարտադիր տվյալների առաջին խումբը նույնականացվում է AI = '01' կիրառման ծածկագրով և ներառում է խմբային փաթեթավորման ապրանքի ծածկագիրը, որը բաղկացած է 14 (տասնչորս)  նիշից (GTIN).
  • պարտադիր տվյալների երկրորդ խումբը նույնականացվում է AI = '21' կիրառման ծածկագրով և ներառում է անհատական փաթեթավորման անհատական սերիական համար՝ բաղկացած 7 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր): Տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում,
  • պարտադիր տվյալների երրորդ խումբը նույնականացվում է AI = '93' կիրառման ծածկագրով և ներառում է ստուգման ծածկագիր՝ բաղկացած 8 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր), որը տրամադրում է օպերատորը:

5․ Նույնականացման միջոցը փակցվում է անհատական և խմբային փաթեթավորման և (կամ) պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել փաթեթից կամ պիտակից:

Անհատական փաթեթավորման վրա նույնականացման միջոցների փակցման նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները․

ա) նույնականացման միջոցը չպետք է տպվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման այլ նյութի վրա և չպետք է ծածկվի որևէ այլ տեղեկատվությամբ,

բ) նույնականացման միջոցը պետք է փակցված լինի այնպես, որ անհատական փաթեթավորման վրա տպված տեղեկատվության ամբողջականությունը չխախտվի՝ համաձայն տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պահանջների։

Ծխախոտային արտադրանքի պիտակի փակցման նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները․

ա) ծխախոտային արտադրանքի անհատական կամ խմբային փաթեթավորման վրա պիտակներ փակցնելու համար պետք է օգտագործվի տեխնոլոգիա, որն ապահովում է պիտակի վրա տպված նույնականացման միջոցների ընթերցումը պիտակի կիրառման պահից մինչև ծխախոտային արտադրանքը սպառողին վաճառելու պահը,

բ) պիտակը փակցվում է ծխախոտային արտադրանքի անհատական կամ խմբային փաթեթավորման վրա սոսնձման միջոցով, թույլատրվում է պիտակը փակցնել ծխախոտային արտադրանք արտադրողի կողմից արտադրանքի փաթեթավորման համար կիրառվող թաղանթի վրա,

գ) չի թույլատրվում պիտակի վրա տպել ծխախոտային արտադրանքի փաթեթավորման որևէ տարր (բացառությամբ արտադրողի կողմից ծխախոտային արտադրանքի փաթեթավորման համար կիրառվող փաթեթավորման թափանցիկ թաղանթը), որոնք ծածկում են պիտակի մակերեսը և դժվարացնում են նույնականացման միջոցների ընթերցումը:

6․ Դրոշմավորման ծածկագիրը փակցվում է փաթեթի ներքևում կամ կողային հատվածում՝ հաշվի առնելով փաթեթի դիզայնը և ագրեգացման գործընթացները:

  • Քննարկվել է

    18.01.2023 - 02.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2736

Տպել

Առաջարկներ`

Ալլա Ստեփանյան Ավերս ՓԲԸ

02.02.2023

Հայաստանի Հանրապետության ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ` պարոն Ռուստամ Բադասյանին Հարգելի պարոն Բադասյան, Ի պատասխան ս․թ․ Հունվարի 18-ին e-draft.am միասնական կայքում տեղադրված «Հայաստանի Հանրապետության ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ, սույն գրությամբ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող ծխախոտային ընկերությունների՝ և արտադրողների և ներմուծողների միասնական դիրքորոշումը։ Նախ և առաջ ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ողջունում ենք ծխախոտի ապօրինի առևտրի դեմ պայքարի բոլոր միջոցները, այդ թվում նաև թվային լուծումների ներդրումը Հայաստանում և պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ունենալ և գործուն աջակցություն ցուցաբերել այդպիսի թվային լուծումների ներդրման պատշաճ մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը, հաշվի առնելով միջազգային առաջադեմ փորձը։ Միևնույն ժամանակ, չենք կարող չբարձրաձայնել, որ այս պահի դրությամբ առանց տևական և լիարժեք փորձաշրջանի ՀՀ ծխախոտային ոլորտը պատրաստ չէ անցում կատարել էլեկտրոնային դրոշմավորմանը, քանի որ ՀՀ Կառավարության 2022 թվականի մարտի 10-ի թիվ 312-Լ որոշման շրջանակներում իրականացվող փորձնական ծրագրի կիրառական մասը մեկնարկել է միայն 2022 նոյեմբեր ամսին և ծխախոտային ընկերությունները հնարավորություն չեն ունեցել ամբողջությամբ փորձարկել և հարմարեցնել իրենց համակարգերը՝ ինչպես արտադրական վերազինման, այնպես էլ լոգիստիկ շղթայի փոփոխման առումներով մինչև Նախագծում նշված ժամկետը (2023թ․ մարտի 1-ը)։ Մակնշված արտադրանքի շրջանառության մեջ մտցնելու և շրջանառությունից հանելու գործընթացները այս պահի դրությամբ հասանելի չեն և պարզ չե թե ինչպես են դրանք աշխատելու։ Հասկանալի է, որ այդ համակարգերի փորձարկումը մինչև վերը նշված ժամկետը պրակտիկորեն անհնար կլինի՝ հաշվի առնելով, որ մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք դեռ չեն մասնակցում փորձնական ծրագրին։ Մեր առաջարկով 2022թ․ դեկտեմբերի վերջին ստեղծված աշխատանքային խումբը իր անդրանիկ հանդիպումը պետք է կայացնի 2023թ․ փետրվարի 7-ին և այդ հանդիպման ժամանակ քննարկված լուծումները քիչ կիրառելի կլինեն եթե վերը նշված պարտադիր մակնշման ժամկետները մնան անփոփոխ։ Կարևոր է նշել, որ ներդրվող համակարգի գործիքակազմի ծավալի նվազեցմանը միտված գործընթացները հարցականի տակ են դնում փորձնական ծրագրի արդիական լինելու հարցը և համակարգի կիրառման նպատակների իրականացումը, ինչի մասին բազմիցս նշել ենք փորձնական ծրագիրն իրականացնող ազգային օպերատորի ներկայացուցիչներին։ Բացի վերը նշված նկատառումներից, հարկ ենք համարում նշել, որ «ՀՀ ծխախոտային ապրանքների դրոշմավորումը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման» շրջանակներում առաջարկում ենք հետևյալը․ - Մակնշման միավոր գինը սահմանվում է ՀՀ Կառավարությունը՝ նույն մոտեցումը կիրառվում է ԵԱՏՄ այլ պետություններում, որոնք կիրառել են այս համակարգը։ Ներկայումս գումարը որոշվում է մասնավոր ընկերության կողմից՝ տնտեսվարողների հետ երկկողմանի պայմանագրերի շրջանակներում, ինչը հղի է լուրջ ռիսկերով։ - Նախագծի 3-րդ կետի համաձայն առաջարկվում է «Սահմանել, որ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափի, կազմի և կառուցվածքի, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետների նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։» Մեր կարծիքով, նշված կետերը պիետք է սահմանել կոլեգիալ կերպով՝ ՀՀ Կառավարության կողմից, այլ ոչ թե առանձին գերատեսչության կողմից։ - Մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ նախագծվող համակարգը դեռ չի գտնվում աշխատանքային վիճակում՝ մասնավորապես բացակայում է հետագծելիության բաղադրիչը, ինչը համակարգը դարձնում է Նախագծում նշված նպատակներին քիչ կամ ընդհանրապես ոչ կիրառելի։ - Բացի այդ, նախագծում նախքան համակարգի պարտադիր կիրառումը, պետք է սահմանվի հստակ անցումային դրույթներ, որոնք կապահովեն շուկայում առկա չմակնշված արտադրանքի անխափան վաճառքը, եղած թղթային դրոշմանիշերի օգտագործումը և դրանցով արտադրանքի ներմուծումը (այս պահի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այդ գործառույթի մաքսիմալ ժամկետը 1 տարի է) և մի շարք համանման կարգավորումներ։ Ինչպես բազմիցս նշել ենք, ուրախ կլինենք հանդիպել ՊԵԿ գործընկերների հետ՝ վերը նշված խնդիրների առարկայական մասնագիտական քննարկում կազմակերպելու և համատեղ լուծումներ գտնելու նպատակով։ Ամենայն հարգանքով՝ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ «Ավերս» ՓԲԸ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ «Դիսթրիմեքս» ՍՊԸ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ «Գարատ» ՍՊԸ «Մուլտի Տաբակ» ՍՊԸ «Ար․Տոբակո» ՓԲԸ «Իմպերիալ Տոբակո Ինթերնեյշնլ Լիմիթեդ», ներկայացուցչություն Հայաստանում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ «Լեքս Թոբաքքո Քամփնի» ՍՊԸ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ Վերը նշված ընկերությունների ներկայացուցիչների համաձայնությամբ ուղարկում եմ սույն նամակը, որը հանդիսանում է այդ ընկերությունների միասնական դիրքորոշումը։ Ալլա Ստեփանյան «Ավերս» ՓԲԸ

Տեսնել ավելին