Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

Նախագծով  ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված սոցփաթեթի շահառուների ցանկում լրացվում են այն հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցները, որոնք դեռևս ընդգրկված չեն ցանկում, մասնավորապես՝

  • Վերականգնվում է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն,
  • սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվում է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։

Միաժամանակ, առավել հստակեցվում է սոցփաթեթի հատկացման կարգը՝ այդպիսով լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

***

Նախագծով, այդ թվում՝ վերը նշված ուղղություններով մասնավորապես կարգավորվում են հետևյալ խնդիրները.

       Նույն ոլորտում, մասնավորապես՝ կրթական, գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու նպատակով սոցփաթեթի շահառուների շրջանակն առաջարկվում է ընդլայնել 538 շահառուով, որի համար կպահանջվի յուրաքանչյուր տարի  շուրջ 38.7 մլն դրամ։ Ստորև ներկայացվում են այն կազմակերպությունները, որոնց աշխատողներին առաջարկվում է ընդգրկել սոցփաթեթի շահառուների ցանկում։ Այդպիսիք են.

  1. Հիմնադրամներ, որոնք նախկինում հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) հանդիսացել են սոցփաթեթի շահառու, սակայն վերակազմակերպվելով հիմնադրամների՝ դուրս են մնացել սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկից։ Մասնավորապես այդ հիմնադրամներն են.
  • Ծաղկունք բաց դպրոցը՝ շուրջ 57 շահառու,
  • Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը՝ շուրջ 67 շահառու,
  • Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոցը՝ շուրջ 55 շահառու,
  • Հայ-չինական բարեկամության դպրոցը՝ շուրջ 72 շահառու։
  1. Ավագ դպրոցներ, որոնց կողմից ևս իրականացվում են հանրակրթական ծրագրեր, ինչպես, որ ՊՈԱԿ հանդիսացող և սոցփաթեթի շահառու հանրակրթական դպրոցների կողմից, սակայն նշված ավագ դպրոցները, հանդես գալով համալսարանների կազմում և չունենալով առանձին կազմակերպաիրավական ձև, չեն կարողանում օգտվել սոցփաթեթի իրավունքից։ Այդպիսիք են.
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոցը՝ շուրջ 21 շահառու,
  • Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57 ավագ դպրոցը՝ շուրջ 51 շահառու,
  • Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը՝ շուրջ 79 շահառու,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Երևանի» ավագ դպրոցը՝ շուրջ 136 շահառու։

 Արդյունքում, նշված 1-ին և 2-րդ կետերով լրացումների դեպքում շահառուների ցանկը, ինչպես նշվեց, ընդհանուր առմամբ կընդլայնվի 538 շահառուով, որի համար յուրաքանչյուր տարի կպահանջվի  շուրջ 38.7 մլն դրամ։

Առողջապահության նախարարության կողմից կատարված հաշվարկների համաձայն` նշված շահառուների սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչն ապահովելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի լրացուցիչ շուրջ 18.5 մլն դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարված հաշվարկների համաձայն` 2023 թվականի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի նշված անձանց շահառուների շրջանակում ընդգրկելու համար: Մասնավորապես, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ սոցփաթեթի ծրագրի առանձնահատկություններից ելնելով տարբեր պետական մարմիններում, որպես կանոն, թափուր հաստիքներով և կադրերի տեղաշարժով պայմանավորված առկա են լինում որոշակի խնայողություններ, հետևաբար սոցփաթեթի շահառու կազմակերպությունների գծով 2023 թվականի համար 2023-2025 թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունքում (ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ մշակելով) հնարավոր կլինի սոցփաթեթի նոր շահառուների համար ապահովել պահանջվող՝ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ առողջապահական բաղադրիչն ապահովելու մասով, 57.2 մլն դրամը, և ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն առկա չի լինի:

***

Իրավակիրառ պրակտիկայից բխող փոփոխություններից են, օրինակ, հետևյալ կարգավորումները.

Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով սոցփաթեթի շահառուների համար սահմանված է սոցփաթեթի պահպանման երաշխիք, երբ աշխատողը մեկ սոցփաթեթի շահառու կազմակերպությունից մեկ ամսվա ընթացքում տեղափոխվում է մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպություն աշխատանքի, սակայն երաշխիքի հետ կապված շատ հարցադրումներ են լինում այն դեպքերի մասով, երբ շահառուն ոչ թե այլ կազմակերպություն է անցնում աշխատանքի, այլ միևնույն կազմակերպությունում է անցնում այլ աշխատանքի։ Նախագծով նույնական մեխանիզմներ են հստակ ամրագրվում նաև նշված դեպքերի համար, որպեսզի տարընկալումներ չլինեն։

Նույն երաշխիքի հետ կապված մեկ այլ խնդիր է առկա այն դեպքերում, երբ անձն ունի այդ երաշխիքը սակայն մի քանի ամիս հետո է տեղեկանում և դիմում իր նոր աշխատավայրի գործատուին, որպեսզի կարողանա օգտվել այդ երաշխիքից։ Այս առումով խնդրահարույց է այն հանգամանքը, որ սոցփաթեթի գումարները սոցփաթեթի շահառու կազմակերպությունների համար պլանավորված գործում են միայն մեկ բյուջետային տարվա կտրվածքով և բյուջետային տարվա ավարտին հետ են փոխանցվում բյուջե։ Հետևաբար, այն պարագայում, երբ աշխատողը դիմած է լինում հաջորդ բյուջետային տարում գործատուն հնարավորություն չի ունենում իրացնելու վերջինիս երաշխիքը։

Մյուս կողմից, սոցփաթեթի շահառուների իրավունքի ծագման մասով ընդհանուր պայման է նախատեսված 6 ամսվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունենալու պայմանը, սակայն գործատուի համար սոցփաթեթի փոխանցման պարտավորություն է նախատեսված այն ամսաթվից սկսած, երբ աշխատողը սահմանված կարգով դիմել է գործատուին իր սոցփաթեթի իրավունքից օգտվելու համար, անկախ այն հանգամանքից, որ կարող է արդեն մի քանի ամիս, օրինակ, իր վեց ամսվա անընդմեջ աշխատանքային ստաժը լրացած լինելու հանգամանքից։

Այպիսով, վերը նշված խնդիրը լուծելու և սոցփաթեթի կարգով հստակ և միանման ընթացակարգի ամրագրման համատեքստում՝ նախագծով առաջարկվում է, որ մեկամսյա ժամանակահատվածում այլ աշխատանքի ընդունվելու կամ տեղափոխվելու դեպքում սոցփաթեթի պահպանման երաշխիքը իրացվի սոցփաթեթի փոխանցման համար նոր աշխատավայրի կամ նույն աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում դիմելու ամսաթվի հիման վրա։

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է ընդլայնել պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքները: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է նշված երաշխիքների ընդլայնմանը։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 3-րդ կետի 3.1-ին ենթակետի համաձայն՝ մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Տվյալ միջոցառման մասով նախատեսվել է սոցիալական փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնում, որի արդյունքում՝ ի թիվս պլանավորված այլ անձանց, նախատեսվել է նաև, որ սոցփաթեթի իրավունք կունենան՝

  • սոցփաթեթի շահառու կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևի (պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամի վերակազմակերպված) փոփոխությամբ պայմանավորված սոցփաթեթի իրավունքից զրկված շուրջ 299 անձինք,
  • համալսարանների կազմում ներառված ավագ դպրոցների շուրջ 245 հաստիքային աշխատողները։

Սույն նախագծով որոշակիորեն (շահառուների շրջանակի աստիճանական  ընդլայնման տարբերակով) իրացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 3-րդ կետի 3.1-ին ենթակետի միջոցառումը։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը

Սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնում, սոցփաթեթի տրամադրման ընթացակարգի պարզեցում:

 

  • Քննարկվել է

    21.11.2022 - 07.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2652

Տպել