ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, դրա անվավեր ճանաչման և արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները։

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բուծող`

ա.  անձ, որը ստեղծել, բացահայտել և կատարելագործել է որևէ սորտ,

բ. անձ, որը հանդիսանում է սորտը ստեղծողի, բացահայտողի և կատարելագործողի գործատուն կամ վերջինիս հանձնարարել է տվյալ աշխատանքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով,

գ. անձ, որը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց իրավահաջորդը.

2) բուծողի իրավունք` սույն օրենքով սահմանված բուծողի իրավունքը, որը հավաստվում է բուծողին տրամադրված արտոնագրով.

3) սորտ` բուսաբանական հայտնի տաքսոնների ամենացածր դասի բույսերի նույն տաքսոնի խումբ, որը, անկախ բուծողի իրավունքի տրամադրման պայմանների լիովին բավարարումից, կարող է`

ա. որոշվել տվյալ գենոտիպի կամ գենոտիպերի համակցությունը բնութագրող հատկանիշների արտահայտման աստիճանով,

բ. տարբերվել բույսերի ցանկացած այլ խմբից առնվազն մեկ տարբերակիչ հատկանիշով,

գ. դիտարկվել որպես մեկ ամբողջություն` անփոփոխ վերարտադրության պիտանիության տեսանկյունից.

4) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

5) «ՈՒՊՈՎ (UPOV)» (այսուհետ` ՈՒՊՈՎ)՝ Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միություն, որը հիմնվել է 1961 թվականին Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայի կողմից և հետագայում վերանայվել է 1972, 1978 և 1991 թվականների ակտերով.

6) ՈՒՊՈՎ-ի անդամ` 1961 թվականի ՈՒՊՈՎ-ի կոնվենցիայի 1978 թվականի ակտի անդամ պետություն կամ 1991 թվականի ակտի պայմանագրային կողմ հանդիսացող պետություն.

7) սերմնանյութ (տնկանյութ)`  սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.

8) բուսանյութ`  սորտի վերարտադրությունից բացի, այլ նպատակով օգտագործվող բույս կամ դրա մաս.

9) նյութ ցանկացած տիպի սերմնանյութ, բուսանյութ, ներառյալ՝ ամբողջական բույսերը և բույսերի մասերը, ցանկացած արտադրանք, որը ստացվել է անմիջապես բուսանյութից.

10) քաղաքացիներ` ՈՒՊՈՎ անդամ պետության քաղաքացի կամ ՈՒՊՈՎ անդամ միջպետական կազմակերպության անդամ պետության քաղաքացի:

 

Հոդված 3.

Օրենքի կիրառման ոլորտը

 

  1. Սույն օրենքի դրույթները հավասարազոր տարածվում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այնպես էլ ՈՒՊՈՎ-ի անդամների քաղաքացիների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա, որոնք բնակվում կամ գործում են ՈՒՊՈՎ-ի անդամներում:
  2. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից կիրառվում է բոլոր բույսերի ցեղերի և տեսակների նկատմամբ։

 

ԳԼՈՒԽ 2

ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հոդված 4.

Բույսերի սորտերի իրավական պահպանության տրամադրման պայմանները

 

  1. Բուծողի իրավունք տրամադրվում է սորտի՝ այդ իրավունքի տրամադրման չափանիշները բավարարելու դեպքում:

Բուծողի իրավունքը տրամադրվում է այն դեպքում, երբ սորտը`

1) նոր է.

2) ունի տարբերակիչ հատկանիշ.

3) միատարր է.

4) կայուն է:

      2. Բուծողին իրավունքի տրամադրումը չի կարող կախված լինել լրացուցիչ պայմաններից կամ տարբերվել սույն հոդվածի 1-ին մասում թվարկված չափանիշներից, եթե սորտը անվանված է սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան անվանումով, և հայտատուն պահպանել է սույն օրենքով նախատեսված ընթացակարգերը և կատարել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքերի վճարումները:

 

Հոդված 5.

Նոր սորտը

 

  1. Սորտը համարվում է նոր, եթե բուծողի իրավունքների համար հայտի ներկայացման օրը բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ սորտի բազմացվող նյութը կամ բուսանյութը օգտագործման նպատակով չի վաճառվել կամ այլ ճանապարհով չի տրամադրվել այլ անձանց`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում` հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ.

