Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Նախագիծ

--------------------

Արձանագրային

 

   

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հավանություն տալ`

  1. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագրին ՝ համաձայն Հավելվածի:
  2. ՀՀ կրթության և գիտության նախարարին`

Փորձնական փուլի ներդրումից 1 տարի հետո ամփոփել փորձնական փուլի  արդյունքները և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

 

 

 

            Հավելված

 ՀՀ կառավարության 201  թ.

 --------ի նիստի N

 արձանագրային որոշման

 

«ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  1. Ամփոփ համառոտագիրը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի փորձնական ծրագիրը ներառում է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման նպատակները, ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները, ակնկալվող արդյունքը: Ավագ դպրոցը, հանդիսանալով հանրակրթության վերջին՝ երրորդ աստիճանը, համարվում է նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Այն կրթության ընդհանուր համակարգի բաղադրիչ մաս է` կոչված ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը` միաժա­մանակ հանդիսանալով միջանկյալ օղակ` հանրակրթական և մասնագիտական կրթության միջև:

Հանրակրթական հիմնական կրթությունից հետո ավագ դպրոցը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովո­րողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հակում­ների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից:

 

 

  1. Ներածություն

Ավագ դպրոցներում լրացուցիչ առարկաների դասավանդումը նպատակաուղղված է ինչպես սովորողների ընդհանուր ճանաչողական և կրթական պահանջմունքների բավարարմանը, այնպես էլ` հետագա մասնագիտական կրթությանը առավել լավ նախա­պատրաստելուն: Մասնագիտական ուսումնական հաստա­տություններում դասավանդվող ընդհանուր մասնագիտական առանձին դասընթացներ (դրանց առանձին մասեր) կարող են դասավանդվել ավագ դպրոցում` որպես լրացուցիչ առարկաներ: Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի ներդրումով կարող են նախատեսվել այնպիսի մեխանիզմներ, որ այդ առարկաների ուսում­նառության արդյունքը (հավաքած կրեդիտները) ճանաչվի մասնա­գի­տա­կան ուսումնական հաստատությունների կողմից:

Ավագ դպրոցի հիմնախնդիրների լուծմանը կարող է նպաս­տել կրեդիտային համակարգը:

 

  • Նախապատմություն

Հայաստանի Հանրապետության կրթության ամբողջ համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում: Վերջին տասնամյակում ընդունվել են օրենքներ կրթության բոլոր մակարդակների համար, նորացվել և արդիակա­նաց­վել է ամբողջ կրթական համակարգի ենթաօրենսդրական դաշտը: Արդյունավետ կերպով ընթանում է հանրապետության մասնագիտական կրթական համա­կարգը եվրոպական կրթական միասնական տարածքում ներգրավվելու  գործընթացը: Այն իրականացվում է նաև հանրակրթության ոլորտում:  

Հանրապետության կրթական համակարգում կրեդիտային համակարգը ներդրվել է 2007 թվականից՝ նախ` բարձրագույն կրթության ոլորտում, իսկ 2014-2015 ուսումնական տարվանից՝ նաև նախնական մասնագիտական (արհես­տա­գործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում:

  1. Խնդիրներ և նպատակները

Ավագ դպրոցներում դեռևս արդյունավետ կերպով չի իրականացվում լրացուցիչ առարկաների դասավանդումը, որոնք նպատակաուղղված են ինչպես սովորողների ընդհանուր ճանաչողական և կրթական պահանջմունքների բավարարմանը, այնպես էլ` հետագա մասնագիտական կրթությանը առավել լավ նախա­պատրաստելուն: Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործ­ընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների գնահատման մեխա­նիզմ­ներն առկա փուլում հստակ չեն արտացոլում կրթության որակի և արդյունա­վետության վրա ներազդող գործոնները:

Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման նպատակներն են.

  • առավել դյուրին դարձնել սովորողների շարժունությունը և անցումը հանրակրթությունից մասնագիտական կրթություն,
  • միասնականացնել ավագ դպրոցում և մասնագիտական կրթական համակարգում ուսումնական գործընթացի կազմակերպումը,
  • հանրակրթությունը համապատասխանեցնել զարգացման միջազգային չափանիշներին,
  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը:

Միջազգային փորձի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կրեդիտային համակարգն առաջին անգամ ներդրվել է ԱՄՆ-ում 1870-ական թվականներին, որը հայտնի է նաև  Կառնեգիի միավոր (Carnegie Unit) անվամբ:  19-րդ դարի վերջերին ԱՄՆ-ի կրթականան համակարգը անկում էր ապրում, քանի որ շարունակում էին գործել հին ուսումնական ծրագրերը և ուսումանական հաստատությունները կառավարվում էին սոցիալական խմբերի կողմից և հետևաբար տարանջատված էին և համակարգված զանազան լոկալ սովորույթներով, որը այլևս ոչ մի կապ չուներ արդյունաբերական ԱՄՆ-ի հետ: Տարբերակված էին անցկացվում նաև քննությունները, ինչը ստեղծում էր անվստահություն,  գիտելիքների և կարողությունների անհավասարություն: Այդ իսկ պատճառով էլ ստեղցվեց կրեդիտային համակարգը, որպեսզի վերջնականապես  ստանդարտացնի կրթական համակարգը և հեշտացնի ավագ դպրոց- համալսարան անցումը, ինչպես նաև ԱՄՆ-ի տարբեր նահանգներում մեկ ուսումնական հաստատությունից մյուսը տեղափոխվելու համար:

         Եվրոպական շատ երկրներում, որպես կրեդիտային համակարգ օգտագործվում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը՝ European Credit Transfer and Accumulation System (ECTS), որը չափանիշ է համեմատելու բարձրագույն հաստատությունների ուսանողների ունակություննները և հնարավորություն է տալիս տեղաշարժվել ամբողջ Եվրոպայի տարածքում և տվյալ համակարգի մասնակից երկրներում: Հաջողությամբ առարկան անցնելու դեպքում՝ ձեռք է բերվում  ECTS կրեդիտը:

  Որոշ Եվրոպական երկրներում օգտագործվում է որպես ուսումնական համակարգ, իսկ որոշներում՝ միայն տեղափոխության համակարգ:

Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը (ECTS   2011 թվականին օրենքով ներդրվել է Լիտվայի կրթական համակարգում: Կրթական ծրագիրը չափվում են ECTS կրեդիտով , որը հիմնված է սովորողի ծանրաբեռնվածության(credit) վրա, որպեսզի  հասնի անհրաժեշտ ակնկալվող ուսումնառության արդյունքներին (grade, վարկանիշ):

2004 թվականի դեկտեմբերի 14–ին  Հոլանդիայում  32 երկրնեի միջև կնքվել է համաձայնագիր, որով European Credit Transfer and Accumulation System (ECTS)–ը ECVET համակարգի ամբողջական մասն է կազմելու  , որն իրենից ներկայացնում է մասնագիտական ուսուցման կրեդիտների տեղափոխման համակարգ:

Կանադայում կրեդիտային համակարգը համապատասխանում է ԱՄՆ-ի կրեդիտային համակարգին :

Կանադայի  յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ավարտողներին  տրամադրվում է վկայական՝ Ontario Secondary School Diploma, որը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան կրեդիտներ:

  1. Առաջարկվող մոդելը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային (չափանիշային) համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել որպես ուսումնական գործընթացի կազմա­կերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ:

  1. Ներդրման փուլերը՝                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 1) I (փորձնական) փուլ - 3 տարի` 2018-2019 ուսումնական տարվանից սկսած: Փորձնական փուլում կընդգրկվեն Ճարտարապեության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը, Երևանի պետական բժշկական համալսարանի <<Հերացի>> ավագ դպրոցը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը: Եթե ավագ դպրոցի սովորողն ընդունվի տվյալ բուհը՝ հնարավորություն կունենա իր հայեցողությամբ և գործող մոդելին համապատասխան՝ ազատվելու որոշ հանրակրթական առարկաների ուսումնասիրությունից:

2) II փուլ - 2021-2022 ուստարուց սկսած: Երկրորդ փուլը   կներառի ՀՀ պետական մյուս բուհերի կազմում գործող ավագ դպրոցները և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության առանձին գործող բոլոր ավագ դպրոցները: 

3) III փուլ` 2022-2023 ուստարուց սկսած: Երրորդ փուլը կներառի ՀՀ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կրթական ծրագիր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները:

 4) II և III փուլերը կիրականացվեն I փուլի արդյունքների վերլուծության հիման վրա՝ լրամշակված ծրագրով:

  1. Օգտագործվող հիմնական սահմանումները և դրույթները

1) Կարողություն - գիտելիքի, ընկալման, ունակությունների և հմտու­թյունների դինամիկ համակցություն, որի ձևավորումն ու կիրառումը կրթական ծրագրի հիմնական նպատակն է:

2) Կրթական արդյունք - այն, ինչ պետք է գիտենա և (կամ) կարողանա անել սովորողը ուսումնառության ավարտին: Կրթական արդյունքը զուգակցվում է համապատասխան գնահատման չափանիշով, որը հնարավորություն է տալիս դատել չափորոշչով և (կամ) ծրագրերով սահմանված կրթական արդյունքի ձեռք­բերման մասին: Կրթական արդյունքը և գնահատման չափանիշը միասին սահմանում են կրեդիտի շնորհման պահանջները:    

3) Կրթական (ուսումնական) մոդուլ (դասընթաց) - ուսումնական ծրագրի համեմա­տաբար ինքնուրույն մաս, որի համար կրեդիտ է տրվում: Կրթական մոդուլի ուսուցման տևողությունը 1 ուսումնական տարի (կիսամյակ)  է` դրանով սահմանված կրթական արդյունքների պարտադիր գնա­հատմամբ: Կրթական մոդուլին հատկացված կրեդիտները շնորհվում են ամբող­ջությամբ, այլ ոչ թե առանձին մասերով: 

4) Կրեդիտ - դասընթացը (կրթական մոդուլը) ավարտելու և դրա ելքային արդյունք­ները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածքի չափման պայմանական միավոր, որը տրվում է սովորողին նախանշված կրթական արդյունքների դրական գնա­հա­տումից հետո:

  1. 3. Կրեդիտի հատկանիշներ.
  • կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածքը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսում­նական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորա­տոր աշխա­տանքներին, ավար­տական աշխա­տա­­նքների կատարումը, քննու­թյուններին նախապատ­րաստվելը, հանձնելը և այլն,  
  • կրեդիտը չափում է միայն սովորողի ուսումնական բեռնվածքը և չի գնահատում դասընթացի կամ կրթական մոդուլի բարդության աստիճանը կամ սովորողի կողմից դրա յուրացման որակը (գնահատականը),
  • կրեդիտը սովորողին տրվում է միայն կրթական դասընթացով (մոդուլով) սահմանված կրթական արդյունքի գնահատման շեմային չափանիշները բավարարելուց հետո,
  • կրեդիտը չի չափում ուսուցչի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատա­ծավալը: Այն չափում է սովորողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը,
  • կրեդիտը չի փոխարինում սովորողի թվանշաններով գնահատ­մանը, իսկ սովորողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում նրա ստացած թվանշաններով:
  1. Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշ­վառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է:
  2. 5. Կրեդիտային համակարգի հատկանիշներ.
  • կրեդիտներ հատկացվում են հանրակրթական ծրագրի (հիմնական և լրացուցիչ)` գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչներին` դասըն­թաց­ներին, կր­թական մոդուլներին, գործնական, ինքնուրույն և ավարտական աշխա­տանք­ներին, գիտելիքների գնահատման գործընթացին և այլն,
  • կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջո­ղությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրա­կրթա­կան ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը:
  1. Կրեդիտային համակարգի հիմնական նորմերը ավագ դպրոցում.

Տարեկան աշխատածավալը և ուսումնական բեռնվածությունը

Սովորողի տարեկան ուսումնական բեռնված­ու­թ­յունը սահ­մանվում է. 

  • 10-րդ դասարանում՝ 1500 ժամ (2000 ակադեմիական ժամ), որը համարժեք է 50 կրեդիտի,
  • 11-րդ դասարանում՝ 1500 ժամ (2000 ակադեմիական ժամ), որը համարժեք է 50 կրեդիտի,
  • 12-րդ դասարանում՝ 1500 ժամ (2000 ակադեմիական ժամ), որը համարժեք է 50 կրեդիտի:
  • 1 կրեդիտը համարժեք է սովորողի 30 ժամ (40 ակադեմիական ժամ) լրիվ (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածութ­յանը:
  • Ուսումնական տարվա տևողությունը 37 (10-11-րդ դասարաններ) կամ 38 (12-րդ դասարան) շաբաթ է: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակներով:
  • Սովորողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 40 ժամ (50 ակադեմիական ժամ) է:

 

