Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.11.2022 18:23:21 «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը» (այսուհետև՝ Նախագիծ), հայտնում է հետևյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները. 1. Նախագծում նշվում է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված այն կարգավորմամբ, որ 2023 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայ¬բան¬կի ՀԽՍՀ հան¬րա¬պե¬տա¬կան բան¬կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց: Ցավոք, այդ գործընթացը, մեր կարծիքով շատ է երկարաձգվում և չի համապատասխանում այդ ծրագրի նպատակադրումներին: Այսպես. 1) 2023 թվականինն էլ (https://www.e-draft.am/projects/4797) նախատեսվում է այդ բյուջետային ծրագրին հատկացնել սոսկ 1.1 մլրդ դրամ, այնքան, որքան նախորդ տարիներին: Մինչդեռ հատկանշական է, որ այդ ծրագրի շահառուները տարեցտարի պակասում են ելնելով ինչպես տարիքից, այնպես էլ՝ միգրացիոն հոսքերից: Հետևապես առաջարկել ենք, որպեսզի ՀՀ պետական բյուջեով այդ ծրագրի իրականացմանը հատկացվեն ավելի շատ միջոցներ՝ առնվազն 2 անգամ ավելի շատ բյուջեի նախագծով նախատեսվածից, այն հաշվով, որպեսզի միջինժամկետ հատվածում բավարարվեն դրա բոլոր շահառուների ակնկալիքները և նրանց հետ վերադարձվեն ավելի քան 30 տարի առաջ կատարված ներդրումները , որոնց հաշվին տարիներ շարունակ իրականացվել են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից այժմ էլ օգտվում են այդ ներդրումների շահառու ներկայիս սերունդը, այդ թվում որոշումներ ընդունող իշխանության ներկայացուցիչները: 2) Այդ բյուջետային ծրագրի իրականացման նպատակով Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչու այդպիսի արտոնություն չի սահմանված Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ՀՀ օրենսդրությամբ սահմնաված կարգով նրանց և/կամ նրանց ժառանգած անձանց վրա: Ակնհայտ է, որ այդ անձանց թիվը գնալով պակասում է, իսկ նրանց ավանդների նկատմամբ ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված ժառանգների թիվը մեծ չէ: Հետևապես առաջարկել ենք բյուջեի նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց և նրանց ավանդները ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպած ժառանգներին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,», Այս կարգավորմամբ կվերացվի տվյալ բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: 3) Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց: Ըստ այդ կարգավորման նշված բյուջետային ծրագրից արտոնություն ստացող անձանց տարիքը պետք է լինի 81.5 տարուց ավելի: Կարծում ենք, որ այս կարգավորումը չի բխում ՀՀ սահմանադրությունից, մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարությունից և երկրում ներկայում տիրող ժողովրդագրական իրավիճակից: Այսպես, ըստ Ալիք մեդիա լրատվական կայքի հետազոտության տվյալների «Հայաստանում կտրուկ նվազել է կյանքի միջին տեւողությունը. սրա մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը: 2020 թվականին տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը մեր երկրում եղել է 68.4 տարի: Սա, 2000 թվականից սկսած, Հայաստանում արձանագրված ամենացածր ցուցանիշն է:»: Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2019 թ. ՀՀ ամբողջ բնակչության կյանքի սպասվող տևողությունը հաշվարկված ծննդից, կազմում էր 76.5, այդ թվում կանանց՝ 79.5, իսկ տղամարդկանց՝ 73.1: Այդ տվյալները 2020 թ. բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով՝ 73.5, 78.6, 68.4: Ակնհայտ է, որ երկրում կյանքի սպասվող տևողությունը աստիճանաբար նվազում է: Այդ պայմաններում ոչ մարդասիրական, խտրական ու անհավասար է թվում կառավարության քաղաքականությունը 1993 թվականին ներդրված ավանդների փոխհատուցումը 81.5 տարուց ավելի անձանց: Հետևապես առաջարկել ենք բյուջեի նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերը փոխարինել «մինչև 1949 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերով՝ ներկայում Հայաստանում կյանքի սպասվող տևողությանը համապատասխան: Այս կարգավորմամբ նույնպես կվերացվի սույն բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանա-դրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: Տեղեկացնում ենք, որ ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար տարիքային շեմը միայն վեց ամսով բարձրացնելու մոտեցմամբ կատարվել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի՝ համապատասխան ծախսերի գնահատականները: Այս ենթադրության համար հաշվի է առնվել հատկացվող բյուջեի և փաստացի դիմած անձանց տրամադրվելիք փոխհատուցման գումարի անհամապատասխանությունը։ Բյուջետային հատկացումները (2023թ․ համար նախատեսվում է 1.1 մլրդ դրամ, 2022թ․ 1.5 մլրդ դրամի դիմաց) ծրագրվում և կատարվում են բյուջետային առաջնահերթություններից ելնելով՝ հաշվի