2) այլ պետության տարածքում` վերոնշյալ ժամկետից ոչ պակաս, քան չորս տարի առաջ, պտղատու ծառատեսակների և խաղողի համար` ոչ պակաս, քան վեց տարի առաջ:

 

Հոդված 6.

Տարբերակիչ հատկանիշը

 

  1. Սորտը համարվում է տարբերակիչ հատկանիշ ունեցող, եթե այն հստակ տարբերվում է ցանկացած այլ սորտից, որի գոյությունը հանրահայտ է հայտի ներկայացման պահին: Մասնավորապես բուծողի իրավունքների տրամադրման կամ սորտերի պաշտոնական գրանցամատյանում այլ սորտի գրանցման համար հայտի ներկայացումը ցանկացած երկրում սորտը դարձնում է հայտնի` հայտի լրացման պահից սկսած, եթե տվյալ հայտի լրացման հետևանքով բուծողին տրվել է իրավունք, կամ նշված սորտը ներառվել է բույսերի սորտերի պահպանության պետական գրանցամատյանում:

 

Հոդված 7.

Միատարրությունը

 

  1. Սորտը համարվում է միատարր, եթե այն իր հիմնական հատկանիշներով բավական միատարր է` հաշվի առնելով առանձնահատկությունների այն փոփոխությունները, որոնք կարող են ի հայտ գալ բազմացման ընթացքում։

 

Հոդված 8.

Կայունությունը

 

Սորտը համարվում է կայուն, եթե դրա հիմնական հատկանիշները մնում են անփոփոխ մի քանի բազմացումից հետո կամ բազմացման հատուկ բոլորաշրջանի դեպքում` յուրաքանչյուր բոլորաշրջանից հետո:

 

ԳԼՈՒԽ 3

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ

 

Հոդված 9.

Հայտ ներկայացնելը

 

1. Լիազոր մարմնի կողմից բուծողի իրավունքի համար հայտի ստացման օր է համարվում բուծողի կողմից հայտի ներկայացման օրը:
2. Հայտը պետք է պարունակի՝

1) դիմում.

2) սորտի անունը.

3) սորտի նկարագրությունը.

4) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Հայտի ձևերը սահմանում է լիազոր մարմինը։
4. Յուրաքանչյուր սորտի համար ներկայացվում է նոր հայտ։

 

Հոդված 10.

Առաջնության իրավունքը

 

1․ Յուրաքանչյուր ոք, որը ՈՒՊՈՎ-ի անդամներից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանության հայտ՝ մեկ այլ ՈՒՊՈՎ անդամի լիազորությամբ 12 ամիս ժամկետով ունի առաջնության իրավունք՝ նույն սորտի նկատմամբ բուծողի իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու համար։ Նշված ժամկետը հաշվարկվում է առաջին հայտը ներկայացնելու օրվանից: Հայտը ներկայացնելու օրը չի հաշվարկվում նշված ժամկետում:


2․ Առաջնության իրավունքից օգտվելու համար բուծողը լիազոր մարմին ներկայացրած հայտում պետք է ներառի տեղեկատվություն առաջին հայտի առաջնության մասին: Հայտատուն պարտավոր է հայտի լրացման օրվանից ոչ ուշ քան երեք ամսվա ընթացքում ներկայացնել առաջին հայտի փաստաթղթերի կրկնօրինակները` վավերացված առաջին հայտը ներկայացրած լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև օրինակներ կամ այլ ապացույցներ երկու հայտերի առարկա հանդիսացող սորտի նույնը լինելու մասին:


3․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում նոր հայտ ներկայացնելը կամ սորտի հրապարակումն ու տարածումը չեն կարող հանդիսանալ մերժման հիմքեր, ինչպես նաև չեն կարող հիմք հանդիսանալ երրորդ անձի իրավունքների առաջացման համար:

4․  Առաջնության ժամկետի ավարտից կամ առաջին հայտը մերժվելուց կամ հետ կանչվելուց հետո բուծողին տրվում է երկու տարի ժամկետ՝ 11-րդ հոդվածի համաձայն փորձարկումների իրականացման համար պահանջվող տեղեկատվությունը, փաստաթուղթը կամ նյութերը լիազոր մարմին տրամադրելու համար։

 

Հոդված 11.

Բուծողի իրավունքի տրամադրումը

 

  1. Բուծողի իրավունքի տրման կամ մերժման մասին որոշումը կայացվում է սույն օրենքի 4-8-րդ հոդվածներով նախատեսված՝ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության պահանջներին համապատասխանության փորձաքննության անցկացումից հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ փորձարկումներ, պահանջել աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ այլ փորձարկումներ կամ հաշվի առնել արդեն անցկացված փորձարկումների արդյունքները:
  2. Լիազոր մարմինը փորձարկումների և փորձաքննությունների անցկացման նպատակով կարող է պահանջել բուծողից ներկայացնել սույն օրենքից բխող անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր:
  3. Լիազոր մարմնի կողմից բուծողի իրավունքի տրամադրումը չի կարող մերժվել, կամ այդ իրավունքը դադարեցվել` նախկինում սորտին պահպանություն չտրամադրելու, պահպանությունը մերժելու, այլ պետությունում կամ միջկառավարական կազմակերպությունում դրա ժամկետը լրացած լինելու պատճառով:

 

Հոդված 12.

Ժամանակավոր պահպանությունը

  1. Բուծողի շահերի պահպանության նպատակով բուծողին իրավունքների ժամանակավոր պահպանություն է տրվում` սկսած բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացումից բուծողի իրավունքի տրամադրման միջև ընկած ժամանակահատվածում։
  2. Ժամանակավոր պահպանությունը ընդգրկում է այն բոլոր իրավունքները, որոնք տրվում են բուծողի իրավունք ստանալու դեպքում:

3․  Հայտատուն ցանկացած անձի նկատմամբ համարվում է բուծողի իրավունքի կրող, ով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածում կատարել է գործողություններ, որոնք իրավունքը շնորհվելուց հետո պահանջում են բուծողի թույլտվությունը, ինչպես նախատեսված է 13-րդ հոդվածում։ Հայտատուն պետք է ունենա լիցենզիայի պայմանագրեր կնքելու և դատական վարույթ հարուցելու նույն իրավունքները, որոնք տրվում են բուծողին համապատասխան սորտի համար հայտի ներկայացման ամսաթվին։ Սույն մասով վերապահված իրավունքները համարվում են երբեք չտրամադրված, եթե իրավունքը չի տրվում:

4. Ժամանակավոր պահպանությունն ուժի մեջ է մտնում միայն այն անձանց նկատմամբ, ում բուծողը ծանուցել է հայտի ներկայացման մասին։

 

ԳԼՈՒԽ 4

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 13.

Բուծողի բացառիկ իրավունքները

 

  1. Համաձայն սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների, պահպանվող սորտի բազմացվող նյութի հետ կապված՝ սույն հոդվածում նշված գործողությունների համար պահանջվում է բուծողի թույլտվությունը`

1) արտադրություն կամ վերարտադրություն (բազմացում).

2) բազմացման նպատակով օգտագործման համար կարգաբերում.

3) վաճառքի առաջարկ.

4) վաճառք կամ այլ ճանապարհով շուկայահանում.

5) արտահանում.

6) ներկրում.

7) պահպանում` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերում նշված նպատակներով:

2.Բուծողը կարող է թույլտվության համար առաջադրել որոշակի պահանջներ և սահմանափակումներ:

3.Օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներում, սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված գործողությունների, ներառյալ՝ ամբողջական բույսերի և դրանց մասերի համար, որոնք ստացվել են պահպանվող սորտի բազմացվող նյութի չթույլատրված օգտագործման հետևանքով, բուծողի թույլատվության առկայությունը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ բուծողը ողջամիտ հնարավորություն է ունեցել օգտագործելու իր իրավունքը տվյալ բազմացվող նյութի նկատմամբ:

4.Սույն հոդվածի 1-3-րդ մասերի դրույթները տարածվում են նաև այն սորտի վրա`

1) որը էականորեն ժառանգել է պահպանված սորտի հատկանիշները, եթե պահպանված սորտը չի հանդիսանում այլ սորտի էական հատկանիշների ժառանգորդ.

2) որը հստակ չի տարբերվում պահպանված սորտից` համաձայն սույն օրենքի 6-րդ հոդվածի դրույթների.

