ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1․  Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությունը  հիմնվել է 1961 թվականին, Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի կողմից և հետագայում վերանայվել է 1972, 1978 և 1991 թվականների ակտերով: 2021 թվականի դրությամբ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (այսուհետ` ՈՒՊՈՎ) անդամակցում է թվով 78 պետություն:

 

2003 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատվել է, որ Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվեցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է «Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» N Ն-039-3 որոշումը։ Հարկ է նշել, որ ՈՒՊՈՎ անդամակցումը նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություն է։

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման 187-րդ կետի պահանջի, 2017 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը ՈՒՊՈՎ անդամակցության պահանջներից մեկն է։ Բացի այդ անհրաժեշտ է ՈՒՊՈՎ-ի պահանջներին համապատասխան ներկայացնել առնվազն 15 բույսերի ցեղերի և տեսակների ցանկ և վճարել անդամավճար (Հայաստանի Հանրապետության համար առաջարկվել է անդամավճարի մեկ միավորի 1/5-րդի չափով անդամավճարի գումար՝ 10 728 շվեյցարական ֆրանկ և 1 667 շվեյցարական ֆրանկ միանվագ վճար

 

ՈՒՊՈՎ քարտուղարության կողմից Օրենքի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային, որի արդյունքում Օրենքի մի շարք դրույթներում փոփոխություններ կատարելու և նոր դրույթներ լրացնելու անհրաժեշտություն է առաջացել։

 

Միաժամանակ տեղեկացվում է, որ Օրենքի նախագիծը սույն թվականի հոկտեմբերի 27-ին և 28-ին կայացած  ՈՒՊՈՎ խորհրդատվական կոմիտեի նիստում Օրենքի նախագիծը հավանության է արժանացել և Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը մեկ ամսվա ընթացքում կդառնա ՈՒՊՈՎ անդամ։

 

2 Կարգավորումների ենթակա ոլորտը

Սույն օրենքով կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պաշտպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման և արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները։

 

3 Խնդրի սահմանումը

ՈՒՊՈՎ անդամ չհանդիսանալը խոչընդոտներ է ստեղծում բուսաբուծության ոլորտում ներդրումների իրականացման համար, վստահության բացակայությամբ պայմանավորված տնտեսավարողները չեն կարողանում ձեռք բերել առավել մրցունակ, բարձր բերքատվությամբ և լավագույն որակներով օժտված նոր սորտերի և հիբրիդների բարձր դասի կամ կարգի սերմեր և տնկանյութ, որը հանգեցնում է բուսաբուծության ոլորտի արտադրողականության նվազմանը։ Բացի այդ Հայաստանի Հանրապետության սելեկցիոներների կողմից կամ ժողովրդական սելեկցիայի արդյունքում ստեղծված լավագույն տեղական սորտերի համար պաշտպանություն չի իրականացվում, որի արդյունքում նոր սորտերի բուծողները չեն կարողանում դրանց օգտագործման դիմաց ստանալ վճարներ։ Բացակայում է տեղական սորտերի պաշտպանությունն ու կանոնակարրգված օգտագործումն ու տարածումը։

 

4 Կարգավորումների նպատակը

Օրենքի ընդունման և ՈՒՊՈՎ անդամակցման նպատակն է հայ սելեկցիոներների այլ անդամ-պետությունների տարածքում իրավական պաշտպանություն ստանալը և շահադրդել սելեկցիոներներին միջոցներ ներդնել բույսերի սելեկցիայի և իրենց երկրի տարածքում սերմերի արտադրության համար, արդյունքում բուծողի գիտական-սելեկցիոն գործունեությունը կդառնա շահութաբեր։ Միաժամանակ Օրենքի նպատակն է այլ երկրների բուծողների իրավունքների պաշտպանության երաշխիքի առկայությունը։

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՈՒՊՈՎ քարտուղարություն

 

6 Ակնկալվող արդյունքը

Սույն օրենքով կկանոնակարգվի բուծողի իրավունքները, սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն, Հայաստանի Հանրապետություն կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ և կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները, կմեծանան ներդրումները, ինչպես նաև սերմնարտադրության և տնկանյութի արտադրության նպատակով կընդլայնվեն համագործակցության հնարավորություններ:

 

7Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Օրենքի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում:

 

8Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 1․1 Առևտրային քաղաքականության բաժնում նախատեսված է, որ Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄանդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով ՀԱյաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)   և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա, ինչպես նաև գործունեության ծրագրում ներառված է Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման միջոցառման կատարումը։

 

  • Քննարկվել է

    18.11.2022 - 05.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2759

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

30.11.2022

Չեմ կարծում, որ այս նախագիծն առանց արմատական վերախմբագրման իրավունք ունի շարունակելու հետագա ադմինիստրատիվ ընթացքը։

Թաթուլ Ստեփանյան

30.11.2022

Բազում հարցերի, որոնք վերաբերում են բույսերի սորտերի պահպանությանը չենք հանդիպում սույն նախագծում, անգամ անրադարձ չկա այդ հարցերին, արտացոլված չեն։ 1, Ինչպի՞սի վերաբերմունք եք առաջարկում մեր երկորւմ բուծվող էնդեմիկ սորտերի նկատմամբ։ 2, Ինչպե՞ս եք առաջարկում վերաբերվել անհետացող սորտերի ներկայիս կարգավիճակին։ 3, Ի՞նչ եք առաջարկում բնորոշ հայկական սորտերի պահպանության համար։ 4, Ի՞նչ եք անելու պարենային անվտանգությունն ապահովող բուսատեսակների սորտերի պահպանության համար։ 5, Ինչպիսի վարքագիծ եք առաջարկում հայկական գենի վրա ազդեցություն ունեցող բույսերի սորտերի պահպանությանը։ Եվ այսպես շարունակ։

Թաթուլ Ստեփանյան

30.11.2022

Հոդված 18. Բուծողի իրավունքի գործողության ժամկետը Բուծողի իրավունքը տրվում է բուծողին իրավունք տալու օրվանից 20 տարի ժամկետով, իսկ պտղատու ծառերի և խաղողի համար ժամկետը՝ բուծողին իրավունք տալու օրվանից 25 տարի է: Ի՞նչպես եք արգումենտավորում նման ժամկետների սահմանումը։

Տեսնել ավելին