առնելով առկա ֆինանսական ռեսուրսները։ Քանի որ դիմումներին ընթացք է տրվում ֆինանսական հատկացումների շրջանակում, դիմելու և փոխհատուցման ժամանակահատվածը երկարաձգվում է և գոյանում է հերթացուցակ։ Նման հերթացուցակի առաջացումը կանխելու նպատակով նախագծով առաջարկվում է փոխհատուցման տարիքային շեմն ավելացնել կես տարով։ Սա հնարավորություն կտա կրճատել դիմելու և գումարը վճարելու տևողությունը․ օրինակ, վճարել դիմելու ամսվան հաջորդող 1-2 ամիսների ընթացքում։ Պետք է հաշվի առնել նաև, որ ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմելու իրավունք ունեն նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանձ և սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որոնց թիվը վերջին տարիներին ավելացել է։ Ըստ այդմ, առկա բյուջետային ռեսուրսների շրջանակում տարեց ավանդատուների ավանդի փոխհատուցման իրավունքի սահմանման համար ներկայումս նպատակահարմար չէ 2023 թվականին տարիքային շեմը 1 կամ ավելի տարով բարձրացնելը: Տարվա ընթացքում լրացուցիչ ռեսուրսների առկայության դեպքում կարող է քննարկվել խնդրո առարկա տարիքային շեմը ևս կես տարով բարձրացնելու հարցը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանվում է տվյալ տարվա ընթացքում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ սահմանված կարգի 21-րդ կետի` ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Պարզելու համար թե ինչ բնույթ է կրում փոխհատուցման տրամադրումը, և արդյոք այդ փոխհատուցումը ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք թե ոչ, անհրաժե՛տ է անդրադառնալ «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի դրույթներին, որի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատվել է Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրման 2006 թվականի տարեկան ծրագիրը՝ այդ օրենքի N8 հավելվածի համաձայն: Այսպես օրենքի N8 հավելվածի 1-ին մասում հստակ սահմանված է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը պետք է կրի հասցեական բնույթ և նպատակաուղղվի առաջին հերթին հանրապետության բնակչության սոցիալապես առավել անապահով խմբերին խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, որպես սոցիալական օգնություն: Փոխհատուցման տրամադրման «հասցեկան» բնույթն օրենքում ամրագրված լինելն արդեն իսկ ենթադրում է, որ հիշյալ դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը հասցեագրված է կոնկրետ անձանց շրջանակին, ուստի և փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը սույն օրենքի ուժով համարվում է կոնկրետ անձանց հետ անխզելիորեն կապված իրավունք, հետևաբար չի թույլատրվում այդ իրավունքի անցումը այլ անձի և այն ժառանգության զանգվազծի մեջ չի մտնում: «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ևս ավանդների փոխհատուցման տրամադրումը կրում է հաuցեական բնույթ, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաuի 4-րդ կետով նախատեսված է` այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում նույն օրենսգրքով և այլ օրենքներով, այստեղից հետևում է, որ օրենսգրքով և այլ օրենքներով կարող են նախատեսված լինել նաև այն իրավունքները և պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում: Պետությունը ստանձնել է ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու պարտականությունը, ինչը չի զրկում ավանդատուին ստացման պահանջ ներկայացնելու նաև բանկին: Այսինքն՝ եթե անձը ավանդի մասով ընդունել է ժառանգությունը, ապա օրենքով երաշխավորված իրավունքները պահպանվում են ավանդային հարաբերությունները բանկի և ավանդատուի միջև:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.11.2022 18:23:21 2. Ելնելով վերոհիշյալ 1-ին կետում բերված հիմնավորումներից և դրանք ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մեջ ներառելու հնարավորությունից, կարծում ենք, որ սույն Նախագծի շրջանառությունը պետք է հանվի և իրականացվի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո: 3. Այդ առաջարկությունների ընդունման դեպքում առաջարկում ենք Նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «1939» թիվը փոխարինել «1949» թվով, իսկ «դեկտեմբերի 31-ը» բառերը՝ «հունիսի 30-ը» բառերով՝ ՝ ներկայում Հայաստանում կյանքի սպասվող տևողությանը համապատասխան: 2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր 2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք և նրանց ավանդները ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպած ժառանգները` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,», Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 29.06.1992 «1990 թվականին հանրապետության բնակչության կողմից գնված պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի հետգնման մասին» N 377 որոշման համաձայն՝ նախկին ԽՍՀՄ կառավարության կողմից 1990 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության բնակչությանը վաճառված և 1992 թվականից սկսած ավտոմեքենաներով տնտեսական-կենցաղային ապրանքներով մարման ենթակա պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի` ապրանքներ չլինելու պատճառով մարման անիրագործելիության կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է լրացում կատարել ՀՀ կառավարության 1992 թվականի մարտի 26-ի թիվ 181 որոշման 2-րդ կետում, ըստ որի սահմանվել է, որ մինչև 1993 թվականի հունվարի 1-ը բնակչությունից հետ գնված նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը ձևակերպել որպես անվանական արժեքով ավանդներ: Որոշման 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները 1993 թվականի հունվարի 1-ից կարող էին իրենց մոտ եղած 1982 թվականի ներքին շահող փոխառության պարտատոմսերը փոխանակել այլ վճարային արժեթղթերով, այդ թվում Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ներքին շահող փոխառության պարտատոմսերով, ինչպես նաև խնայբանկերում ձևակերպել որպես ավանդ՝ հաշվեգրելով 1991 թվականի մարտին սահմանված 40 տոկոսի և 1992 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 9 տոկոսի չափով փոխհատուցումներ, անկախ ավանդի ձևակերպման ժամկետից: Հետագայում՝ Որոշումն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 11.01.2000թ. թիվ 4 որոշմամբ: Այսպիսով, ՀՀ քաղաքացիների կողմից մինչև 1993 թվականի հունվարի 1-ը արժեթղթերը որպես՝ ավանդ ձևակերպված լինելու պարագայում վերջիններս փոխհատուցում կարող էին ստանալ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352- Ն, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23 ի N 460-Ն որոշումներով սահմանված կարգով: Որպես ավանդ չձևակերպված արժեթղթերի դիմաց փոխհատուցման տրամադրման ընթացակարգեր ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չեն:
3 Արա Սաղումյան 03.11.2022 12:17:04 Ավտոմեքենայի, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար 1990 թվականի պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսեր ձեռք բերելու համար քաղաքացիները կատարել են համապատասխան չափերով վճարումներ ԽՍՀՄ Խնայբանկի հայկական մասնաճյուղերում: Անցել է ավելի, քան երեք տասնամյակ, սակայն քաղաքացիները չեն ստացել ոչ վերը նշված գույքը, ոչ էլ դրա դիմաց որևէ փոխհատուցում: Ինչու՞ է մինչ օրս ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի խախտմամբ խտրական մոտեցում ցուցաբերվում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուների և պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսեր ձեռք բերած անձանց նկատմամբ: Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 29.06.1992 «1990 թվականին հանրապետության բնակչության կողմից գնված պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի հետգնման մասին» N 377 որոշման համաձայն՝ նախկին ԽՍՀՄ կառավարության կողմից 1990 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության բնակչությանը վաճառված և 1992 թվականից սկսած ավտոմեքենաներով տնտեսական-կենցաղային ապրանքներով մարման ենթակա պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի` ապրանքներ չլինելու պատճառով մարման անիրագործելիության կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է լրացում կատարել ՀՀ կառավարության 1992 թվականի մարտի 26-ի թիվ 181 որոշման 2-րդ կետում, ըստ որի սահմանվել է, որ մինչև 1993 թվականի հունվարի 1-ը բնակչությունից հետ գնված նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը ձևակերպել որպես անվանական արժեքով ավանդներ: Որոշման 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները 1993 թվականի հունվարի 1-ից կարող էին իրենց մոտ եղած 1982 թվականի ներքին շահող փոխառության պարտատոմսերը փոխանակել այլ վճարային արժեթղթերով, այդ թվում Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ներքին շահող փոխառության պարտատոմսերով, ինչպես նաև խնայբանկերում ձևակերպել որպես ավանդ՝ հաշվեգրելով 1991 թվականի մարտին սահմանված 40 տոկոսի և 1992 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 9 տոկոսի չափով փոխհատուցումներ, անկախ ավանդի ձևակերպման ժամկետից: Հետագայում՝ Որոշումն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 11.01.2000թ. թիվ 4 որոշմամբ: Այսպիսով, ՀՀ քաղաքացիների կողմից մինչև 1993 թվականի հունվարի 1-ը արժեթղթերը որպես՝ ավանդ ձևակերպված լինելու պարագայում վերջիններս փոխհատուցում կարող էին ստանալ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352- Ն, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23 ի N 460-Ն որոշումներով սահմանված կարգով: Որպես ավանդ չձևակերպված արժեթղթերի դիմաց փոխհատուցման տրամադրման ընթացակարգեր ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չեն: