ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ 

  1. Սույն օրենքով սահմանվում են երեխայի իրավունքները, դրանց իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական հիմքերը և օրենսդրական երաշխիքները,երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները, կարգավորվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:
  2. 2. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև երեխայի բարեկեցությանը, նրա անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացմանը միտված բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի ամրագրումը, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանումը: 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ    

  1. Սույն oրենքում oգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված դեպքերում և կարգով լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.

2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համալիր ծրագիր (այսուհետ՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը.

3) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության տարեկան ծրագիր (այսուհետ՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.

4) սոցիալական կարիք՝ ըստ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) կյանքի դժվարին իրավիճակ՝ ըստ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

6) բռնություն՝ երեխայի ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա սպառնալիք, և (կամ) երեխայի անտեսումը.

7) ֆիզիկական բռնություն՝ երեխային ծեծելը, կամ այլ բռնի գործողություններ կատարելը և (կամ) խոշտանգելը և(կամ) մարմնական վնասվածք հասցնելը և (կամ) մարմնական պատժի ենթարկելը.

8) հոգեբանական բռնություն՝ երեխայի հանդեպ հուզական և հոգեբանական դիտավորյալ ներգործությունը և (կամ) իր զարգացման համար անհրաժեշտ կապվածությունից և հուզական կապերից զրկելը, և (կամ) ոչ մարմնական պատիժը, որոնք կարող են խոչընդոտել կամ խաթարել երեխայի հոգեկան, մտավոր և վարքային զարգացմանը, ինչպես նաև երեխայի նկատմամբ քամահրական և (կամ) մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը և (կամ) վիրավորանքը կամ ցանկացած տեսակի բռնության սպառնալիքը.

9)  սեռական բռնություն՝ երեխայի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված արարք.

10) երեխայի անտեսում՝ երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքներից կամ տնտեսական միջոցներից դիտավորությամբ կամ անփութությամբ զրկելը, որի հետևանքով երեխան հայտնվում է կյանքի և զարգացման համար վտանգավոր ու անպաշտպան իրավիճակում.

11) ընտանիք՝ միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական և (կամ) որդեգրման, խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն, ունեն ընդհանուր բյուջե, ընդհանուր շահեր, կապված են փոխօգնության, բարոյական ու իրավական փոխադարձ պատասխանատվության հիմունքներով, ամուսնությունից կամ ազգակցությունից կամ որդեգրումից բխող՝ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներով և պարտականություններով.

12) կենսաբանական ընտանիք՝ այն ընտանիքը, որը բաղկացած է երեխայի կենսաբանական ծնողներից կամ նրանցից մեկից (տղամարդը կամ կինը, որոնց սեռաբջջից է ձևավորվել սաղմը (ապագա երեխան), և որոնց  գենոտիպի կրողը նրանց երեխան է) և (կամ) երեխայի կենսաբանական ծնողների կամ նրանցից մեկի հորից, մորից (երեխայի պապից, տատից), զավակներից (երեխայի հարազատ և համահայր կամ համամայր եղբայրներից, քույրերից), հարազատ և համահայր կամ համամայր եղբորից և (կամ) քրոջից, նրանց ամուսիններից (երեխայի հորեղբորից, հորաքրոջից, մորեղբորից, մորաքրոջից, նրանց ամուսիններից).

13) խնամատար ընտանիք՝ ըստ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի.

14) առանց ծնողական խնամքի մնացած երեխա՝ ըստ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

15) այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքից դուրս երեխայի խնամքի կազմակերպման բոլոր հնարավոր տեսակները, այդ թվում՝ որդեգրումը, խնամակալությունը և հոգաբարձությունը, խնամատարությունը (երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումը խնամատար ընտանիքի որևէ տեսակի միջոցով), երեխայի խնամքը սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում:

 ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների վրա՝ անկախ նրանց գտնվելու և բնակվելու վայրից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր երեխաների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող երեխայի, փախuտականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող երեխայի, իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիրը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով ստիպողաբար լքած երեխայի, անօրինական ճանապարհով տեղափոխված կամ պահվող երեխայի) վրա, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով կամ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: 

ՀՈԴՎԱԾ 4. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի նորմերը:
  • Քննարկվել է

    07.11.2017 - 24.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

07.11.2017 15:14

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3353

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Հովսեփյան

24.11.2017

Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

24.11.2017

Հոդված 55-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների հարկադիր ինստիտուցիոնալացումը և բուժումը, այդ թվում՝ ոչ կոնսենսուսային հոգեբուժությունը:»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

24.11.2017

Հոդված 55-ից հանել երկրորդ մասը։ Հարկադիր բուժումն արգելվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 23։

Տեսնել ավելին