3) որի արտադրությունը պահանջում է պահպանվող սորտի բազմակի կիրառում:

5.Սորտը համարվում է մեկ այլ սորտից ըստ էության ստացված, եթե այն`

1) հիմնականում ստացվել է նախնական սորտից կամ այլ սորտից, և վերջինս ինքնին հիմնականում ստացվել է նախնական սորտից, միաժամանակ պահպանելով նախնական սորտի արտահայտման հիմնական բնութագիրը, որը համարվում է նախնական սորտի գենոտիպի կամ գենոտիպերի համակցում.

2) հստակ տարբերվում է նախնական սորտից.

3) համապատասխանում է նախնական սորտին` հիմնական հատկանիշների արտահանման տեսանկյունից, որոնք համարվում են նախնական սորտից ստացված գենոտիպերի կամ գենոտիպերի համակցման արդյունք, բացառությամբ ծագման հետևանքով առաջացած տարբերությունների:

6.Հիմնականում բուծված սորտերը կարող են ստացվել բնական կամ ինդուցիացված մուտանտների կամ ինքնակլոնային տարբերակով, ընտրությամբ կամ նախնական սորտի բույսերի ընտրությամբ՝ հետադարձ տրամախաչման կամ գենային ինժեներիայի վերափոխման մեթոդով:

 

Հոդված 14.

Բուծողի իրավունքի բացառությունները

 

  1. Բուծողի իրավունքները չեն տարածվում`

1) անձնական և ոչ առևտրային նպատակներով կատարված գործողությունների վրա.

2) փորձարարական նպատակներով կատարված գործողությունների վրա.

3) այլ սորտերի ստեղծման նպատակով կատարված գործողությունների, ինչպես նաև 13-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված գործողությունների վրա,  և բացառությամբ այն դեպքերի, երբ 13-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները կիրառվում են նմանատիպ սորտերի նկատմամբ:

 2․ Բուծողի իրավունքների խախտում չի համարվում ողջամիտ սահմաններում և բուծողների օրինական շահերի պահպանության դեպքում ֆերմերների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկում ներառված պահպանվող սորտերի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված սորտերի՝ անձնական տնտեսություններում մշակության արդյունքում ստացված բերքի օգտագործումը բազմացման նպատակով։ 

3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունները չեն վերաբերում պտղատու, բանջարային մշակաբույսերին, դեկորատիվ և անտառային բույսերին, որոնց ցանկը սահմանում է լիազոր մարմինը։

4․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշված  ողջամիտ սահմանները և բուծողի օրինական շահերի պահպանության միջոցները սահմանում է լիազոր մարմինը։

 

Հոդված 15.

Բուծողի իրավունքների շրջանակների սպառումը

 

  1. Բուծողի իրավունքները չեն տարածվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սորտի կամ այն սորտի վրա, որոնք բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ վաճառվել կամ այլ ճանապարհով շուկայահանվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ սույն կետում նշված սորտից ստացված ցանկացած նյութի վրա, եթե այդ գործողությունները կապված չեն`

1) տվյալ սորտի հետագա բազմացման հետ, կամ

2) սորտի նյութի արտահանման հետ, որը թույլ է տալիս սորտի բազմացումն այն երկրում, որտեղ տվյալ բուսաբանական ցեղին կամ տեսակին պատկանող սորտերը չեն պահպանվում, բացառությամբ վերջնական օգտագործման նպատակով արտահանումների:

 

 

Հոդված 16.

Բուծողի իրավունքի իրացման սահմանափակումները

 

1․ Բացի սույն օրենքով սահմանված դեպքերից, բուծողի իրավունքը կարող է սահմանափակվել միայն  հանրության  գերակա շահերի ապահովման  նպատակով։

2․ Երբ ցանկացած սահմանափակում ազդում է լիազոր մարմնի կողմից երրորդ կողմին լիազորելու ցանկացած գործողություն իրականացնել, որի համար պահանջվում է բուծողի թույլտվությունը, ապա բուծողը ստանում է համարժեք փոխհատուցում։

 

Հոդված 17.

Առևտրային գործունեությունը կարգավորող միջոցառումները

 

 Բուծողի իրավունքը պայմանավորված չէ սորտերի նյութերի արտադրությունը, հավաստագրումը և շուկայահանումը կամ այդ նյութերի ներկրումն ու արտահանումը կարգավորելու համար ձեռնարկված ցանկացած միջոցառումով: Ցանկացած դեպքում այդ միջոցները չեն ազդում սույն օրենքի դրույթների կիրառման վրա:

 

Հոդված 18.