  1. Կրեդիտների հատկացումը
  • Հանրակրթական ծրագրի առանձին մոդուլներին կրեդիտների հատկացումը հիմնվում է դասընթացով (մոդուլով) սահմանված կրթական արդյունքին հասնելու համար միջին ունակություններ ունեցող սովորողից պահանջվող աշխատա­ժա­մանակի (լրիվ ուսումնական բեռնվածու­թյան) իրատեսական կանխատեսման վրա:
  • Սովորողի կողմից ծրագրի առանձին բաղկացուցիչների և ընդհանուր կրթա­կան արդյունքների ձեռքբերումը հաստատ­վում է կիսամյակային, տարեկան գնահատականների ու ծրագրի ավարտից հետո կազմա­կերպվող փոխադրական և ավարտական (պետական) քննություն­ների (ստուգարքի) կամ ավարտական աշխատանքի կատարման միջոցով:
  • Սովորողի ուսումնառության արտաքին գնահատման միջոցով:
  • Գնահատումները կարող են կատարվել ինչպես թվային՝ տարբերակված գնահատականներով, այնպես էլ ստուգարքի հանձնմամբ (ոչ տարբե­րակված գնահատականներով):
  • Սովորողների կրթական վերջնարդյունքների գնահատման համակարգը պետք է հիմնված լինի գնահատման հրապարակված չափանիշների և տեսակների վրա:
  1. Ակադեմիական տեղեկագիրը: Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները
  • Ակադեմիական տեղեկագիրը վավերագրում է սովորողի ուսումնական գործունեությունը և առաջադիմությունը ուսման առանձին կամ ողջ շրջանի ընթացքում` ուսումնասիրած դասընթացների, կրթական մոդուլների, շնորհված կրեդիտների և ստացած գնահա­տականների գրանցման միջոցով: Այն արտա­ցոլում է սովորողի կատարած ուսումնական աշխա­տանքի ծավալը և կրթական ձեռքբերում­ների որակը:  
  • Դպրոցը յուրաքանչյուր սովորողի համար՝ նրա ավագ դպրոց ընդունման պահից սկսած վարում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրա­քան­չյուր կիսամյակի (ուսումնական տարվա) ավարտից հետո գրանցվում են սովո­րողի ձեռք բերած կրեդիտները և գնահատականներն ըստ դասըն­թացների, կրթական մոդուլների և կիսամյակների (ուսումնական տարվա):
  • Սովորողի ակադեմիական տեղեկագրում գրանցված կրեդիտները ուժի մեջ են նրա ուսում­նառության ողջ շրջանում` անկախ ուսումնական ծրագրի և (կամ) ուսումնական հաստատության հետագա հնարավոր փոփոխություններից:
  • Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկա­յացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային (տարեկան) արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակաhատ­վածը սովորողի առաջադիմությունը ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք ներառում են հետևյալ 4 քանակական ցուցանիշները`

ա.գումարային կրեդիտների քանակը,

բ. գնահատված կրեդիտների քանակը,

գ. վարկանիշային միավորները,

դ. միջին որակական գնահատականը:

  • Գումարային կրեդիտները կրթական ծրագրի ավարտական պահանջները բավա­րա­րելու նպատա­կով սովորողի ձեռք բերած կրեդիտների գումարն է:
  • Գնահատված կրեդիտները գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատ­ված է տարբերակված (միավորային) գնահատականներով:
  • Վարկանիշային միավորը բոլոր գնահատված կրեդիտների և դրանց համա­պա­­տաս­խանող գնահատականների արտադրյալների գումարն է: Վարկանի­շա­յին միավորը օգտագործվում է միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսում­նական բեռնվածություն ունեցող սովորողների առաջա­դի­մությունը համեմա­տելու համար:
  • Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրե­դիտ­նե­րով  կշռված միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորը գնա­հատ­­ված կրեդիտների քանակի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է  1/100-ի ճշտու­թյամբ): Միջին որակական գնահատականը օգտագործվում է սովորողի առաջա­դի­մության չափման համար: Սովորողների միջին որա­կական գնահա­տա­կան­ների համարժեքությունն ապահովելու նպատակով՝ կիսամյակային աշխա­տան­քի միավորային գնահատումը բոլոր ավագ դպրոցներում կատարվում է միաժամանակ՝ նույն պահանջներով ու թեստերով:
  • Հաշվարկվում են կիսամ­յակային, տարեկան և ամփոփիչ վարկանիշային միավորներ և ՄՈԳ-եր:
  • Դպրոցը պարտավոր է սահմանված կարգով սովորողին տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը:
  1. 9. Կրեդիտների փոխանցումը
  • Կրեդիտները մեկ ուսումնական հաստատությունից մյուսը փոխանցելի են: Փոխանցումը կատարվում է սովորողի դիմումի հիման վրա` երկու ուսումնական հաստատությունների համա­ձայնությամբ:
  • Կրեդիտները փոխանցելի են կրթական ծրագրերի միջև, եթե՝

ա. դրանց բովանդակությունը միանման են,

բ.  կան բովանդակային ոչ էական տարբերություններ,

գ.  առկա են բովանդակային տարբերություններ, սակայն վերջնական կրթա­կան արդյունքները համարժեք են:

 

  1. Կրեդիտների հաշ­վարկները` ըստ ակադեմիական և աստղաբաշխական ժամաքանակների

Կից 1-11 աղյուսակներով ներկայացված են սովորողների ուսումնական գործու­նե­ության կրեդիտների հաշվարկման տարբերակներ/նաև պարզաբանումներ/՝ ըստ ավագ դպրոցի ընդհանուր և խորացված ուսուցմամբ հոսքերի:

 

  1. Կրեդիտային համակարգի ներդրման ակնկալվող արդյունքները

 

  Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրումը կարող է նպաստել՝

  • հանրակրթությունից մասնագիտական կրթություն ավելի սահուն անցմանը և մասնագիտական կողմնորոշման կատարելագործմանը,
  • ավագ դպրոցում և մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման միասնականացմանը և սովորող­ների շարժունությանը,
  • սովորողների հնարավորությունների ընդլայնմանը՝ ստանալու իրենց հակում­­ներին, ընդունակություններին, կարողություններին և նախա­սի­րու­թյուններին համա­պատասխան նախնական, միջին և բարձրագույն մաս­նա­գիտական կրթություն,
  • հանրակրթության որակի շարունակական բարելավմանը, միջազգային չափա­նիշներին համապատասխանությանը, ինչպես նաև միջազգային կրթա­կան համակարգին ներառմանը,
  • տարբեր ուսումնական հաստատություններում գնահատման համար­ժե­քության աստիճանի բարձրացմանը,
  • որակավորումների փոխճանաչմանը,
  • ավագ դպրոցում ստեղծագործական աշխատանքի, գիտելիքների ինքնու­րույն ձեռքբերման և կիրառման հմտությունների, տեղեկատվական տեխ­նո­լոգիաների օգտագործման ունակությունների զարգացմանը,
  • սովորողի անձի զարգացմանը առավել նպաստող կրթական միջավայրի բարելավմանը,
  • հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման համակարգի կատարելագործմանը,
  • սովորողների հաճախումների բարելավմանը:

 

VII . Ֆինանսական գնահատականը

«Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական փոփոխություն չի առաջանա:

 

 

Սովորողների ուսումնական գործունեության կրեդիտների աղյուսակների պարզաբանումներ

 

  1. 1 (մեկ) կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի, ինչը հավասար է 30 աստղաբաշխական ժամի: Մեկ կրեդիտը իր մեջ ներառում է ուսումնական պարապ­մունք­ներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրակա­նացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխա­տանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը:
  2. Ավագ դպրոցի առարկաների ուսուցումը ընդհանուր հոսքում իրականացվում է համապատասխան առարկաների՝ ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրա­գրե­րով, իսկ հումանիտար և բնագիտամաթեմատեմատիկան հոսքերում՝ համապա­տաս­խանաբար յուրաքանչյուր հոսքի համար կազմված խորացված, հարակից, ինչպես նաև ընդհանուր հանրակրթական առարկայական ծրագրերով:
  3. Աղյուսակ 1, 4, 7-ում կրեդիտների ընդհանուր քանակը տրված է ընդհանուր հանրա­կրթական ուսումնական առարկաների հաշվարկով: Աղյուսակ 2, 3, 5, 6, 8, 9, 10, 11-ում խորացված ուսուցմամբ առարկաներին հատկացվող կրեդիտների ընդհանուր քանակը հաշվարկվում է օրինակելի ուսումնական պլանով սահմանված կարգով սովորողի կողմից ընտրված առարկաների և ընդհանուր հանրակրթական պարտա­դիր ուսուցմամբ առարկաների կրեդիտների գումարով: 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդհանուր, հումանիտար և բնագիտամա­թեմա­տեմատիկան հոսքերում մեկ ուսումնական տարում այն յուրաքանչյուր սովորողի համար չի կարող գերազանցել 50 կրեդիտը:
  4. Դպրոցական բաղադրիչի համար նախատեսված կրեդիտները համապատասխա­նա­բար բաշխվում են այն առարկաներին, որոնց սահմանված կարգի համաձայն հատկացվել է դպրոցական բաղադրիչի ժամաքանակը:
  5. 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ոչ պակաս, քան5 կրեդիտ հատկացվում է սովորողի ընտրած մասնագիտական ուսումնական հաստատության կողմից ներկա­յացված ուսումնական նախագծերի (առաջադրանքների) կատարմանը, որը սահման­ված կարգով հաշվի է առնվում սովորողի հետագա շարունակական կրթության գործընթացում:
  6. Բնագիտական առարկաներ են համարվում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և աշխարհագրությունը:
  • Քննարկվել է

    23.10.2017 - 07.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության և գիտության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2120

Տպել