Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման N 2 հավելվածի 47.1 կետով  նախատեսված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև հոգեկան առողջության ոլորտին վերաբերող ՀՀ գործող օրենսդրությունը միջազգային մոտեցումներին ու չափանիշներին, ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու, մասնավորապես՝ անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման անհրաժեշտությամբ։

Այսօր Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու հնարավորությունը՝ զրկելով նրանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշում կայացնելու իրավունքից: Գործունակությունից անձին զրկելը բացասական հետևանքներ է ունենում նրա մի շարք իրավունքների վրա, այդ թվում՝ ամուսնաընտանեկան հարաբերությունների, առողջության իրավունքի, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու, սեփականության և ֆինանսական միջոցների տիրապետման և տնօրինման և այլ իրավունքների վրա: Ավելին, անգործունակությունը զրկում է անձին դատարանի մատչելիության իրավունքից՝ զրկելով նրան առանց միջնորդի դատարան դիմելու հնարավորությունից՝ վտանգելով նաև այլ իրավունքների պաշտպանությունը: Անգործունակ ճանաչված անձի նկատմամբ սահմանվում է անժամկետ խնամակալություն, որի պայմաններում խնամակալը անձի կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման իրավասություն է ձեռք բերում՝ զրկելով անձին իր կյանքի վերաբերյալ որոշումների կայացման իրավունքից:  Վերջին տասնամյակի ընթացքում գործունակության իրավունքի ճանաչման և պաշտպանության միջազգային սկզբունքները զարգացել են: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում է հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքի ցանկացած սահմանափակում և փոխարենը պետություններին պարտավորեցնում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել աջակցության համապատասխան մեխանիզմներով՝ իրենց գործունակության իրավունքը այլ անձանց հետ հավասար պայմաններում իրականացնելու նպատակով:

    Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է հոգեկան առողջության ոլորտի ներկա գործող օրենսդրությունը համապատասխանեցնել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց գործունակության իրավունքի պաշտպանության միջազգային և եվրոպական չափանիշներին, մասնավորապես՝ վերանայել և աստիճանաբար վերացնել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ անգործունակության ինստիտուտը, ներդնելով որոշումների կայացմանն աջակցման մեխանիզմներ:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. 

       Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և  սույն նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբ:  Նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել «Գործունակության իրավունքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում փորձագիտական խմբի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց գործունակության իրավունքի ապահովման համար որոշումների կայացման աջակցության մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունները;

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մշակված օրինագծերով ապահովված են հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը, ամրագրված է այն հիմնական սկզբունքը, որ անձն ունի իր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու անօտարելի իրավունք, և նա պետք է վերահսկի իր կյանքը և ընտրի աջակցության այն տեսակը, որն ինքն է նախընտրում:

Նախագծի ընդունումից հետո, օրենսդրական ակտերով կներդրվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին՝ իրազեկված համաձայնությամբ «ընկերոջ» կամ  «աջակցողի» ինստիտուտը, վերջինս հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համաձայնությամբ և/կամ համատեղ կայացնում է որոշումներ, որոնք առնչվում են աջակցություն ստացող անձի կյանքին, գործունեությանը, նրա իրավունքների իրացմանը և այլ հարցերի: Կսահմանվեն և կներդրվեն աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմները: Նախագծի ընդունումից հետո ընդունվելիք իրավական ակտերով կապահովվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի դատարան դիմելու, արդար դատաքննության, գործունակության սահմանափակման հետ կապված որոշման վերանայման իրավունքները:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների  անհրաժեշտությունը  Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: Նախագծով նախատեսված՝ հոգեկան առողջության խնդիր  ունեցող անձանց գործունակության իրավունքի ապահովման համար որոշումների կայացման աջակցության մեխանիզմների սահմանման արդյունքում նոր ծառայությունների ներդրման համար պահանջվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը կքննարկվի համապատասխան տարվա պետական բյուջեի հայտի նախագիծը մշակելու ժամանակ։

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագիծն ընդունվելու դեպքում, պետք է երեք տարվա ընթացքում մշակվեն և ընդունվեն որոշման նախագծի հավելվածով նախատեսված՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները կանոնակարգող մի շարք իրավական ակտեր։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշմամբ հաստատված՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից։

  • Քննարկվել է

    02.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2667

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գործողությամբ «Իրականացնել իրավիճակի գնահատում և մշակել անգործունակ ճանաչված անձանց գործունակության վերականգման ժամանակացույց»։ Անձինք, ովքեր այժմ ճանաչված են անգործունակ, հայտնվել են այդ կարգավիճակում Հայաստանում աջակցության մեխանիզմների բացակայության պատճառով։ Անհրաժեշտ է վերականգնել նրանց գործունակությունը արտադատական կարգով և փոխարենը առաջարկել աջակցության միջոցով որոշումների կայացման հնարավորություններ։ Միջոցառման ծածկույթը պետք է ներառի ինչպես հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բուժում կամ խնամք ստացող անձանց, այնպես էլ համայնքում ապրող անգործունակ ճանաչված այլ անձանց։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագծի 6-րդ գործողության «դրանց մասնակից դարձնելով նաև խնդիրը կրող անձանց և նրանց ընտանիքներին» բառերը փոխել «դրանք իրականացնելով հոգեկան և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքների առաջնորդությամբ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագծի 6-րդ գործողության արդյունքներում ավելացնել համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման նպատակով իրազեկվածության միջոցառումների իրականացված լինելը և վստահության շարունակական աճի գնահատումը։

Տեսնել ավելին