Բուծողի իրավունքի գործողության ժամկետը

 

Բուծողի իրավունքը տրվում է բուծողին իրավունք տալու օրվանից 20 տարի ժամկետով, իսկ պտղատու ծառերի և խաղողի համար ժամկետը՝ բուծողին իրավունք տալու օրվանից 25 տարի է:

 

ԳԼՈՒԽ 5

ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

Հոդված 19.

Սորտի անվանումը և անվան օգտագործումը

 

  1. Ցանկացած սորտ պետք է ունենա անվանում, որը պետք է ապահովի դրա վերջնական նշանակությունը և նրա նույնականացումը: Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կարող խոչընդոտել այդ որպես սորտի անվանում գրանցված անվանման ազատ օգտագործմանը նույնիսկ բուծողի իրավունքի գործողության ժամկետը լրանալուց հետո:
  2. Անվանումը չի կարող կազմված լինել թվերից, բացառությամբ այն դեպքերի, երբ այն համապատասխանում է սորտերի անվանակոչման հաստատված գործելակերպին: Այն չպետք է տարակուսանք կամ շփոթմունք առաջացնի տվյալ սորտի հատկանիշների, որակի կամ ինքնության կամ բուծողի ինքնության առնչությամբ: Այն պետք է տարբերվի յուրաքանչյուր անվանումից, որով ՈՒՊՈՎ-ի որևէ անդամ տարածքում անվանվել է գոյություն ունեցող նույն կամ նույն տեսակին պատկանող բուսատեսակի սորտը:
  3. Սորտի անվանումը լիազոր մարմնին առաջարկում է բուծողը: Եթե պարզվում է, որ այդ անվանումը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը մերժում է դրա գրանցումը և պահանջում, որ բուծողը սահմանված ժամանակահատվածում առաջարկի այլ անվանում: Սորտի անվանումը գրանցում է լիազոր մարմինը բուծողի իրավունքների տրման հետ միաժամանակ:
  4. Երրորդ անձանց նախկին իրավունքները ենթակա չեն վերանայման։ Եթե նախկինում ձեռք բերված իրավունքի պատճառով սորտի անվանման գործածումը արգելվում է համաձայն սույն հոդվածի 8-րդ մասի, ապա լիազոր մարմինը բուծողից պահանջում է սորտի համար ներկայացնել այլ անվանում:
  5. ՈՒՊՈՎ-ի բոլոր անդամներում սորտը պետք է առաջարկվի միևնույն անվանմամբ: Լիազոր մարմինը գրանցում է սույն հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկված անվանումը, եթե այն անընդունելի չի համարվում: Անվանման անընդունելի համարվելու դեպքում լիազոր մարմինը բուծողից պահանջում է առաջարկել այլ անվանում:
  6. Լիազոր մարմինը ՈՒՊՈՎ-ի անդամների բոլոր իրավասու մարմիններին ապահովում է սորտերի անվանման, մասնավորապես՝ անվանման առաջարկման, գրանցման չեղյալ համարելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
  7. ՈՒՊՈՎ-ի անդամ յուրաքանչյուր իրավասու մարմին կարող է լիազոր մարմին ներկայացնել սորտի անվանման գրանցման վերաբերյալ իր դիտողությունները:
  8. Յուրաքանչյուր ոք, որը Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի կամ շուկայահանման համար առաջարկում է պահպանվող սորտի սերմնանյութ, պարտավոր է օգտագործել այդ սորտի անվանումը անգամ այդ սորտի վրա բուծողի իրավունքների ժամկետի ավարտից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան նախկինում ձեռք բերված իրավունքները կանխում են այդպիսի օգտագործումը:
  9. Սորտը վաճառքի կամ շուկայահանման առաջարկելու դեպքում սորտի գրանցված անվանումը թույլատրվում է օգտագործել ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ նշապատկերների հետ զուգահեռ: Այդպիսի զուգակցման դեպքում սորտի անվանումը պետք է լինի հեշտ ճանաչելի:

 

 

ԳԼՈՒԽ 6

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 20.

Բուծողի իրավունքն անվավեր ճանաչելը

 

  1. Բուծողի իրավունքը դատական կարգով անվավեր է ճանաչվում, եթե`

1) բուծողի իրավունքը տրվել է սույն օրենքի 5-րդ կամ 6-րդ հոդվածների դրույթների խախտմամբ.

2) բուծողի իրավունքը տրվել է բուծողի ներկայացրած տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա և բուծողի իրավունքների տրամադրման պահին չեն պահպանվել սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածների դրույթներով սահմանված պահանջները.

3) բուծողի իրավունքը տրամադրվել է դրա իրավունքը չունեցող անձին, եթե միայն բուծողի այդ իրավունքը չի փոխանցվել այն անձին, ով ունի այդ իրավունքը։

2.Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի, բուծողի իրավունքը չի կարող անվավեր ճանաչվել:

 

Հոդված 21.

Բուծողի իրավունքը դադարեցնելը

 

  1. Բուծողի իրավունքը դադարեցվում, եթե`

1) հաստատվի, որ սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածով սահմանված պայմանները այլևս չեն իրագործվում.

2) համապատասխան հարցման արդյունքում և նշանակված ժամկետում`

ա. բուծողը հնարավորություն չունի լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր, որոնք անհրաժեշտ են սորտի ստուգման և պահպանման համար,

բ. բուծողը չի առաջարկել այլ անվանում, երբ սորտի անվանումը դադարեցվել է բուծողի իրավունք տալուց հետո:

գ․ բուծողը չի վճարել այն վճարները, որոնք նախատեսված են վճարման ենթակա իրավունքները ուժի մեջ մնալու համար։

 

ԳԼՈՒԽ 7

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում

 

Սույն օրենքի պահանջների խախտումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական պատասխանատվության:

 

ԳԼՈՒԽ 8

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հոդված 23.

Պաշտոնական տեղեկությունների հրապարակումը

 

 Հասարակության տեղեկացվածությունն ապահովվում է լիազոր մարմնի կողմից`

1) բուծողի իրավունքների տրամադրման համար ներկայացված հայտերի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման միջոցով.

2) առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման միջոցով:

 

Հոդված 24.

Բույսերի սորտերի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

1) բուծողի իրավունքի տրամադրման, նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության, բույսերի սորտերի փորձարկումների կարգը, փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկը.

2) բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը.

3) բողոքարկման կարգը.

4) բույսերի սորտերի պահպանության պետական գրանցամատյանի վարման կարգը.

5) բուծողի իրավունքի անվավեր ճանաչման ընթացակարգը:

 

  

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1․ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բուսաբուծությունում սելեկցիոն նվաճումների արտոնագիր ստացած անձանց իրավունքները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պահպանվել սույն օրենքով սահմանված կարգով:

2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

3․ Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-231-Ն օրենքը:

4․ Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ, 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 24-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ 

 

  • Քննարկվել է

    18.11.2022 - 05.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2755

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

30.11.2022

Չեմ կարծում, որ այս նախագիծն առանց արմատական վերախմբագրման իրավունք ունի շարունակելու հետագա ադմինիստրատիվ ընթացքը։

Թաթուլ Ստեփանյան

30.11.2022

Բազում հարցերի, որոնք վերաբերում են բույսերի սորտերի պահպանությանը չենք հանդիպում սույն նախագծում, անգամ անրադարձ չկա այդ հարցերին, արտացոլված չեն։ 1, Ինչպի՞սի վերաբերմունք եք առաջարկում մեր երկորւմ բուծվող էնդեմիկ սորտերի նկատմամբ։ 2, Ինչպե՞ս եք առաջարկում վերաբերվել անհետացող սորտերի ներկայիս կարգավիճակին։ 3, Ի՞նչ եք առաջարկում բնորոշ հայկական սորտերի պահպանության համար։ 4, Ի՞նչ եք անելու պարենային անվտանգությունն ապահովող բուսատեսակների սորտերի պահպանության համար։ 5, Ինչպիսի վարքագիծ եք առաջարկում հայկական գենի վրա ազդեցություն ունեցող բույսերի սորտերի պահպանությանը։ Եվ այսպես շարունակ։

Թաթուլ Ստեփանյան

30.11.2022

Հոդված 18. Բուծողի իրավունքի գործողության ժամկետը Բուծողի իրավունքը տրվում է բուծողին իրավունք տալու օրվանից 20 տարի ժամկետով, իսկ պտղատու ծառերի և խաղողի համար ժամկետը՝ բուծողին իրավունք տալու օրվանից 25 տարի է: Ի՞նչպես եք արգումենտավորում նման ժամկետների սահմանումը։

Տեսնել ավելին