Հիշել նախագիծը

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ անվտանգության միջոցների նշանակման հնարավորությունը, որոնց շարքում է նաև հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը: Մասնավորապես՝ օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Եթե դատարանը համարում է, որ պատժի սպառնալիքով արգելված արարք կատարելը պայմանավորված է եղել անձի հոգեվիճակով, հոգեբանական խնդիրներով կամ բարդույթներով, ապա կարող է որոշում կայացնել անձի նկատմամբ իրավասու մարմիններում հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով: (…)»:

«Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ ներկայումս առկա չէ նշված անվտանգության միջոցի շրջանակներում հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկ, և սույն նախագծի մշակումը պայմանավորված է այդ ցանկը սահմանելու անհրաժեշտությամբ:

Միևնույն ժամանակ, սույն նախագծի մշակումը բխումը է նաև ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N1114-Ա որոշման հավելված N 3-ով հաստատված ցանկի 13-րդ կետից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա սահմանել հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը:

 3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցները, ինչը հնարավոր կդարձնի գործնականում տվյալ անվտանգության միջոցի պատշաճ կիրառումը:

Միևնույն ժամանակ, սույն նախագծի ընդունմամբ անհրաժեշտ կլինի ֆինանսական միջոցների ներգրավում, քանի որ հոգեբանական կառույցների կողմից պրոբացիայի շահառուներին օգնություն տրամադրելը պետական միջոցների հաշվին ապահովելու համար անհրաժեշտ է հայտարարել համապատասխան մրցույթ՝ սույն նախագծի հիման վրա արդեն կոնկրետ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու համար: Այդպիսով՝ անհրաժեշտություն կառաջանա նաև բյուջեի ծախսերում կատարել որոշակի փոփոխություններ, որոնց չափը ներկայումս հնարավոր չէ հստակեցնել:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված է, որ.

«Կառավարությունը շարունակելու է վճռական մնալ վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման  ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:»:

Այս համատեքստում հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկի սահմանումը հնարավորություն կտա գործնականում առավել արդյունավետ միջոցներ ձեռնարկել հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովման ուղղությամբ:

  • Քննարկվել է

    01.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2033

Տպել